Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սա լոկ կաշառքի ու կոռուպցիոն ռիսկի փաստարկ չէ, սա նաև գաղափարական ուծացման ահազանգ է»

«Սա լոկ կաշառքի ու կոռուպցիոն ռիսկի փաստարկ չէ, սա նաև գաղափարական ուծացման ահազանգ է»
02.11.2018 | 02:01

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական, մշակույթի վաստակավոր գործիչ Լյուբիկ Չիբուխչյանն իր հերթական ձոն-գիրքը նվիրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: «Իջևան մոլորակից իջած փրկիչը» վերնագրված գիրքը լույս է ընծայվել Իջևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Ավանդույթ» ՀՈԱԿ–ի հովանավորությամբ:


«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի նոր գրքի և Իջևանի քաղաքապետարանի «շռայլ» քայլի մասին: Արքմենիկ Նիկողոսյանը նախ և առաջ մատնանշեց մարզային, համայնքային գրադարանների խայտառակ վիճակը, նկատելով, որ տարիներ շարունակ այդ գրքին տրված ֆինանսի չափով (220 հազար դրամ) ոչ մի ներդրում չի արվել, ոչ մի գիրք չի գնվել, ու հանկարծ նմանատիպ գրքի ֆինանսավորում է կատարվում պետական բյուջեից: Մեր զրուցակցի բնորոշմամբ` դա ծիծաղելի է ու առնվազն դատապարտելի. «Որովհետև սա լոկ կաշառքի ու կոռուպցիոն ռիսկի փաստարկ չէ, սա նաև գաղափարական ուծացման ահազանգ է, մի կարևոր ցուցիչ, որ հեղափոխությունը, ըստ էության, դեռևս փոխել է միայն արտաքին վիճակներ` դիրքեր, հայտարարությունների տեքստեր, մարդկանց գործունեության, բնույթի, կերպարի, գաղափարախոսության մեջ ոչինչ չի փոխվել: Սա լուրջ զգուշացում է նաև բուն հեղափոխությանը, որ, այնուամենայնիվ, հեղափոխության լիարժեք իրականացումը պետք է ուրիշ տեղ փնտրեն: Պատահական չէ, որ Իջևանում, որը, բոլորս էլ գիտենք, Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, ֆետիշացման այդ տեսակ ընկալում կա: Նշանակում է` շատ անելիք ունենք»:


Մեր՝ «Կարելի՞ է ասել, որ գիրք-ձոնը Նիկոլ Փաշինյանի հուշարձանը կանգնեցնելու քայլի շարունակությունն է, ինչը նույնպես միանշանակ չընկալվեց» հարցին ի պատասխան Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ վարչապետի ընտրությունից մի քանի օր անց արդեն նկատել է ֆետիշացման առկայծումներ, այն ժամանակ խոսել է դրա մասին ու նշել, որ սա շատ վտանգավոր ճանապարհ է, որովհետև, ի վերջո, հանգեցնելու է ինտելեկտուալ ֆետիշացման: «Գաղտնիք չէ, որ ինտելեկտուալ ֆետիշացումը սպառնալիք է նրան, ում ֆետիշացնում են: Այդ ժողովրդին, այդ հասարակությանը, այդ արվեստագետին կառավարելու այլ տարբերակ չի մնում, բռնակալությունից բացի»: Ինչ վերաբերում է բուն գրքին, գրականագետը չցանկացավ մանրանալ` արժեքավո՞ր է, թե՞ անարժեք, հայտնի՞ գրող է գրել, թե՞ անհայտ. «Պարզապես ակնառու փաստ է, և դա այսբերգի երևացող մասն է միայն: Վստահ եմ` էլի կան մարդիկ, որ գրել են այդ տեսակ պոեմներ, պատմվածքներ, գուցե նույնիսկ վեպեր: Գրական տարբեր մրցույթներ կան, իմ տեղեկություններով` բազմաթիվ հայտեր են ընդունվել արձակում և պոեզիայում, վստահ եմ, որ շատ գործեր կլինեն ձոնված Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը: Սա արվեստի ազնիվ սպասարկում չէ, իրականության պատկերում չէ, այլ ֆետիշացում: Հարյուրավոր մարդիկ կան, որ ժամանակին չեն մասնակցել հեղափոխությանը, և փորձում են իրենց ուշացած տուրքերը մատուցել, իբր՝ տեսեք, ես էլ եմ հեղափոխական: Ինչ-որ կատարվել է ու թվում է, թե արտաքուստ փոքր փաստ է, իրականում այս տեսակի խորքային երևույթների նյութականացված արտաքին տեսքն է»:


«Անտարեսը» հրատարակել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը՝ նկատեցինք, և ընթերցողը կարող է հարցնել՝ ինչու՞ հեղափոխությունից անմիջապես հետո անդրադարձաք թավշյա հեղափոխության առաջնորդի գրքին: Մեր զրուցակիցն ասաց, որ դրանք անհամեմատելի բաներ են, նախ՝ այն պատճառով, որ գիրքը հեղափոխությունից առաջ են նախաձեռնել հրատարակել, տպագրելու առաջարկն էլ Փաշինյանինն է եղել. «Համեմատելու չէր նաև այն իմաստով, որ շատերին թվում էր՝ մենք Նիկոլին լավություն ենք արել գիրքը վերցնել-տպագրելով: Այդպես չէ: Մենք այդ գիրքը ձեռք ենք բերել հեղինակային իրավունքով, վճարել ենք դրա համար, ունենք իր հետ հեղինակային պայմանագիր ու տպագրել ենք: Եկեք մի փոքր այլ դիտանկյունից նայենք, իրենց լեզվով ասենք՝ դեռ մի բան էլ Նիկոլ Փաշինյանն է լավություն արել, որ տվել է՝ մենք հրատարակենք գիրքը: Այնպես որ, համեմատելու բաներ չեն, մենք չենք գնացել տպել, նվիրել ու իրեն ձոնել, ընդամենը հրատարակչի ու հեղինակի միջև եղած հարաբերություն է, որի արդյունքում այդ գիրքը ծնվել է»:


Հավելենք, որ «Իրատեսը» «Հանուն ինչի՞ է գրվել «Էլնարան»» (14.01.2014) վերնագրի ներքո անդրադարձել էր Լյուբիկ Չիբուխչյանի` ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային նվիրված «գրքին»: Իջևանցի «գրողը» «գրքեր» է ձոնել Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին, Վլադիմիր Ժիրինովսկուն և այլ հայտնիների: Իսկ 2014-ի հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել էր Ադրբեջանի իշխանություններին:
Մեկնաբանությունները, իրոք, ավելորդ են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ