Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Աշոտյան. ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է

Արմեն Աշոտյան. ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է
15.11.2018 | 22:50

ՀՀԿ ցուցակում Արտաշես Գեղամյանի ու Մենուա Հարությունյանի անունների հետ կապված քննադատությունը ինքնանպատակ է ու արհեստական` գտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Կուսակցության ռեբրենդինգը շարունակական պրոցես է։ Նիկոլ Փաշինյանի միահեծան որոշումը՝ առաջ բերել խոհրդարանական ընտրությունները մայիսից դեկտեմբեր, խափանեց նաև տարբեր քաղաքական ուժերի, նախևառաջ, ՀՀԿ-ի նորմալ գործընթացը, որը պետք է ավարտվեր նախընտրական համագումարով», - ասաց նա։ Համագումարում պետք է քննարկվեր կուսակցության նոր մարմինների ընտրությունը, կուսակցական ծրագրի վերանայումը։ «Մենք դեմ էինք արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անելուն, հիմնական պատճառներից մեկը հենց սա էր, որ կուսակցություններն ունենան նորմալ ժամանակ ու հավասար հնարավորություններ՝ պատրաստվելու ընտրություններին», - նշեց նա։ ՀՀԿ փոխնախագահն ընդգծեց՝ ՀՀԿ ցուցակում ներառված են մարդիկ, ովքեր կուսակցության համար դժվարին ժամանակահատվածում ուժ, կամք, գիտելիք ու հավատարմություն ունեն՝ շարունակելու քաղաքական պայքարը։

«Մենք այլևս իշխանության կուսակցություն չենք, որ այդ մարդկանց մեղադրեք իշխանական լծակին տիրանալու կամ իշխանության հետ լավ լինելու մեջ։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը նայեք ու նման այդպիսի բազմաթիվ մարդիկ կտեսնեք։ ՀՀԿ-ում նման մարդիկ չկան։ Կուսակցությունն ապրում է դժվար օրեր, բայց ունի լավ ապագա ու ցուցակում ներգրավված են մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել իրենց սկզբունքների համար, կուսակցության արժեհամակարգի համար, պատրաստ են վերահաստատել ՀՀԿ-ի տեղը ՀՀ քաղաքական կյանքում, նոր Ազգային ժողովում: Իշխանափոխությունը խաթարել է նաև ճիշտ ու սխալի ընկալումը: Չեն կարող թիմը լքած մարդիկ ավելի դրական ընկալում ունենալ, քան հավատարիմները», - ասաց Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, թե իրենց ցուցակում յուրաքանչյուրը, ինչպես մյուս ցուցակներում ներգրավված մարդիկ, կատարյալ չեն, բայց իրենց ցուցակը համարում են շատ մրցունակ, շատ պրոֆեսիոնալ։ «Որքան տոկոս կհավաքենք՝ այս պահին դժվար է կանխատեսել, բայց ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներկայությունը հարստացնելու է օրենսդիր մարմնի ներկապնակը ու կարևորագույն ազդակ է լինելու գործող իշխանություններին հավասարակշռելու կամ հակակշռելու համար», - ասաց Արմեն Աշոտյանը։ «ՔՊ-ում ծանր են տարել, որ օրերս ասեցի մի դաժան ճշմարտություն՝ նրանք բոլորը իրենց հաջողությամբ պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանին և մեծ-մեծ թող չխոսեն: Առաջադրվելով թիվ 4 ընտրատեղամասում՝ ես վստահ եմ, որ կան հազարավոր մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, որոնք կգնահատեն իմ մասնագիտական, դիվանագիտական, քաղաքական ունակությունները, փորձը, գիտելիքները: Կհասկանան, որ ԱԺ-ում պետք է ուժեղ և սկզբունքային ընդդիմություն: Իսկ ամենադիտարժանն ու կարևորն այն է, որ որքան էլ գործող իշխանություններն ասում են, որ ՀՀԿ-ն մահացած է, ՀՀԿ-ն արմատախիլ եղած է, ՀՀԿ-ն այլևս մրցակից չէ, ընտրարշավից առաջ շարունակում են թիրախավորել ՀՀԿ-ին, նրանց գործիչները չեն էլ թաքցնում, որ թիրախավորելու են ՀՀԿ-ին, սա երկու բան է նշանակում՝ առաջինը՝ գործող իշխանությունը իր վեց-յոթ ամսվա պաշտոնավարման ընթացքում չունի որևէ շոշափելի արդյունք ներկայացնելու, Հայաստանի ապագայի տեսլական չունի, զարգացման ծրագիր չունի ու փորձելու են նորից մզել, ճզմել այն քաղաքական ռեսուրսը, որով եկավ իշխանության, այն է ՝ քննադատել ու թիրախավորել բացառապես ՀՀԿ-ին։ Երկրորդը՝ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն իրական ընդդիմություն է դիտարկվում «Իմ քայլը» դաշինքի կողմից, հակառակ դեպքում, նրանք ողջ ջանքերը չէին ուղղի ՀՀԿ-ին շարունակաբար վարկաբեկելու համար ու որոշ ոչ իշխանական կուսակցություններին գովելու վրա», - ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ