«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)
02.11.2018 | 02:18

Արձակագիր և բանաստեղծ, ՀՅԴ կուսակցության անդամ Էլեն Բյուզանդը (իսկական անուն-ազգանունը՝ Եղիսաբեթ Ստամբոլցյան) ծնվել է Գյումրիում: Սովորել է Թիֆլիսի Հովնանյան-Մարիամյան օրիորդաց վարժարանում: 1916 թ. ընդունվել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1918 թ. վերադարձել է Հայաստան և մասնակցել Սարդարապատի ճակատամարտին:
Աշխատել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գրասենյակում` որպես գործավար: Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել է: Փետրվարյան ապստամբությունից հետո ազատվել է և ուղարկվել Ղամարլուի ճակատ, որտեղ մնացել է մինչեւ 1921-ի ապրիլը:
Ամուսնացել է ապագա բժիշկ, ուսանող-կամավոր Հովհաննես Քյութուկյանի հետ և ամուսնու հետ գաղթել Պարսկաստան: Ունեցել են երկու որդի: 1929-ին ընտանյոք տեղափոխվել է Ֆրանսիա և 30 տարի ապրել Ալֆորվիլ քաղաքում: Զբաղվել է հասարակական-կուսակցական և գրական գործունեությամբ: Եղել է Ֆրանսիայի Հայ օգնության միության ղեկավար:
Կյանքի վերջին տարիները շատ ծանր էին. կորցրել է ամուսնուն և երկու որդիներին: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես` քրոջ ու փեսայի մոտ, և ապրել նրանց հետ մինչև կյանքի վերջը (1970 թ.):
Է. Բյուզանդի ստեղծագործություններից են «Նոր կին», «Կարսը և Արշո ախպեր» վիպակները, «ՈՒխտագնացություն դեպի Վենետիկ», «Վահագնի վիպակները», «Պահակը» մանկական պատմվածքները և այլն:
1981թ. Լոս Անջելեսում հրատարակվել է «Զրույց Կարսի մասին» պոեմը, իսկ «Սարի բոբչե» պոեմը նվիրված է հայ ժողովրդի հերոսական որդիներին` ֆիդայիներին:

«Հայուհիները Երևանի Չէկայի բանտում» հուշագրությունը 1965 թ. տպագրվել է սփյուռքահայ մամուլում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Է. Բյուզանդը ծնունդով գյումրեցի է, լեզվամտածողությունը արևելահայերեն է, ես փոխել եմ ուղղագրությունը և կատարել լեզվա-ոճական փոփոխություններ:

Շատ հուշագրեր՝ գրքերով ու մամուլի էջերում, հրապարակել են Հայաստանի խորհրդայնացման անմիջական անցուդարձը, որը հանգեցրեց 1921 թ. Փետրվարյան ապստամբության:
Այդ շրջանի մեջ կարևոր տեղ են գրավում համատարած ձերբակալությունները՝ Չէկայի և կենտրոնական բանտի եղելություններով: Հուշագրերում թեթևակի նշվում է, որ բանտարկված էին նաև հայ տիկիններ և օրիորդներ: Ովքե՞ր էին այդ հայուհիները, ինչու՞ էին բանտարկված՝ այդ մասին ոչ մի խոսք:
Չենք մեղադրում հուշագիրներին, բանտարկված կանանց թիվը շատ քիչ էր, նրանք առանձնացված էին, որևէ առիթով չէին հանդիպում այրերին, ու շատերը թերևս չգիտեին նրանց ինքնությունը և ինչու բանտարկված լինելը:
Որքան էլ թվով քիչ, որքան էլ «անկարևոր» անձինք, մենք ավելորդ չենք համարում խոսել նրանց մասին, ովքեր իրենց նկարագրով ու կեցվածքով եղան արտահայտիչները այդ շրջանի հայուհու տիպարի:


Որպես շղթայի շաղկապող օղակ, թող ներվի ինձ, եթե մի քիչ ավելի խոսեմ իմ մասին. ոչ թե կարևորություն տալու համար իմ անձին, այլ որպես մեկն այն հայուհիներից, որոնք եղան Չէկայի ու կենտրոնական բանտերում մինչև ապստամբության օրը՝ փետրվարի 18-ը, և անձամբ ճանաչեց բանտարկված հայուհիներին:
Թող ներվի ինձ նաև Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերից ինձ վերաբերող անցքերի նկարագրությամբ սկսելուս համար. իրադարձություններ, որոնք ինձ բանտ հասցրին:

Հայաստանի Հանրապետության շրջանում՝ 1919 թ. նոյեմբերից սկսած, ես պաշտոնավարում էի Խորհրդարանում, որպես գրասենյակի գործավար:
1920 թ. մայիսյան բոլշևիկյան ապստամբության պատճառով դադարել էին Խորհրդարանի ընթացիկ նիստերը, Խորհրդարանի անդամները կոչվել էին այլ պարտականությունների, և գրասենյակը կարևոր անելիք չուներ:


Մայիսյան ապստամբությունը զսպելուց հետո աշխատանքի նախարար Վարոս Բաբայանն ինձ հրավիրեց այլ աշխատանքի: Ապստամբության պատճառով լուծարվել էին աշխատավորների արհեստակցական միությունները, և այժմ, երբ երկիրը խաղաղել էր, անհրաժեշտ էր վերակազմել միությունները:
Ինձ հանձնվեց Գյումրիի (ներկայիս Լենինական), Կարսի, Սարիղամիշի շրջանների վերակազմության գործը: Կատարելով ինձ վստահված պարտականությունը՝ օգոստոս ամսի վերջերին վերադարձա Երևան: Շատ չանցած, սկսվեց հայ-թրքական աղետալի պատերազմը, որը հանգեց ողբերգական զինադադարի:
Այդ ժամանակ ես գտնվում էի Զանգիբասարի շրջանում, ուր Արաքսի ափին տեղակայված էր սահմանապահ մի զորամաս: Այնտեղ կային թե՛ բանակային զինվորներ՝ իրենց սպա հրամանատարներով, թե՛ կամավորներ՝ փորձառու խմբապետներով, ինչպես հանրածանոթ խմբապետ Շերամը՝ Սեյիդքենդ գյուղում:


Զանգիբասարը Արաքսի ափին, Արարատի դիմաց՝ ջրարբի, բարեբեր տարածք է, այնտեղ իրար են մոտենում, իրար են գրկում Սև ջուր ու Հրազդան գետերը, ընկնելու համար Արաքսի գիրկը: Ես ինձ երբե՜ք այնքան մոտ չէի զգացել Մասիսներին, որքան Զանգիբասարում:
Զանգիբասարը ամբողջովին բնակեցված էր թուրքերով, որոնք երբեք չհնազանդվեցին Հայաստանի իշխանությանը, ընդհակառակը՝ Արաքսի վրայի կամուրջներով կապվեցին թուրքերի հետ ու դավադրեցին Հայաստանի իշխանության դեմ:
Ես չեմ ուզում մտնել պետական-քաղաքական խնդիրների մեջ, ինձ հետաքրքրողը եղելությունն է: 1920 թ. ամռանը հայոց իշխանությունը, Զանգիբասարի կնճռոտ խնդիրը լուծելու համար, բախում ունեցավ զինված անհնազանդների հետ:
Զանգիբասարի ամբողջ շրջանը (բացի ՈՒլուխանլու գյուղից՝ ընկած երկաթգծի վրա, որը հնազանդվեց հայոց իշխանությանը) ազատվեց թուրք բնակչությունից:
Շրջանում ոչ մի տուն, ոչ մի խրճիթ անխաթար չէր մնացել, ու մեր սահմանապահ զինվորներն ապրում էին ավերակներում, ուր ոչ ցրտից, ոչ անձրևներից հնարավոր չէր պաշտպանվել:
Արաքսի ափին, մանավանդ կամուրջների մոտ, գետնափոր դիրքերում գիշեր-ցերեկ հսկում էին մեր անձնազոհ զինվորները, նրանք անգամ կրակ վառելու, ձեռ ու ոտ տաքացնելու հրաման չունեին: Նրանք տաք հագուստ չունեին, կոշիկ-գուլպա չունեին, անոթի էին, իրենց սնունդը օրը մեկ անգամ տաք խտացրած քաղցր կաթն էր՝ մի քանի չոր պաքսիմատով: Իսկ հանգստի լինելիս, եթե ունենային ընդեղենի, երբեմն՝ մսով, տաք ապուր, դա էլ լինում էր անալի: Աղառատ Հայաստանը մնացել էր առանց աղի, աղահանքերի շրջանները գրավել էին թուրքերը:


Զինվորների սակավության պատճառով երկու հերթափոխ էր միայն լինում, մեկը՝ առավոտ լուսումթին, մյուսը՝ կեսգիշերին:
Զարմանալի չէր, որ զինադադարի ժամանակ լինում էին դասալիք զինվորներ, բայց դեպք անգամ չկար, որ դասալիք լիներ դիրքապահ զինվորը: Փախչում էին հանգստի պահին, մանավանդ մոտիկ գյուղերում ապրող զինվորները: Եվ ի՜նչ «դասալիք»… Մեկ էլ տեսար «դասալիքը» մի երկու օր հետո կամովին վերադառնում էր իր զորամաս՝ թևի տակ ուտելիքի կապոցով:
-Չէ՛, Աստված վկա, դասալիք չեմ, հայրենիքիս դավաճան չեմ,- արդարացնում էր նա ինքն իրեն:- Կռիվ չկա, անելու բան չկա, ասացի՝ տուն գնամ, տեսնեմ ի՞նչ վիճակի են խոխեքը, ուտելու բան ունե՞ն: Տան գլուխն ենք, գլուխներս քարին զարկենք, անճարներին հաց հասցնենք:


ՈՒ կարծես ոչինչ չէր եղել, հրացանը վերցնում ու դիրք էր գնում:

Նոյեմբերի վերջերին ես գտնվում էի Սապոնչի գյուղում: Այնտեղ զետեղված էր երկու թնդանոթ՝ բերանները ուղղած Արաքսի ձախ ափին, Մասիսներին: Ի՜նչ ցավալի ապրում պիտի ունենար հայրենասեր հայը: Թնդանոթների հրամանատարն էր ռուսական բանակի սպա, գյումրեցի երիտասարդ Համո Ղոլթուխճյանը: Ձիավոր կապի հրամանատար սպան էր Արամ Հարությունյանը, նույնպես ռուսական բանակի սպա, որ Ռուսաստանից հետը բերած ուներ մի հրաշալի սև ձի, անունը՝ Արապ, որին աչքի լույսի պես սիրում էր: Հետևակի սպան հյուսիսկովկասցի ռուսախոս հայ էր, ավելի տարեց, որի անունը չեմ հիշում:
Հրամանատարական կազմին հատկացված խրճիթը չուներ մեկ պատը և առաստաղի կեսը: Անկողին չունեին, պառկում էին չոր խոտի վրա: Իրենց ստացած սնունդն էլ նույնն էր, ինչ զինվորներինը: Մի երկու ենթասպա ու տասնապետներ գիշերում էին զինվորների մոտ:
Արամ Հարությունյանը օրեր ի վեր բարձր տաքությամբ ծանր հիվանդ էր: Լուր էր տրվել գլխավոր հրամանատարությանը, որ նրան փոխարինող ուղարկվի, և Արամը փոխադրվի հիվանդանոց:


Դեկտեմբերի 2-ը պարզկա, սարսափելի ցուրտ օր էր, ձյուն դեռ չէր նստել: Խրճիթի կիսավեր ակութում վառվում էին ավերակ տներից հանված գերաններ. միայն կրակի մոտ կարելի էր տաքանալ, ավերակ խրճիթը չէր տաքանում: Սպաներն իրենց վերարկուներով ծածկել էին հիվանդին, որ դարձյալ չէր տաքանում և դողում էր՝ ատամները կափկափելով:
Այդ օրը քաղաքից սպասվում էր պարեն: Պարեն բերող սայլով էր հնարավոր հիվանդին քաղաք տանել:
Գիշերը վրա հասավ: Սակայն ոչ պարեն եկավ, ոչ սուրհանդակ: Անտանելի վիճակ էր: Կեսգիշերն անց էր, խրճիթում ոչ ոք քնած չէր, հիվանդը զառանցում էր: Ոչ ոք չէր խոսում, ծանր խոհերի մեջ էին: Օր չէր եղել, որ սուրհանդակ չգար, իսկ այդ օրը ոչ հրամանատարության սուրհանդակն էր եկել, ոչ էլ իրենց ուղարկած կապն էր վերադարձել: Ի՞նչ էր տեղի ունենում: Հերթափոխն արդեն կատարվել էր, դասալիք չկար, և սակայն ծա՛նր, ծանր մի կանխազգացում ճնշում էր սրտերը:


Փոթորկալի քամի էր բարձրացել: Մասիսից կարծես վիշապներ էին իջել՝ ավերակների մնացորդներն էլ կործանելու համար: Արապը, կապված խրճիթի մոտ, պատսպարված մի անկյունում, դոփում էր գետինը և տխուր խրխնջում: Հիվանդն առնելով ձիու ձայնը՝ զառանցանքի մեջ խոսում էր ձիու հետ. «Արապ, թռի՛ր, թռի՛ր, տար ինձ հեռու… Կրակ, գրոհ, փորսող, պատռել, հառաջ, աջ…»: Հիվանդն իրեն կռվի մեջ էր զգում:
-Սրտոտ տղա է, լավ ընկեր, մեղք է, որ անխնամ մեռնի: Նոր է ամուսնացել մեր քաղաքացի աղջկա հետ, երկուսն էլ սիրուն, լավ զույգ են: Ափսո՜ս, ափսո՜ս…,- ասում էր գյումրեցի Համոն, արցունք թափելով:


Մեկ էլ գետերի կողմից լուր ստացվեց, թե ձիավոր է գալիս: Բոլորն աշխուժացան, կրակի վրա նոր փայտ դրվեց, բոցը թափ առավ, խրճիթը լուսավորվեց:
Հասավ ձիավորը: Սուրհանդակ չէր, սպա էր՝ ուղարկված Արամին փոխարինելու համար: Ձիուց իջավ, բայց սանձը պահեց ձեռքում, ներս գալ չուզեց: Մենք շրջապատեցինք իրեն.
-Ի՞նչ կա:
-Շատ վատ լուր,- խոսեց նա հևասպառ:
Երևում էր շատ արագ էր քշել ձին, որը փրփուրների մեջ էր:
-Իշխանությունը հանձնում են բոլշևիկներին, մեռավ Ազատ Հայաստանը, որին ես ուխտել էի հավատարմություն: Հազիվ լուսացած, Հայաստանի տերը բոլշևիկներն են, այսինքն՝ ռուսները: Եղել եմ սպիտակ բանակի սպա, կռվել եմ բոլշևիկների դեմ, լավ եմ ճանաչում նրանց, չեմ ուզում նրանց ձեռքն ընկնել, հիմա անմիջապես պիտի փորձեմ անցնել Վրաստան, որը դեռ բոլշևիկների ձեռը չէ: Դրանից հետո Աստված ողորմած է: Իմ կամքով գոնե պիտի չընկնեմ նրանց ձեռքը, պիտի չծառայեմ նրանց:
-Անկարելի է, ո՞վ ասաց,- հազիվ բերան բացվեց այդ հարցը տալու համար:
-Հայր Աբրահամի տղան՝ Սուրենը (Հայր Աբրահամ՝ Ա. Սահակյան, Հայաստանի Հանրապետության փոխնախագահ): Նա կառավարական շրջանակին մոտ մարդ է, իր տված լուրը սխալ չի կարող լինել: Ներեցե՛ք, ես պիտի գնամ, թանկ է ամեն վայրկյանը, կուզեք ինձ դասալիք, դավաճան համարեք:


Անհնար եղավ նրան համոզել, որ մի երկու ժամ հանգստանար, ձիուն էլ հանգիստ տար: Նստեց ձին ու գնաց: Արամը լսել էր խոսակցությունը, անկապ, կցկտուր խոսում էր. «Ես էլ, ես էլ, չթողնեք նրանց ձեռքը… Ճակատիս… գնդակ… մեռնիմ…»:

Անցավ մղձավանջային այդ անմոռանալի գիշերը: Կես օր չանցած՝ հասավ մթերքաբեր սայլը:
Ոչ գյուղացի սայլապանը, որ մի պատանի էր, ոչ ուղեկցող զինվորը լուր չունեին քաղաքի անցուդարձի մասին: Մթերքներն իրենց հանձնել էր ծանոթ պաշտոնյան, ճանապարհին էլ ոչինչ չէին լսել իշխանության փոփոխության մասին: Արդյո՞ք ճիշտ էր գիշերը մեզ հասած լուրը:
Այսպես թե այնպես հիվանդին պետք էր տեղափոխել հիվանդանոց: Մեկ ժամ եզներին հանգիստ տալուց հետո հիվանդին տեղավորեցինք սայլի վրա: Նա կարծես ավելի լավ էր զգում, քան գիշերը:
Արամի ցանկությամբ ինձ հանձնվեց Արապը, որպեսզի հասցնեի քաղաք, տանեի իրենց տուն:
Ես, թեև ձիավոր, ձին պիտի քշեի սայլին զուգընթաց, հիվանդից չհեռանալու համար:
Զարմանալի էր ճանապարհների ամայությունը՝ ոչ մի անցուդարձ: ՈՒլուխանլու չհասած, տեսանք մի ձիակառք, որ գալիս էր մեր ուղղությամբ:


Վայրկյան առաջ լուր առնելու համար ձին քշելով հասանք կառքին: Կառքում նստած էին երեք սպաներ, երեքն էլ մեզ լավ ծանոթ, կարելի է ասել՝ բարեկամ. նրանք մտերիմ ընկերներն էին իմ քրոջ ամուսին սպա Լևոն Աբրահամյանի: Այդ սպաներն էին Ռուբեն Դաշտոյանը (Ստեփան Շահումյանի քրոջ ամուսինը), Վաղարշակ Գասպարյանը (սպանվեց Փետրվարյան ապստամբության առաջին իսկ օրը), երրորդը ռուսախոս հայ, զինվորական ակադեմիա ավարտած սպա, որ Հայաստանի զինվորական ատյանի դատախազն էր՝ Սերգեյ Սերգեևիչ Սերգեևը:
Ինձ տեսնելով՝ կանգնեցրին կառքը:
Ռ. Դաշտոյանը, որ ընտանեկան հարաբերությամբ ավելի մտերիմ էր ինձ հետ, քան մյուսները, դարձավ ինձ՝ ասելով.
-Քշի՛ր, քշի՛ր ձիդ Արարատյան դաշտի լայնքով ու երկայնքով, վաղը կարող ես այդ ազատությունը չունենալ:
-ՈՒրեմն ճի՞շտ է, որ…
-Ճիշտ է, անցան ձեր ժամանակները: (Այսինքն՝ դաշնակցականների):
-Իսկ դուք՝ Հայաստանի բանակի սպաներդ, երևի գնում եք ստանձնելու սահմանապահ…,-Վ. Գասպարյանը քմծիծաղով ընդհատեց խոսքս:
-Էլ ինչ սահման, էլ ինչ զորք, բոլշևիկներով եղբայրացանք թուրքի հետ: Էլ կռիվ չի լինի: Գնա՛, լծվիր խաղաղ աշխատանքի:
-Երանի՜ այդպես լինի, ո՞վ չի ուզենա: Ուրեմն, խաղաղության ավետի՞ս եք տանում ռազմաճակատ, բարի երթ:
-Ճակատ չենք գնում,-ասաց Դաշտոյանը:-Մենք գնում ենք կաղելու (թաքցնելու) մեր ցորենը: Մենք ոչինչ, բայց Լևոնի որբերի բաժինը մեջը կա, անոթի չմնան:
Այստեղ ստիպված ենք մի փակագիծ բացելու՝ հասկանալի դարձնելու համար ցորենի խնդիրը:
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը թուրքերից պարպված շրջանների արտերը մշակել տալու համար հողեր էր տրամադրել զինվորականներին, պետական պաշտոնյաներին, որոնք իրենք հայթայթելով սերմացու, լծկան եզ, գութան և այլն, գաղթական երկրագործներին մշակել տային այդ արտերը, բերքը բաժանելու համար երեք մասի՝ պետության, հանձնառուի և մշակողի միջև: Այդ հողերից էր, որ չորս մտերիմ ընկերներն արտեր էին վերցրել: Պատերազմի պատճառով չէին կարողացել ստանալ իրենց բաժինը, որ մնացել էր գյուղում:


Լևոն Աբրահամյանը՝ վարատեր սպան, զինվորական պարենավորման բաժնում էր աշխատում, անընդհատ տեղից տեղ փոխադրվելով: Նրա կինը՝ հորեղբորս աղջիկը, մեռել էր 18 թվին, տիֆից, որբ թողնելով երկու երեխա: ՈՒներ պառավ մայր, չամուսնացած քույր, բացի այդ, պահում էր նաև Ղարաքիլիսայի ճակատում սպանված իր եղբոր՝ Վաղարշակի երեք որբերին, մեծը՝ հազիվ 7 տարեկան: Քսանի ամռանը Լևոնը գործով գտնվում էր Կարսում, պատերազմին գերվել էր ու տարվել Կարին: Այդ որբերի մասին էր Ռուբենի ակնարկը:
ՈՒրեմն, Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից մարդիկ ապահով չէին զգում իրենց: Ռուբենի ասելով, կարիք էին զգում «կաղել» նույնիսկ որբի բաժին հացը: Ցավալի էր:
Բաժանվեցինք: Նրանք գնացին ցորեն «կաղելու», իսկ մենք՝ դեպի քաղաք, ուր ոչինչ չունեինք թաքցնելու:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao