Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ազնավուրը՝ ամեն ինչի մասին

Ազնավուրը՝ ամեն ինչի մասին
09.11.2018 | 02:57

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Ռուսները ինքնավստահ են լեզվի հարցում, ամենուր և միշտ խոսում են ռուսերեն: Բոլոր հայերը չէ, որ խոսում են հայերեն: Ամերիկայում նրանք համարյա մոռացել են իրենց լեզուն: Ես իհարկե ինձ հայ եմ զգում, քանի որ ծնվել ու մեծացել եմ հայի ընտանիքում, բայց ինձ խորթ չէ նաև ռուսերենը, քանի որ մանկությունս անցել է ռուսախոս միջավայրում, որի համար շնորհակալ եմ ճակատագրին: Հայերենը, ռուսերենը, ֆրանսերենը թողել են իրենց անջնջելի հետքն իմ կյանքում, բայց ֆրանսերենը հաղթեց սկզբից ևեթ:

ՇԱԽՄԱՏԻ ՄԱՍԻՆ
Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է ընկերս՝ Միսաք Մանուշյանը, հայ բանաստեղծն ու պայքարի մարտիկը: Դրանից հետո այդ զբաղմունքն ինձ համար դարձավ մի իսկական կիրք: Մտքովս չէր անցնում, որ ուղղակի խաղամոլ եմ: Երբեք սպորտով չեմ զբաղվել, բայց շախմատը փոխարինեց բռնցքամարտին ու վազքին: Խաղում էի շատ, երբեմն նաև աշխատանքի հաշվին ու բեմ էի բարձրանում միայն հերթական շախմատային քայլն անելուց հետո, քանի որ խաղը կարևորում էի առավել, քան ինքս ինձ:

ՉԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ
Շատ բան կարող էի անել, որ չեմ արել և այլևս երբեք չեմ անի: Չի հաջողվել: Բայց դա ուղղակի արտիստի ափսոսանք է, ես ինձ ոչ մի բանում չեմ մեղադրում: Ես քաղցած եմ եղել կամ ապրել եմ շքեղության մեջ: Ամեն ինչ էլ պատահել է, ափսոսում եմ միայն բեմի վրա չարածիս համար:

ԷԴԻՏ ՊԻԱՖԻ ՄԱՍԻՆ
Նրա նմանները քիչ էին, նույնիսկ իմ երկարատև կենսագրականում: Ասում են, որ նա անհաշտ բնավորություն ուներ, մեծամիտ էր, իշխանատենչ: Բայց շատերը չեն հասկանում, որ հավակնել փառքի և ճանաչման դեռ չի նշանակում մեծամիտ լինել: Խոսում են թմրանյութերի, ներարկիչների մասին. անհեթեթություն է: Ես նրան լավ եմ ճանաչել, աշխատել եմ նրա հետ տարիներ շարունակ: Գուցե նա ապրում էր դեղահաբերով, բայց այդ ժամանակ բոլորն էին այդ եղանակով «բուժվում» կյանքից:

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քաղաքական գործիչները միշտ այն կարծիքին են եղել, որ ես՝ վտարանդիների ընտանիքում ծնված հայս, լավ ֆրանսիացի եմ: Իմ բոլոր նախագահներն ինձ վերաբերվել են հարազատի նման: Բոլորը կարևոր մարդիկ էին: Օրինակ, Պոմպիդուն Լարոսսի հինգ հատորի չափ գիտելիք ուներ, այնքան, որ նրա կողքին ես ինձ թերուս էի համարում: Ես այդ բարեկամությունը երբեք չեմ չարաշահել, այլ հպարտացել եմ դրանով:

ԾԻԾԱՂԻ ՄԱՍԻՆ
Պետք է ծիծաղել: Ամեն օր: Առանց բացառության; Աղաչում եմ ձեզ, ծիծաղեք ձեր և ուրիշների արածի և ասածի վրա: Ես ատում եմ բացարձակ լրջությունը, սիրում եմ երբեմն նաև հիմարություններ դուրս տալ: Չի կարելի խելամիտ կեցվածքով ապրել օրեր շարունակ, երբեմն պետք է ինքդ քեզ թույլ տաս լինել խենթ ու խելառ, ազատ՝ պարտավորություններից ու պայմանականություններից:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
Իմ հայրենիքը ֆրանսերենն է: Ես ապրում եմ այդ լեզվում, ես նրա քաղաքացին եմ: Ֆրանսերենն ինձ համար ամենից առաջ Ֆրանսիան է և իմ արվեստը: Ես չեմ կարող ապրել այնտեղ, որտեղ խոսում են օտար լեզվով:

ՓԱՐԻԶԻ ՄԱՍԻՆ
Սա այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ, հասակ առել ու հանրաճանաչ դարձել: Ես ոչինչ չեմ անում ինքս: Ես ստեղծված չեմ դրա համար: Տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հոգնում ծանր ֆիզիկական աշխատանքից: Խաղալիք չէ, ոչ էլ զվարճանք: Նման հոգնածությունն ինձ համար չէ: Ես միշտ այլ հոգնածություն եմ զգացել՝ մտավոր: Ես ինքս մտավորական չեմ, բայց իմ հոգնածությունը մտավոր է: Այդպես էլ է պատահում:

ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, ծաղրածուի մասնագիտությունը, ուրեմն թող բոլորը քեզ ճանաչեն: Թող խոսեն քո մասին, քննարկեն քո կեցվածքն ու պահվածքը, ընկերուհիներիդ: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ բոլորին ամեն ինչ հայտնի է դառնալու իր կյանքի մասին: Չէ՞ որ դու դա անում ես ոչ միայն հաց վաստակելու, այլ նաև նրա համար, որ մարդիկ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, քո փոքրիկ կյանքը նրանց համար հետաքրքիր դառնա:

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լրագրողներից մեկն անընդհատ գրում է իմ հրաժեշտի համերգների մասին: Ո՛չ, ես չեմ պատրաստվում հրաժեշտ տալու բեմին: Ես դրա հետ կապ չունեմ, չեմ պատրաստվում հրաժեշտ տալու իմ հանդիսատեսին: Միգուցե այդ լրագրողին դուր չի գալիս այն, ինչ ես եմ անում, և նա հույս ունի, որ ես կերգեմ իմ վերջին երգն ու վերջապես կլռեմ:


ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես թողեցի ծխելը ոչ այն պահին, երբ անհրաժեշտ էր: Հրաժարվեցի խմելուց միայն այն ժամանակ, երբ այլևս չէր կարելի շարունակել: Ես ուտում եմ իմ ափսեի մեջ եղածի կեսը միայն: Երբեք չեմ ավելացնում ուտելիքը, չեմ վերցնում կրկնակի: Ապրում եմ խաղաղ կյանքով ընտանիքիս հետ՝ առանց վեճերի և ողբերգությունների: Մտադիր եմ այդպես երկար ապրել:

ԲԱՌԱԽԱՂԻ ՄԱՍԻՆ
Ես բառերի հարուստ պաշար եմ կուտակել: Գուցե ամենահարուստն եմ նրանց շարքում, ովքեր զբաղվում են ֆրանսիական երգով: Կար Ժորժ Բրասենսը, որն իսկական պոետ էր հսկայական ու բարդ բառապաշարով, կային ուրիշները, իսկ ժամանակակիցները չունեն այն ֆրանսերենը, որը հատկանշական էր մեզ համար: Նրանք չունեն երգերի բառարան, չեն էլ ցանկանում ստեղծել: Իհարկե, այդպես էլ է կարելի: Ես սիրում եմ բառեր ստեղծել: Այնպես, որ շլացնես հանդիսատեսին: Եթե ֆրանսերեն ես երգում, պիտի կարողանաս առաջին հերթին ֆրանսիացուն զարմացնել քո ֆրանսերենով:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպե՞ս պետք է ապրի վտարանդին, օտարերկրացին Ֆրանսիայի նման երկրում: Պետք է սիրի անմոռաց սիրով այդ երկիրն ու ամուսնանա նրա հետ: Իսկ հետո այնպես, ինչպես լինում է սիրող զույգի կյանքում. սիրում ես քո կեսին ինքնամոռաց և նվաճում նրա հոգին նորանոր հաջողություններով: Չնայած թե՛ զույգերի, թե՛ երկրի կյանքում կարող են տարբեր բաներ պատահել…

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ինձ առաջվա նման դուր են գալիս գեղեցկուհիները, չէ՞ որ ես նկարիչ եմ: Պետք է գնահատել կանանց գեղեցկությունն ու հիանալ նրանցով: Բայց իմ կինն ամեն վայրկյան կարող է ինձ մոտ գալ՝ չմտահոգվելով, որ իմ գրկում կտեսնի ուրիշին: Ընտանեկան կյանքը շատ կարևոր է: Ես հավատարիմ եմ եղել իմ բոլոր կանանց և դավաճանել եմ իմ բոլոր սիրուհիներին:


Թարգմանությունը՝
Լիլիթ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ

Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ