USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ադրբեջանն Իրանի դեմ. իսկ եթե չհաջողվի՞

Ադրբեջանն Իրանի դեմ. իսկ եթե չհաջողվի՞
02.11.2018 | 01:39

Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները տեղեկատվական դաշտ հաղորդագրություններ են նետում իսլամական ծայրահեղականների և նույնիսկ ահաբեկիչների զանազան խմբերի մերկացման մասին: Բայց այն փաստը, որ Բաքվում եղավ ամերիկացի մոլի իրանատյաց Ջոն Բոլթոնը, որը Հայաստանում հասցրեց և՛ հակառուսական, և՛ հակաիրանական շատ բաներ ասել, մեզ ստիպում է դիմել 2018-ի ամառվա իրադարձություններին: Հուլիսի մի շարք դեպքեր ու հաղորդումներ ստիպում են ոչ միայն պարզապես ուժեղացնել ուշադրությունը ադրբեջանա-իրանական հարաբերությունների նկատմամբ, այլև տասնապատկել Ադրբեջանի և Իրանի տեղեկատվական բաց աղբյուրներին հետևելը: Եվ այն, ինչ մենք կառաջարկենք ընթերցողներին, ուղղակի բխում է ահաբեկչության դեմ պայքարին Հայաստանի պատրաստ լինելու հանգամանքից: Մինչև 2018 թ. ծայրահեղական և ահաբեկչական խմբերի բացահայտման ու վերացման մասին լուրերի գերակշիռ մասը գալիս էր Ադրբեջանի հյուսիսային շրջաններից: Եվ դա հիմք էր տալիս ենթադրելու, որ սուննի փոքրամասնության գերակշռությամբ շրջաններում (ի դեպ, հյուսիսում սուննիները հիմնականում ազգային փոքրամասնություններ են) ակտիվորեն գործում են վահաբական (սալաֆիական) զանազան կենտրոնների գործակալներ: Իսկապես, հյուսիսում ապրող մուսուլմանները (լեզգի, ավար, ծախուր, թաբասարան, ուտի, ինգիլո վրացի և այլն) սուննիներ են: Բնական է, որ նման դավանական միջավայրում սալաֆականության քարոզչությունը կարող էր գտնել և հավանաբար գտնում է ջերմ արձագանք: Իսկ հաշվի առնելով, որ, ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, որոշ շրջանակներ հենց Բաքվում փորձել են վահաբական մզկիթ կառուցել, կասկած չեն հարուցում այն պնդումները, թե Ադրբեջանը լայնորեն օգտագործել է չեչենական զինյալ խմբավորումները: Նշվել է, որ Ադրբեջանի հիվանդանոցներում բազմաթիվ չեչեն զինյալներ են բուժել ռուսական բանակի հետ մարտերում ստացած վերքերը, իսկ Ռուսաստանի տարածքում բանդակազմավորումների ջախջախումից հետո բազմաթիվ չեչեն զինյալներ դարձել են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության աշխատակիցներ:


Ադրբեջանում ԻՊ և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպություններին համակրող սուննի սալաֆիների առկայությունը հաստատվել է սիրիական պատերազմի տարիներին, հատկապես 2012-15 թթ., երբ հաղորդումներ կային Ադրբեջանից ժամանած և Սիրիայի օրինական կառավարության դեմ կռվող ինչ-որ զինյալների մասին: Մի անգամ նույնիսկ հաղորդում եղավ, թե իբր ԻՊ-ի տեղացի մարտիկները մահապատժի են ենթարկել Ադրբեջանից եկած ույղուր զինյալների, ինչի կապակցությամբ Սիրիա են ժամանել Չինաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Չինաստանի անվտանգության դեմ ույղուրներին օգտագործելու գործով մի քանի անգամ Պեկինը և Անկարան նույնիսկ սպառնացել են մեկը մյուսին:


Հուլիսի սկզբին Ադրբեջանում նշանակալի իրադարձություններ չկային: Կարելի է հիշատակել միայն Մինգեչաուրի ՋԷԿ-ի տեխնածին վթարը, որից հետո երկրի մեծ մասը հոսանքազրկվել էր, մեկ էլ այն, որ Գերագույն դատարանը «հավերժ ընդդիմադիր» Իլղար Մամեդովի գործը վերադարձրեց Շաքիի վճռաբեկ դատարանի քննարկմանը: Բայց ահա հուլիսի 3-15-ին Գյանջայում եղան ահաբեկչություններ և անկարգություններ՝ հրաձգությամբ, մահափորձերով, որոնք հետո հասան մինչև Ապշերոնի թերակղզի, զանգվածային ձերբակալություններ ամբողջ երկրում և այլն: Սակայն ավելի լավ է հղումներ անենք Բաքվի աղբյուրների հաղորդումներին: Գլխավոր դատախազության, ՆԳՆ-ի և անվտանգության ծառայության հուլիսի 6-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձ կատարած Յունիս Սաֆարովը մարտական պատրաստություն է անցել Սիրիայի զինված կազմավորումների շարքերում. «Կատարված օպերատիվ-քննչական գործողություններից պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովի կատարած այդ հանցագործությունը նպատակամետ և ծրագրված ահաբեկչություն է», «2016 թ. Սաֆարովը 8 ամիս ապրել է Ղումում (շիաների ուխտագնացության և կրոնական ուսուցման կենտրոն Իրանում)», ինչպես նաև «Ադրբեջանի քաղաքացի Ռասիմ Ասադովի հետ Սիրիայի տարածքում մարտական պատրաստություն է անցել զինված կազմավորումների շարքերում»: Հաղորդման մեջ նշվում է, որ 2017-ին Գյանջա վերադարձած Սաֆարովը 2017 թ. հունիսին հարձակվել է «Kapital Bank»-ի տեղի մասնաճյուղում հերթապահող ոստիկանի վրա և խլել նրա «Մակարով» ատրճանակը: 2018-ի հունվարին նա մահափորձ է կատարել Գյանջայի քաղաքապետի դեմ, բայց վիրավորել է ոստիկանության աշխատողին և փախել:

«Հետաքննությունը ցույց է տվել, որ Սաֆարովի ահաբեկչության հիմնական նպատակն է եղել Ադրբեջանում շարիաթի օրենքներով ղեկավարվող իսլամական պետության հիմնումը: Դրա համար նա պետք է սպաներ մի քանի պետական պաշտոնյաների՝ երկրում իրարանցում, քաոս և սարսափ ստեղծելու միջոցով իշխանության բռնի նվաճման վերջնական նպատակով»,- ասվում է հաղորդման մեջ: Իրավապահ մարմինները նշում են, որ Սաֆարովը «Մուսուլմանական միասնություն» շարժման անունից տեսաուղերձ էր պատրաստել և տարածել արտասահմանում իր համախոհների շրջանում, որն այնուհետև պետք է տարածվեր Ադրբեջանում, եթե Գյանջայի ահաբեկչությունը հաջողվեր:


Այս պաշտոնական հաղորդագրությունը կարդալիս ակամա հիշում ես դասական հարցը. «Իսկ տղան եղե՞լ է», որովհետև դժվար է հավատալ, թե ինչ-որ մեկը միայնակ կարող էր փորձել ահաբեկչություն իրականացնել ոչ միայն իրեն կամ հարազատներից որևէ մեկին ինչ-որ վնաս պատճառած քաղաքապետի դեմ, այլև «Ադրբեջանում իսլամական պետություն հիմնել»: Բայց բանն այն է, որ հուլիսի 10-ին Գյանջայում արդեն տեղական իշխանության դեմ զանգվածային ելույթներ և անկարգություններ էին ընթանում: Եվ անմիջապես հուլիսի 10-ին իշխանություններն ու ԶԼՄ-ները հաղորդեցին, որ «150-200 մարդուց բաղկացած կրոնական արմատականների մի խումբ» կազմակերպել է «չթույլատրված հանրահավաք», որը խափանվել է ոստիկանության կողմից: Հանրահավաքի մասնակիցները ելույթ էին ունենում ի պաշտպանություն քաղաքապետի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների և, ի պատասխան ոստիկանության գործողությունների, զինված հարձակումներ են գործել ոստիկանների վրա: Խռովարարների ձեռքով զոհվել է ոստիկանության երկու բարձրաստիճան սպա: «Հանցագործությունների փաստի առնչությամբ գլխավոր դատախազությունը Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով քրեական գործ է հարուցել:

Հետաքննությունն իր անձնական հսկողության տակ է վերցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն անկարգությունների համար ավելի վաղ մեղադրել էր ինչ-որ արտաքին ուժերի»:
Այ քեզ բան: Այդ ի՞նչ արտաքին ուժեր են: Այն անձը, ի պաշտպանություն որի Գյանջայում հավաքվել էին այն 150-200 մարդիկ, Ռուսաստանի քաղաքացի է: «Պատրաստվել է» Սիրիայում: Իրա՞նը: Բայց Իրանի Ղում քաղաքում ուսուցանում են, այն էլ՝ ոչ Մակարովի ատրճանակից կրակել: Օրինակ, իրաքցի Մուքտադա աս Սադրին այնտեղ այնպես են սովորեցրել, որ նա ձեռնադրվել է Իրաքի մեծ այաթոլահ: Անուսներին Ղում չեն ընդունում. մարդը գոնե նախնական գիտելիքներ պետք է ունենա Մարգարեի ուսմունքի մասին: «Արտաքին ուժեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը հենց Ռուսաստա՞նը նկատի ուներ: Չենք կարող դատել: Բայց լավ հիշելով Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խոստովանությունը, որ սուննի չեչենները լայնորեն գործում էին Սիրիայում, այդ թվում՝ որպես ԻՊ-ի բանդաներում ներդրված իրազեկիչներ, դժվար է չենթադրել, որ Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, թեկուզ և ադրբեջանցի, կարող էր Սիրիայում հայտնվել այն նույն գծով, ինչ սուննի չեչենները, որոնք նույնպես ՌԴ քաղաքացիներ էին: Բայց բանն այն է, որ մենք ցանկանում ենք լուծել Ադրբեջանի հանելուկը: Եվ քանի որ երկրի ղեկավարը խոսում է «Գյանջայում արտաքին ուժերի» մասին, ապա ենթակաները կամ նույնիսկ նախկին ենթակաները դա ընկալում են որպես հրաման: Տեսնենք, թե Ալիևի խոսքն ինչպես է վերծանել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զիլֆուղարովը, որը ժամանակին (գուցե և հիմա) Ալիևների ընտանիքի մերձավոր անձանցից էր:


Ահա նրա ասածը հուլիսի 11-ին, այսինքն Գյանջայի դեպքերի հենց հաջորդ օրը. «Գյանջայում ողբերգություն է եղել. հանցագործներն սպանել են ոստիկանության սպաներին նրանց կողմից ծառայողական պարտքը կատարելու պահին: Եվ կրկին, ինչպես մի քանի օր առաջ Գյանջայի քաղաքապետի նկատմամբ մահափորձը, այս սպանությունն էլ է ուղեկցվում բարոյախոսական քարոզով. արմատական շիականության հետևորդ շահիդները ներկայացվում են որպես ճնշվածների իրավունքների պաշտպաններ: Դա բացահայտ պատճենն է իրանական հեղափոխական գաղափարաբանության, որի հիմնական դոգման այն է, որ «նահատակների» օրինակներով ոգեշնչված շահիդն իրեն զոհաբերում է հանուն ճնշվողների իրավունքների, պատվի և արժանապատվության: Դեռ ուսանողական տարիներից գիտեմ, որ եթե որևէ մեկը վիրավորում էր գյանջեցի ուսանողին, նրա գյանջեցի համակուրսեցիները տեղնուտեղը կոշտ պատասխան էին տալիս նեղացնողին: ՈՒստի գյանջեցիների պատիվը պաշտպանելու եկած (կամ Մոսկվայից, կամ Ղրիմից) «նահատակի» մասին պարտադրվող քարոզչական սխեման թվում է տեղական բարքերին վատ ծանոթ ռեժիսորի աշխատանք: Տպավորություն է ստեղծվում, թե Իրանի ղեկավարության արմատական շրջանակները փորձում են ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում և հանգեցնել շիաների ու սուննիների բախման:
Հեյդար Ալիևի՝ իշխանության գալուց ի վեր Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում գործում էր ինչ-որ modus operandi (վարքականոն), որը կարելի է արտահայտել այսպես. մենք (Ադրբեջանը) չենք միջամտում ձեր ներքին գործերին, դուք էլ (Իրանը) ձեր իսլամական հեղափոխության գաղափարները մեր երկիր մի արտահանեք: Գյանջայի այսօրվա դեպքերը ցույց են տալիս, որ Իրանում առաջին պլան են եկել Ադրբեջանի հետ առճակատման կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը: Ինչու՞ է դա տեղի ունենում: Ակնհայտ է, որ դրա պատճառը ոչ թե Ադրբեջանն է, այլ այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Իրանի շուրջը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարության գործողությունների հետևանքով: Իրան-Իսրայել առճակատման գիծն ավելի ու ավելի է մոտենում թեժ փուլին: Հակաիրանական դաշինքը, որին ստիպում են միանալ Արևմտյան Եվրոպայի երկրներին, գնալով ավելի հստակ կազմակերպական կառուցվածք է ստանում: Կարծում եմ, որ Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ռուսական քաղաքականության հակաիրանական միտումները նույնպես կուժեղանան: Սիրիական ուղղությունում Իրանից Ռուսաստանի հեռանալը դեպի Թուրքիա և արևմտյան դաշինք նույնպես մշտական ուժեղացման միտում ունի: ՈՒստի գլխավոր հարցն այն է, թե իրանական ղեկավարության ռեակցիոն շրջանակներն ինչու են որոշել այդպիսի բացահայտ թշնամական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ: Չէ՞ որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման դեպքում ադրբեջանական կողմը աջակցություն և օգնություն կստանա Իրանի վերոնշյալ բոլոր հակառակորդներից, ներառյալ Ռուսաստանը, որը մտադիր չէ Ադրբեջանում իր ազդեցությունը հանձնելու Իրանին: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր տարածքում ինչ-որ արտաքին ուժեր հակաիրանական գործունեություն իրականացնեն: Այդ հայտարարությունը կարող է վերանայվել, եթե իրանական ղեկավարությունը չչեզոքացնի այն ուժերը, որոնք Գյանջայում սադրանք են իրականացրել ադրբեջանական պետության դեմ»:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1709

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao