Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Նոր ճարտարապետությունը դիմազրկում է մայրաքաղաքը

Նոր ճարտարապետությունը դիմազրկում է մայրաքաղաքը
06.11.2018 | 00:38

«Միշտ հին ու նոր մեր Երևան» ասում-հպարտանում ենք, բայց հինը ոչնչացվում է, մնում է նոր Երևանը։ ՈՒ մինչև ե՞րբ։ Եվ բոլորովին էլ չի բացառվում, որ մի 50-70 տարի հետո այսօրվա նորակառույցները, որոնցով առաջին հերթին հպարտանում են հենց հեղինակները, քանդվեն և դրանց տեղում նոր ճարտարապետների նախագծած կառույցները վեր խոյանան։ Եվ դա արդարացված կլինի, ինչպես ասում են` ով ինչ ցանի, այն էլ կհնձի։


Հայաստանի անկախության 27 տարում անճանաչելիորեն փոխվեց մեր մայրաքաղաքը, զրկվեց իր հոտ ու համից, կոլորիտից։ Տուֆաքար և զարդանախշերով պատմամշակութային բազմաթիվ շինություններ հողին հավասարվեցին։ Միայն թե չասեք քանդվել են խարխուլ մրջնաբնի նման մեկը մյուսի մեջ ընկած տները։ Ոչ ոք չի ասում, որ դրանք չպետք է քանդվեին, ուղղակի թացը չորի հետ չպետք է խառնվեր և բուլդոզերի տակ հայտնվեին արժեքավոր շինություններ։ Իսկ այն շենքերը, որոնք չեն քանդվել, նպատակաուղղված դիմազրկվում են։
Ինչի՞ մասին է խոսքը։ 2008-ից մայրաքաղաքում քաղաքաշինական առումով շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացվում։ Մասնավորապես անցած դարի 30-70-ականներին կառուցված շենքերը երեսպատող քարերը ջարդոտվում են, և շենքերն ուղղակի ներկվում են։ Ի վերջո, երբ այդ շենքերը կառուցվել և երեսպատվել են վարդագույն տուֆով կամ այլ քարերով, դրանց հեղինակները յուրօրինակ ձևով զգեստավորել են այդ շենքերը` կյանք հաղորդելով նրանց։ ՈՒրեմն ինչու՞ են այսօր դիմազրկվում այդ շենքերը, գուցե հեռահար նպատակ կա մի քանի տարի հետո դրանք քանդելու և Էմիրությունների այսօրվա ճարտարապետությունը հիշեցնող շինություննե՞ր կառուցելու։ Երբ այլ երկրներում շենքերը ներկվում են, դա նորություն չէ, դա իրենց մշակույթի մի մասն է, սակայն ինչու՞ Երևանը պետք է օտար մշակույթին նմանվի։


Ի վերջո, ճարտարապետությունը պատմության լուռ վկան է, իսկ ի՞նչ պատմություն ենք ներկայացնելու ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև գալիք սերունդներին։ Ինչի՞ հիման վրա ենք ասելու «միշտ հին ու նոր մեր Երևան»։ Սա կարևոր հարց է։ Այս տարիներին քաղաքաշինության որդեգրած քաղաքականությունը մեկն է՝ քանդել հինը, կառուցել նորը։ ՈՒ թերևս սա խիստ հայկական ձեռագիր է։ Բարեբախտաբար, աշխարհը մեր այսօրվա ճարտարապետների պես չի մտածել, հակառակ դեպքում Հռոմից ու Փարիզից բան չէր մնա։ Երբ գնում ես այլ պետությունների մայրաքաղաքներ, հիանում ես նրանց հինավուրց շենքերով, փողոցներով, կամուրջներով և հասկանում, որ դու իսկապես մի քաղաքում ես, որը դարերի պատմություն ունի։


Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք Երևանում. Դուբայի ճարտարապետությունը հիշեցնող շինություններ և հին եկեղեցիներ։ Սա մտածելու տեղիք է տալիս։ 2800 տարեկան Երևանում չկան շինություններ, որտեղ ապրել են մեծահարուստները, հասկանալի չէ, թե որտեղ են ապրել արհեստավորները, ինչն էլ պահպանվել է, միայն որպես «մասունքներ»։ Այնպիսի տպավորություն է, թե հայ ժողովուրդը ապրել և արարել է միայն եկեղեցիներում, սակայն չէ՞ որ դա այդպես չէ։


Ցավոք, պետք է արձանագրենք, որ եթե այս քանդիչ քաղաքականությունը ևս մի 10 տարի շարունակվի, ապա հարց է, թե ինչ կմնա «հին ու նոր» Երևանից։ Եվ քանի դեռ մի քանի հին շինություններ պահպանվել են, գուցե ժամանա՞կն է, որ նոր պահանջ դրվի ճարտարապետների առջև և ամենաթողությանը վերջ դրվի։ Իսկ «մերկացված» շենքերը կրկին երեսպատվեն քարերով։ Այդպիսով Մաշտոցի, Սասունցի Դավթի պողոտաները, Վարդանանց, Զաքյան, Կորյունի, Պուշկինի փողոցները, մի խոսքով` ամբողջ կենտրոնը, համեմատաբար կվերականգնեն իրենց նախկին սքանչելի տեսքը։ Եթե կարելի է քանդել, ինչու՞ չի կարելի վերականգնել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan