Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ՔՊ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն»

«Խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն ՔՊ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն»
06.11.2018 | 00:21

Ի՞նչ հնարավորություններ ունեն ՀՀ քաղաքական ուժերն ապագա խորհրդարանում տեղեր զբաղեցնելու առումով։ Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ կարծում է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ընտրություններում քանի տոկոս կհավաքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Եթե ՔՊ-ն 60 տոկոս ստանա ընտրությունների արդյունքում, ապա 5 կուսակցություն ԱԺ անցնելու հնարավորություն կունենա, եթե ՔՊ-ն 70 տոկոս քվե վաստակի, ապա կուսակցությունների թիվը կնվազի։ Այն քաղաքական ուժերը, որոնք ունեն կազմակերպական, ֆինանսական ռեսուրսներ, պետք է աշխատեցնեն մարդկանց։ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի՝ խորհրդարան անցնելու հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ նրանք բնակչության հետ աշխատելու փորձ ունեն, նաև ֆինանսական ռեսուրսներ՝ շտաբների աշխատողներին, քարոզիչներին վճարելու համար։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպես օգտագործել սոցիալական հենքը։ Հանրապետական կուսակցությունը 510 համայնքներից 360-ում ուներ իր համայնքի ղեկավարները, որոնք իրենց կողմնակիցներին առաջնորդում էին ընտրության՝ քվե ապահովելով ՀՀԿ-ի համար։ Հիմա նոր իշխանական ուժերը կարծես թե հասկացել են այս շղթայի տրամաբանությունը և փորձում են հավաքել նախկին կամ գործող գյուղապետերին՝ հորդորելով ապահովել արդար ընտրություն և մարդկանց չուղղորդել դեպի այս կամ այն քաղաքական ուժը։ Սա նշանակում է, որ սոցիալական հենքը հին արդյունքը չի ունենա»,- ասում է սոցիոլոգը՝ ավելացնելով այն փաստը, որ նոր իշխանությունները շատերին զրկել են պաշտոններից և ստեղծել են որոշակի բացասական էլեկտորատ, որը դեմ կքվեարկի գործող իշխանություններին՝ իշխանափոխություն և պաշտոն վերստանձնելու հույսով։


Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ չորս ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն խորհրդարան անցնելու հնարավորություն. «Նշված ուժերին մրցակից կարող են լինել ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը։ Ես այլևս որևէ ուժ չեմ տեսնում։ «Լուսավոր Հայաստանը» բավականին թույլ է, և շատերը նրանց ձայն են տվել, քանի որ «Ելք» դաշինքի անդամ էին։ Դուրս գալով «Ելքից» կամ առանձին հանդես գալով՝ նրանք իրենց հնարավորությունները կորցնում են։ «Սասնա ծռերը» կամ նորաստեղծ ուժերը չգիտեմ, թե ինչի վրա են հույսը դրել. մարդկանց հետ աշխատելու փորձ չունեն, և միայն այն, որ նրանք ձերբակալված էին, տուժած նախկին իշխանություններից, դեռ ոչինչ չի նշանակում»։


Ինչ վերաբերում է հանրապետական կուսակցությանը, ապա պարոն Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր է, քանի որ զրկվել է իշխանությունից։ Սոցիոլոգը նշում է, որ բոլոր հարցերում ՀՀԿ-ն աջակցում է «Քաղպայմանագրին»։ «Քննադատությունն ընդամենը վիրտուալ տիրույթում է։ Ելույթներ են ունենում ամբիոններից, ֆեյսբուքով, թվիթերով, որոշ լրատվամիջոցներ դեռևս պահպանում են հանրապետական կուսակցության հեղինակությունը, պաշտպանում վերջինիս շահերը, բայց ընդամենը այդքանը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, Սերժ Սարգսյանի շնորհքն էր, ոչ թե Փաշինյանի։ Սերժ Սարգսյանը հասկացավ, որ Հայաստանն իր կուսակցության կառավարման պատճառով գնում է դեպի փակուղի, և հասկացավ, որ եթե այս իրավիճակը շարունակվի նույնությամբ, Հայաստանը բավականին ծանր վիճակում կհայտնվի, ուստի անհրաժեշտ է նորոգում։ Եվ այդ նորոգման հնարավորությունը նա զիջեց նոր քաղաքական առաջնորդներին։ Կրկնում եմ՝ դա Սերժ Սարգսյանի շնորհքն է։ Եթե նա Ռոբերտ Քոչարյանի նման ցանկանար մնալ իշխանության, խնդիր չէր ունենա։ Կձերբակալեր շարժման պարագլուխներին, և հարցը կլուծվեր։ Սերժ Սարգսյանը, սակայն, հասկացավ, որ Հայաստանի համար շատ կարևոր է տեղ տալ նոր շարժումներին։ Գուցե վերջիններիս հաջողվի դրական արդյունքներ արձանագրել։ Եթե չստացվի, վերադառնալը խնդիր չի լինի, քանի որ պարզ կդառնա, որ նոր իշխանությունները պոպուլիստական հայտարարություններից բացի, այլ բանի ունակ չեն։ Իսկ եթե գործող իշխանությունները հաջողեն, կշահենք բոլորս»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ