Ջեյմի Դեվիս
 

ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը հանգիստ չեն թողնում Իրանը

ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը հանգիստ չեն թողնում Իրանը
13.11.2018 | 01:42

(Նախորդ մասը)

Ըստ IRNA գործակալության, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Զարիֆը քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել ադրբեջանա-իրանական տնտեսական հարաբերությունների, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու հարցերի մասին: Թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ ևս Իրանի ԱԳ նախարարը քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր: IRNA-ն շարունակում է. «Իրանական դիվանագիտության ղեկավարը հայտարարեց, որ Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան բախվում են ընդհանուր մարտահրավերների, որոնք կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Նա նաև հույս հայտնեց, որ Սիրիայի, Պաղեստինի ու Եմենի ճգնաժամերը կլուծվեն խաղաղ միջոցներով: «Մենք կարծիքներ փոխանակեցինք բանկային ոլորտում համագործակցությունն ուժեղացնելու և ազգային արժույթն օգտագործելու վերաբերյալ, որպեսզի զարգացնենք տարածաշրջանային հարաբերությունները և ապահովենք անվտանգությունն օտարերկրյա միջամտությունից»,- ամփոփեց Զարիֆը»:

Համոզված ենք, որ իրանական ԶԼՄ-ների տվյալներին ծանոթանալուց հետո Հայաստանում կամ այլ երկրներում որևէ մեկը Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումը չի բնութագրի որպես «դիտավորյալ հակահայկական» կամ «հակաղարաբաղյան համաժողով»: Հստակ նկատելի է, որ Իրանը շարունակում է հարևան իսլամական երկրների վրա ճնշում գործադրել մուսուլմանական աշխարհի ներսում հակամարտությունների շուրջ միասնական դիրքորոշում պարտադրելու նպատակով: Այսինքն, անկասկած, խոսքն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ համախմբված պայքարի մասին է, և Սիրիան, Պաղեստինն ու Եմենը հազիվ թե ինչ-որ կապ ունեն Հարավային Կովկասի հակամարտությունների հետ:


Ինչու այս անգամ մենք չհիշատակեցինք Սաուդյան Արաբիան, որի մասնակցությունը զանազան ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորմանը, մասնավորապես Իրաքում, Եմենում և Սիրիայում, վաղուց է հայտնի: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին արաբալեզու Alkhaleej Online լրատվացանցը հանկարծակի հաղորդեց, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը «մի քանի շաբաթ առաջ գաղտնի կապեր է հաստատել Իրանի հետ՝ քաղաքական ըմբռնման հասնելու համար»: Լրատվամիջոցը մեջբերում է Էր Ռիադի բարձրաստիճան աղբյուրի խոսքն այն մասին, թե Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև գաղտնի շփումներ կան հակասությունները կարգավորելու և քաղաքական պայմանավորվածությունների համար: Ըստ աղբյուրի, ալ Ջուբեյրի հեռախոսազանգերի նպատակն է եղել «տարածաշրջանային մի շարք խնդիրների, հատկապես Եմենի ճգնաժամի» շուրջ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև փոխըմբռնման հասնելը: Շփումներն ընթանում են այն պահին, երբ Սաուդյան Արաբիան, 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, բախվում է միջազգային հանրության ամենամեծ ճնշմանը՝ այս ամսվա սկզբին խոստովանելով Ստամբուլի իրենց հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունը: Հիշեցնենք, որ նախորդ դարի 90-ականների կեսերին սաուդցիները նույնիսկ միջնորդ էին ԱՄՆ-ի և Իրանի գաղտնի բանակցություններում: Բայց Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց այն բանից հետո, երբ ցուցարարները գրոհեցին Թեհրանում նրա դեսպանության վրա՝ բողոքելով շիա հոգևորական, շեյխ Նիմր ալ Նիմրի Էր Ռիադի դատաստանի դեմ: Ավելին, ժամանակ առ ժամանակ սաուդցիները ԱՄՆ-ին և Իսրայելին համարյա թե կոչ էին անում պատերազմ սկսելու Իրանի դեմ և նույնիսկ Իրանի դեմ ինչ-որ «արաբական ՆԱՏՕ» գլխավորելու պատրաստակամություն էին հայտնում: Իսկ հոկտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության հայտարարության մեջ Իրանի հատուկ նշանակության ուժերի հրամանատարներ, գեներալներ Կասեմ Սոլեյմանին, Համեդ Աբդոլահին և Աբդուլ Ռեզա Շահլաին ընդգրկվել են ահաբեկիչների՝ սաուդցիների կազմած ցուցակում: Դրան ի պատասխան Իրանի խորհրդարանի միջազգային գործերով տնօրեն Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը և այլ պաշտոնյաներ դա անվանեցին «լրագրող Ջամալ Հաշոգիի նկատմամբ Սաուդյան Արաբիայի հատուկ խմբի կատարած հրեշավոր հանցագործությունից ուշադրությունը շեղելու միջոց»: Թեհրանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել. վերջին 10-15 տարում Իրանի իշխանությունները և հոգևոր պետերը բազմիցս են առաջ քաշել այն հարցը, որ Մուսուլմանական ումման պետք է պահանջի Սաուդյան Արաբիայից, որ նա համաձայնի հաջի (Մեքքա և Մեդինա ուխտագնացության) ղեկավարման բարեփոխմանը: Դա նշանակում է, որ Իրանը պահանջում է սաուդցիներին զրկել աշխարհի մուսուլմանների սրբազան քաղաքներ Մեքքա և Մեդինա ուխտագնացության կառավարման մենաշնորհից:

Իրանցիների ամենալուրջ մեղադրանքն այն էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն ապահովում ուխտագնացների պատշաճ անվտանգությունը և սերտորեն համագործակցում էին Իսրայելի հատուկ ծառայությունների հետ, երբ ուխտագնացության ժամանած իրանցի պաշտոնյաները և զինվորականները անհետանում էին, այսինքն առևանգվում էին և տարվում էին անհայտ ուղղությամբ: Եվ Թեհրանը համոզված է, որ իր քաղաքացիներին առևանգում էր հենց Իսրայելը հենց Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության աջակցությամբ:
Բայց երևի Էր Ռիադի վրա գործադրած ճնշումը, իբր լրագրող Հաշոգիի սպանության պատճառով, կամ իրական լծակ է, որպեսզի Սաուդյան Արաբիան (ՍԱ) «կտրվի» ԱՄՆ-ից և Իսրայելից, կամ էլ ինչ-որ անհասկանալի բան է, բազմաքայլ խաղի հետքեր: Իսկ նախարար ալ Ջուբեյրի հեռախոսազանգերը՝ փոքրիկ ծուղակ Իրանի համար: Չէ՞ որ ՍԱ-ի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը՝ Իրանի դեմ «ԱՄՆ-Իսրայելի խնամակալությամբ համաարաբական պատերազմի» գլխավոր նախաձեռնողը, առայժմ լռում է, դեպի Իրան հաշտության բնույթի որևէ քայլ կամ հայտարարություն չի անում: Ընդ որում, բազմաթիվ ԶԼՄ-ներ, առաջին հերթին՝ ամերիկյան, թուրքական ու եվրոպական, շնչակտուր լինելով գրում են, թե Հաշոգիի սպանությունն առիթ դարձավ, որ Վաշինգտոնն ու Անկարան սկսեցին ճնշում գործադրել թագաժառանգի վրա, որն իր հիվանդ հոր՝ 82-ամյա թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդի փոխարեն երկրի փաստացի կառավարողն է, նրանից ինչ-որ «զիջումներ» ստանալու համար: Ընդ որում, հիշատակվում է և ինչ-որ զիջում Սիրիայում: Իբր թագաժառանգ Մուհամեդը «գաղտնի կերպով սիրիացի քրդերին աջակցում է Եփրատի արևելյան ափին, որտեղ պահպանվում է «Սիրիական Քրդստան» ստեղծելու տեսական հնարավորություն»: Մեր կարծիքով, Սիրիայի այսօրվա իրավիճակն առանձին ուսումնասիրության է արժանի, որովհետև Թուրքիան տապալել է այն բոլոր ժամկետները, որոնք նրա համար սահմանել էին Ռուսաստանն ու Իրանը Իդլիբի ապառազմականացված գոտում: Իսկ Իրանն իր հատուկ նշանակության ուժերի համար վեց հենակետ ստեղծելու իրավունք է ստացել, ինչն էլ այն թեժ թեմաներից է, որը թուրքերի հետ քննարկելու համար Ստամբուլ էր ժամանել ԻԻՀ արտգործնախարար Զարիֆը: Սակայն Սիրիայից վերադառնանք Իրանին: ՍԱ-ն, ավելի ճիշտ՝ թագաժառանգ Մուհամեդը, հիանալի գիտակցում է, որ իրանա-սաուդյան կապերի դրական նվազագույն փոփոխությունների համար ինչ-որ էական զիջումների պետք է գնա Սիրիայի հարցում: Դիցուք՝ Էր Ռիադում «սիրիական ընդդիմության» կենտրոնների փակում և նույնիսկ «սիրիացիների ռիադյան խմբի» գործիչների արտաքսում: Համաձայնենք, որ ՍԱ-ի համար կա մեկ այլընտրանք՝ ճանաչել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին (թեկուզ գաղտնի) և հակաահաբեկչական պայքարում միանալ Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա դաշինքին: Բայց ոչ մի նախադրյալ չկա, որ թագաժառանգը պատրաստ է այդպիսի հեղափոխական փոփոխության և ԱՄՆ-Իսրայելից հեռանալուն:


Եվ ահա հոկտեմբերի 31-ին «բացվեց» Պենտագոնի ղեկավար, գեներալ Ջեյմս Մեթիսի ձայնը, որի շուտափույթ հրաժարականն էր կանխագուշակվում վերջերս, երևի հենց այն պատճառով, որ ամերիկացի զինվորականներն ի վիճակի չեն բեկման հասնելու Իրաքում և Սիրիայում: Այնտեղ Իրանի դիրքերը չեն թուլանում. օրինակ, նույնիսկ Իրաքի նոր վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդի ալ Մունտաֆիկին, որին Արևմուտքում և Իսրայելում ողջունում էին համարյա թե որպես իրենց ամերիկամետ դրածոյի, հոկտեմբերի 28-ին ինքը զանգեց Թեհրան և զրուցեց Իրանի առաջին փոխնախագահ Էսհագ Ջահանգիրի հետ: Մունտաֆիկին նշեց, որ Իրաքն Իրանին առաջընթաց է ցանկանում, քանի որ «Իրանի առաջընթացն Իրաքի առաջընթացն է»։ Նա հավելեց, որ Թեհրանի և Բաղդադի հետագա խորհրդակցությունները կարող են նպաստել երկու երկրների համագործակցության զարգացմանը տարածաշրջանային և պաշտպանության բնագավառներում։ Իսկ Սիրիայի մասին էլ խոսք չկա ասելու։ Այնպես որ գեներալ Մեթիսին պաշտոնաթող անելու համար նախագահ Թրամփն ավելի քան բավարար հիմքեր ունի։ Մեթիսը հայտարարել է. «Սիրիայում գտնվելն ու կռվելն Իրանի քաղաքացիների համար անիմաստ է։ Դա ոչինչ չի տա, նրանք անտեղի մեծ միջոցներ են ծախսում, փոխանակ իրենց ժողովրդին օգնելու... Իրանի իշխանությունները չէին մասնակցի այդ հակամարտությանը, եթե հոգ տանեին իրենց երկրի ժողովրդի մասին... Սիրիայի հակամարտությանը մասնակցելը չի բխում Իրանի շահերից»։ Եվ այստեղ հիշենք Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Բահրամ Կասեմիի խոսքը, որ «ԱՄՆ-ը, կիրառելով տնտեսական ահաբեկչություն և ապօրինի պատժամիջոցներ, ուզում է թաքցնել Իրանի ժողովրդի նկատմամբ գործած իր հանցագործությունները, որպեսզի պատրվակ գտնի և հող նախապատրաստի Իրանի ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմ սկսելու համար»։ Եթե ԱՄՆ-ն այդքան մտածում է «Իրանի ժողովրդին օգնելու մասին», ապա դուրս չէր գա միջուկային գործարքից և Իրանի դեմ պատժամիջոցների նոր փուլ չէր սկսի, արգելելով անգամ դեղամիջոցների մատակարարումը ԻԻՀ։ Եվ ինչու՞ սիրիա-թուրքական սահմանի մոտակայքում` Սիրիայի Իդլիբ նահանգում, վեց հենակետ ստանալը չէր բխում Իրանի և Իրանի ժողովրդի շահերից, եթե այդ շահերից է նախ և առաջ անվտանգության ապահովումը` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ զուտ ներիրանական։
Մի խոսքով, Մեթիսը չի գիտակցում, թե որն է Իրանի շահը։ Երևի չգիտի կամ չի ուզում հաշվի առնել, որ այս տարվա մայիսին Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարությունները պայմանագիր են ստորագրել ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու մասին։ Այդ համաձայնագիրը ենթադրում է իրանցի զինվորական խորհրդականների ներկայության պահպանում։ Իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մշտապես հայտարարել է, որ «ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է Մերձավոր Արևելքում կայունության խարխլմանը և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու միջոցով Սիրիայում հակամարտության ձգձգմանը»։ Ըստ նրա, Դամասկոսի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքները պահանջում են Սիրիայի, Իրանի և նրանց դաշնակիցների համագործակցության ուժեղացում։ Եվ լավ կլիներ, որ գեներալ Մեթիսը և ընդհանրապես ցանկացած ամերիկացի, որը կարող է Մեթիսին փոխարինել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, չմոռանան 2018-ի դեկտեմբերի 27-ին Ստամբուլում Պուտինի ասածն այն մասին, որ «առանց Իրանի այդ խնդիրը (Սիրիայի) չի կարող արդյունավետ լինել»։


Եվ արդեն հոկտեմբերի 31-ին Սիրիայի գծով ՄԱԿ-ի դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան ուզում է հանդիպել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի, որպես Աստանայի խաղաղ բանակցությունների երաշխավորների, ղեկավարության հետ, հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը։ Իսկ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոուն հայտարարեց, որ իր երկիրը հավատարիմ է մնալու Իրանի հետ «միջուկային գործարքին»։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին կապերի կոմիտեի նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեն հայտարարեց, որ եվրոպացիներն Իրանի հետ համագործակցելու մեծ վճռականություն դրսևորեցին, բայց դա անելու նրանց ունակությունն առաջվա պես հարցականի տակ է. «Եվրոպացիները համարում են, որ եթե իրենք բացասաբար արձագանքեն իրանցիների մասնակցությանը, ապա Իրանի ու Եվրոպայի հարաբերությունները կմտնեն բարդ մթնոլորտ, որը ոչ մի օգուտ չի բերի իրենց»։ Ֆալահաթփիշեն նաև ասաց, որ եվրոպական երկրներն Իրանը դիտարկում են որպես «կայունության կղզի Մերձավոր Արևելքում», ինչը կարող է կանխել տարածաշրջանի իրադրության վատացումը։


Իսկ Իրանը ևս մեկ անգամ նետվեց Պակիստան` արդեն արտգործնախարար Զարիֆի մակարդակով։ Այնուամենայնիվ, 14 առևանգված աշխարհազորայինների ճակատագիրը լուրջ առիթ է Հարավային Ասիայում կարգուկանոն հաստատելու համար, մանավանդ որ Իրանը սովոր չէ յուրայիններին բախտի քմահաճույքին թողնելու։ Այցի ընթացքում Զարիֆը վերահսկելու է այն միջոցառումները, որոնք Պակիստանի կառավարությունը կնախաձեռնի իրանցի սահմանապահների և աշխարհազորայինների անվտանգությունն ու ազատումն ապահովելու համար։


Թե ինչը և ինչպես կզարգանա նոյեմբերի 4-ից հետո, որը Վաշինգտոնը նշել է որպես հակաիրանական պատժամիջոցների նոր փուլի պաշտոնական սկիզբ, ավելի լավ է առայժմ չդիտարկել։ Համենայն դեպս, մինչև այդ ժամկետը ամերիկացիների և իսրայելցիների հաշվեկշիռը բացասական է։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ իսրայելական այն ինքնաթիռը, որը հոկտեմբերի 28-ին վայրէջք էր կատարել Իսլամաբադում, կապ ունի առևանգված իրանցիների հետ, ենթադրենք դրանով նրանց տարել են Իսրայել, ինչը կմատնի նաև 14 իրանցիների առևանգման պատվիրատուին, ապա իրադարձությունները կզարգանան վատ կանխատեսելի ուղղությամբ։ Սակայն հաստատ ոչ հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի. հատուցման հարվածներ կլինեն, և նրանց ուղղությունն աշխարհի ոչ մի հետախուզություն չի կարող նախօրոք կռահել։ Եվ կարող է «պայթել» Վաշինգտոնի ու Թել Ավիվի համար ամենաանսպասելի քաղաքներում կամ երկրներում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan