Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջոն Գրինի նուրբ, խոհեմ և խոստումնալից վեպը

Ջոն Գրինի նուրբ, խոհեմ և խոստումնալից վեպը
09.11.2018 | 02:19

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը ընթերցողին է ներկայացնում ամերիկացի գրող Ջոն Գրինի «Անվերջ կրիաներ» վեպը՝ Լիա Ասատրյանի թարգմանությամբ:


Վեպի հերոսուհին՝ 16-ամյա Ազան, երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում:


«Ազայի պատմությունը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է,- ասում է «Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:- «Անվերջ կրիաների» գլխավոր հերոսուհին, ինչպես և ինքը հեղինակը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում ունեն: Գրինը դրա մասին բազմիցս նշել է իր հեղինակած տեսաբլոգում, և այս փաստը կարծես «օգնել» է Գրինին բացահայտելու այն ապրումները, որոնց միջով անցնում է Ազան ամեն օր, այն խնդիրները, որոնց բախվում է հերոսուհին: Գրինը խոստովանել է, որ այս գիրքը շատ դժվար է եղել գրել»:
Ջոն Գրինի հանրահայտ «Աստղերն են մեղավոր» ստեղծագործության գլխավոր հերոսուհին վահանագեղձի քաղցկեղով հիվանդ տասնվեցամյա Հեյզել Գրեյսն է, կարելի է ասել, որ ամերիկացի գրողը գրում է սիրո ու մահվան մասին: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Ռոզան նշում է, որ «Անվերջ կրիաներն», ի տարբերություն «Աստղերն են մեղավոր» գրքի, տխուր ավարտ չունի, և այստեղ էլ բազում ինքնատիպ սյուժետային գծեր ու կերպարներ կան. «Պակաս հետաքրքիր հերոս չէ Ազայի մտերիմ ընկերուհին՝ Դեյզին, որը ֆանֆիկներ է գրում «Աստղային պատերազմների» մոտիվներով: Վստահ եմ, որ լեգենդար ֆիլմաշարի երկրպագուները չեն հիասթափվի՝ գրքում գտնելով խոսակցություններ «Աստղային պատերազմների» իրենց սիրելի հերոսների մասին: Երկու գրքերի հիմնական տարբերությունն այն է, որ գլխավոր հերոսուհին պայքարում է ոչ թե մահվան, այլ իր սեփական կպչուն մտքերի դեմ»:


«Անվերջ կրիաները» Ջոն Գրինի 7-րդ նովելն է, ուղղված է 0-100 տարեկան ընթերցողին, Ռոզան վստահ է, որ յուրաքանչյուրն ինչ-որ հոգեհարազատ բան կգնի այս վեպում:
Խոսելով գրական առանձնահատկության մասին՝ ասում է, որ Ջոն Գրինի ստեղծագործությունների առանձնահատկությունը պարզությունն է, բայց ոչ պարզունակությունը. «Գրինի հերոսներն իրական են, նման մարդկանց կարող ես հանդիպել փողոցում, քո շրջապատում: Նրանք ունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին մեզնից յուրաքանչյուրը: Գրողի հանճարի գաղտնիքը կայանում է մարդկային հոգեբանությունը հրաշալի հասկանալու մեջ: Բացի այդ, նա գրում է այն մասին, ինչ տեսել է, «Անվերջ կրիաների» դեպքում՝ զգացել ու զգում ամեն օր: Նա մարդկային առաջին հայացքից հասարակ պատմությունը դարձնում է հանճարեղ ստեղծագործություն: Մենք կարծում ենք, որ Ջոն Գրինը դարի լավագույն հեղինակներից է, և հայ ընթերցողը չպետք է հետ մնա համաշխարհային թրենդներից, պետք է հնարավորություն ունենա ընթերցելու ժամանակակից աշխարհի լավագույն հեղինակներից մեկի գործերը հենց հայերեն թարգմանությամբ: Ջոն Գրինն այն գրողն է, որի գործերը պետք է ոչ միայն պարզապես կարդալ, այլև վերընթերցել»:


«Նյու Յորք թայմսի» #1 բեսթսելլերների հեղինակ Ջոն Գրինի գրքերը թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար հրատարակչության ծրագրերի ղեկավար Շավարշ Կարապետյանը անձամբ էր նամակ գրել Ջոն Գրինին: Ավելի վաղ հրատարակվել էին «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքները» վեպերը: Առաջիկայում պլանավորում են հայ ընթերցողին ներկայացնել նրա «Ալյասկայի որոնումներում» ստեղծագործությունը, որը Գրինի ամենաառաջին վեպն է, լույս է տեսել 2005-ին, և այժմ գրքի հիման վրա Ամերիկայում բազմասերիանոց ֆիլմ է նկարահանվում:


Անպայման չէ Ազայի նման տառապել` նրա հետ նմանություններ գտնելու համար: Պետք է ընդամենը մարդ լինել»,- գրում է «Նյու Յորք Թայմզը»: Գիրքը անվանում են նաև «Վշտալի և բացահայտող», «Նուրբ, խոհեմ և խոստումնալից»: «Փիփլը» նկատում է. «Նուրբ պատմություն այն մասին, թե ինչ անել, երբ կարծես ամեն բան վերահսկողությունից դուրս է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ