USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՀԱՊԿ-ով ու առանց ՀԱՊԿ-ի

ՀԱՊԿ-ով ու առանց ՀԱՊԿ-ի
06.11.2018 | 12:52

Վաղը Աստանայում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստն է, որտեղ ամենաինտրիգայինը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է: Յուրի Խաչատուրովից հետո թափուր մնացած աթոռին Բելառուսն ու Ղազախստանն ուզում են նստեցնել իրենց հայրենակցին: Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետկանչի առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ Հայաստանին խիստ բարեկամ Բելառուսը առիթը բաց չի թողնի` ռոտացիոն կարգով ՀԱՊԿ-ի ղեկավարումը ստանձնելու համար, թեպետ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, իսկ Խաչատուրովը տարիուկես աշխատեց և մինչև 2020-ը քվոտայով տեղը Հայաստանինն է: Այս օրերին շրջանառվեցին տարբեր տեղեկություններ` ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղարի մասին: Քարը ջուրը գցեց ՙԿոմերսանտը՚` գրելով, որ Բելառուսն առաջ է մղում իր Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաասին: ՀԱՊԿ մամուլի խոսնակը այդ ընթացքում, ինչպես և վայել է, տեղեկություն չունի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի առաջադրման մասին: Նույնիսկ Բելառուսի ԱԳՆ-ն չհաստատեց Զաասի թեկնածության առաջադրումը` հայտարարելով, որ հարցը քննարկվում է, և դա ճիշտ էր իրավական տեսանկյունից:

Հայաստանը Զաասին պատասխանեց Վաղարշակ Հարությունյանով` ՊՆ նախկին նախարարի, ում պաշտոնանկեց ու աստիճանազրկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դեռ Յուրի Խաչատուրովի նշանակումից առաջ Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը քննարկվում էր, բայց գործող գեներալն առաջ անցավ պաշտոնաթող գեներալից: ՀՀ ԱԳՆ-ն ասել էր, որ Երևանի համար առաջնահերթ է քարտուղարության գործունեության արդյունավետությունը: Հայաստանի կամ այլ ներկայացուցչի մասին հարցը մնացել էր բաց: Իրավականորեն խնդիր չկա` ռոտացիայով կառույցի ղեկավարությունը անցել է Հայաստանին, Հայաստանի իրավունքն է թեկնածու առաջադրել ու հետկանչել` փոխարինելով այլ թեկնածուով, և ՀԱՊԿ-ին մնում է հաստատել` մնացած ժամանակում կառույցի աշխատանքների ղեկավարումն ապահովելու համար: Իրավականորեն` այո, իսկ իրականում` ոչ: Նախ` երկար ժամանակ ռոտացիան չէր գործում ու Հայաստանի թեկնածուին հնարավորություն չէր տրվում պաշտոնավարել` դեմ էր Բելառուսը: Հիմա էլ Բատկան ամեն ինչ անելու է Զաասին առաջ մղելու համար և գործոններից մեկը դարձնելու է, վստահաբար, ՆԱՏՕ-ի զորակայան Լեհաստանում` Բելառուսի հարևան երկրում, տեղակայելու որոշումը: Բատկան կարաուլ է կանչելու, որ Բելառուսը վտանգի տակ է ու միայն Բելառուսի ներկայացուցիչն այդ իրավիճակում կարող է փրկել ՀԱՊԿ-ՆԱՏՕ բախումից ու երրորդ համաշխարհային պատերազմից: Ղազախստանը խաղալու է երկակի խաղ` Նազարբաևը մի կողմից դեմ է Հայաստանին, մյուս կողմից դեմ է Բելառուսին ու փորձում է իր ներկայացուցչին կառույցի ղեկավար դարձնել ու շատ կուզեր, որ ՆԱՏՕ-ն մի ռազմաբազա էլ իր սահմանների մոտ տեղակայեր, որ Բատկայի փաստարկը ուժը կորցներ: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը: Հայաստանում Աժ արտահերթ ընտրություններից առաջ հերթական հակառուսական ալիք հարուցել Երևանում ՀԱՊԿ-ի դեմ` Պուտինին պետք չէ, բայց նաև այնպես չէ, որ նա ամբողջությամբ ընդունել ու վստահում է ՀՀ իշխանություններին: Մոսկվայի համար հարցի իդեալական լուծում է չլուծումը և ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովի պաշտոնակատար մնալը մինչև 2020-ը:


Ի՞նչ է ուզում Հայաստանը: Իմիջի տեսակետից կարևոր է պաշտոնը պահել: Փաստացի` այդ պաշտոնը Հայաստանին ոչինչ էլ չի տալիս: Համենայն դեպս` Հայաստանի անվտանգության ապահովման երաշխավորը եղել ու մնում է Ազգային բանակը, իսկ ՀԱՊԿ-ը եղել ու մնում է այն ռազմաքաղաքական դաշինքը, որ իր ստեղծման օրից ոչ մի ռազմական գործողության չի մասնակցել ու անգամ ՄԱԿ-ի խաղաղապահ մանդատ չի ստացել: Իվերջո` 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ հստակ երևաց, թե ՀԱՊԿ-ում ով ինչի է պատրաստ: Եթե հիշում եք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտ բողոքել էր, որ պատերազմի օրերին ոչ Լուկաշենկոն, ոչ Նազարբաևը անգամ չզանգահարեցին իրեն, փոխարենը հայտարարում էին, որ Ալիևի կողքին են: Հիշեցնեմ` Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ:
Վերջիվերջո` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որ երկրից էլ լինի, ոչ թե իր երկրի շահն է ներկայացնում ու պաշտպանում, այլ` կառույցի: Դա արդեն ոչ թե ՀԱՊԿ-ի առանձնահատկությունն է, այլ` միջազգային պրակտիկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այնուամենայնիվ, տհաճ է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի դեմ փաստարկ է բերվում 2002-ին նրա աստիճանազրկվելը, որ կապված էր ոչ թե զինվորական, այլ` քաղաքական գործունեության հետ, երբ Վաղարշակ Հարությունյանը վաղուց արդեն ՊՆ նախարար չէր: Ռոբերտ Քոչարյանը չներեց Հարությունյանին ՙՀանրապետություն՚ կուսակցությանն անդամագրվելը և 2002-ի հուլիսի 18-ին որոշեց նրան զրկել գեներալ-լեյտենանտի ուսադիրներից, թեպետ զինվորական կոչումները ինքը չէր տվել:
Հայաստանը, իհարկե, ՀԱՊԿ-ից հեռանալու հարց չի դնի, եթե մերժեն իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում: Գուցե փորձի կառույցում փոփոխություններ նախաձեռնել` համարժեք դարձնելու իրական սպառնալիքներին ու իրական հնարավորություններին, բայց դա կլինի ձևական քայլ` ՀԱՊԿ-ը բացահայտորեն պատրաստ չէ փոփոխությունների: Փոփոխություններ պետք չեն ոչ Պուտինին, ոչ Լուկաշենկոյին, ոչ Նազարբաևին, մյուս պետություններին` Ղրղզստանին ու Տաջիկստանին, հարցը, իհարկե, կհետաքրքրի, բայց նրանք բավարար լծակներ չունեն կառույցում իրավիճակ փոխելու:
Իդեպ` ՀԱՊԿ-ը ձևավորվել է 1992-ին ու սկսել գործել 1994-ից և հետաքրքիր պատմություն ունի անդամների մասով` Ադրբեջանը ՀԱՊԿ-ն անդամակցել է 1993-1999-ին և հեռացել է, երբ Հեյդար Ալիևը համոզվեց, որ կառույցում Լեռնային Ղարաբաղի խնդիր չի կարողանում լուծել: 1993-1999-ին ՀԱՊԿ անդամ է եղել նաև Վրաստանը: Ուզբեկստանը անդամ-չանդամ լինելու առավել հարուստ փորձ ունի` 1992-1999-ին անդամակցել է, հետո հեռացել, վերադարձել է 2006-ին, որ 2012-ին նորից հեռանա: Նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Աստանայում միանշանակ քննարկվելու է, բայց նույնքան միանշանակ չէ, որ լուծվելու է:

Դիտվել է՝ 1410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao