USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ընդդեմ օրենքի

Ընդդեմ օրենքի
06.11.2018 | 00:07

Հենց այնպես` մտքի մարզանքի համար: Փոխադարձության օրենքը` նախքան ուրիշների սխալները դատելը, ուշադրություն դարձրեք սեփականների վրա: Չի կարող մաքուր ձեռքեր ունենալ ցեխ շպրտողը: Վերին ճանապարհի օրենքը` մենք անցնում ենք ավելի բարձր մակարդակի, երբ սկսում ենք ուրիշների հետ ավելի լավ վարվել, քան նրանք մեզ հետ են վարվում: Բումերանգի օրենքը` երբ օգնում ենք ուրիշներին, օգնում ենք մեզ: Մուրճի օրենքը` երբեք մի օգտագործեք մուրճը` սպանելու զրուցակցի ճակատի մոծակը: Փոխանակության օրենքը` ուրիշներին իրենց տեղը դնելու փոխարեն, նրանց տեղը ձեզ դրեք: Ցավի օրենքը` վիրավորված մարդը ինքն է վիրավորում ուրիշներին: Խարիզմայի օրենքը` մարդիկ հետաքրքրություն են դրսևորում մարդու նկատմամբ, որ հետաքրքրվում է իրենցով: 10 միավորի օրենքը` մարդու լավագույն որակներին հավատալը ստիպում է նրան լավագույն որակներ դրսևորել:

Այսքանով կարող էի քաղաքական օրակարգը փակել ու մանրամասների մեջ չմտնել: Ընթացիկ դաժան դեժավյուն տաղտուկ է դարձնում գրելու կայֆը: Օյ, ներեցեք` հաճույքը: Կամ` ընթերցվելու հմայքը: Բայց ունենք, ինչ ունենք: Ավելի ճիշտ` չունենք, ինչ չունենք: 5 օր է` ունենք միայն նախագահ, վարչապետը, կառավարությունը, նոյեմբերի 1-ից ԱԺ-ն ԺՊ են` ժամանակավոր պաշտոնակատար: Ի՞նչ ու ինչու՞` ասված է սկզբում: Հասցրի՞ք այս ընթացքում որևէ մեկի հետ սելֆի անել կամ լայվ մտնել: Այո՞: Դուք քաղաքականության մեջ եք, շարունակեք: Ո՞չ: Օրը կորավ, ափսո՞ս չէր: Օրը: Աշունը: Դուք: Հնարավորություննե՞րը: ՈՒ` ընդհանրապես:


Կա երեքշաբթի օրվա օրենք` ապրել մինչև կիրակի: Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում սկսվել է բրոունյան շարժում, որի դրոշին գրված է «Ապրել կիրակիից հետո»: Կոնկրետ կիրակիից` դեկտեմբերի 9-ի, և 2018-ի 50-րդ շաբաթը սկսել Բաղրամյան 19-ի տոմսը գրպանում: Գնացքը թափ է հավաքում, թեպետ կայարանից դուրս չի եկել:
Գուցե ոմանց թվում է, որ սկսվել են նոր գործընթացներ` նոր սկզբունքներով ու նոր իրավիճակում: Բայց 10 միավորի օրենքը հիմա գործում է 0-1 միջակայքում:
Հիմնականում գործում է փոխադարձության օրենքը, հատկապես ցեխի մասով:
Մինչ վարչապետն ու խորհրդարանը խաղում էին ընտրեմ-չընտրեմ, ընտրվեմ-չընտրվեմ խաղը, քաղաքական երիցուկի բոլոր թերթիկները պոկեց ու վեցերորդ գումարման ԱԺ-ի հեռացող ոտնահետքերի վրա շաղ տվեց… երկու անգամ մերժված Ընտրական օրենսգիրքը: ՀՀԿ-ն ուժ էր ցուցադրում, ԲՀԿ-ն` ինքն իրեն, ՀՅԴ-ն 128-ամյա վիրավորանքը, ի՞նչ էր անում կառավարությունը: Նկատեցի՞ք` լայվ չեղավ: Հոկտեմբերի 2 չեղավ: Ոչինչ չեղավ: Մինչդեռ պիտի լիներ` կառավարությունը ստանձնել էր պարտավորություն, որ չկատարեց:

Պարտավորություն, որ հնչել է ոչ միայն ԱԺ-ում, այլև Հանրապետության հրապարակում: Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվեր, բիզնեսի ներկայացվածությունը ԱԺ-ում պիտի բացառվեր: Ինչու՞ էր Հանրապետության հրապարակը, կամ ինչպես ընդունված է համարել` ժողովուրդը, Նիկոլ Փաշինյանին վրա-վրա մանդատ տալիս: Ծրագրի համար, որի առանցքում Ընտրական օրենսգիրքն էր: Անցումային կառավարությունը զբաղվեց ամեն ինչով, Ընտրական օրենսգիրքը մնաց Դանիել Իոանիսյանի ուսերին, Վենետիկում ներկայացումը` Արարատ Միրզոյանի: Առաջին փոխվարչապետը Ջանի Բուքիքիոյից չստացավ իր ցանկացածը: Բուքիքիոն ասաց, ինչ պիտի ասեր` ընդունելով Հայաստանում ստեղծված աննախադեպ իրավիճակը, բայց նվագելով քաղաքական ուժերի կոնսենսուսի լարը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկում էր տարբերակ` սահմանադրական ճգնաժամից դուրս գալու, նրան ոչ ոք չլսեց` կամ խելացի առաջարկ էր, կամ քաղաքականապես ձեռնտու չէր: Բոլորը նետվեցին դեպի դեկտեմբերի 9-ը ու հարկ չհամարեցին բացատրել` ինչու՞ անցումային կառավարությունը տապալեց հանձնառությունը: Եվ ի՞նչ նշանակություն դա կունենա ընտրությունների ելքի վրա:
ՀԱԿ-ը որոշեց չմասնակցել արտահերթին, թեպետ մեկ շաբաթ առաջ վարչության նիստով ու քվեարկությամբ որոշել էր մասնակցել: Փոշմանել են. վստահ էին, որ ԸՕ նախագիծը կընդունվի, և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: ՀԱԿ-ը չունի ռեյտինգային թեկնածուներ ու փող:

Ավելի ճիշտ` ծերուկները գնում են թոշակի, երիտասարդները կհայտնվեն ՔՊ ցուցակում: Նոյեմբերի 11-ին իր որոշումը կհայտարարի ՀՀԿ-ն` համաժողովից հետո: ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց` ես եմ գլխավորելու ցուցակը ու … գնաց: ԲՀԿ-ում ոչ ոք չգիտի ո՞վ կլինի նվիրական «բարաթում»՚: ՀՅԴ-ն մենակ կգնա ընտրությունների` հույսով, որ հեղափոխությունից հետո հին ընկերները չեն դավաճանում, իսկ եթե այլևս ընկեր չեն, նրանց վրա միշտ կա «տղա բերելու» տարբերակը: Եռամաս «Ելքը» անակնկալ մատուցեց, ավելի ճիշտ` «Լույսը», որ այլևս չկա: ՔՊ-ն, ինչպես Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրություններում, գործում է միայնակ ու միայնակ էլ գնալու է արտահերթի: Ճիշտ ինչպես ՀՀԿ-ն իր ծովածավալ գիրկն էր առնում մարդ կուսակցությունների նախագահներին կամ անմարդ կուսակցությունների մնացորդներին, նույնն է անում ՔՊ-ն` իր ծովածավալվող գրկում ընդունելով այլ կուսակցություններից հեռացողներին, որ առավոտյան արթնանում են ու հասկանում` վաղուց իրենց կուսակցությունների հետ գաղափարական ու մարդկային կապեր չունեն, փոխարենը «ճանապարհ են անցել ՔՊ-ի հետ»: Հազիվ թե ՔՊ-ում բոլորն ուրախ են բոլորի համար: ՔՊ-ում գործում է ստորին ճանապարհի օրենքը` մենք անցնում ենք ավելի ցածր մակարդակի, երբ սկսում ենք ուրիշների հետ ավելի վատ վարվել, քան նրանք մեզ հետ են վարվում: ԼՀԿ-ն հայտարարեց, որ մենակ է գնում ընտրությունների և «իր ցուցակում կներգրավի նաև ներկայացուցիչներ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից», իսկ դա նշանակում է, որ նախ` վախեցավ դաշինքով 7 տոկոսը չհաղթահարել, հետո` ցուցակելու է նրանց, որ կգան իրենց ֆինանսներով` սեփական կուսակցություններից հույսը կտրած կամ հանձնարարականով: «Հանրապետությանը» մնում է նոր դաշինք կազմելու ու 2000-ականներից սկսած իր քաղաքական կուրսը շարունակելու ելքը` դավանելով արևմտյան արժեհամակարգ ու հավասարակշռելով քաղաքական դաշտը, որ միանշանակ շարունակում է պահպանել միակողմանի կողմնորոշումը:


6-րդ գումարման Աժ-ն հասարակական տրամադրությունները չէր արտացոլում, արտացոլելու՞ է 7-րդ գումարման Աժ-ն: Քաղաքական ու հասարակական ակնկալիքները մի քանի աստիճանով պիտի նվազեն` մրցակցային ընտրարշավ չի լինելու: Քաղաքական բազմազանությունը մնալու է 8-րդ գումարման ԱԺ-ին: Լավատեսի ու հոռետեսի համադրության մեջ ընտրելով իրատեսի դիրքերը` աներկբա է նվազագույնը 3 իրողություն.


1. ՔՊ-ն, ինչպես «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում, Աժ արտահերթ ընտրություններում գործի է դնելու մեկ սկզբունք` ով քվեարկում է այլ կուսակցության օգտին, քվեարկում է մեր դեմ` ընտրությունները դարձնելով ոչ թե հեղափոխությանը համաժողովրդական աջակցության քվեարկություն, այլ քաղաքական դաշտի վրա իջեցնելու է հեղափոխության գիլիոտինը: Հետո գործելու է ցավի օրենքը:

2. Քաղաքական դաշտը ընտրություններից հետո երկար որոնելու է արալեզներ` վերքերը բուժելու: Դա միակ դրականն է, որովհետև այս քաղաքական դաշտը գործել ու գործում է մեկ սկզբունքով` կուսակցությունը մարդկանց համախումբ է, որ միավորվում են իշխանություն դառնալու: Դառնալուց հետո ամեն ինչի պատրաստ են իշխանությունը պահելու համար, չդառնալու դեպքում ցրվում են: Սա բումերանգի օրենքով է: Այս ընտրություններում միմյանց են բախվում երկու սկզբունքներ: Մի կողմից` չեն կարող մերժված համակարգի մասերը լինել նոր համակարգի հիմքում, ուստի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի վերընտրությունը 7-րդ գումարման ԱԺ-ում նշանակելու է քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրություն: Փոքր մասշտաբներով, բայց` վերարտադրություն: Մյուս կողմից` քաղաքական դաշտը չի կարող լիարժեք գործառնել միակուսակցականության պայմաններում: Դա Ոչ մի օրենքի օրենքն է:
3. 12-օրյա ընտրարշավում սևի ու սպիտակի հակադրության, սիրո ու հանդուրժողականության դրոշով խրամատներ փորելու ու հասարակությանը խրամատներ խցկելու նորաստեղծ, բայց հաստատուն ավանդույթի պահպանման դեպքում դեկտեմբերի 9-ին ընտրության է գնալու ընտրողների կեսը, եթե ոչ ավելի քիչ: Դա չէ այն արդյունքը, որ պիտի ունենար թավշե հեղափոխությունը, եթե չի ձախողել իր առաքելությունը: Դա արդեն մուրճի օրենքով: Ստացվում է ժանրի կլասիկա` համարյա Շանգրիլա, որի տեղը ոչ ոք չգիտի, բայց բոլորն ուզում են գտնել ու արարչագործության ամենամեծ գաղտնիքն իմանալ: Ոմանք` հանուն կատարելության: Ոմանք` հանուն իշխանության: Աշխարհում ոչինչ չի փոխվում:
Եթե 7-րդ գումարման ԱԺ-ի լեգիտիմության հիմքում լինելու են ոչ թե ընտրությունների արդյունքները, այլ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ի՞նչ կլինի վարկանիշի անկման դեպքում: Նիկոլ Փաշինյանի խոստում-պատասխանը, որ ինքը կհեռանա` հարցի լուծում չէ: Խնդիրը անձը չէ, այլ համակարգը, որ պիտի նա կառուցի ընտրություններից հետո: Խնդիրը արժեքային համակարգն է, որ պիտի ստեղծի թավշե հեղափոխությունը` իբրև տրամաբանական ավարտ: Եթե իբրև անտրամաբանական շարունակություն չի ընտրվում պերմանենտ հեղափոխությունը: Բոլոր նրանք, որ տանն ունեն Վլադիմիր Իլյիչ Լենինի Լիակատար ժողովածուի 45 հատորները, կարող են գտնել այդ տեսությունը և նույնիսկ հասնել Եվրոպայի միացյալ նահանգների գաղափարին` պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման ու հեղափոխութան արտահանման պայմաններում: Այսօր դա մարազմ է թվում, բայց պերմանենտ հեղափոխությունը ևս 20-րդ դարի 10-20-ականների գյուտերից էր (ինչ սարկազմ` Մեֆիստոֆելը թոշակի է անցել): 100 տարում աշխարհը թոթափել է այդ իզմերը, ու միայն Ռուսաստանում են հավատում (ընկեր Գենադի Զյուգանովը ստույգ գիտի` քանի հազար մարդ), որ Լենինը ճիշտ էր:


Այսօր դեռ բոլորը հաշվարկում են` ո՞ր կուսակցությունն ու քանի՞ մանդատով (100 %-70 %=30 % տարբերակով` 30-ը բաժանելով 3-ի, իսկ գուցե 2-ի)` կարծես 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններով Հայաստանն ավարտում է պատմական առաքելությունը մոլորակի վրա` ձևավորելով 7-րդ գումարման Աժ: Ոչ և դարձյալ ոչ` թեկուզ խարիզմայի օրենքով: Եվ ուրեմն` այստեղ ու հիմա հաջողության հասնելու համար կուսակցությունները պետք է ընտրողներին ներկայացնեն ոչ թե նախորդ ընտրությունների վերատպված ծրագիրը (տարիուկես է անցել ընդամենը ու ի՞նչ է փոխվել), այլ իրենց արժեքային համակարգը և այն քաղաքականությունը, որ վարելու են իբրև իշխանություն ու ընդդիմություն: Հետո՞ ինչ, որ Հայաստանը սքանչելի երկիր է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ու հաստատ 7 պորտ հետ գնալիս` իրար բարեկամ են, ուրեմն ընտրությունը հենց բարեկամությունը հիշելու, հիշեցնելու ու ապացուցելու ժամանակն է` փառք ռեյտինգայինին: Արժեքային համակարգը այն ոսկելարն է, որի վրա հավաքվելու են բոլոր «այո»-ներն ու «ոչ»-երը` մարդկանց բացատրելու, որ ի վերջո ոչ թե կեցությունն է որոշելու գիտակցությունը, այլ գիտակցությունն է փոխելու կեցությունը: Չգիտեմ ում օրենքով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Բոլոր օրենքները հնարում են մարդիկ` ուրիշ մարդկանց հետ հարաբերությունները կարգավորելու համար, բայց երբ օրենքները համարժեք չեն իրականությանը, պետք է գտնվի մեկը, որ հոդաբաշխ բացատրի` ինչու՞ է այդպես, ու ի՞նչ անել: Այդ մեկը, սովորաբար, դառնում է պետության ղեկավար (թագավոր, նախագահ, վարչապետ, միապետ, բռնապետ): Հազվադեպ է, երբ գտնվում է այնպիսի մեկը, որ գիտի ե՞րբ, ի՞նչ ու ինչպե՞ս անել հարցերի պատասխանը: Կա բալաստից ազատվելու ժամանակ, որ վերածվում է ժամանակի բալաստի: Հուսանք` ոչ մեր դեպքում: Բախտը բերելու օրենքով: Ի վերջո, գոնե մեկ անգամ այս կյանքում մեր բախտը պիտի բերի, չէ՞, հենց այնպես` առանց հաշիվ-հաշվարկի ու արժանիք-չարժանիքի: ՈՒ երբ մտնենք արտահերթների հերթագայության մեջ, իմանանք` ինչի՞ համար: Մենք էլ մարդ ենք:

Դիտվել է՝ 754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao