Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Կոռուպցիոն, օլիգարխիկ համակարգը, որ կառուցվել էր 20 տարվա ընթացքում, դեռ կա»

«Կոռուպցիոն, օլիգարխիկ համակարգը, որ կառուցվել էր 20 տարվա ընթացքում, դեռ կա»
30.10.2018 | 02:18

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում հայտարարեց, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկությունը կա, բայց պետք է դեռ հնարավորությունները դիտարկել և որոշել՝ ինչ ձևաչափով գնալ այդ ընտրություններին։

-Իրադրությունը թելադրում է, որ քաղաքական ուժերը պետք է 30 տոկոսի համար պայքար մղեն. այս դաշտում պայքարելու համար դաշնակիցների անհրաժեշտություն, բնականաբար, կա,-շարունակեց պարոն Մակեյանը։- Ընտրություններին միայնակ գնալը շատ բարդ կլինի, փորձում ենք գաղափարապես մեզ մոտ ուժերի հետ համագործակցել։ Դրանք նաև այն ուժերն են, որոնք հեղափոխությանը մասնակցել են։
-Այս առումով հետաքրքիր իրավիճակ է. կա իշխանություն, բայց չկան ընդդիմադիր ուժեր։ ՈՒ՞մ հետ եք փորձում համագործակցել, ովքե՞ր կարող են ընդդիմադիր հարթակը զբաղեցնել։
-Նախկինում իրավիճակը հետևյալն էր. կային իշխանություն և այդ իշխանության ստեղծած ընդդիմություն, իսկ իրական ընդդիմությունը լուսանցքում էր։ Այն ուժերը, որոնք պարտադրանքով լուսանցքում են հայտնվել, պետք է սկսեն գործել, նրանք հեղափոխությանը մասնակից ուժեր են։ Հիմա նախկին իշխանական ուժերը փորձում են ընդդիմադիր դաշտը գրավել, բայց դա չի հաջողվի նրանց։ Ընտրություններից հետո որոշակի ժամանակի ընթացքում ընդդիմադիր դաշտը կձևավորվի, ընդ որում, ոչ միայն խորհրդարանում, այլ նաև արտախորհրդարանական հարթակում։ Այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի։ Առնվազն մեկ-երկու տարի է պետք, որ այսօրվա իշխանությանն իրական ընդդիմություն ձևավորվի։
-Հեղափոխական իշխանությունը գրեթե կես տարի պետության ղեկին է, ինչպե՞ս եք գնահատում նրանց վեցամսյակը։
-Շատ դժվար է գնահատել նրանց աշխատանքը, երբ ամբողջապես տեղեկացված չես կուլիսային իրադրությանը։ Կոռուպցիոն, օլիգարխիկ համակարգը, որ կառուցվել էր 20 տարվա ընթացքում, դեռ կա։ Վերնախավը, տվյալ դեպքում գործադիրը, փոխվել է, բայց նախկին համակարգն է իշխանական մյուս թևերում։ Սրան էլ գումարած այն հանգամանքը, որ Փաշինյանի կադրերի հարցում կան վերապահումներ, փաստորեն, ինքն է միայն լոկոմոտիվի դերը ստանձնել։ Այս առումով բարդություններ շատ կան։ Այն, ինչ անում է Փաշինյանը, լավ է, բայց ողջ թիմի հետ կապված մեծ դժվարություններ կան։ Պետք է հաշվի առնել նաև սաբոտաժների գործոնը։
-Այսօր արդեն հայտարարվում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից կարող են լինել ՔՊ-ի ցուցակում, նրանք նաև պաշտոն ստացան, մինչդեռ հեղափոխության սկզբում ամբողջությամբ մերժվում էր նախկին համակարգը։ Ձեզ հասկանալի՞ է այս վերափոխումը։
-Ես մշտապես դեմ եմ եղել այնպիսի նախկին կադրերի նշանակմանը, ինչպիսիք են Վալերի Օսիպյանը, Հունան Պողոսյանը։ Ինչքան էլ գոհ են նրանք Օսիպյանից, ես դժգոհ եմ՝ հաշվի առնելով նրա նշանակած կադրերին։ Օրինակ, Արթիկի ոստիկանապետը, որը նոր Հայաստանի համար ընկալելի չէ, հին Հայաստանի համար գուցե լավ կադր է։ Նույնը կարելի է ասել Հունան Պողոսյանի պարագայում։ Առաջին անգամ նրան հանդիպել եմ Մարտի 1-ին, Ազատության հրապարակում, երբ նա մայոր էր, սադրանք արեց ու գնաց առճակատման. այս տեսակ սադրիչ մարդն ի՞նչ գործ ունի Սյունիքում. եթե գեներալի աստիճան է ստացել, հոգեպես հո չի՞ փոխվել։ Սյունիքի մարզպետի լավագույն թեկնածուն Մաթևոսյան Դավիթն էր, որը նաև տարիներ առաջ փոխմարզպետ է աշխատել, այդ մարզից է ու շատ լավ գիտի տեղի խնդիրները։ Տասը Հունան Պողոսյանի չես փոխի մեկ Դավիթ Մաթևոսյանի հետ։ Տասնյակ տարիներ ընտանիքով, գերդաստանով պայքարել է նախկին համակարգի դեմ, միշտ մասնակից է եղել հեղափոխական գործընթացներին, կողքից չի հետևել։
-Փաշինյանը Հունանյանի նշանակումը բացատրեց նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու մտադրությամբ. այս բացատրությունը Ձեզ չի՞ գոհացնում։
-Իհարկե ոչ։ Մարզպետը նման բաների չի կարող տիրապետել, դրա գործառույթն ու իրավունքն էլ չունի։ Դա ազգային անվտանգության, ոստիկանության խնդիրն է։ Կարելի է անգամ դժվարությամբ «մարսել» երիտասարդ, անփորձ կադրերին, բայց շատ ռիսկային է կոռուպցիոն համակարգի կադրերի նշանակումը։ Անհնար է քսանամյա հոգեբանությունը երկու օրում փոխել։
-Կապանի քաղաքապետի ընտրությունից հետո Փաշինյանը սկզբում ողջունեց հեղափոխության հաղթանակը, հետո էլ, թե` հեղափոխությունը չի հասել Սյունիք, իրականում այնտեղ հաղթել են տնտեսական և քրեական ազդեցություն ունեցող կլանները։ Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ Կապանում։
-ՀՀԿ-ն ԸՕ-ի քվեարկությունը տապալեց, որովհետև ցանկանում է, որ ռեյտինգային ընտրակարգը մնա։ Օլիգարխիկ բուրգը կա, մի մասն էլ վախենում է, քանի որ կոռումպացված է, ու ԱԱԾ-ն կարող է իրեն էլ հասնել, այս բոլորը աշխատելու են նախկին համակարգի համար։ Կապանում ռևանշիստները դա փորձեցին ու հաջողության հասան։ Այս ամենից պետք է հետևություններ անել։
-Ի՞նչ հետևություն։
-Խորհրդարանական ընտրություններին հնարավոր 30 տոկոսի համար ՀՀԿ-ն կարող է իր տեղական բդեշխներին գործի դնել։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ