Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)

Հայուհիները Երևանի Չէկայի բանտում (ԷԼԵՆ ԲՅՈՒԶԱՆԴ)
09.11.2018 | 02:26

(Նախորդ մասը)

Մթնել էր, երբ քաղաք հասանք: Հիվանդ Արամը վտանգի առջև աստվածային ուժ առած՝ սայլից իջավ:
-Չեմ ուզում հիվանդանոց գնալ և ինքս իմ ոտքով ծուղակն ընկնել: Տուր ինձ ձիս, պիտի փորձեմ թաքնվել, մինչև տեսնենք ինչ կլինի:
Նստեց ձին ու գնաց, թե ու՞ր՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ Արամ Հարությունյանն առողջացել, ապրել էր, Փետրվարյան ապստամբությունից հետո իր տիկնոջ հետ անցել էր Ֆրանսիա՝ Փարիզ: Մենք տեսանք նրան Փարիզում: Ափսո՜ս, մտային անբուժելի խանգարում էր ունեցել, դրվեց հոգեբուժական հաստատություն, ուր մեռավ երիտասարդ հասակում:
Մենք այլևս անելիք չունեինք, տուն պիտի գնայինք: Ապրում էինք քաղաքի՝ դեպի Քանաքեռ տանող վերջավորության այգիների կողմում, Ղարիբանոցի լքված գերեզմանատան մոտ, Գևորգ Իսահակյանի (հայտնի Գևորգ վարժապետ անունով) տանը: Իմ պատմվածքների մեջ շատ անգամ եմ հիշատակել այդ տունը և իր ազնիվ տիրոջ ընտանիքը, ինչի պատճառով այստեղ զանց եմ առնում մանրամասները:


Խորհրդարանի շենքի առջև քայլերս ինքնաբերաբար կանգ առան, դուռը բաց էր, ներսը՝ լույս: Թե ինչպե՞ս և ինչու՞ էի ներս մտել՝ չգիտեմ: Ընդարձակ սենյակը, որ մեր գրասենյակն էր, լեցուն էր այր ու կին բազմությամբ: Աչքի էին ընկնում մայիսյան բոլշևիկյան շարժման հետևանքով բանտարկվածները, որոնք այդ օրն էին բանտից ազատ արձակվել (դեկտեմբերի 3) ու դարձել օրվա հերոս-հերոսուհիներ: Մերոնցից ոչ ոք չկար:
ՈՒզեցի դուրս գալ, բայց բռնեց օրվա հերոսուհիներից Սիրանույշ Դանիելյանը (ներկայումս կարևոր պաշտոն ունի Մոսկվայում): Նա Թիֆլիսի Հովնանյան դպրոցում կրտսեր քրոջս՝ Հռիփսիմեի դասընկերուհին էր եղել, իսկ իր ավագ քույրը՝ Ռեբեկան, իմ դասընկերուհին էր, ինչի հետևանքով ճանաչում էինք միմյանց:


-Երևի ճակատից նոր եք գալիս,- դիմեց ինձ քմծիծաղով,- Ձեր զեկույցը կարող եք տալ նոր իշխանությանը:
-Հայաստանը կառավարելու կոչված որևէ իշխանության կարող է հետաքրքրել մի զեկույց, որ կապ ունի ռազմաճակատի հայ զինվորի հետ: Պատրաստ եմ զեկույց տալու, եթե կանչվեմ: Բնակարանս հայտնի է,- ասացի,- ինձ կգտնեն նույն տանը:
Տխուր ու ծանր զգացումով դուրս եկա Խորհրդարանից:
Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի տան առջև հավաքված էր 50-ի մոտ մի բազմություն, Ինտերնացիոնալ էին երգում և «Կեցցե՜ Լենինը, կեցցե խորհրդային իշխանությունը» կանչում: Քաղաքում այլ անցուդարձ չկար, ամայություն էր:
Տուն հասա: Առաջին անգամ էր, որ դեռ կեսգիշեր չեղած՝ Գևորգ վարժապետի դարբասի դուռը փակ գտա, նա չէր սիրում քնելուց առաջ դուռ փակել: Միշտ մեկը կարող էր իր տուն գալու կարիք ունենալ, և դուռը պետք է բաց լիներ:


Ի՞նչ էր կատարվում: Դժվարացա անմիջապես դուռը թակել, խոր հոգոց հանելով՝ կանգ առա: Կարծես դռան հետևում պահակ կար կանգնած՝ ուշադիր ամեն շշուկի: Դարբասի փոքր դուռը բացվեց: Վանեցի այրի տիկին Իսկուհին էր, որ թևիցս բռնելով ինձ ներս քաշեց և դուռը կրկին փակեց:
Բակում, տան դիմաց գտնվում էր Գևորգ վարժապետի օղու ու կոնյակի փոքրիկ գործարանը. իր ընդարձակ այգիներից էր նա օղի ու քիչ քանակությամբ (ոչ ծախու) կոնյակ ստանում: Գործարանում լույս էր վառվում: Ներս մտա տեսնելու ինչ էին անում: Եվ ի՜նչ տեսա…
Գործարանի համար Գևորգ վարժապետը տակառներով մազութ ուներ, լեցուն էր նաև պահեստի հորը: Այդ հորի վրա փայտ և ինչ-ինչ բաներ էին դարսել, իսկ փոքր տակառներով մազութը գլորելով տանում էին տան կից այգին ու թաքցնում խաղողի վազերի տակ: Ձյուն էր տեղում, և հետքեր չպիտի երևային:


Վիշտս ավելի խորացավ: Ի՞նչ վախ կար նոր իշխանության հանդեպ, որ մի տեղ ցորեն էին թաքցնում, այստեղ վառելանյութ ու թերևս ամբողջ Հայաստանում ինչ-որ բան էին թաքցնում: Եվ ինձ թվաց, թե մարդիկ ոչ միայն կենսական ապրանքներ, այլև իրենց հոգին էին թաքցնում. մարդը այլևս ինքը չէր լինելու:
Այլևս չկարողացա ինքս ինձ զսպել, լաց լինելով քաշվեցի սենյակս: Ոչ ոք ժամանակ չուներ ինձնով զբաղվելու: Կյանքումս երբեք այդպիսի գիշեր, այդպիսի ապրումներ չէի ունեցել: Կարծես ամբողջ աշխարհը կործանվել էր, միակ վերապրողը ես էի, որ չգիտեի ինչու և ինչպես պիտի ապրեի:

Երեք օր տնից դուրս չեկա, մարդու չտեսա: Չորրորդ օրը առավոտ կանուխ եկան երկու երիտասարդ կոմիսարներ՝ կաշվե կիսաբաճկոնով, ատրճանակները մեջքներին կապած ու պահանջեցին, որ հետևեմ իրենց: Կոմիսարներից մեկը Մոսկվայի Լազարյան ճեմարանի նախկին աշակերտ Պարզյանն էր՝ ինձ հետ ծանոթ Ռոստովից, որ ձև արեց, թե չի ճանաչում:
Ձերբակալված մեկի պես, երկու կողմից քայլելով ինձ տարան Խորհրդարանի շենք:
Գրասենյակում, նախկին հաշվապահի սեղանի մոտ նստած էր միշտ երիտասարդ Վ. Շահգելդյանը: Իր եղբայր Արամը, Ներսիսյան դպրոցում իմ աշակերտ եղած ժամանակ, ընկերս էր: Նրա միջոցով ծանոթ էի նաև եղբոր հետ: Գլուխը կախ, առանց դեմքիս նայելու առաջարկեց նստել, ինձ բերողներին ազատ արձակեց:
Սկսվեց յոթ պորտիցս ծայր առնող մի հարցաքննություն, ինչը բոլշևիկների համար պիտի դառնար սովորական երևույթ:


Պատասխանում էի անկեղծորեն: Թաքցնելու բան չունեի: Վերջապես հասավ բուն խնդրին:
-ՈՒրեմն, որպես պառլամենտի գործավար, Ձեր տրամադրության տակ պիտի լիներ նաև արխիվը, այնպես չէ՞:
-Ասենք թե այդպես է, հետո՞:
-Հետո այն, որ արխիվից պակասում են թիվ այս-այս թղթապանակները, որոնք Դուք պարտավոր եք մեզ հանձնել կամ ասել, թե ում եք հանձնել:
Հիշյալ թղթապանակներն ինձ հայտնի էին, դրանց մեջ գտնվում էին մայիսյան բոլշևիկյան խառնակությանը վերաբերող գրություններ:
-Լռու՞մ եք:
-Լռելու կարիք չունեմ, պատասխանս շատ հասկանալի է: Ձեր հարցաքննությունից պարզ է արդեն, որ մայիսի վերջերից սկսած ես հրավիրվել եմ այլ աշխատանքի, Խորհրդարանն իր գրասենյակով գրեթե փակ է եղել: Ես դեկտեմբերի 3-ին եմ Երևան եկել, երբ իշխանությունն արդեն ձեր ձեռքում էր:
-Դա արդարացում չէ:
-Բայց լսեք ինձ: Իշխանության փոխանցումը տեղի է ունեցել բարեկամաբար: Անշուշտ, նոր իշխանությունը պաշտոնապես է ստացել հիմնարկները և կազմել համապատասախան փաստաթուղթ: Այդպիսով, ստանալուց 4-5 օր անց բանալիներով իր ձեռքում գտնվող պահարաններից պակաս բաների համար նախկին գործավարից հաշիվ պահանջելը օրինական չէ: Ընդհակառակը, ստացողը կարող է պատասխանատվության կանչվել, եթե կորուստը կարևոր բան է:


-Օ՜, Դուք,- ձեռքը սեղանին խփելով, ոտքի ցատկեց կոմիսարը:
-ՈՒրի՞շ, ընկեր կոմիսար…
-Գնացե՛ք, գնացե՛ք, մենք դեռ կտեսնվենք:
Դուրս եկա Խորհրդարանից: Հետևող չեղավ, ազատ էի: Աբովյան փողոցի վրա, քիչ վերևում Դաշնակցության տունն էր: Դուռը բաց էր, ինձ անծանոթ մի երիտասարդ ու մի նորահաս աղջիկ դուրս էին գալիս շենքից:
Չկարողացա դիմադրել մեր Տուն մտնելու ցանկությանս: Վեր բարձրացա: Տեսա մի քանի պատանիների և օրիորդ Սաթո (Սաթենիկ) Հակոբյանին, որ Երևանի ՀՅ Դաշնակցության քարտուղարուհին էր: Օրը ցերեկով նա միջանցքի խորքում բացել էր մի աննկատ պահարան, այնտեղից հանում էր ատրճանակներ, հրացանների լրապարագաներ ու դանդաղ հանձնում ներկա պատանիներին, որոնք ստացածը պահելով վերարկուների տակ՝ գնում էին, անշուշտ, կանխավ նշանակված տեղեր թանկագին ավանդը տանելով:
-Ի՞նչ ես անում, Սաթո, իսկ եթե նրանցից մեկը ներս մտնի:


-Քանի չեն մտել, պետք է փրկել ինչ որ հնարավոր է: Դու այստեղ գործ չունես, հեռացի՛ր:
Հեռացա՝ հիանալով Սաթոյի սառնասրտության ու քաջության վրա:
Սաթոն երևանցի էր, օրիորդաց միջնակարգ դպրոցի շրջանավարտ, նաև դաշնակցական օրիորդաց խմբի ղեկավար: Այդ ժամանակ թեև ծանոթ, բայց մտերիմներ չէինք:
Աբովյան պողոտան առաջվա եռուզեռը չուներ, երևացողները հիմնականում օտար դեմքեր էին, ծանոթներն էլ քայլում էին գլխիկոր, անժպիտ, խուսափելով անգամ միմյանց բարևելուց:
Չարագուշակ լուր էր տարածվել քաղաքում, թե նոր իշխանության թույլտվությամբ արտասահման անցնելու համար ճամփա ելած հին կառավարության անդամները՝ վարչապետ Համո Օհանջանյանի հետ միասին, ձերբակալվել, բերվել են Երևան ու բանտարկվել: ՈՒրեմն, առանց ծանր հետևանքների չէր լինելու Հայաստանի խորհրդայնացումը:


Կրակմար էր հայտարարված, երեկոյան ժամը 7-8-ից հետո փողոց դուրս գալն արգելվել էր: (Այդ օրերի կյանքը ավելի հանգամանորեն ես նկարագրել եմ «Կարմիր օրեր» պատմվածքում, «Պահակի» հատորի մեջ և այդ պատճառով խուսափում եմ այստեղ կրկնելուց):
Պատերին փակցված ծանուցումներով բոլոր աշխատավորները հրավիրվում էին Աշխատանքի կոմիսարիատ՝ օրինականացվելու և պարենային քարտ ստանալու համար: Ես էլ ստիպված եղա ներկայանալ: Աշխատանքի կոմիսարն էր Աշ. Հ-յանը, որը նույն պաշտոնն ուներ նախորդ կառավարության ժամանակ Կարսում: Մենք ծանոթներ էինք:
Խորհրդարանն իր գրասենյակով լուծարքի էր ենթարկվել (իրենց խոսքերն են), ինչի հետևանքով պաշտոնյաներս ազատված էինք ու նոր աշխատանք պիտի գտնեինք:
Պաշտոնական գրությամբ ես անցա ընկեր Պզտիկյանի տրամադրության տակ, աշխատավայրս՝ Կոոպերատիվի գրասենյակ: Ես պիտի գործ ունենայի Անդրկովկասի բերքատվության վիճակագրության հետ, կատարելով քաղվածքներ ռուսերեն գրքերից՝ դրանք թարգմանելով հայերեն: Նույն գրասենյակում աշխատում էին նաև Դավիթ Անանունը, Ա-Դոն (նրանք կոոպերատիվի ամսաթերթի խմբագիրներն էին) և ուրիշներ: Ընկեր Պզտիկյանին մեկ անգամ միայն տեսա, որը եղավ աշխատանքիս հետ ինձ ծանոթացնելու առիթով:
Մի քանի օր անց փակեցին այդ գրասենյակը: Դ. Անանունին, Ա-Դոյին և ինձ փոխադրեցին ներքին գործերի նախարարության նախկին շենք, որը հատկացված էր զանազան հիմնարկների: Իմ անմիջական պետն այս անգամ եղավ Արսեն Եսայանը: Թե ո՞րն էր լինելու իմ գործը, որոշակիորեն չգիտեի: Իսկ առայժմ իմ տրամադրության տակ դրվեց մի մեծ պահարան, լեցուն այս ու այն հիմնարկների գրություններով, որոնք պիտի ջոկջկեի, դասավորեի ըստ հիմնարկների: Այդ շենքի գլխավոր կոմիսարն էր Ալեքսանդր Բեկզադյանը:
Կազմակերպվեցին համայնական աշխատանքի շաբաթօրյակներ, ունեցանք համեմատաբար խաղաղ ու զավեշտալի օրեր:


Մի օր աշխատանքից տուն գնալիս Աբովյանի վրա հանդիպեցի կրտսեր եղբորս՝ Արմենակ Ստամբոլցյանին: Անսահման եղավ ուրախությունս. նրան մենք համարում էինք Կարսում թուրքերի ձեռքը գերի ընկած, ինչպես ավագ եղբորս՝ Արշալույսին (Աշո), որ մեռավ գերության մեջ:
Արմենակը խուսափել էր գերությունից և թաքնվել Կարսի գյուղերում: Հաջողել էր Երևան գալ, ինձ գտնելու հույսով:
Տարա տուն: Գևորգ վարժապետի աննման ընտանիքը նրան էլ ընդունեց ու կերակրեց, ինչպես ուրիշ շատերի: Հաջորդ օրն իսկ եղբայրս ներկայացավ Աշխատանքի նախարարություն: Նշանակվեց 6-րդ համայնական, դեռ գոյություն չունեցող ճաշարանի կառավարիչ, թույլտվություն ստանալով մինչև իր ճաշարանի բացվելը (երրորդ հերթին հաճախ կերակուրը վերջացած) սնվել թիվ 1 ճաշարանում:
Թիվ 1 ճաշարանը Երևանի առաջնակարգ ճաշարանն էր, որ պատկանում էր Սաթո Հակոբյանի հորը և արդեն բռնագրավվել էր բոլշևիկների կողմից:


Մթնոլորտը գնալով ծանրանում էր: Աքսորվեցին հայոց բանակի սպաները, խստացան խուզարկություններն ու բռնագրավումները: Խաբեությամբ Երևան կանչվեց ու բանտարկվեց խմբապետ Համազասպը: Հրապարակից վերացան մի քանի հայտնի մարդիկ: Բաշ-Գառնին դարձավ թաքստոց խմբապետ Մարտիրոսի, Խնկոյի և այլոց համար:
Այդ օրերին տեղի ունեցավ չարագուշակ մի բան: Մեր հիմնարկի բոլոր աշխատողներին բաժանվեցին ռուսաց լեզվով, երևի ամբողջ Ռուսաստանի համար պատրաստված, յոթ պորտը ընդգրկող հարցարաններ, որոնք արդեն մի քանի անգամ լրացրել էինք: Այդտեղ կար նաև կուսակցական պատկանելության հարց:
Ես այդ հարցի դիմաց պատասխանեցի՝ դաշնակցական: Դավիթ Անանունը, կարդալով իմ հարցարանը, ասաց.
-Աղջի, ի՞նչ ես անում, Դաշնակցությունը լուծարքի է ենթարկվել…
-Պարոն Անանուն,- ասացի,- Ձեր՝ երբեք դաշնակցական չլինելը և իմ՝ դաշնակցական լինելը կարևոր չէ նրանց համար, վաղ թե ուշ մենք անցանկալի տարր ենք դառնալու նրանց համար: Ինչ լինելու է, թող շուտ լինի: Սիրում են անկեղծությունը, դաշնակցական եմ, Դաշնակցությունը լուծարված լինի, թե ոչ:
Ճիշտ այդ օրերին Ռուբեն Դաշտոյանի տուն ճաշի էին հրավիրված նոր իշխանության ակնառու դեմքեր: Ես էլ հրավիրվեցի ու գնացի, որպես տան բարեկամ: Հիշեմ այդ սեղանին մասնակցող մի քանի անձանց. Սերգեյ Մարտիկյան (շատ համակրելի մի հին բոլշևիկ), Ազատ Ազատյան, Բաքվից եկած մի նոր դեմք, կոմիսար Անտոն Անտոնյան, Դրաստամատ Տեր-Սիմոնյան, Վահան Երեմյան (Ներսիսյան դպրոցից ինձ ծանոթ), Աթարբեկյանի քույրը (կատաղի բոլշևիկ), տիկին Դաշտոյանի մերձավոր ընկերուհի դաշնակահարուհի Աբրահամյանը (դերասան Զարիֆյանի բարեկամուհին) և ուրիշներ:
Այս հավաքույթը մանրամասնորեն գրի է առնված իմ անձնական հուշերում. այստեղ զանց եմ առնում մանրամասները:


Ազատ Ազատյանը և Աթարբեկյանի քույրը լրբենի արտահայտություններ ունեցան դաշնակների հասցեին, իմ՝ իրենց շրջապատում ներկա լինելու առնչությամբ: Ես չկարողացա լռել: Իմ խոսքի մեջ կարևորն այն էր, թե այստեղ ներկաներից շատերը, ինչպես Ա. Ազատյանն ինքը, Վրաստանի, Ադրբեջանի հալածանքներից խուսափել, Հայաստան էին եկել, աշխատանքի նշանակվել այդ իսկ հրեշային «մաուզերիստ դաշնակներին» ապավինելով:
ՈՒզեցի հեռանալ, սակայն տիկին Դաշտոյանի խնդրանքով մնացի մինչև վերջ: Այլևս Դաշնակցության հասցեին խոսք չեղավ: Օր. Աբրահամյանը դաշնամուր նվագեց՝ փոխելով մթնոլորտը:
Դաշտոյանները չորս զավակ ունեին՝ երեք աղջիկ, մեկ տղա: Ափսո՜ս, երկու ավագ աղջիկները տառապում էին մտավոր տկարությամբ ու դպրոց չէին գնում: Օր. Աբրահամյանը դաշնամուրի դաս էր տալիս կրտսեր աղջկան:


Տուն գնացի գրգռված ջղերով: Վստահ էի, որ անհետևանք չէր մնա այդ օրը:
Երկրորդ օրը, հազիվ աշխատանքս սկսած, կանչվեցի գլխավոր կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանի մոտ: Աշխատանքի բերումով մենք համարյա չէինք շփվել նրա հետ:
Գրասենյակ մտնելով՝ տեսա Դաշտոյանի երեկվա հյուրերից կոմիսար Անտոն Անտոնյանին: Ինձ տեսնելով, առանց բարևելու, գնաց-նստեց մի ուրիշ սեղանի մոտ ու ձևացրեց, թե զբաղվում է ինչ-ինչ թղթերով: Գրասենյակում ուրիշ մեկը չկար:
Ա. Բեկզադյանը քաղաքավարությամբ ինձ առաջարկեց նստել: Նստեցի: Սեղանի վրա նկատեցի մի հարցարան: Հարցերից մեկն ընդգծված էր կարմիր մատիտով:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ