Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Էմանուել Մակրոն. Մեզ պետք է եվրոպական բանակ

Էմանուել Մակրոն. Մեզ պետք է եվրոպական բանակ
10.11.2018 | 12:27

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիների պաշտպանության համար պետք է ստեղծվի եվրոպական բանակ: Առաջին աշխարհամարտի ճակատամարտերի հետքերով իր ուղևորության ժամանակ` ելույթ ունենալով Վերդենում, Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը ցույց է տվել Եվրոպայի անվտանգությանը սպառնալիք դառնալու իր կարողությունը և Եվրոպան պետք է այդ սպառնալիքից ինքնուրույն պաշտպանվի: Մինչ այդ Մակրոնն առաջարկում էր ստեղծել եվրոպական զինված ուժեր ճգնաժամային իրավիճակների համար: Նրա կարծիքով, որ կիսում են Բրյուսելի եվրապաշտոնյաները, ՆԱՏՕ-ին զուգահեռ կառույցն անհրաժեշտ է ալյանսի նկատմամբ ԱՄՆ-ի անվստահության ու Մեծ Բրիտանիայի ԵՄ-իդ դուրս գալու համապատկերում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցել է այդ ուժերի ստեղծմանը, բայց հայտարարել, որ նրանք պետք է դառնան պաշտպանության ոլորտում համագործակցության ծրագրի մաս: Բրիտանիան կողմ է մայրցամաքում միացյալ ուժերի ստեղծմանը, բայց դեմ է եվրոպական բանակին` զգուշանալով ՆԱՏՕ-ին զուգահեռ կառույցից: Նախկինում Բրիտանիայի կառավարությունը կտրուկ քննադատում էր համաեվրոպական բանակի ստեղծման գաղափարը:


Ֆրանսիայի նախագահը քանիցս զգուշացրել է, որ եվրոպացիներն այլևս չեն կարող պաշտպանության առումով հույս դնել ԱՄՆ-ի վրա: Վերդենում նա նորից է անդրադարձել այդ թեմային` ի պատասխան Դոնալդ Թրամփի` Եվրոպայում հրթիռային համակարգերի սահմանափակման 1987-ի համաձայնագրից դուրս գալու: «Մենք պետք է պաշտպանենք մեզ` նկատի ունենալով Չինաստանին, Ռուսաստանին ու նույնիսկ ԱՄՆ-ին»` հայտարարել է Ֆրանսիայի նախագահը` Europe-1 ռադիոկայանի եթերում: «Ո՞վ է դառնում գլխավոր զոհը: Եվրոպան ու Եվրոպայի անվտանգությունը: Ես ուզում եմ անվտանգության հարցով իրական երկխոսություն սկսել է Ռուսաստանի հետ` երկիր, որին ես հարգում եմ` եվրոպական երկիր: Մեզ պետք է Եվրոպա, որ ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իրեն` ամբողջ հույսն ԱՄՆ-ի վրա չդնելով»` ասել է Մակրոնը:
ВВС-ի ռազմական մեկնաբան Ջոնաթան Մարկուսը գտնում է, որ եվրոպական երկրները քաղաքական կամք կամ տնտեսական ռեսուրսներ չունեն Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը փոխարինող ռազմական կառույցի ստեղծման համար: Ռազմական վտանգի դեպքում զորքեր ստեղծելու որոշումը յուրաքանչյուր եվրոպական պետության ինքնիշխան իրավունքն է: Գոյություն չունեն «ՆԱՏՕ-ի բանակներ»` դաշինքի ուժերը կազմված են ազգային առանձին ստորաբաժանումներից, որ համատեղ գործողությունների են վարժվում: Նախագահ Մակրոնի` պաշտպանության մեջ եվրոպացիների դերն ուժեղացնելու կոչը բացատրվում է 2 պատճառով` եվրոպական ինտեգրման գաղափարին նրա աջակցությամբ և վախով այն ամենից, ինչ անում է Թրամփի վարչակազմը արտաքին քաղաքականության մեջ: Բայց ի զորու՞ է Եվրոպան միայնակ դիմակայել Ռուսաստանին: Եվ ի՞նչ անել Չինաստանի առավել երկարաժամկետ սպառնալիքի դեմ: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խնդրահարույց են, բայց կարող են դառնալ չափազանց կարևոր:


Անցած շաբաթ Մակրոնը խոսել է «ազգայնականության բորոտության» վտանգի մասին, որ սպառնում է կուլ տալ ամբողջ աշխարհը` հայտարարելով, որ ապշած է` որքան նման է ներկա ժամանակը առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների միջակայքին: Europe-1 –ին հարցազրույցում Մակրոնը զգուշացնում էր, որ եվրոպացիները չեն ընդունում ուլտրա-լիբերալ Եվրոպային, որ մերժում է միջին դասի արժանապատիվ ապրելու իրավունքը: Նա խոսում էր Եվրոպայի մասին, որտեղ ուժեղանում են մասնատման գործընթացները և իբրև օտարման օրինակ նշեց բրեկզիտը: Նախագահ Մակրոնի հակառակորդները նրան մեղադրում են իրականությունից կտրվածության և իրական առօրյա խնդիրները չըմբռնելու մեջ, որոնց բախվում են ֆրանսիացի ընտրողները, և կոչ են անում համազգային բողոքների ընդդեմ ավտովառելիքի ակցիզների բարձրացման, որ նշանակված է նոյեմբերի 17-ին: 2019-ի մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ հասարակական կարծիքի վերջին հարցումներով առաջին անգամ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը վարկանիշով մոտեցել է ծայրահեղ աջ «Ազգային ճակատին»:
ВВС


Հ.Գ. Տարբեր լրատվամիջոցներ կարող են Էմանուել Մակրոնի ելույթներն ու հայտարարությունները կապել որոշակի իրադարձությունների հետ ու համարել իրադարձային, իրականում բոլոր ելույթներն ու հայտարարությունները մեկ ամբողջություն են և բխում են նրա նախընտրական ծրագրից: «Հեղափոխություն» գրքում, որ գրվել է նախքան Ֆրանսիայում նախագահական ընտրությունները, Մակրոնը գրել է. «Հոգ տանել Ֆրանսիայի մասին` նշանակում է պայքարել այն ամենի դեմ, ինչը մեր երկիրը պառակտում է, պարփակում սեփական կաղապարի մեջ, մեզ ենթարկում քաղաքացիական պատերազմի վտանգին: Դա նաև նշանակում է պաշտպանել խղճի ազատությունը, ունենալ միասնական մշակույթ, ձևավորել պահանջկոտ ու բարեհոգի ազգ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan