Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հուսով եմ՝ առաջիկա ընտրություններին հնարավորություն կունենանք խոսելու ծրագրերից»

«Հուսով եմ՝ առաջիկա ընտրություններին հնարավորություն կունենանք խոսելու ծրագրերից»
30.10.2018 | 02:13

«Իրատեսի» զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-«Ազատ դեմոկրատները» պատրաստվու՞մ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այո, ի՞նչ ձևաչափով:
-«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունն իր վերջին նիստում քննարկել է հիմնական մոտեցումները մասնակցության վերաբերյալ, այո՛, քննարկել ենք նաև մասնակցության ձևաչափը: Իհարկե կան տարբեր կարծիքներ, որոնցից առաջինն առանձին՝ կուսակցության ցուցակով մասնակցելու վերաբերյալ է, բայց կան նաև կարծիքներ դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Հետագա քննարկումների ընթացքում երբ այդ կարծիքները բյուրեղանան, ու հստակ լինի ընտրությունների անցկացման ժամկետը, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգանք:
-Ինչպե՞ս եք ստանալու ընտրողների քվեն:
- Ցավալին այն է, որ Հայաստանում, ընտրողների կողմնորոշման առումով, մինչ այս պահը միշտ տարաբնույթ և ոչ քաղաքական գործոններ են աշխատել, բայց չեն աշխատել ամենակարևոր գործոնները՝ մասնակից կուսակցությունների առաջ քաշած ծրագրերը, գաղափարները, չենք տեսել իրական քաղաքական բանավեճ: Հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում մենք հնարավորություն կունենանք խոսելու ծրագրերից, մեր առաջ քաշած մոտեցումներից և գաղափարներից: Հուսով եմ, որ թեև կարճ ժամանակահատվածում, բայց հնարավորություն կլինի ընտրողին ներկայացնելու այդ ամենը, և որ վերջապես ՀՀ-ում կլինի այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին կկողմնորոշվի ոչ թե իր հարազատ-բարեկամների հորդոր-խնդրանքով, այլ ընտրատեղամաս կգնա հստակ գիտակցումով:
-Ձեր հայացքները հիմնականում պրոեվրոպական են, բարդ չի՞ լինելու ընտրողին ասելը, թե մեզ ինչ է պետք Եվրոպայից, կամ ինչ այլընտրանք է առաջարկում Արևմուտքը:
-Մեր հայացքները, մոտեցումները և առաջ քաշած ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, մրցունակ տնտեսության ստեղծմանը, ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի ապահովմանը և, վերջապես, Հայաստանի իրական ժողովրդավարացմանը: Մեր գաղափարախոսությունը հիմնված է համամարդկային՝ քրիստոնեական արժեհամակարգի վրա, և, կուզեք անվանեք դա պրոեվրոպական կամ պրոարևմտյան, բայց ես դա կանվանեի պրոհայկական, քանզի դա է հենց այն արժեհամակարգը, որը կարող է պետությունը տանել զարգացման ուղիով, ապահովել քաղաքացու արժանապատիվ կյանքն ու ապագան, իսկ այդ արժեհամակարգի կրողն այսօր, այո՛, Արևմուտքն է: Ինչ մնում է այլընտրանքին, ապա այլընտրանքները շատ են, բայց դրանցից օգտվել է պետք, ավելին, պետք է բավարար կամք ու կարողություն ունենալ այդ այլընտրանքներից օգտվելու, քանզի որևէ մեկը մեր փոխարեն Հայաստանի զարգացման մասին չի մտածելու, մեր փոխարեն մեզ համար այլընտրանքներ չեն ստեղծելու և սկուտեղի վրա չեն մատուցելու:
-Նախորդ ընտրություններում բավական ցածր տոկոս էիք գրանցել, այժմ, երբ մեկ ուժի հաղթանակը կանխորոշված է, ավելի բարդ չի՞ լինելու ընտրապայքարը:
-Քաղաքական պրոցեսներում ոչինչ էլ հեշտ չի տրվում, ինչ վերաբերում է նախորդ ընտրություններին, ապա որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ընտրությունների արդյունքները չեն արտացոլել ՀՀ-ում առկա հասարակական տրամադրությունները, որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով և կեղծիքներով են դրանք անցել, ինչն էլ, բնականաբար, էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Մենք դեռևս այն ժամանակ ընտրություններից հետո նշել ենք, որ արդյունքները մեզ համար ընդունելի չեն: Թերևս ապրիլյան հեղափոխությունն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քաղաքական-հասարակական պահանջն ակնհայտ են դարձնում այն, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններով ձևավորված ԱԺ-ն չունի և չի էլ ունեցել ՀՀ քաղաքացու վստահության քվեն:
-Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մարդիկ ոչ թե գաղափարական, այլ հորդորային ընտրության գնացին՝ հայտարարության ալիքի ներքո: Խորհրդարանական ընտրություններին պայքարը, ըստ ձեզ, գաղափարական դաշտ կտեղափոխվի՞:
-Նախ՝ դա կախված է այն բանից, թե խաղի ինչպիսի կանոններ են գործելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ ընտրությունների ընթացքում ամենակարևոր խաղի կանոնն Ընտրական օրենսգիրքն է: Եթե մենք ընտրությունների գնանք գործող ԸՕ-ով, ապա տրամաբանությունն այլ է լինելու: Ռեյտինգային համակարգի (համամամասնական բաց ցուցակները-հեղ.) պահպանման դեպքում դժվար է պատկերացնել, որ կարող ենք ունենալ դասական գաղափարական պայքար: Թե ինչպիսին կլինի պայքարը, նաև կախված է մասնակից քաղաքական ուժերից: Այնպես որ առայժմ վաղ է հստակ խոսել ընտրական պայքարի ընթացքի և դրա բովանդակության մասին:
-Ժամկետների և տեխնիկական իմաստներով պատրա՞ստ ենք ընտրություններին:
-Կարծում եմ՝ քաղաքական ուժերը միշտ էլ պետք է պատրաստ լինեն ընտրություններին: Քաղաքականության մեջ հայտնի արտահայտություն կա, որ հաջորդ ընտրություններին պետք է պատրաստվել ընտրության անցկացման հենց հաջորդ օրվանից: Բնականաբար, այս ընտրություններն արտահերթ են, և օրենքով թույլատրելի նախընտրական քարոզչության ժամկետներն էլ ավելի քիչ են, ինչը, իհարկե, դժվարություններ կառաջացնի, թեկուզ ասելիքը տեղ հասցնելու և բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում լինելու ու ընտրողի հետ դեմ առ դեմ շփվելու առումով: Չնայած դրան նույնպես պետք է պատրաստ լինել:
-Ընտրությունները, կարծես, գործող ԸՕ-ով են անցկացվելու, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վաղուց է նշել, որ գործող Ընտրական օրենսգիրքը ՀՀ-ում նորմալ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու խոչընդոտներից մեկն է: Դեռևս 2016-ին, երբ այդ օրենսգիրքն ընդունվում էր, մենք մատնանշում էինք օրենսգրքի բաց և վտանգավոր կետերը: Մեզ համար հստակ էր, որ ռեյտինգային կոչվող համակարգը հարմարեցված էր այն ժամանակվա իշխանություններին և աշխատելու էր հօգուտ իրենց կամ էլ այնպիսի կուսակցությունների, որոնք ֆինանսական և վարչական լծակների էին տիրապետում: Ընտրությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ համակարգը քաղաքական, գաղափարական պայքարը տեղափոխեց բոլորովին այլ ու անընդունելի դաշտ՝ փողի, թաղային հեղինակությունների, վարչական ռեսուրսի գործադրման և չարաշահման: Այժմ խորհրդարանում տեղի ունեցող ճամբարափոխությունն ապացուցում է, որ ռեյտինգային համակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը որևէ առնչություն չունի թե՛ քաղաքականության, թե՛ այն կուսակցությունների հետ, որոնց անունից առաջադրվել և հայտնվել է ԱԺ-ում:
Գործող Ընտրական օրենսգիրքն այլ բացեր էլ ունի, որոնք մեկ առ մեկ չեմ թվի, բայց հստակ է, որ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է ընդունվեին բոլոր այն օրենքները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Հնի մնացուկներով և արդեն իսկ ստուգված չարիքով ճիշտ չէ գնալ ՀՀ-ի համար այսքան կարևոր ընտրությունների:
-Իշխանությունները, կարծես, առանձնապես ջանք չեն թափում ԸՕ-ի բարեփոխումների փաթեթն ընդունելու ու դրանով ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ. սա մտահոգի՞չ է ձեզ համար:
-Բնականաբար մտահոգիչ է, պետք է ամեն ինչ արվեր, որի նման փաստ չարձանագրվեր ԱԺ-ում, ի վերջո, նույն կառավարությունն էր ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող հանձնաժողով ստեղծել, այդ հանձնաժողովն ու ԸՕ-ի փոփոխությամբ շահագրգռված քաղաքական ուժերը այս կարճ ժամանակահատվածում բավականին մեծ և կարևոր գործ էին արել: Իշխանությունները չպետք է ձեռքերը ծալած նստեն, քանզի կառավարության ծրագրում հստակ նշված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով: Իհարկե, կառավարությունը կարող է ասել, որ մեղավորությունն Ազգային ժողովինն է, բայց իրենց ներկայացրած ծրագրով ՀՀ քաղաքացու առաջև կարևոր ու հստակ հանձնառություն են ստանձնել՝ ընտրությունների գնալ միայն բարեփոխված օրենսգրքով:

Հարցազրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ