Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եթե իմանայի, որ Գյումրիից քայլելով կարելի է գալ ու ժողովրդի 100 տոկոսի քվեն ստանալ, Մոզամբիկից քայլելով կգայի»

«Եթե իմանայի, որ Գյումրիից քայլելով կարելի է գալ ու ժողովրդի 100 տոկոսի քվեն ստանալ, Մոզամբիկից քայլելով կգայի»
06.11.2018 | 00:10

Երեք նախագահներին միշտ ընդդիմադիր, այսօր էլ վարչապետի շատ քայլերը չողջունող ԱՇՈՏ ԱՇՈՏՅԱՆԸ, որը Հանրային խորհրդի անդամ է և հայտնի ծանրորդ, կարծում է, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, քանի որ նախկին իշխանական բուրգը նույնն է մնացել, փոխվել են ընդամենը դերակատարները։ Ավելին, ըստ մեր զրուցակցի, այսօրվա հեղափոխությունը տարիներ շարունակ իրենք են հասունացրել, փորձել մարդկանց ոտքի կանգնեցնել։ «1990-ին Երևանի քաղխորհրդի պատգամավոր եմ եղել, 92-ին տեսա, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ է անում ողջ հանրապետությունով մեկ, սկսեցի իմ պայքարը։ Բոլոր առաջարկված պաշտոններից հրաժարվել եմ։ Պայքարս այդ ռեժիմի դեմ չի հաջողվել, որովհետև այդ տարիներին չէին թողնում մարդ «գլուխ բարձրացներ»։ Բոլոր ակտիվ մարդկանց չեզոքացնում էին։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ևս չեմ դադարեցրել պայքարս, նույնիսկ մտել եմ նրա աշխատասենյակ ու ասել. «Այն տղամարդը, որին Դուք փնտրում էիք, Ձեր դիմաց է, ի՞նչ ունեք ասելու»։ Մտածում էի, դրանից հետո ողջ չեմ մնա։ Նույն կռիվն ունեցել եմ նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին»,- պատմեց պարոն Աշոտյանը, նշելով, որ 2011-ին ընկերոջ՝ Սարգիս Զաքարյանի հետ մշակել են բանաձև, թե ինչպես է հնարավոր փոքր երկրներում անարյուն հեղափոխություն անել, հանդիպումներ են ունեցել ընդդիմադիր ուժերի հետ, սակայն ոչ մեկը չէր հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է մի օր հրաժարական գրել ու գնալ։ «Հասկացանք, որ Հայաստանում ընդդիմություն չկա։ Այն ժամանակ Փաշինյանի խմբակցությանը՝ ՀԱԿ-ին էլ ենք առաջարկել այս բանաձևը, Ժիրայր Սեֆիլյանի խմբին էլ։ Ոչ մեկը չհամաձայնեց։ Մենք ինքնուրույն անցանք դժվար այդ ճանապարհը։ Համոզվեցինք, որ ժողովրդին պետք է անհնազանդության մղել։ Այդ գործով սկսեց զբաղվել Զարուհի Փոստանջյանը։ Տաքսիստների ու մատուցողների միջոցով սկսեցինք կոչերը տեղ հասցնել։ Պատկերացնու՞մ եք ինչքան սուրճ ենք խմել ու անկապ տաքսի ենք նստել։ Ասել ենք, որ դու «սիգնալ» տաս, տես՝ քեզ հետ քանիսն են տալու։ Կամաց-կամաց համոզվեցին, որ հնարավոր է ոտքի կանգնել ու բան փոխել երկրում»,- շարունակեց Աշոտյանը՝ շեշտելով, որ ծիծաղելի է մտածել անգամ, որ հնարավոր է Գյումրիից ոտքով հասնել Երևան, այդքան մարդ հավաքել ու հեղափոխություն անել։


Աշոտ Աշոտյանը թվարկեց նաև այն բոլոր գործոնները, որոնք նպաստեցին Նիկոլ Փաշինյանի հաջողությանը՝ Շանթ Հարությունյանի ակցիան, «Սասնա ծռերի» գործողությունները, հետագայում նաև՝ տաքսիստների բողոքները, Զարուհի Փոստանջյանի անհնազանդության կոչերը։ Սակայն, ըստ նրա, Փաշինյանի ամենամեծ «զինակիցը» ՀՀԿ-ն էր՝ իր ապիկար քաղաքականությամբ։ «Այնտեղ հասցրին ժողովրդին, որ էլ ճար չկար։ Այդքան չէր կարելի համը հանել»,- ասաց հավերժ հեղափոխականը, ընդգծելով, որ այսքանից հետո մնում էր մի բեմահարթակ ստեղծել։ «Մինչ մենք մտածում էինք ինչպես այդ բեմահարթակը ստեղծել, հանկարծ ինչ-որ ուժեր արագ այն կառուցեցին, ու այնտեղ կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ ոչ մեկին թույլ չտալով իր հետ նույն բեմում կանգնել, կարծիք հայտնել։ Եթե ես իմանայի, որ ընդամենն այդքան տեղ քայլելով կարելի է գալ ու ժողովրդի 100 տոկոսի քվեն ստանալ, Մոզամբիկից քայլելով կգայի։ Այդպես հեղափոխություն չի լինում։ Սովորաբար այսպես է՝ հեղափոխությունը մտածում են որոշ մարդիկ, իրականացնում նվիրյալները՝ ազգովին, իսկ պտուղները քաղում են լրիվ այլ մարդիկ։ Որպես հեղափոխության հեղինակներից մեկը, ես մտածելու բան ունեմ այսօր, որովհետև հեղափոխությունն իր նպատակին չծառայեց։ Հեղափոխությունը համակարգային փոփոխություն է։ Բուրգը, որը ստեղծվել էր մեկ մարդու համար, պետք էր քանդել»,- նշեց Աշոտյանը՝ հավելելով, որ այնպես ստացվեց, որ լավ ճառ ասողը դարձավ իրավիճակի տերը։ «Չեմ թերագնահատում նրա այդ հնարավորությունը, ժողովուրդը սիրում է, երբ ականջ շոյող հայտարարություններ է լսում։ Բայց երբ մարդկանց ականջը հաճելի բան է լսում, ուղեղն անջատվում է։ Նրանք չեն համեմատում ասածն ու արածը։ Այն բեմահարթակը, որ պետք է ստեղծվեր ժողովրդի ընտրության համար, որտեղ պետք է կանգնած լինեին ազգային մտածելակերպ ունեցող երիտասարդներն ու ավագները, մտավորականությունը, լրիվ այլ բանի ծառայեց։ Այնտեղ պետք է կանգնած լիներ նվազագույնը քսան Նիկոլ Փաշինյան, և ժողովուրդը ընտրություն կարողանար անել»,- փաստեց մեր զրուցակիցը։


Արձանագրելով, որ այսօր հեղափոխական ուժերը չեն լուծել կարևոր ու առաջնային մի շարք հարցեր, Աշոտ Աշոտյանը կարծում է, որ պետք է նախ նորմալ ընտրություններ անցկացնենք, ոչ թե խաբենք ինքներս մեզ ու ասենք, թե սա նորմալ ընտրություն է։ Նրա դիտարկմամբ, նորմալ չէր նաև Երևանի ավագանու ընտրությունը, քանի որ այլընտրանք չունեինք, ստիպված քվեարկեցինք Հայկ Մարությանի օգտին։ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդը երեք բան էր պատվիրակել՝ կանգնեցնել դեպի դժոխք գնացող Հայաստանի գնացքը, ուղղությունը փոխել և թույլ տալ ժողովրդին ընտրել իր ուղին։ «Ի՞նչ ստացվեց. նշանակեցինք, գնաց նստեց պաշտոնին, ասաց՝ այստեղ լիքը կնոպկաներ կան, ես այդ բոլորից չեմ հասկանում, չեմ ուզում միանգամից արգելակը քաշել, որովհետև կարող է դուք վնասվեք։ Մենք պատրաստ ենք վնասվելու, մենք ավելի շատ վնասվում ենք, երբ հանցագործները դրսում են։ Ի դեպ, ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը չեն տալիս։ Սու՞րբ է, իր օրոք է այս ամեն ինչը սկսվել։ Ինքը Հայաստանում կոռուպցիա մտցրեց։ Ամենամեծ կաշառակերությունն իր ժամանակ էր, մեր ունեցվածքը կոպեկով վաճառեց դրսին։ Ինչու՞ իր անունը մեկը չի տալիս։ Հենց առաջինը նրան պետք է ձեռք տային, երկրորդը Ռոբերտին, հետո Սերժին»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը, շեշտելով, որ իր մտքերի համար ոչ ոք չի կարող իրեն հակահեղափոխական համարել, քանի որ հեղափոխության գաղափարի հեղինակներից մեկն է։


Դիտարկմանը, թե Սփյուռքի երիտասարդ նախարարն էր ասում, որ Գանդի ուսումնասիրելով եկել հասել է հեղափոխական քայլերթի գաղափարին, իսկ Դուք ասում եք, թե դուք եք հեղինակը հեղափոխության, մեր զրուցակիցը հակադարձեց` եթե Գանդի ուսումնասիրելով կարող էիք հեղափոխություն անել, բա ինչու՞ մի քիչ շուտ չէիք ուսումնասիրում։ Իրականում, ըստ նրա, հեղափոխության «սև» գործն իրականացրին բանվորները, տաքսիստները, երիտասարդները, մտավորականությունը, Սփյուռքը։ «Իսկ ու՞ր է հիմա սփյուռքը, այսօր նրանք պետք է երկրում մեծ դերակատարում ունենան, աշխատեն։ Խոսքն ամենևին էլ պաշտոնների մասին չէ, այլ ազգային հարցեր լուծելու։ Իսկ հիմա որտեղ է ժողովուրդը, որտեղ` իրենք։ Ի՞նչ կադրային նշանակումներ են անում։ Եթե կենսագրություն, կրթություն, փորձ չունեն, ի՞նչ գործ ունեն պատասխանատու պաշտոններում»։


Աշոտ Աշոտյանին վրդովեցրել են նաև նորանշանակ քաղաքապետի հայտարարությունները, երբ վերջինս օրերս ասաց, թե նախորդները լավ էլ աշխատել են։ «Դե որ լավ էին աշխատել, ինչու էիր ասում՝ սևեր ու սպիտակներ։ Պարզվում է նաև, որ ՀՀՇ-ի կադրերը կամ նրանց որդիները կառավարությունում պաշտոններ են ստանում։ Էս ի՞նչ է կատարվում։ Իսկ ժողովուրդը սա չի տեսնում, ընդամենը մի տուշոնկա գողացողի խայծ են գցում ու վերջ։ Ոչ մեկը չի հարցնում՝ ինչու՞ հենց Մանվելին առաջինը բռնեցին, որովհետև Հայաստանի ամենազինված խմբավորումն էր, հինգ րոպեում կարող էր անձնական հարցեր լուծել ու ամեն ինչ վերջացնել»։ Մեր զրուցակիցը կարծում է, որ կրկին ժողովրդի բեմահարթակը թափուր է, որը պետք է լցվի, սակայն գործող իշխանությունը չի թողնում, որ դրան մարդ մոտենա։ Այս ամիսների ընթացքում Աշոտ Աշոտյանի և ընկերների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ժողովրդի ձայն» նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել կադրային բանկ, քանի որ այսօրվա պաշտոնյաներից շատերին նրանք վերապահումով են մոտենում։ Ի դեպ, օրերս այս նախաձեռնության անդամները մասնակցել են քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիային՝ ընդդեմ ԼԳՏԲ համայնքի հնարավոր համաժողովի և խիստ զայրացել են քաղաքապետի պահվածքից, որն անգամ փորձ չի արել դուրս գալ ու խոսել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ։ «Էն ժամանակ, որ դուրս չէին գալիս, հասկանում էինք, բայց մենք ձեր հեղափոխականներն ենք, ինչու՞ չիջաք։ Մեր ընկերներից մեկը այդ ժամանակ լավ բան ասաց, թե կանցնենք մեր մեթոդներին, կենտրոնական փողոցներից մեկը կփակենք, մինչև մեր ընտրյալը գա մեզ հետ խոսի։ Ի վերջո, առաջին տեղակալի մոտ մեր երկու ներկայացուցիչներին կանչեցին, որոնք փոխանցեցին մեր բողոքը»։


Հավարտ ասվածի, Աշոտ Աշոտյանն ընդգծեց` քանի որ այսօր հեղափոխություն չի իրականացվել, համակարգային փոփոխություն չի եղել, իրենք կրկին փորձելու են ժողովրդին համախմբել և զբաղեցնել այն թափուր հարթակը, որն այդպես էլ չի լցվել։ «Ամեն ինչ պետք է փոխվի։ Ճիշտ է, սա դժվար կլինի բացատրել մի ժողովրդի, որին 28 տարի կրթությունից զրկել են ու հիմա ազատություն է զգացել, ուռռա, կեցցե Նիկոլ է գոռում ու իրեն տեր է զգացել այս երկրի։ Սակայն իրեն ասում են՝ դու ես տերն այս երկրի, բայց այդ տիրոջը չեն հարցնում՝ կարելի՞ է այս մարդուն այս պաշտոնին նշանակել, թե՞ ոչ։ Ժողովրդին միայն ասում են՝ հավաքվեք, ոնց որ թե ԱԺ-ն ուզում է այս օրենքն ընդունել։ Զոմբիացրել են, մեր ժողովրդին մտածելու ունակությունից զրկել են»,- դժգոհեց մեր զրուցակիցը, հավելելով, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին թողնում, որ խելացի մարդիկ երևային, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է բոլորին չեզոքացնում, պետք է թողնել, որ ժողովրդական հարթակում քսան Նիկոլ աճի, մարդիկ էլ ընտրության հնարավորություն ունենան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ