Amadinda
 

Հայաստանը պատրա՞ստ է ահաբեկչությունների կանխմանը

Հայաստանը պատրա՞ստ է ահաբեկչությունների կանխմանը
30.10.2018 | 02:25

Հայաստանի սահմանների պարբերական խախտումները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից չեն կարող պատահական լինել: Եվ «սահմանախախտներ Աֆղանստանից» կամ «Հարավային Ասիայից» արտահայտությունների հետևում լուրջ իմաստ կա, որը թաքցվում է ժողովրդից: Հավանաբար՝ վախից: Գուցե՝ չհասկանալուց: Բայց ամենասարսափելին՝ եթե զբաղեցրած պաշտոնների զանգվածային անհամապատասխանությունից... Ահա ամենավերջին տեղեկատվություններից մեկը. ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ 2018-ի հոկտեմբերի 15-ից 16-ի գիշերը Հայաստանից Թուրքիա պետական սահմանը հատելու ապօրինի փորձի ժամանակ ձերբակալվել են մի խումբ անհայտ անձինք: Նշվում է, որ խումբը որոշել էր գիշերն աննկատ հասնել Արաքս գետին և արագ անցնել սահմանը: Նախնական տվյալներով սահմանախախտները ծագումով Հարավային Ասիայից են: Նրանք պետք է հանձնվեն իրավապահ մարմիններին: Հայաստանի ներքին դրության ապակայունացումից հետո դա սահմանի առնվազն 7-8-րդ խախտումն է: Այդպես հաճախ, ինչպես 2018-ին, մեր սահմանները երբեք չեն փորձել խախտել. նախկինում թուրքական հատուկ ծառայությունները Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահների զգոնությունն ստուգում էին «մոլորված հովիվների» կամ իրենց քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամ և «թուրքական ռեժիմից փախչող» ձևացնող անձանց միջոցով: Իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանը խախտելու փորձեր ընդհանրապես չեն եղել: 2018-ին արդեն կան:


Այստեղ որոշ բացատրություն է պետք: Աֆղանստանում այժմ էլ ահաբեկչական պատերազմ է, բայց պատերազմից փախչող աֆղանները աղքատ և նույնիսկ չքավոր Հայաստանում ապաստան փնտրելու կարիք չունեն: Աֆղանստանն այժմ ոչ միայն «Թալիբան» շարժման, այլև ԻՊ-ի, «ՈՒզբեկստանի իսլամական շարժում» (ՈՒԻՇ) և այլ խմբավորումների ահաբեկիչների օրրան է: Որպեսզի ոչ ոք չկասկածի մեր խոսքերին, վկայակոչենք ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հոկտեմբերի 18-ի հայտարարությունը. «Մոսկվան գնալով ավելի շատ տվյալներ է ստանում, որ ամերիկացիներն ԻՊ-ի զինյալներին տեղափոխում են Իրաք և Աֆղանստան: ԻՊ-ի ահաբեկիչները հիմնավորվում են հատկապես Աֆղանստանի հյուսիսում: Դա կիպ մոտ է Կենտրոնական Ասիային, մեր դաշնակիցներին և ռազմավարական գործընկերներին: Դա շատ լուրջ խնդիր է, և մենք հետամուտ ենք լինելու, որ այստեղ լիակատար պարզություն լինի»: Հարցնում ենք անմիջականորեն Հայաստանի ԱԱԾ-ի ղեկավարությանը, թե Թուրքիայում որտեղից են հանկարծ հայտնվել այն աֆղանները, որոնք պատերազմից ու չքավորությունից փախչում են... Հայաստան և ոչ թե Եվրոպա: Հայաստանի ԱԱԾ-ը երաշխավորու՞մ է, որ դեպի մեր սահմանները եկող աֆղանները «Ալ Քաիդայի» և ԻՊ-ի զինված ահաբեկիչները չեն, որոնք Սիրիայից անցել են Թուրքիա:


Հարավային Ասիան ավելի վտանգավոր է: Պակիստանը և Բանգլադեշը սուննի մուսուլմանական երկրներ են, որտեղ վաղուց են արմատավորվել «Ալ Քաիդան», «Թալիբանը» և այլ ահաբեկիչներ: Եվ կրկնենք հարցը. ինչպե՞ս են սուննի պակիստանցիները, այսինքն այն պետության քաղաքացիները, որը երկար տարիներ հրապարակավ հայտարարում է, որ ընդհանրապես չի ճանաչում Հայաստանի գոյությունը, հասնում Թուրքիա, որ հետո փորձեն անցնել Հայաստան: Բանգլադեշի հարցում հեշտ է կողմնորոշվել, եթե, ի տարբերություն Երևանի ներկայիս իշխանության, հիշենք, որ մինչև 1971 թիվը ոչ մի «Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն» չկար, այլ կար... Արևելյան Պակիստան: Այնուամենայնիվ, Թուրքիայում բանգլադեշցիների հայտնության ուղիների ու նպատակների և այնտեղից Հայաստան և ոչ թե Անգլիա (ասենք, որպես բրիտանական համագործակցության անդամ երկրի քաղաքացիների) գնալու հարցը մնում է անպատասխան: Հայաստանի ԱԱԾ-ն չի շտապում հայտնել, թե ինչ է պարզվել նշված երկրների բնակիչների՝ առ Հայաստան ունեցած «սիրո և ձգտման» պատճառների մասին: Չէ՞ որ պետք է նկատել, որ Հայաստանի շուրջը տիպիկ պատերազմ է մղվում: Մենք բազմիցս ենք գրել, որ Սիրիայի և Իրանի հատուկ ծառայությունները հրապարակավ մեղադրում են ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքից ահաբեկիչներին Աֆղանստան՝ Իրանի սահմաններին մոտ տեղափոխելու մեջ:

Մասնավորապես, վերջերս Իրանի դեմ ահաբեկչություն է եղել արևելյան կողմից՝ Պակիստանից, բայց ճեղքումը մասնակի հաջողություն է ունեցել: Եվ այժմ հակամարտություն է բորբոքվում Թեհրանի և Իսլամաբադի միջև:
Հոկտեմբերի 25-ին այսպիսի տեղեկություններ են տարածվել: Ահաբեկչության հիմնախնդիրներով զբաղվող միջազգային կառույցների հետազոտություններով ու եզրակացությամբ Հայաստանն ահաբեկչական ամենացածր սպառնալիքով երկրների թվում է. այդ ցուցանիշով մենք եզրափակում ենք երկրորդ հարյուրյակը: Դա հույս է տալիս, բայց ամենևին չի բացառում արտաքին վտանգը, որ Հայաստանից գործնականում ահաբեկչության վտանգ չի բխում, դեռ չի նշանակում, թե նա ինքը չի կարող դրա թիրախ դառնալ: Մասնագետները դիտարկում են այդպիսի սպառնալիքների երեք ուղղություն: Առաջին. միշտ վտանգ կա, որ Հայաստանը կարող է օգտագործվել որպես ահաբեկչության տարանցիկ տարածք: Գաղտնիք չէ, որ ահաբեկչական շատ կազմակերպություններ ստեղծվել են Ռուսաստանի և Իրանի անվտանգությանն սպառնալու համար, և Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է դիտարկվել զինյալներ ու բեռներ տեղափոխելու համար ուղի: Ճիշտ է, նույն դիրքի շնորհիվ Վրաստանն ու Ադրբեջանը, որպես Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունեցող երկրներ, իսկ Ադրբեջանը՝ նաև Իրանի հետ, մի շարք պարամետրերով ավելի հարմար են նման գործունեության համար, բայց զգոն պիտի լինենք նաև մենք: Մեր տարածքում էլ կան ռուսական օբյեկտներ, որոնք կարող են վահաբական ահաբեկիչների թիրախը դառնալ: Խոսելով «միջազգային ահաբեկչության» մասին, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, միշտ պետք է նկատի ունենալ աշխարհաքաղաքական տեսանկյունը: Ահաբեկչական կազմակերպությունները հենց այնպես չեն ծագում: Նրանք ունեն պատկառելի ֆինանսներ և զարգացած կառույցներ, կոնկրետ նպատակ և թիրախ, հաճախ՝ մի քանի:


Երկրորդ ուղղությունն են Թուրքիան և Ադրբեջանը: Դավիթ Ջամալյանը չի բացառում, որ ինչ-որ փուլում այդ երկրները կարող են լուրջ ահաբեկչական գործունեություն ծավալել մեր դեմ: Ավելին, նա հայտարարում է, որ վստահելի տեղեկություն ունի Սիրիայի Իդլիբի շրջանից Նախիջևան թուրքամետ իսլամականների թափանցման (այդ թվում՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու) մասին: Իսկ Նախիջևանի հետ սահմանում իրավիճակը մի քիչ այլ է, շատ բան անհասկանալի է և թաքնված կողմնակի աչքերից: Փորձագետը նշում է, որ վերջերս ակտիվացել են հակաիրանական տարբեր ուժեր: Նրանց մեջ կան նաև ահաբեկչական կազմակերպություններ, որ կարող են գործի դրվել ցանկացած պահի:

Իրանում, որի հետ Հայաստանն ընդհանուր սահման ունի, իրադրությունը բարդանալու դեպքում կարող է հարց ծագել այդ երկրի հյուսիսային հատվածի շուրջ, որը Թուրքիան իրենն է համարում: Պաշտոնական տվյալներով, 2017 թ. Հայաստան մուտքի թույլտվությունը մերժվել է 960 անձի, որոնք, հնարավոր է, կապ են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ, ևս 95 օտարերկրացի հատուկ հսկողության տակ է կամ հետախուզվում է: Եվ այդ «հնարավոր կապ ունեցողների» որոշակի տոկոս իրականում հաստատ կապ ունի ահաբեկիչների հետ:
Երրորդ ուղղությունը այսօրվա պայմաններն են, ինչը զարմանալի չէ, եթե հիշենք Կերչի ահաբեկչությունը: Դրանք ՈՒկրաինայի բանդերական կազմակերպությունները և հատուկ ծառայություններն են: Թեև նրանք Հայաստանի դեմ ոչինչ չեն ձեռնարկում, բայց չի բացառվում, դարձյալ կարող են իրենց վարձկաններին ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ դիվերսիոն-քայքայիչ գործողությունների մասնակցելու համար: Կամ էլ ուկրաինացի նացիստները կփորձեն վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, վերջապես, ուղղակի ահաբեկչություն ձեռնարկել Հայաստանում գտնվող ռուս զինվորականների նկատմամբ։ Չի կարելի նման որևէ անձի մեր երկիրը թողնել, քանի որ մեկ ահաբեկիչը կարող է բազում անուղղելի չարիքներ պատճառել։ Մենք Հայաստանում հանգիստ ենք ապրում, բայց համապատասխան մարմիններ հիանալի գիտեն, որ իրենք թուլանալու իրավունք չունեն։ ՈՒստի բնակչությունն էլ պետք է հասկանա, որ Հայաստանի շուրջը մշտական ահաբեկչական պայքար է ընթանում։


Ինչ վերաբերում է Վրաստանին և Ադրբեջանին, ապա այստեղ, մեր կարծիքով, խոսքը պետք է տրվի Ռուսաստանի և Իրանի հատուկ ծառայություններին։ Նրանք ավելի լավ գիտեն, թե Թուրքիան Հարավային Ասիայի ինչ «քաղաքացիների» կարող է տեղավորել Վրաստանում և Ադրբեջանում։ Իրենց գոյության իմաստով այդ մասին պետք է խորապես տեղյակ լինեն Հայաստանի ԱԱԾ-ն և ռազմական հետախուզությունը։ Բայց արդեն այն փաստը, որ վերջին ամիսներին «աֆղանական կամ հարավասիական ծագմամբ անհայտ անձանց» խմբերը փորձում են հայկական սահմանն անցնել պարբերաբար, ստիպում են մտածել, որ «փախստականի տոմսով» մեր երկրում «լուծվելու» և հետագայում ամրանալու նպատակ ունեն հենց սուննի ահաբեկչական խմբավորումների և բանդկազմավորումների մասնակիցները։ Ենթադրվում է նաև, որ Այսրկովկասի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրականում ինչ է կատարվում տարածաշրջանում։ Եվ իրավունք ունի իմանալու, թե իրենց իշխանություններն ինչ չափով են պատրաստ համագործակցության` կանխելու համար Ահվազի կամ Կերչի ահաբեկիչների նման գործողությունները թեկուզ դեռևս 2000 թ. հունիսի 21-ին ձևավորված և ՌԴ-ի հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող` ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի լիազորությունների շրջանակում։ Իհարկե, հիշելով, որ Վրաստանը վաղուց ԱՊՀ անդամ չէ, և Հարավային Օսիայի դեմ նրա 2008-ի օգոստոսի արկածախնդրությունը հենց պետական ահաբեկչության դրսևորում էր, դժվար է հուսալ, որ վրաց իշխանությունները պատշաճ կգնահատեն ընթացիկ իրադրությունը և գոնե տեղեկույթ կփոխանակեն Թուրքիայում սուննի ահաբեկիչների բազաների մասին։ Հույս չի կարելի դնել նաև Ադրբեջանի վրա, որի 2016 թ. ապրիլյան արկածախնդրությունը Արցախի դեմ նույնպես պետական ահաբեկչություն էր, նաև պետք է հաշվի առնել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հատուկ «մերձավորությունը»։


Համոզված ենք, որ այսօր Կովկասում ցանկացած համատեղ հակաահաբեկչական գործողություն անհնար է առանց Իրանի հատուկ ծառայությունների և հակաահաբեկչական կառույցների հետ սերտ համագործակցության։ Իսկ Հայաստանին և Ռուսաստանին հարկ կլինի դիմակայել Կովկասում միջազգային և առանձնապես «թուրքական անձնագրով» ահաբեկչությանը։ Հավանաբար պետք կգա նաև սահմանամերձ գոտիներում ահաբեկչական բազաներին կանխիչ հարվածներ հասցնելու Իրանի փորձը. մենք քանիցս հաղորդել ենք, որ Թեհրանն իր մի շարք հարվածներով (Աֆղանստանում, Պակիստանում, Իրաքում կամ Սիրիայում) ոչ միայն վրեժխնդիր է եղել իր քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների համար, այլև կանխել է խոշոր ահաբեկչություններ։ Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Հայրենիքի ինչ-որ դավաճան Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս ներքին զորքերն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանում «դիրքերում կանգնելու»։ Հարցրեք ինքներդ ձեզ. «Մեր երկրում պատշաճ կերպո՞վ են պահպանվում պետական հաստատությունները»։ 2016-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ` ոչ։ Ահաբեկիչները Երևանի կենտրոնում հանգիստ գրավեցին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տեղաբաշխման վայրը։ Գուցե մեզ մոտ ուժեղացված պահպանվում են խոշորագույն ավտոմայրուղինե՞րը, տրանսպորտային հանգույցնե՞րը (օդանավակայան, երկաթուղային կայարան, մետրոպոլիտեն և այլն)։ Համոզված եմ, որ` ոչ։ Կամուրջնե՞րը, ջրամբարնե՞րը, գազապահեստարաննե՞րը։ Ոչ։ Իսկ ի՞նչ բան են ոստիկանության ներքին զորքերը (ՆԶ)։ Դրանք զինվորական կազմավորում են, որը կատարում է պետության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության, հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման խնդիրներ։ Բայց մեր ներքին զորքերը սահմանին «դիրքերում են կանգնած»։ Գոնե նրանց աշխատավարձը բարձրացրե՞լ են մինչև սահմանապահների աշխատավարձի մակարդակ։ Կասկածում եմ։ Ահաբեկչության վտանգի դեմ նախազգուշական և կանխիչ պայքարը պետք է սկսել ՆԶ-ն զորանոցները վերադարձնելուց։ Եվ նրանք կանցնեն վերը թվարկվածների պահպանությանը, ընդ որում` ուժեղացված վերակարգերով, այսինքն զանազան հատուկ ծառայությունների ուժերի ներգրավմամբ (բացի զինվորականից)։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao