Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյան. Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև՝ գործել

Արմեն Սարգսյան. Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև՝ գործել
03.11.2018 | 13:35

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, նաև նրա դիտարկմանը, թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, «քանի որ ծագումով Հայաստանից չէին»:


Արմեն Սարգսյանն ասել է. «Որպես ՀՀ նախագահ չեմ կարծում, որ բացառությամբ ՀՀ քաղաքացիների կարող եմ ուրիշ որևէ մեկի դատողությունն ընդունել լեգիտիմության կամ Հայաստանի սահմանադրության մեկնաբանության մասին: Որպես Սահմանադրության երաշխավոր, Հայաստանի ժողովրդի դատին կթողնեմ, թե ով է Հայաստանում լեգիտիմ, ով՝ ոչ: Սա իմ փոքր մեկնաբանությունն էր»:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նախագահն ասել է. «Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև՝ գործել հանուն դրա: Դու կարող ես կիրառել խաղաղության լեզուն, որ կարող է լինել ճիշտ կամ սխալ, սակայն գործողություններն են իրականում ցույց տալիս՝ հակվա՞ծ եք խաղաղության, թե՞ խաղաղության մասին խոսելը պարզապես խոսքեր են: Կարևոր է գործել հանուն խաղաղության»:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը նշել է․ «Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե աշխատում է հօգուտ խաղաղության, մենք կարող ենք սպասել, եթե աշխատում է պատերազմի օգտին, շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ: Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»:


Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որ կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան, - ասել է նախագահ Սարգսյանը: -Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և Արցախում, և Ադրբեջանում, և Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ