USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտար պարզաբանելու՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն»

«Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտար պարզաբանելու՝ ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն»
02.11.2018 | 01:11

Բոլորովին վերջերս հիմնադրված «Այլընտրանք» կուսակցության առաջնորդ ԷԴԳԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի թիմից էր, այժմ հայտարարում է, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին բացառում է Բաղդասարյանի հետ համագործակցությունը: «Իրատեսը» Առաքելյանի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ծրագրային ինչ դրույթներով են շահելու ընտրազանգվածի վստահությունը, համագործակցության ի՞նչ տարբերակներ են այժմ քննարկում քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ի՞նչ այլընտրանք են առաջարկելու ընտրությունների ժամանակ և հարակից այլ հարցեր:

-Ընտրական օրենսգրքի տապալումը ցույց տվեց, որ կառավարությունը նախորդ համակարգի նկատմամբ չունի այնպիսի որակյալ մեծամասնություն, որպեսզի ընդունի կենսական նշանակություն ունեցող օրինագծեր,- ասաց մեր զրուցակիցը:- Սա նշանակում է, որ իշխանությունը տիրապետում է միայն գործադիր իշխանությանը, իսկ օրենսդիր և դատական իշխանությունները վերահսկում է նախորդ համակարգը, և ժողովրդական աջակցության նվազման դեպքում այդ համակարգը ներկայացնող ուժերը կարող են քաղաքական զարգացումների անիվը կրկին հետ պտտել: Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ ես և «Այլընտրանք» կուսակցության թիմն ի սկզբանե աջակցել ենք հեղափոխության ամբողջ գործընթացին, կարող եմ ասել, որ մենք այլընտրանք ենք առաջարկում նախորդ համակարգին, որը մինչ այժմ չի հանձնել իշխանության վերջին լծակները: Իսկ դրանք հանձնելու միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ անկախ նրանից, թե ինչ ընտրակարգով տեղի կունենան: Առաջիկա քարոզարշավի ժամանակ մենք պատրաստվում ենք առաջարկելու նաև գաղափարների, մոտեցումների և ծրագրերի այլընտրանք: Նույնիսկ նույն թիմում, եթե չկան տարակարծություն, խնդիրների լուծման տարբերակային մոտեցում, ապա լճացումն ու ձախողումն անխուսափելի են: Պետք է խուսափենք համընդհանուր լուռ համաձայնության սկզբունքից, ինչի վնասակարության ականատեսն ենք եղել տարիներ շարունակ:
-Ապագա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվու՞մ եք մասնակցելու և ինչ ձևաչափով:
-Իհարկե պատրաստվում ենք, իսկ ձևաչափի հարցը կորոշվի առաջիկա օրերին, քանի որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի տապալումը մեր պլաններում կարող է որոշակի փոփոխություններ մտցնել:
-Եթե լինի համագործակցություն, այսինքն, դաշինքով գնաք ընտրությունների, ի՞նչ ուժի հետ եք դա տեսնում: Նախորդ իշխանությունների՞, ներկաների՞, թե՞ ...
-Նախորդ իշխանությունների կամ դրա մաս կազմած քաղաքական ուժերից որևէ մեկի հետ համագործակցության որևէ ձևաչափ բացառում եմ: Սա մեզ համար սկզբունքային մոտեցում է: Համագործակցությունն ինքնանպատակ չի կարող լինել, այն, նախ և առաջ, պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի, Հայաստանի զարգացման տեսլականների ու արժեհամակարգային ընդհանրությունների վրա: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն կոնկրետ օրակարգով և հեռանկարով. մենք կհամագործակցենք այն ուժերի ու անհատների հետ, որոնք ի սկզբանե այդ օրակարգի կրողներն ու պաշտպաններն են եղել ու սկզբունքային են այդ օրակարգից չշեղվելու հարցում: Մեր մոտեցումը որևէ ուժի մերժելու մեջ չէ, ավելին, ցանկացած քաղաքական ուժ գոյության իրավունք ունի, պարզապես նախկին համակարգը ներկայացնող ուժերը տարբեր ձևաչափերով հնարավորություն ունեցել են մեր երկիրը զարգացման այլ մակարդակի բարձրացնելու, բայց դա չեն արել, և հիմա այդ գործընթացի առաջամարտիկները պետք է նոր ուժերը լինեն:
-Այժմ, երբ մեկ ուժի՝ իշխանության հաղթանակն արդեն իսկ կանխորոշված է, ավելի բարդ չի՞ լինելու ընտրապայքարը:
-Ես մի առիթով նշել եմ, որ մենք մասնակցում ենք մի քաղաքական մրցավազքի, որտեղ վազորդներից մեկը շատ ավելի առաջ է անցել մյուսներից, և հասնել, առավել ևս, անցնել, կարծում եմ, որևէ քաղաքական ուժի կարողություններից վեր է: ՈՒստի ընտրական գործընթացին մասնակցող ցանկացած ուժ պետք է ելնի այս օբյեկտիվ իրավիճակից և իրականությունից կտրված որոշումներ չկայացնի, այլապես դատապարտված կլինի անհաջողության: Իհարկե, ընտրապայքարը դժվար է լինելու, միևնույն ժամանակ գիտենք, որ խորհրդարանի տեղերի ավելի քան 30 տոկոսը օրենքի ուժով տրամադրվելու է ընդդիմությանը: Այս տրամաբանության մեջ հնարավոր է գրագետ քարոզարշավ իրականացնել և հաջողություններ գրանցել:
-Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մարդիկ ոչ թե գաղափարական, այլ հորդորային ընտրության գնացին: Խորհրդարանական ընտրություններին պայքարը, ըստ Ձեզ, գաղափարական դաշտ կտեղափոխվի՞, թե՞ կրկին «սևերի» ու «սպիտակների» անզիջում պայքար է լինելու:
-Ցանկալի կլինի, որ քաղաքական պայքարը տեղի ունենա գաղափարական դաշտում, բայց իրականությունն այլ է: Ընտրությունները տեղի կունենան՝ ելնելով ստեղծված իրավիճակից, ինչպես արդեն նշեցի՝ հեղափոխության տրամաբանության շրջանակներում: Հեղափոխությունն է լինելու ընտրությունների առանցքը, որի շուրջ պտտվող ուժերը, գոնե այս փուլում, ավելի մեծ հնարավորություններ կունենան: Ես կարծում եմ, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները «սևի» ու «սպիտակի» բաժանման հռետորաբանության շրջանակներում չեն ընթանա: Երևանի ավագանու ընտրություններում որոշ ուժերի սխալ հաշվարկը և սխալ դիրքավորումը հանգեցրին այդպիսի ելքի: Իմ համոզմամբ, այս ընտրությունները կանցնեն պակաս լարվածության և հակադրությունների պայմաններում, չնայած ֆորսմաժորները բացառել պետք չէ: Ինչ վերաբերում է գաղափարական պայքարին, դրա մասին դեռ վաղ է խոսել, քանզի նման պայքարի դեռևս պատրաստ չեն շահառու երկու կողմերն էլ՝ թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը:
-Ժամկետների և տեխնիկական իմաստով պատրա՞ստ եք ընտրություններին: Եթե, ենթադրենք, մայիսին լինեին դրանք, ձեզ դա ավելի՞ ձեռնտու կլիներ:
-Ձեր բարձրացրած հարցն ամենախնդրահարույցներից է: Ճիշտ է, բոլորս գիտեինք, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, բայց, ինչպես կառավարության ծրագրում էր նախատեսված, ենթադրվում էր, որ այն տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին, իսկ եթե սրան գումարում ենք հին Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հանգամանքը, ապա իրավիճակն այդքան էլ նպաստավոր չէ հատկապես նոր ուժերի համար: Ընտրությունների ավելի ուշ կազմակերպումը ձեռնտու կլիներ ոչ միայն մեզ, այլև մյուս բոլոր նորաստեղծ քաղաքական ուժերի համար, քանի որ ժամանակային առումով թիմերը վերջնական ձևավորելու, հասարակությանը սեփական մոտեցումներին ու տեսակետներին ծանոթացնելու խնդիր ունեն: Բոլոր դեպքերում, մենք դեմ չենք արտահայտվի արտահերթ ընտրություններ անցկացնելու սկսված գործընթացին, որովհետև մեզ համար կարևոր են քաղաքական որոշակիության հաստատումն ու անորոշության փուլի հաղթահարումը:
-Ընտրությունները գործող ԸՕ-ով են անցկացվելու, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին: Ռեյտինգային թեկնածուներ ունե՞ք, այդ համակարգը ձեզ չի՞ խանգարի:
-Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագիծը տապալելը բխում էր ոչ միայն ՀՀԿ-ի, այլև այլ ուժերի շահերից, քանի որ վերջիներիս համար ռեյտինգային կոչվող համակարգը փրկօղակի նման մի բան է: Հին ընտրակարգով ընտրությունների անցկացումը վատագույն սցենարն էր, որն իրականություն դարձավ: Ես ինքս մասնակից եմ եղել նոր ԸՕ նախագծի քննարկումներին և կարող եմ ասել, որ առաջարկվող տարբերակը հնարավորինս մոտ էր հեղափոխության հռչակած նպատակներին ու սկզբունքներին: Ներկայացված դրույթներն անհամեմատ ավելի լայն հնարավորություններ էին տալիս հատկապես նորաստեղծ քաղաքական ուժերին: Ինչ վերաբերում է ռեյտինգային թեկնածուներին, ապա թե՛ Երևանում, թե՛ մարզերում ունենք բավականին կայացած թեկնածուներ և թիմեր, որոնք պատրաստ են ընտրություններին: Վստահեցնում եմ, որ ցանկացած ձևաչափով մեր կուսակցության մասնակցությունն ընտրություններին կլինի խիստ փաստարկված և առանց օլիմպիական սկզբունքի: Հաստատակամ ենք լինելու նաև կանխորոշված արդյունքներով որևէ խաղի մեջ չմտնելու հարցում:
-Իշխանությունները, կարծես, առանձնապես ջանք չթափեցին ԸՕ-ի բարեփոխումների փաթեթն ընդունելու ու դրանով ընտրություններ կազմակերպելու հարցում, ինչի մասին անգամ Դանիել Իոաննիսյանը խոսեց. մտահոգի՞չ փաստ է Ձեզ համար:
-Ես հակված եմ կարծելու, որ կառավարությունն անկեղծ էր Ընտրական օրենսգրքի փոփոխության իր ցանկություններում: Այլ հարց է, որ պետք էր նաև հանրային լուրջ ճնշում գործադրել խորհրդարանի վրա այն ընդունելու համար, ինչպես նախկինում էր եղել: Բարեփոխված Ընտրական օրենսգիրքը հիմնաքարային նշանակություն ունի ինչպես հեղափոխության հռչակած նպատակների, այնպես էլ քաղաքական համակարգի կայացման ու քաղաքական ընտրություններ անցկացնելու տեսանկյունից: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքներից մեկն էլ պետք է լիներ ռազմավարական ու ֆունդամենտալ այն հարցի պարզաբանումը, թե ով է լինելու իշխանություն, ով՝ ընդդիմություն, իսկ դրա լուծումը կարող էր տալ միայն բարեփոխված ԸՕ-ն: Պատկերացնենք իրականությանն արդեն իսկ շատ մոտ մի սցենար, երբ ընդդիմության դերում հանդես են գալու իշխանական նախկին համակարգի հենասյուները, որոնց որդեգրած քաղաքականության արդյունքում Հայաստանը կանգնեց համակարգային խոր ճգնաժամի առաջ: Դա արդյոք չի՞ նշանակում, որ խորհրդարան մտնելով որպես ընդդիմություն, նրանք կարող են կրկին ամրապնդել իրենց դիրքերը և հետագայում աշխատել կորցրած իշխանությունը վերականգնելու ուղղությամբ: Սա ռազմավարական առումով հեղափոխության պարտություն է, ինչից հետո ևս մեկ հեղափոխություն անելու անհրաժեշտություն է լինելու, բայց այս անգամ՝ ընդդիմության դաշտում:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao