Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե անգամ վարչապետի հալալ ախպերը լինեի, միևնույն է, բան չէր փոխվելու»

«Եթե անգամ վարչապետի հալալ ախպերը լինեի, միևնույն է, բան չէր փոխվելու»
02.11.2018 | 01:14

Իշխանական կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար իսկական պատերազմներ են ընթանում։ Ճանապարհ, խճուղի փակածները, անգամ «ասֆալտին փռվածները» ջանք չեն խնայում խորհրդարանում հայտնվելու համար։ Ամեն մեկը սեփական կապերն է գործի դնում։ Այս իշխանությունն արդեն նախորդ խորհրդարանում ուներ սեփական ներկայացուցիչը աներձագերի «խմբակցությունում»։ «Ելք» խմբակցության անդամ ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն է, որը վերստին խորհրդարան գալու ցանկություն ունի։


-Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը Ձեզ ասել է, թե ցուցակում չեն լինի խնամի-ծանոթ-բարեկամներ, աներձագեր, խնամիներ ու սանիկներ։ Այսինքն, այդ թվում նաև Դուք։
-Ես այդ մասին մամուլից եմ իմացել։
-Այդ թեմայով Ձեզ հետ որևէ զրույց չի՞ եղել։
-Ոչ, իմ և Նիկոլ Փաշինյանի միջև նման խոսակցություն չի եղել։
-Ամեն դեպքում, եթե խնդիր դրվի բարեկամներին խորհրդարան չբերելու, ինչպե՞ս կվերաբերվեք այդ փաստին։
-Եթե նման բան լինի, կքննարկենք։
-Նորի՞ց եք ցանկանում գալ խորհրդարան, ի՞նչ հասկացաք այս ամիսներին։
-Միանշանակ ցանկանում եմ գալ, որովհետև բավականին հետաքրքիր աշխատանք է ինձ համար, ունեմ աշխատանք անելու և անում եմ։
-Ի՞նչ եք արել այս ամիսներին։
-Հիմա շրջանառության մեջ եմ դրել բուքմեյքերական կետերի գովազդը սահմանափակելու մասին նախագիծ։
-Համահեղինա՞կ եք, որովհետև Ալեն Սիմոնյանն էլ նման մի նախագիծ էր ներկայացրել։
-Հեղինակ եմ, Ալեն Սիմոնյանը բուքմեյքերական կետերը փակելու մասին նախագծի հեղինակն է, իսկ ես առաջարկում եմ գովազդը սահմանափակել։
-ՔՊ-ի ցուցակում հիմնականում ովքե՞ր պետք է լինեն. նրանք, ովքեր փողո՞ց են փակել, թե՞ նրանք, որ արագ կողմնորոշվել են ու ՀՀԿ-ից ժամանակին «թռել»։
-Ցուցակը կազմելու է վարչությունը։ Իսկ սկզբունքները հետևյալն են՝ մարդու կրթությունը, ունակությունները, անցած ճանապարհը, գիտելիքները։ Այսինքն, շեշտը դրվելու է մարդու ինտելեկտի վրա։
-Իսկ շեշտը չի՞ դրվելու աներձագերի, վարսավիրների, ընկերների վրա։
-Այդպիսի բան չի եղել երբեք։
-Փաստն այն է, որ կա, Դուք էլ` դրա լավագույն ապացույցը։
-Այսինքն, որ հիմա ես խորհրդարանում եմ, նշանակում է նման բան կա՞։
-Պարոն Հակոբյան, Դուք Փաշինյանի կնոջ եղբայրը չե՞ք։
-Այո, ես պարոն Փաշինյանի կնոջ եղբայրն եմ։ Ես նախորդ ընտրություններին ռեյտինգային կարգով եմ մասնակցել։ Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում ստացել եմ 3400 քվե։ Ինձանից ավելի շատ քվե ստացել են նույն համայնքներում Արարատ Միրզոյանը և Արայիկ Հարությունյանը։ Տեղի ունեցավ հեղափոխություն, Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը գնացին կառավարություն, ես, անկախ հանգամանքից, որ վարչապետի կնոջ եղբայրն էի, եկա խորհրդարան։ Առանց այդքան ձայն հավաքելու, եթե անգամ վարչապետի հալալ ախպերը լինեի, միևնույն է, բան չէր փոխվելու։
-Գիտե՞ք կնոջ կողմից բարեկամ լինելը որքա՜ն դռներ է բացում։ Ձեզ այդ կապն այս ընթացքում չի՞ օգնել։
-Երբևէ չի օգնել։
-Այս իշխանությունն ամեն ինչ համեմատում է նախորդների հետ, իսկ նախորդ իշխանությունում ընդունված տարբերակ էր կառավարություն, խորհրդարան բերել աներձագերի, փեսաների, խնամիների, ընկերների։ Հիմա այս հարցում, փաստորեն, նույն հարթությունում են և՛ նախորդները, և՛ ներկաները, ուրեմն ո՞րն է ձեր տարբերությունը։
-Տարբերությունն այն է, որ ես ստացել եմ 3400 քվե։
-Նրանք էլ հայտարարում էին, որ ժողովուրդն է իրենց ձայն տվել։
-Տարբերությունը թող ժողովուրդն ասի, ժողովուրդը կարող է գնահատել բոլորին՝ իրենց կատարած աշխատանքից ելնելով։ Ինձ էլ կարող են գնահատել, թե վերջին յոթ ամիսներին ինչ եմ արել խորհրդարանում։ Եթե ժողովրդի համար դա բավարար չէ, ու ես չպետք է լինեմ խորհրդարանում, ես չեմ լինի։
-Ամեն դեպքում, որևէ տեղեկություն ունե՞ք ՔՊ-ի ցուցակից, ո՞ր հորիզոնականն եք զբաղեցնելու։
-Ցուցակներից տեղեկություն չունեմ, ցուցակի վրա դեռ աշխատում են։
-Բարձր մակարդակով Ձեր անձի լոբբինգով չե՞ք զբաղվում։
-Ոչ, որևէ կերպ այդ հարցով չեմ զբաղվում։ Հակառակը. երբ գիտեմ, որ ցուցակների հետ կապված գործընթաց է ընթանում ինչ-որ տեղ, այնտեղ չեմ գնում։
-Շա՜տ համեստ եք Ձեզ պահում։
-Համեստի խնդիր չկա։ Պարզապես գիտեմ, որ իմ այնտեղ գտնվելը ոչինչ չի փոխի։ Վարչությունն է որոշում և՛ ցուցակը, և՛ իմ լինել-չլինելը։ Կկազմեն, հետո ինձ կասեն։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ