USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Թրամփն Ալիևին անկյուն է քշում

Թրամփն Ալիևին անկյուն է քշում
09.11.2018 | 12:14

Ադրբեջանական Axar.az պորտալը հաղորդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների վերաբերյալ հայտարարել է. «Մենք պատժամիջոցները ճիշտ չենք համարում: Դա համաշխարհային հավասարակշռության խախտմանն ուղղված քայլ է և հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ուզում ապրել իմպերիալիստական աշխարհում»: Էրդողանի հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, որ «Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ է արել Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի ու Թուրքայի համար»: Անկարան Թեհրանից 10 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում ու չի պատրաստվում հրաժարվել գնումներից: Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկից հանել է «Հարավային գազային միջանցքը» (ՀԳՄ), որ նախատեսում է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու գազատարի շինարարություն, թեպետ Շահ Դենիզում, որ ՀԳՄ-ի մասն է, մասնաբաժին ունեն իրանական ու ռուսական ընկերությունները: Գուցե հենց այդ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի տարբերություն Էրդողանի, հրապարակավ ամերիկացիներին չի քննադատում: Այս տրենդը փորձագետները վերջերս են արձանագրել: Ալիևը օգոստոսի կեսին հանդիպեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիին Կասպիական համաժողովի շրջանակներում Ակտաուում: Իրանական Tasnim գործակալությունը այն ժամանակ հաղորդեց, որ Բաքուն իբր «դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները»: Սակայն ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը, մեկնաբանելով բանակցությունները, սահմանափակվեց հիշատակումով, որ «Ադրբեջանի ու Իրանի կապերը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական ու այլ ոլորտներում: Ընդգծվեց, որ մեր երկրների համատեղ տնտեսական նախագծերը լավ արդյունքներ են տալիս: Նշվեց, որ հաջողությամբ է իրականացվում համագործակցությունը էներգետիկ, տրանսպորտային ու ինֆրակառույցների ոլորտներում, նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում»: Նախկինում Ալիևն ավելի կատեգորիկ էր` հայտարարելով, որ «չի աջակցի Իրանի դեմ պատժամիջոցներին», քանի որ «դրանք չեն հանգեցնի խնդրի լուծմանը, այլ ընդամենը կստեղծեն ավելի մեծ լարում տարածաշրջանում»: Երկու երկրների սահմանը հազար կիլոմետրից ավելի է: Հիմա ամեն ինչ այլ է: Կարծես թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին անկյուն է քշում: Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարում են, որ փորձագետները նոր միայն սկսել են «համակողմանի ուսումնասիրել ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա»: Այդքան ու՞շ: Առայժմ այդ փորձագետները տեղեկատվության արտահոսք են տալիս: «Խոսելով այդ պատժամիջոցների ուղիղ ներգործությունից մեր տնտեսության վրա` ես առաջին հերթին նկատի ունեմ նախագծերը, որ Ադրբեջանն իրականացնում է Իրանի հետ,- ասել է տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին:- Դա գլխավորապես վերաբերում է ՙՀյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը, որի հիմնական հովանավորը Բաքուն է: Մենք արդեն այդ նախագծին 500 միլիոն դոլար ենք հատկացրել վերակառուցման ու նոր ճանապարհների կառուցման համար: Նախագիծը կարող է ապագայում տուժել ԱՄՆ պատժամիջոցներից: Որովհետև ԱՄՆ պատժամիջոցների հիմնական կետերից մեկը այլ պետությունների հետ Իրանի առևտրի զարգացմանը խոչընդոտներ ստեղծելն է: Պատժամիջոցները ուղղակի կապ ունեն «Մելի Իրան բանկին», որի մասնաճյուղը գործում է Ադրբեջանի տարածքում: Այդ բանկի աշխատանքը կարող է ընդհանրապես դադարեցվել: Բացի այդ` պատժամիջոցները կարող են վերաբերվել Նեֆտեչալի ավտոմոբիլային գործարանին, որի հիմնական նյութերը Իրանից են բերվում: Բաքուն ձգտելու է բոլոր հնարավորություններն օգտագործել` նորմալ հարաբերություններ պահպանելու Իրանի հետ, գոյություն ունեցող համագործակցությունը շարունակելու քայլեր գտնել: Չի կարելի մոռանալ, որ Իրանը մեր հարավային հարևանն է և որոշակի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, հատկապես մեր երկրի հարավային շրջանների: Կարծում եմ` Ադրբեջանի կառավարությունը կփորձի մինչև վերջ լավ հարաբերություններ պահել Իրանի հետ , իսկ երբ դա անհնար դառնա, մենք ամբողջոթւյամբ կմիանանք ԱՄՆ պատժամիջոցներին»:


«Պատժամիջոցների խստացումը Թեհրանի նկատմամբ լրջորեն կազդի գլխավորապես հարևան երկրների վրա: Ադրբեջանն ու Իրանի հարևան մյուս երկրները կարող են հայտնվել Թեհրանի ու Վաշինգտոնի արանքում,-հայտարարեց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Սուլհադին Աքպերը:- Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, Ադրբեջանը կպահպանի Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, այլապես ամերիկացիները կորոշեն մեզ պատժել: Պետք չէ մոռանալ, որ Իրանի բնակչության 43% էթնիկ ադրբեջանցիներ են: Իրանի քաղաքական, ռազմական, մշակութային էլիտայում ադրբեջանցիենրը կարևոր դիրքեր ունեն: Որոշ ժամանակ անց մենք, գուցե, ականատեսը դառնանք Իրանի ու ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ՙթաքնված» պատերազմների` կիբեռպատերազմ, ֆինանսատնտեսական, տեղեկատվական և այլն: Եվ այդ պահին Ադրբեջանից կարող են պահանջել ընտրություն կատարել: Այդ դեպքում Բաքուն բարդ իրավիճակում է հայտնվելու:

Առայժմ Բաքուն դեռ մանևրի հնարավորություններ ունի, բայց եթե սկսվի «թաքնված» պատերազմ, Վաշինգտոնը չկարողանա պայմանավորվել Մոսկվայի հետ, մենք հարկադրված կլինենք խմբագրել մեր դիրքորոշումը: Մի կողմում կլինեն ԱՄՆ-ը, Իսրայելը, Պարսից ծոցի երկրները, մյուս կողմում` Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը»: Դատելով` տեղեկատվական տարածքի տրենդներից` Ադրբեջանը կարող է նշանակալից չափով հեռանալ Թուրքիա-Ռուսաստան-Իրան ալյանսից ու դառնալ Անդրկովկասում Իրանի դեմ դիմակայության գլխավոր էպիկենտրոնը: Նույնիսկ իրավիճակի հպանցիկ վերլուծությունը բազում եզրակացությունների է մղում: Նախևառաջ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կայուն են ու տևական: Խնդիրը միջուկային ծրագրի նոր համաձայնագիր կնքելու Թեհրանի համաձայնությունը ստանալն է կամ Իրանում քաղաքական վարչակարգի փոփոխության հասցնելը: Բաքվում հիանալի հասկանում են ռիսկերը, որ հեղափոխությունը Թեհրանում, ինչպես գրում է ադրբեջանցի փորձագետներից մեկը «հազիվ թե թավշե ու անարյուն լինի» ու «ամբողջ տարածաշրջանի համար կդառնա աշխարհաքաղաքական փոթորիկ»: ԱՄՆ-ին արդեն հաջողվել է Անկարային ՙկապել» Սիրիայում, նախաձեռնել փախստականների զանգվածային ներհոսք Թուրքիա, հիմա թուրքերի դեմ խաղարկվում է քրդական խաղաքարտը: Ճիշտ նույն կերպ Վաշինգտոնը կկապի Ադրբեջանին Իրանին` սադրելով միլիոնավոր փախստականների ընդունել: Իրանի մասնատման դեպքում կխաղարկվեն և ադրբեջանական, և հայկական խաղաքարտերը: Դա ակնհայտ է, ու ադրբեջանցի փորձագետներն էլ սպեկուլյացիա չեն համարում: Օրինակ` այդ մասին բացահայտ ասում է Աքպերը` ակնարկելով տարածաշրջանում ռազմական գործողությունների հնարավորությունն Իրանի դեմ, որ անդառնալի գործընթացներ կսկսի: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ Բաքուն հայտնվել է որակապես նոր աշխարհաքաղաքական դասավորության մեջ, երբ աջ էլ գնաս, ձախ էլ գնաս, կորցնելու ես: Գուցե ամեն ինչ: Բայց կարելի է և ամերիկացիների հետ չլինել: Եթե, իհարկե, պետականությունը պահպանելու ցանկություն կա:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Եվ ինչու՞ են ռուսներն այսքան հոռետես: Ինչու՞ են այդքան հեշտությամբ ՙմասնատում» երկրները, որոնց հետ սերտ հարաբերություններ ունեն: Իրանի դեմ պատերազմը սկսվեց, իշխանությունը փոխվեց, Ադրբեջանը փախստականներով լցվեց, ինքն է մասնատվեց` աշխարհի վերջն է: Ամբողջ խնդիրը Բաքվին Մոսկվային կապելն է` Վաշինգտոնով վախեցնելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2443

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao