Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ես սիրում եմ Հայաստանը, ես շնորհակալ եմ հայ ժողովրդին, բայց ոչ վերևներին»

«Ես սիրում եմ Հայաստանը, ես շնորհակալ եմ հայ ժողովրդին, բայց ոչ վերևներին»
02.11.2018 | 02:32

2004 թվականի դեկտեմբերի 5-ին եթեր հեռարձակվեց իմ «Օթյակ» հեղինակային ծրագրի հերթական հաղորդումը։ Այն նվիրված էր տաղանդավոր էստրադային երգչուհի Լոլա Խոմյանցին։ Հաղորդումը մեծ հաջողություն ունեցավ։ Բնակարանային հեռախոսիս զանգերը չէին լռում. ինձ շնորհավորում էին։ Ես էլ զանգահարեցի Լոլային, շնորհավորեցի։ Նա ասաց, որ իրեն էլ են շատ զանգահարում։ Շատ ուրախ էր, հուզված, ոգևորված...


Հաջորդ օրն առավոտյան զանգահարեց Լոլայի հարևանուհին ու ասաց, որ Լոլան մահացել է։
Հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարությունը չբարեհաճեց պատշաճ հրաժեշտ կազմակերպել սիրված երգչուհուն, նույնիսկ աճյունը չդրվեց ռադիոտանը։ Իսկ Լոլան այդ հաստատության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երգչուհիներից էր, հայկական էստրադային երգերի լավագույն կատարողներից։
Թաղման արարողությանը մասնակցում էին Ռաիսա Մկրտչյանը, Մարտին Վարդազարյանը, դերասանուհիներ Հայկուհի Խուդավերդյանը, Լուսինե Կիրակոսյանը, Ջուլիետ Բաբայանը, այս տողերի հեղինակը և մի քանի հարևան։ Ամերիկայից եկել էր Արտաշես Ավետյանը, Դանիայից` Լոլայի դուստրը։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ հաղորդման տեքստը։


Գարիկ Ղազարյան - Լոլա Խոմյանցը երգում է մանկուց. երգել է դպրոցում, երգել է տանը։ Երազանքներ ուներ. ուզում էր դառնալ բժիշկ, ճանապարհորդ, հնագետ... Բայց դպրոցն ավարտելուց հետո Լոլան հայտնվեց Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի ամենաբարդ` մեխանիկական, ֆակուլտետում։ Ինստիտուտում էլ երգեց, երգեց գեղարվեստական ինքագործունեության օլիմպիադաներում, հայտնի դարձավ Թբիլիսիում։ Իսկ 1957-ին, երբ Մոսկվայում տեղի ունեցավ երիտասարդության և ուսանողների 6-րդ փառատոնը, Լոլան երգեց Արկ. Օստրովսկու «Թող միշտ լինի արևը» երգը և դարձավ փառատոնի դափնեկիր։ Լոլա Խոմյանցն այդ երգի առաջին կատարողն էր։ Երգչուհուն նկատեցին և հրավիրեցին «Ռեռո» հայտնի վոկալ-գործիքային անսամբլ, այնուհետև Մոսկվա` «Росконцерт», որտեղ Լոլան իր ամուսնու` Արտաշես Ավետյանի հետ ստեղծեց առաջին վոկալ դուետը։


Լոլա Խոմյանց- Հայրիկս ցանկանում էր, որ ես երգչուհի դառնամ։ Մայրս դեմ էր, ասաց. «Դու պետք է ինժեներ դառնաս»։ Ընդունվեցի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ինստիտուտի էստրադային նվագախումբը շատ հայտնի էր։ Ես սկսեցի երգել այդ նվագախմբում։ Առաջին անգամ երգեցի մեկ անգլիական և մեկ իսպանական երգ։ Մեծ հաջողություն ունեցա։ Նվագախմբի հետ հյուրախաղերի մեկնեցի Մոսկվա, Կիև, Լենինգրադ։ Գեղարվեստական ինքնագործունեության օլիմպիադայի ժամանակ ինստիտուտում արժանացա դափնեկրի կոչման, առաջին տեղ զբաղեցրի նաև միջքաղաքային և հանրապետական օլիմպիադաներում։
Ինստիտուտում սովորելու տարիներին Թիֆլիս եկավ Բենի Գուդմանի հանրահայտ նվագախումբը, նրանց հետ էր եկել և Ամերիկայի ձայնասկավառակների և ձայնագրության շեֆ Ջորջ Ավագյանը։ Գուդմանի նվագախումբը հանդիպում ունեցավ մեր ինստիտուտի նվագախմբի հետ` դա ջազային իմպրովիզացիաներ են երկու կողմերի կատարմամբ` ջեմաէյշն։ Դա յուրահատուկ մրցույթ է։ Այդ օրը ես պետք է քննություն հանձնեի պոլիտէկոնոմիայից։ Ինձ հանեցին այդ քննությունից և տարան հանդիպման։ Երբ ավարտվեց այդ երաժշտական իմպրովիզացիոն հանդիպումը (այն շատ բարձր մակարդակի էր, մեր նվագախումբը ոչնչով չզիջեց ամերիկացիներին), ինձ մոտեցավ Ջորջ Ավագյանը և խոսեց հայերեն։ Ես դժվարությամբ էի հասկանում նրա հայերենը, մեր Թիֆլիսի հայերենը լրիվ ուրիշ է։ Նա ասաց, որ ինձ հրավիրում է Ամերիկա ձայնագրությունների։ «Մի սկավառակ կձայնագրենք բլյուզներ և սպիրիչուելսներ և մի կասետ էլ` հայկական երգեր» (աուդիո կասետները նոր էին մտնում մեր կյանք)։
Ջորջ Ավագյանն իր խոստումը կատարեց` հրավեր ուղարկեց։ Բայց ինձ թույլ չտվեցին մեկնել Ամերիկա։ Ես ընդունվեցի վրացական պետական «Ռեռո» նվագախումբ։
Հետո հրավեր ստացա Կոնստանտին Օրբելյանից։ Նրա ղեկավարած օրկեստրը պետք է հյուրախաղերի մեկներ Չեխոսլովակիա։ Ես այդ ժամանակ միայն ջազ էի երգում։ Իմ ռեպերտուարում Էլլա Ֆիցջերալդի, Ռեյզ Չարլզի երգերն էին, բլյուզներ, սպիրիչուելսներ։
Ես չէի ուզում գնալ, բայց մայրս ստիպեց. «Լոլա, դու հայ ես, հայկական ազգանուն ունես։ Վրացական օրկեստրում առաջարկեցին ազգանունդ փոխել, դու չփոխեցիր։ Գնա, դա քո հայրենիքն է, հորդ հայրենիքն է»։
Ես եկա Հայաստան, ներկայացա Օրբելյանին։ Գնացինք Չեխոսլովակիա։ Մեծ հաջողություն ունեցա։ Կարել Գոտտը, Կարել Վլախը հրավիրեցին ինձ ձայնագրվելու իրենց նվագախմբերի հետ։
Այնուհետև հրավեր ստացա Մոսկվայից։ Առաջին անգամ Կենտրոնական հեռուստատեսության եթեր մտա КВН-ում։ Չեմ ուզում ինձ գովել, բայց դա նման էր ռումբի պայթյունի։ Միանգամից ամբողջ Սովետական Միությունում (իհարկե, նրանք, ովքեր այն ժամանակ հեռուստացույց ունեին) ինձ ճանաչեցին։ Հրճվանքով ասում էին. «Լոլա Խոմյանց, Լոլա Խոմյանց...»։ Ինձ շատ էին սիրում, հրավիրում էին թատերական «капустник»-ների, որտեղ ճանաչված դերասաններն անեկդոտներ էին պատմում, երգում։ Հատկապես հաճախ էին հրավիրում «Современник», «Տագանկայի թատրոն»։ Շփվում էի մեծ դերասանների հետ` Միխայիլ Կոզակով, Օլեգ Դալ, Յուրի Եֆրեմով...
Ամեն շաբաթ ես հանդես էի գալիս Կենտրոնական հեռուստատեսության տարբեր երաժշտական ծրագրերում, շատ էի սիրում «Музыкальная почта»-ն։ Երբ Մոսկվա էին գալիս արտասահմանյան ճանաչված երգիչ-երգչուհիներ, ԽՍՀՄ մշակույթի նախարարությունն ինձ անպայման հրավիրում էր հանդիպման նրանց հետ։ Ինձ ներկայացնում էին հանդիսավոր. «Լոլա Խոմյանցն է, ջազ է երգում»։ Հպարտանում էին, ուզում էին ասել, որ սովետական երկիրն արտասահմանից հետ չի մնում` ջազ ունի։


Համերգային շրջագայություններս շատ են եղել։ Սովետական Միությունն անցել եմ ծայրից ծայր. այդպիսի տեղ չկա, որ եղած չլինեմ։ Միայն ՈՒզբեկստանում չեմ եղել, Տաշքենդ գնալու նախօրյակին այնտեղ ուժգին երկրաշարժ եղավ, և հյուրախաղերը հանվեցին։
Միխայիլ Շուֆուտինսկուն հիմա գիտեն բոլորը։ Մեկ տարի ու կես աշխատեց ինձ մոտ, իմ խմբի դաշնակահարն էր։ Ես նրան ասում էի «белогвардаейский капрал» իր երգերի համար։ Խմբով հասել էինք Մագադան։ Այն ժամանակ Սովետական Միությունում կային, այսպես ասած, «փակ» քաղաքներ։ Մագադանն այդ քաղաքներից էր։ Խմբի ցուցակն ինձ մոտ էր։ Այդ ցուցակով ես մտնում էի КГБ, МВД, որ մեզ տան հատուկ անցագրեր։ Անցագիր ստանալը տևում էր մոտ 4 ամիս։ Եվ դրանք ստանալուց հետո մենք կարող էինք մտնել այդ քաղաքները։
Համերգները Մագադանում մոտենում էին ավարտին։ ԻՆձ մոտեցան Շուֆուտինսկին և խմբի կիթառահարը. «Լոլա Սերգեևնա, խնդրում ենք, աղաչում ենք թույլ տվեք մենք մնանք, աշխատենք Մագադանում»։ Եվ գիտե՞ք ինչի համար` փողի։ Շուֆուտինսկին երկու տարի աշխատեց Մագադանում, հետո վերադարձավ Մոսկվա, այնուհետև տեղափոխվեց Ամերիկա։ Ժամանակին Սովետական Միության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահը Լապինն էր։ Նա ինձ ու Արտաշեսին շատ էր սիրում։ Երբ մենք հրավեր ստացանք Հայաստանից, Լապինը զանգ տվեց Ստեփան Պողոսյանին` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահին. «Խնդրում եմ, մեր երեխեքին լավ նայեք»։ Ստեփան Կարպովիչին հանդիպեցի Ռադիոտան բակում։ Մոտեցա։ «Եկե՞լ եք, շատ ուրախ եմ, այստեղ կաշխատեք»,- ասաց նա։
Մնացինք, աշխատեցինք։ Դժվար էր, դժվար...
Ես փակ մարդ եմ։ Ջահել ժամանակ ավելի բաց էի, երևի շատ բան չէի հասկանում։ Մեր ասպարեզում բարդ է, դժվար է դերասանների հետ աշխատել։ Քո պատմածը, քո խոսքը կարող են այլ կերպ մեկնաբանել, սխալ փոխանցել, խոսք տանել-բերել։ Բամբասանքը շատ էր։ Կարող էին ասել. «Լոլան էսպես ասաց, Լոլան էնպես ասաց...»։
Ես չէի շփվում մարդկանց հետ։ Ամբողջ օրը տանն էի անցկացնում. ճաշ, լվացք, երեխա, ամուսին... Միայն երեկոյան գնում էի ձայնագրությունների, նկարահանումների։
Երբ ես երգում էի, էստրադան ուրիշ էր, էստրադայի ոճն էր ուրիշ։ Թող ինձնից չնեղանան այսօրվա երգիչ-երգչուհիները, նորօրյա էստրադան շատ է տարբերվում, ահավոր է տարբերվում։ Այսօր երկու տեսակի երգ կա. առաջինը` ռաբիս, երկրորդը` ոչ հայկական ոճի երգեր, ասես ամերիկյան կամ եվրոպական երգը կատարեն հայերեն։ Լսում ես ու զարմանում. այս երգը որտեղ ես լսել, մեղեդին հայկական չէ, կորել է հայկական լադը, հալվել-գնացել է... Ռեպերտուարը շատ է փոխվել։
Ճիշտ է, կան լավ երգիչ-երգչուհիներ, բայց մեծ մասն ուզում է նմանվել եվրոպացու, ամերիկացու, իսկ մենք եվրոպացի չենք, ամերիկացի չենք։ Մենք հայ ժողովուրդ ենք, մենք պետք է ունենանք մեր երաժշտությունը, մեր թատրոնը, մեր արվեստը։
Այսօրվա երգիչ-երգչուհիները շատ են երևակայում, կարծում են` ամբողջ աշխարհը իրենց ոտքի տակ է։ Մենք այդպիսին չէինք, բեմ դուրս գալիս հուզվում էինք, մտածում` ինչպես մեզ կընդունեն, նույնիսկ վախ կար։ Հիմա ոչ մի բանից չեն վախենում։ Կիսատկլոր դուրս են գալիս բեմ, էլ ինչի՞ց պետք է վախենան։ Եվ միլիոնավոր մարդիկ են դիտում դա հեռուստատեսությամբ։ Գուցե դա շատ ժամանակակի՞ց է... Չէ, դա պարզապես դաստիարակության պակաս է։ Բոլորդ լավ գիտեք Էլլա Ֆիցջերալդին։ Ես տեսել եմ նրա ձայնագրությունները։ Երգում է հանգիստ, կանգնած, առանց պարելու, զգեստը համեստ` վերևը փակ, երբեք կարճ թևերով զգեստ չէր կրում։
Հիմա բեմում և՛ պատմում են, և՛ վազում են, էլ ինչ ասես չեն անում, վայրենի ձայներ են հանում։ Իսկ տակը բան չկա։ Ես ասում եմ. «эстрадные песни с элементами гимнастики»։ Իսկ 17-կիլոմետրանոց կրկներգը մտնում է գլխիդ մեջ, ենթագիտակցությանդ մեջ ու մնում, կարծես փչացած պատեֆոն լինի։


Գարիկ Ղազարյան- Այսօր Լոլա Խոմյանցն ապրում է մենակ։ Նրա ամուսինը` Արտաշես Ավետյանը, Ամերիկայում է, դուստրը` Դանիայում։ Բայց Լոլան ունի ընկերուհիներ, ովքեր նրա կողքին են, ունի լավ հոբբի։ Առաջին հերթին ուզում եմ նշել կարը, որը հանգստացնում է երգչուհուն։ Ի դեպ, իր բեմական զգեստները Լոլան ինքն է կարում։
Լոլա Խոմյանց- Մի աղջիկ ունեմ, ինչպես ես, նա էլ է մինուճար։ Բայց...
Հյուրախաղերի էի Կիևում, հրավիրեցին նաև հեռուստատեսություն, խնդրեցին երգել նաև ուկրաինական երգ։ Խումբն իր ծրագրում չուներ նման երգ, և ես երգեցի ակապելա մի հին ուկրաինական երգ։ Հաջորդ օրը պետք է գնայի ընկերուհուս մոտ։ Նստեցի տրոլեյբուս։ ՈՒղևորներն իրար անցան, ճանաչեցին, ջերմ խոսքեր ասացին, տեղ զիջեցին։ Ես ամաչեցի։ Հենց առաջին կանգառում իջա և գնացի ոտքով։
Ընկերուհիս առաջարկեց գնալ ճանաչված բախտագուշակի մոտ։ Ես նրանց չեմ հավատում, բայց գնացինք։ Նոյեմբերն էր, ցուրտ, ձյուն էր գալիս։ Իսկ ես շատ մրսկան եմ։ Հերթը` մեծ։ Հանկարծ բախտագուշակը դուրս եկավ և ասաց. «Այն աղջիկը, որ երեկ երգեց հեռուստատեսությամբ, թող մնա, մնացածը թող գնան»։ Նա ասաց. «Դու մեկ աղջիկ կունենաս, բայց ավելի լավ կլիներ այդ աղջկա տեղը 10 տղա ունենայիր»։
Եվ իրոք, աղջիկս շատ ժիր է, տղամարդու բնավորություն ունի, պայքարող է։ Չէր ուզում այստեղ սովորել, գնաց Դանիա, սովորեց լեզուն, ընդունվեց գիմնազիա։ Հիմա սովորում է բժշկական ինստիտուտում։ Շուտով կավարտի, բժիշկ կդառնա։ Ես երբեմն-երբեմն գնում եմ իր մոտ։ Մեր ընտանիքից միայն ես եմ մնացել Հայաստանում։ Արտաշեսը գնաց ու մնաց Ամերիկայում։ Կանչում է, վիզա է ուղարկում, ամեն շաբաթ զանգ է տալիս։ Մենք լավ ընկերներ ենք
ՈՒզում եմ կիսվել ժողովրդի հետ։ Եթե Արտաշեսն ինձ փողով չօգներ, ես մուրացկան կդառնայի։ Մի հին գլխարկ ունեմ, դա կվերցնեի, կգնայի մետրոյի մոտ կկանգնեի ու կխնդրեի ժողովրդին իմ երգած երգերի համար դրամ գցեն գլխարկիս մեջ։
Ես սիրում եմ Հայաստանը, ես շնորհակալ եմ հայ ժողովրդին, բայց ոչ վերևներին։ Ես երբեք չեմ դիմել ղեկավարությանը, չեմ ասել` ինչու՞ ինձ կոչում չեք տալիս, ինչու՞ աշխատավարձս չեք բարձրացնում, ինչու՞ արտասահման համերգների չեք ուղարկում...
Բայց ուրիշների համար խնդրել եմ. աշխատանքի ընդունվելու, հիվանդանոց, մանկապարտեզ տեղավորելու... Օգնել եմ, ես էդպիսի մարդ եմ։ Ես մեծ աստվածապաշտ եմ, Աստծուն շատ եմ հավատում։ Ես գիտեմ, եթե մարդը գալիս է մոտդ խնդրանքով, եթե հնարավորություն ունես, պետք է օգնես։ ՈՒրիշների համար շատ դուռ եմ խփել։


Գարիկ Ղազարյան- Լոլա Խոմյանցին ճանաչում էին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, բոլոր քաղաքներում։ Նրան հրավիրում էին տարբեր երկրներ ապրելու, ստեղծագործելու։ Բայց լինելով հայ, լինելով ԽՍՀՄ քաղաքացի, նա երբեք չգայթակղվեց։ Լոլան սկզբունք ունի` արվեստագետը պետք է ապրի ու ստեղծագործի իր հայրենիքում։ Ցավոք, հայրենիքը երբեմն դաժան է լինում իր արվեստագետների նկատմամբ ոչ միայն այսօր, այլև այն` խորհրդային տարիներին։
Լոլա Խոմյանցը սիրված է ժողովրդի կողմից, միշտ սպասված, բայց մեր չինովնիկները նրան կոչում չշնորհեցին։ Կոչում ստացավ Արտաշես Ավետյանը, դա արդարացի էր, բայց Լոլա Խոմյանցը կոչում չստացավ։ Այսօր էլ, երբ արդեն մի քանի տարի է Լոլա Խոմյանցը բեմ չի բարձրանում, չե՞ն մտածում, որ նա մեծ ավանդ ունի հայ էստրադային երգի զարգացման գործում։
Լոլա Խոմյանց- Ինձ հրավիրում էին ապրելու ու երգելու Ամերիկայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, բայց ես ասում էի` Ամերիկան ամերիկացիների համար է։ Ես որ գնում եմ Հայաստանից դուրս, անհանգիստ եմ լինում։ Իմը չէ` ոչ լեզուն, ոչ ժողովուրդը, չեմ կարողանում ընտելանալ, մոտիկություն անել։
Զարմանալի մի բան եմ նկատել, էստեղի հայերը որ գնում են ուրիշ երկիր, շատ են փոխվում, ահավոր, կարծես այնպիսին չեն, ինչպես այստեղ էին։
Գարիկ Ղազարյան- Ես համոզված եմ, որ այն սերն ու հարգանքը, որ ունի հանդիսատեսը Լոլայի նկատմամբ, միշտ կմնա։ Իսկ չինովնիկները գուցե մտածեն, որովհետև Լոլան վաղուց պետք է կրեր ժողովրդական արտիստի կոչումը։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Վերջերս հեռուստաալիքներից մեկով ելույթ էր ունենում Միխայիլ Շուֆուտինսկին։ Նա իր խոսքում հիշեց նաև Լոլա Խոմյանցին։ Ասաց շատ բարի ու գեղեցիկ խոսքեր երգչուհու հասցեին։
Իսկ մեր հեռուստաալիքները հիշու՞մ են նրան։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3003

Մեկնաբանություններ