Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Էլ կլասիկոն գերազանցեց ցանկացած սպասում

Էլ կլասիկոն գերազանցեց ցանկացած սպասում
30.10.2018 | 03:13

Եվրոպական ֆուտբոլային թոփ հնգյակը կազմած երկրների առաջնությունները անցած հանգստյան օրերին հետաքրքիր հանդիպումների պակաս չունեին, սակայն դրանով հանդերձ եղած բոլոր դիմակայությունները խամրած էին այն խաղի համեմատությամբ, որը «Բարսելոն»-Մադրիդի «Ռեալ» ֆանտաստիկ զույգի կատարմամբ կոչվում է էլ կլասիկո: Պատահական չէ, որ այդ հանդիպումն աշխարհի տարբեր ծայրերում դիտում է միլիարդից ավելի մարդ ու չի կարող չդիտել, որովհետև այդ ո՞վ է, որ գեղեցիկ վեր է կանգնած կամ կարող է հանդգնել գեղեցիկի մասին խոսել վերին դիրքերից, եթե, իհարկե, այդ մեկը Բարձրյալը չէ:

ԻՍՊԱՆԻԱ
Կայացավ այնքան երկար սպասված էլ կլասիկոն ու կայացավ առանց Մեսիի և Ռոնալդուի՝ վերջին տարիների այս երկու խոշորագույն ֆուտբոլիստների: Հանդիպումը բաց թողնելու նրանց ունեցած պատճառները տարբեր են: Առաջինը վնասվածքի հետևանքով խաղադաշտում չէր, երկրորդն ընթացիկ մրցաշրջանից հանդես է գալիս այլ ակումբում:
Ի՞նչ հաստատեց այս խաղը:
Սկզբունքորեն վաղուց ապացուցված բան՝ կարող ես հաղթել անգամ Չեմպիոնների լիգայում ու այն էլ երեք անգամ անընդմեջ, ինչն ի դեպ աննախադեպ ցուցանիշ է, նմանօրինակը չունեցող, սակայն քո իրականում ինչ լինելն ապացուցվում է միայն ու միայն Իսպանիայի առաջնությունում:
Հանդիպմանը մանրամասն անդրադառնալը պարզապես իմաստ չունի, քանզի ի՞նչ ասես մի խաղի մասին, որտեղ գրանցվել է 5:1 հաշիվ: Խայտառակությունն, ի՞նչ է, պոզով ու պոչով է լինում, ու կա՞ ողջամիտ մեկը, որը հավատում է, թե թիմի ղեկավարությունը կուլ կտա այս սարսափելի անպատվությունը, չեն լինելու կադրային տեղաշարժեր: Հիմա հարկավ Լոպետեգին կարող է ափսոսանքով հիշել, թե ինչ թեթևամտություն դրսևորեց երկրի ազգայինի գլխավորի փոխարեն նախապատվությունը Մադրիդի «Ռեալին» տալով, բայց հետին թվով արված ամեն բան է սկզբունքորեն իմաստազուրկ: Իսկ կոնկրետ այս խաղի առնչությամբ թերևս միայն մի բան մանրամասնենք՝ ասելով, որ Լուիս Սուարեսը դարձել է հեթ տրիկի հեղինակ: «Բարսելոնը» շարունակում է պահպանել իր տեղը մրցաշարային աղյուսակի գլխամասում, տասը խաղից հետո նրա անվան դիմաց 21 միավոր է:
Շարունակում է հաճելիորեն զարմացնել «Ալավեսը», որն առաջնությունում տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նրան զիջողը հյուր եկած «Վիլյառեալն» էր՝ 2:1: «Ալավեսը» 20 միավորով երկրորդ հորիզոնականում է:
Լա լիգայի երրորդ տեղի վրա գոնե այս փուլում աչք ունեցող «Աթլետիկոն» Չեմպիոնների լիգայում ունեցած խայտառակ պարտությունից հետո «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակով մի փոքր մեղմեց սեփական երկրպագուների հոգին համակած փոթորիկը, ու «Սևիլիա»-«ՈՒեսկա» հանդիպման ելքից էր կախված, թե անդալուզցինե՞րն էլ մադրիդցիների նման կունենան 19 միավոր: Դրա համար անհրաժեշտ էր, որ տանտերերը հաղթեին աղյուսակի հետնապահին: «Սևիլիան» դա արեց ¥2:1¤ ու լրացուցիչ գործակիցներով եռյակից դուրս մղեց «Աթլետիկոյին»:

ԱՆԳԼԻԱ
Ի դեմս «Տոտենհեմ»-«Մանչեստր Սիթի» մրցակցության, պրեմիեր լիգան տուրի ամենահավակնոտ խաղը պահ էր տվել երկուշաբթիին, որի ելքի մասին բնականաբար բան չենք կարող ասել երեկ ուշ երեկոյան կայանալու պատճառով:
Ինչ վերաբերում է մինչև այս տուրը «քաղաքաբնակների» հետ աղյուսակի առաջին երկու հորիզոնականը կիսող «Լիվերպուլին», «Կարդիֆին» Յուրգեն Կլոպի սաներն ախր բնավ շանս չտվեցին, որ բացի հաշվի հիշատակումից արժանի մեկ այլ բան էլ հիշատակենք՝ 4:1:
«Բյոռնլիի» հետ արտագնա դիմակայությունում «Լիվերպուլի» պես նույնքան համոզիչ էր և «Չելսին», միայն այն տարբերությամբ, որ չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ սեփականը պահեց անառիկ: Այս հաղթանակն «ազնվականներին» տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում 24 միավորով, որը մեկով է ավելի «Մանչեստր Սիթիի» ունեցածից:
Հիշատակենք և «Կրիստալ Պալասին» հյուր գնացած «Արսենալի» հանդիպումը: Խաղավերջին տանտերերը կարողացել են խուսափել պարտությունից՝ 2:2: Մխիթարյանի թիմը 21 միավորով չորրորդ հորիզոնականում է, ու նրա այնտեղ մնալը կախված էր երեկ երեկոյան կայացած «Տոտենհեմ»-«Մանչեստր Սիթի» դիմակայության ելքից:


ԳԵՐԱՄՆԻԱ
Վերջին հաղթանակների տպավորիչ շարանից հետո մի փոքր շունչ քաշելու դադար առավ Դորտմունդի «Բորուսիան», թեպետ, խոսքը մեր մեջ, ձեռը ճար լիներ, «Հերտայի» կաշին էլ կքերթեր: Ինչևէ, չքերթեց, բայց և չքերթվեց: Արդյունքում մարտական ոչ-ոքի՝ 2:2, ու մրցաշարային աղյուսակում պահպանված առաջին տեղ 21 միավորով:
Կամաց-կամաց բունդեսլիգայում դիրքերն է բարելավում երկրի գործող չեմպիոնը: «Մայնցի» նկատմամբ արտագնա հաղթանակը ¥2:1¤ մյունխենցիների միավորների թիվը հասցրեց 19-ի, իսկ սա նշանակեց երաշխավորված երկրորդ տեղ:
Երրորդ հորիզոնականում արտագնայում «Ֆրայբուրգին» 1:3 հաշվով զիջած Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է: 17 միավորով շարունակում է նրան ընկերակցել «Վերդերը», որը սեփական հարկի տակ խայտառակ 2:6 հաշվով պարտություն է կրել «Բայերից»:

ՖՐԱՆՍԻԱ
«Մարսելն» էլ անկարող եղավ միավոր կորզելու «Պարի Սեն Ժերմենից» ու դա չնայած նրան, որ սեփական հարկի տակ ուներ երկրպագուների ահռելի աջակցությունը: Հաղթանակ բերած գոլերը խփել են Մբապեն ու Դրակսլերը՝ ապահովելով իրենց թիմի անպարտելի մրցելույթների արդեն տասնմեկ տուր ձգվող շարանը: Արդեն հետաքրքրական էլ է դառնում, թե այդ ո՛ր մի թիմն է դիվիզիոնում ունակ կանգնեցնելու աստղային այս թիմի հաղթական ընթացքը:
Արտագնայում հաղթական է եղել «Մոնպելիեի» մրցակցությունը «Թուլուզի» հետ ¥3:0¤, իսկ «Լիլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Կաննի» նկատմամբ: 25 միավորով «Լիլը» երկրորդ հորիզոնականում է, «Մոնպելիեն» նրանից երեք միավոր պակաս ունի, սակայն նույնքան վստահ է զգում հաջորդ հորիզոնականում:

ԻՏԱԼԻԱ
«Էմպոլիի» հետ արտագնա խաղում, շնորհիվ Քրիշտիանու Ռոնալդուի գոլի, «Յուվենտուսը» երեք միավոր վաստակած է վերադարձել տուն՝ միավորների թիվը հասցնելով 28-ի, ինչն ուղիղ վեցով ավելի է երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիի» ունեցածից, որը սեփական հարկի տակ մինչև խաղի վերջին պահը զիջում էր իտալական «գայլերին» ու պարտությունից փրկվեց ի հաշիվ Մերտենսի գոլի:
Սկուդետեի երրորդ հորզոնականում տասնինը միավոր ունեցող «Ինտերն» է, որը երեկ ուշ երեկոյան արտագնայում մրցելու էր «Լացիոյի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ