«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ընդդիմություն լինելն ավելի հեշտ է, քան իշխանություն

Ընդդիմություն լինելն ավելի հեշտ է, քան իշխանություն
13.11.2018 | 02:00

2017-ին, երբ Հայաստանում ՀՀԿ-ի անդամատոմսը դեռ «պատ էր ծակում», մի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երկրում գործազրկության մասին, հարցադրում արեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն գյուղում, որտեղ շողում է նույն արևը, գալիս նույն կարկուտը, փչում նույն քամին և այլն, մեկը չափազանց հարուստ է, մեկը՝ չափազանց աղքատ։ Հարցը հռետորական էր. Սերժ Սարգսյանը դրանով ցանկանում էր շեշտել, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է նաև երկրի քաղաքացին, որը միայն պահանջում է:


Թե այդ հայտարարությունից հետո որքան հայհոյանք ու անեծք տեղաց Սերժ Սարգսյանի գլխին, միայն Աստծուն է հայտնի, ժողովուրդը հստակ չգիտի: Բայց, ա՛յ, ժողովուրդը հստակ գիտի, թե դրանից հետո Հայաստանի երրորդ հանրապետության, թերևս ամենահամբավավոր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից, մամուլի ակումբներում ու հատկապես իրեն պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում որքան է անարգանքի սյունին գամել Ազատի որդի Սերժին։


Փաշինյանը պնդում էր, որ նման հայտարարությունն ուղղակի աբսուրդ է, քաղաքական ոտաբոբիկություն, ծաղրուծանակ` ժողովրդի հանդեպ, որովհետև երկրում աշխատելու ոչ մի արժանապատիվ միջոց չի մնացել, բիզնես ոլորտն էլ մենաշնորհային է: Անկեղծ լինենք, Փաշինյանը ճիշտ էր, իսկ Սարգսյանը, դեռ այդ ժամանակ` սխալ:
Հոկտեմբերի 9-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում աշխատատեղերի մասին, արեց մի շարք հայտարարություններ։
Մասնավորապես` 800 հազար հայերի, գրական հայերենով հորդորեց «իջնել» 350 հազար հայերի ուսերից ու աշխատել. եղբայր, վեր կացեք աշխատեք, ասացին «Իջևան մոլորակից իջած փրկչի» շուրթերը։ Եթե հաշվի չառնենք, որ Հայաստանում գրանցված աշխատող հարկատուների թիվը ոչ թե 350 հազար է, այլ 500 հազար, վատ բան չասաց, արտառոց ոչինչ չկա, երբ երկրի առաջնորդն իր քաղաքացիներին հորդորում է աշխատել: Ճիշտ է, այս տեսակ թվաբանությունն անուղղակիորեն հիշեցնում է Արարատի մարզպետի հանրահայտ հաշվարկները, բայց ոչինչ, երևի այսօրվա համար է ասված` նմանն զնմանն գտանէ:
Ինչպես տեսանք, նույն բանը ժամանակին ասում էր նախագահական Հայաստանի վերջին նախագահ ու պառլամենտական Հայաստանի առաջին վարչապետ Սերժ Սարգսյանը, ինչի համար Փաշինյանը նրան գաղափարապես անկյուն էր կանգնեցրել, բայց հիմա ինքը նույն բանն է անում, ընդ որում, Նիկոլի երկիրն, ըստ էության, չի տարբերվում, կամ շատ քիչ է տարբերվում Սերժի երկրից, այդ տարբերություններն էլ, երևի, փնտրենք «ասֆալտ սիրող» ամբաստանյալների և քաղաքացիների «հպարտության ու դուխի» կտրուկ աճի մեջ։
Ինչևէ, անդրադառնանք Փաշինյանի ելույթին, որը դիտելուց հետո միանգամից երկու բան մտածեցի. կամ մարդն ընդունակ չէ, կամ ձեռք է առնում, թեպետ, մտածում եմ, որ երկուսն էլ ճիշտ է, որովհետև միայն անընդունակ հումորիստը կարող է նման հայտարարություն անել: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կես տարի առաջվա հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներն այսօր դարձան այս աստիճանի ծույլ ու անգործունյա, այն ժամանակ աշխատում էին, հիմա` ո՞չ, ո՞րն է պատճառը: Ինչպե՞ս կարելի է մոտ մեկ միլիոն մարդու աշխատանքի ու դրանից բխող սոցիալական ապահովումը տեսնել սար ու դաշտից հավաքվող մոշի, ելակի ու, իր ասած, սինդրիկի մեջ, այն էլ` տարվա այս եղանակին: Ասենք, տիար Փաշինյանը կարո՞ղ է այս սեզոնին իր նշած բույսերից ու հատապտուղներից որևէ մեկը գտնել անտառում:
Սերժ Սարգսյանն այս տարվա ապրիլ ամսին պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանը դասեր չի քաղել մարտի 1-ից: Չգիտեմ` ճի՞շտ էր ասում, թե՞ ոչ, բայց կարծում եմ՝ պետք է, որ դասեր քաղած ու յուրացրած լիներ բոլորովին թարմ իջևանյան դեպքերից, երբ իրենից աշխատատեղ խնդրող գյուղացիներին հորդորեց (ի դեպ, հորդորելը նրան լավ է հաջողվում) տասը գլուխ ոչխար պահել։ Նախ՝ գյուղատնտեսներն ապացուցեցին, որ տասը գլուխ ոչխարը փրկություն չէ, մանավանդ որ ներկա կառավարության մի շարք անդամներ չեն գերազանցում հովվի ու նախրչու իմացական մակարդակը: Բայց փոխանակ դրանից դասեր քաղելու, մարդը տասնյակ հազարավոր մարդկանց խորհուրդ է տալիս մոշ ու ելակ հավաքելով տուն պահել: Լավ, Փաշինյանն այդ հայտարարությունն անելուց առաջ գոնե գիտակցու՞մ էր, որ այդ 800 հազարի առնվազն մեկ տասներորդ մասը տարբեր ոլորտի մասնագետներ են, իսկ այդ մեկ տասներորդի զգալի մասը, ի տարբերություն քառասունն ու քառասուն հազարն իրարից չտարբերող մարզպետների ու փետրվարի երեսունմեկին փաստաթուղթ ստորագրող նախարարի, փայլուն մասնագետներ, որոնք իրոք կարող են աշխատել ու ոտքի կանգնեցնել երկիրը, ի դեպ, նրանց մեջ կանայք էլ կան, որոնք ո՛չ ցանկանում են թշնամու տուն գնալ-գալ, ո՛չ էլ նրա ռազմատենչ հայտարարություններին միջազգային ֆորումներում լացով ու աղերսով պատասխանում:


Կամ ինչու՞ է Փաշինյանը զարմացել, որ ժողովուրդն իրենից աշխատանք ու թոշակի հավելում է պահանջում, նորմալ առողջապահություն ու ասֆալտապատ ճանապարհ: Իսկ ժողովուրդն ումի՞ց պետք է ուզեր այդ ամենը, Վրաստանի՞, թե՞ Իրանի նախագահներից: Չէ՞ որ պահանջվածն այն ամենն է, ինչը դեռ ՀՀԿ-ի ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ հնարավոր է գրչի մի հարվածով իրագործել և հավատացնում էր, որ իր իշխանության հենց սկզբում հնարավոր է դա անել: Իսկ ինչու՞ չի անում, գրիչ էլ ունի, թուղթ էլ, պետական կնիք էլ, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմություն լինելն ավելի հեշտ է, քան իշխանություն:


Այսպիսի՞ն է լինելու նոր Հայաստանը, սա՞ է հեղափոխություն կոչվածը: Նոր կառավարությունը, իր ողջ ապարատով, հասկանու՞մ է` ինչ է նշանակում հեղափոխություն: Եթե հեղափոխություն ասելով նկատի ունի ներկա իրավիճակը, ապա չարաչար սխալվում է, որովհետև սա պարզապես նախկին վարչակարգից հոգնած ու զզված ժողովրդի բողոքի ալիքի վրա տեղի ունեցած իշխանափոխություն է, որը հավակնում է հեղափոխության վերածվելու, բայց չի ձգում, չի համընկնում, ռելսերի վրա չի կանգնում: Որովհետև փոխվեցին միայն կաղապարը, ձևը, իսկ բովանդակությունը մնաց նույնը: Խնդիրներն էլի դասական մեթոդով են լուծվում` ամեն ինչի մեջ մեղադրելով ժողովրդին, որն ինչ-որ ժամանակ անթերի է եղել:
Իսկ վերջի համար ուզում եմ նշել, որ, այո, կառավարությունը պետք է և՛ թոշակները բարձրացնի, և՛ ճանապարհները հիմնանորոգի, և՛ առողջապահական ոլորտը բարելավի և՛ այլն, և՛ այլն, մի պարզ պատճառով` խոստացել է: Որովհետև կառավարություն կոչվածը հենց դրա համար է:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4708

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao