USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

ՈՒ՞մ համար է ղողանջում զանգը

ՈՒ՞մ համար է ղողանջում զանգը
16.11.2018 | 01:07

Իբրև հիշեցում ու մտքի մարզանքի համար` նոյեմբերի 2-ին ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը: Միաձայն: Պարզվեց` կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո 10 օրում: Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրից 25 օր առաջ` մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ն: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի նոյեմբերի 14-ից մինչև 19-ի ժամը 18-ը: Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը: 2017-ին ընտրողներին համոզում էին 27 օր, թեպետ կար համոզելու շատ ավելի զորեղ միջոց, որ հիմա չպիտի լինի: 2017-ին ընտրատեղամասերում կային տեսախցիկներ, 2018-ին էլ կլինեն: Ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկության իրավունք ունեցողների թիվը գերազանցում է 2 միլիոն 500 հազարը: 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում կուսակցությունները և դաշինքները պետք է առաջադրեն նվազագույնը 5 ռեյտինգային թեկնածու, այսինքն, քաղաքական բոլոր ուժերն ամենաքիչը 65-ական թեկնածուի անուն պիտի ներկայացնեն ընտրատարածքներում՝ չհաշված՝ համամասնական ցուցակները: Սա` պաշտոնական մասը:


10 օրից սկսվում է քարոզարշավը և Հայաստանի ճանապարհներին նորից զանգեր են ղողանջելու ու թմբուկներ են դմփդմփալու, գուցե ծիսական պարեր էլ լինեն` նայած եղանակին: Եվ ի՞նչ են նրանք ասելու ընտրողներին, ոչ առանձին-առանձին, բոլորը միասին: Կգտնվե՞ն քաղաքական ուժեր, որ փորձեն նոր տեխնոլոգիա` գնան ու քարոզչության փոխարեն ցուցակագրեն տարածքի խնդիրները ու լսեն` ի՞նչ լուծումներ են ուզում: Կգնահատի՞ ընտրողը այդ քայլը: Թե՞ կհամարի թուլության նշան: Կհասկանա՞, որ իրավիճակ է փոխվել: Իսկ փոխվե՞լ է: Քաղաքական գործիչների խնդիրն է արտահայտվելու հնարավորություն տալ նրանց, ում ներկայացուցիչն են պատրաստվում լինել ԱԺ-ում: Բոլոր դեպքերում, ընտրապայքարի օրակարգի առաջին տողում լինելու են սոցիալական հարցերը, և համատարած բզկտվելու է ՀՀԿ-ի ուրվականը, որ երկիրը հասցրել է այս վիճակին: Որքան էլ անտրամաբանական` բզկտոցին լիուլի մասնակցելու են ՀՀԿ-ի ոչ վաղ անցյալի գործընկերները` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հետո բոլորը խոստանալու են նոր աշխատատեղեր, գուցե որոշ ուժեր չխնայեն ու աշխատավարձն էլ բարձրացնեն, առողջապահությունն ու կրթությունն էլ իրենց բաժինը կստանան: Հատկապես այն կուսակցությունների համար, որ ավանդաբար սոցիալական հարցերն իրենց օրակարգի մեխն են դարձրել:


Մինչդեռ, դարձյալ տրամաբանորեն, քաղաքական ուժերի օրակարգում առաջին տեղում պիտի լինեին Հայաստանի ինքնիշխանության ամբողջականացումն ու անվտանգության ապահովումը: Առաջինը խնդիր է, որ կապված է արտաքին աշխարհի հետ, հետևաբար արտաքին քաղաքականության փոփոխության: Կա՞ արտաքին քաղաքականության փոփոխության պահանջարկ երկրում: Հնարավոր չէ մշտապես ապրել անտարբեր ու պահանջատեր` միաժամանակ: Եթե կա խնդիր, իսկ խնդիր կա, լուծումները պետք է բոլոր ուղղություններով որոնվեն: Ցանկացած երկրի ինքնիշխանության գրավականը տնտեսական հզորությունն է տալիս, ուստի Հայաստանի առաջին խնդիրը տնտեսության զարգացումն է, որից ածանցյալ է ներդրումների ներհոսքը: Միայն ու միայն Սփյուռքի վրա դնել այդ խնդրի լուծումը` փաստացի արդյունավետ չէ: Կան ու կլինեն սփյուռքահայեր, որ եկել են ու գալիս են Հայաստան` իրենց բիզնեսը բացելու, բայց Հայաստանին պետք են ոչ թե մասնավոր, այլ միջազգային ու մասշտաբային ծրագրեր, իսկ դա արդեն պետության գործն է: Պետության խնդիրն է միջազգային պարտավորության շրջանակներում կաշկանդվածությունը թոթափել ու կոնկրետ ծրագրերի համար երկիր ֆինանսներ բերել: Օրինակ` «Նաիրիտի» վերագործարկման համար: Օրինակ` լեռնահանքային մետալուրգիայի զարգացման ծրագիր ունենալ, որի արդյունքում Հայաստանը ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք կարտահանի, որ ավելի բարձր գին ունի միջազգային շուկայում: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը չափազանց հեռանկարային է, բայց և չափազանց մեծ ներդրումներ է պահանջում, որ Հայաստանն ունենա իր Սիլիկոնային հովիտը:

Բարձր տեխնոլոգիաները 100 տոկոսով Հայաստանում կաշխատեն, երբ մեծ արդյունաբերությունը գործի ու իր պահանջներն առաջադրի ոլորտին` առաջ մղելով գիտությունը: Գիտության մասին. կան ֆանտաստիկ հնարավորություններ ունեցող հայ գիտնականներ, որ Հայաստանից դուրս են նախընտրում աշխատել: Հարցը միայն ֆինանսական չէ, հարցը գիտական միջավայրի բացակայությունն է ու աշխատանքի արդյունքների պահանջարկվածությունը, որ չկա: Իսկ ԳԱԱ-ն, ինչպես 30 տարի առաջ ու գուցե 30 տարի հետո էլ պետության առաջ մեկ խնդիր է դնում` բարձրացնել գիտնականների աշխատավարձը` ուղեղների արտահոսքը կանգնեցնելու համար: Այսինքն, չկա ուղեղների մասնագիտական գնահատման ընկալում: Ժամանակը չէ՞, որ պետությունը ձևակերպի իր առաջնահերթություններն ու ներկայացնի ԳԱԱ-ին: Իսկ հարցը պետք է բարձրացնեն քաղաքական ուժերը, որ շահագրգիռ են Հայաստանում գիտության ու իրականության համարժեքության հաստատմամբ:


Չափազանց մեծ է հավանականությունը, որ ընտրարշավում քաղաքական ուժերը նախապատվությունը տալու են պոպուլիզմին ու ընտրողի հետ խոսելու են միմիայն նրան հուզող հարցերից` վստահ, որ այլ հարցեր նրան չեն հետաքրքրում ու իրենց ձայն չեն բերի: Սխալ մոտեցում է: Պետք չէ կառչել կարծրատիպից, որ քաղաքացուն հետաքրքրում են քաղաքային խնդիրները, գյուղացուն` գյուղական: Քաղաքացուն էլ, գյուղացուն էլ նախ և առաջ պետք է հետաքրքրեն պետության զարգացման հնարավորությունները` առանձին վերցրած մեկ մարդու բարեկեցությունն ու երջանկությունը չեն դառնում ընդհանրական բարեկեցություն ու երջանկություն: Վերջապես, պետք չէ այդքան վատ կարծիք ունենալ ընտրողի մասին, ու ժամանակն է տարբերակել Ազգային ժողովի ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից. Աժ պատգամավորի խնդիրը քաղաքականություն մշակելն է, ոչ թե այս կամ այն դպրոցի շենքը նորոգելը, մանկապարտեզի ջրի հարցը լուծելը կամ սերմացուի բաշխումը մարզում կազմակերպելը: Տեղական ինքնակառավարման մարմինների անբավարար գործունեության հետևանքով են այդ հարցերը հասնում խորհրդարան ու դրվում պատգամավորի առաջ: ՈՒ սա ևս կարևորագույն հարց է, որ պիտի պետությունը լուծի, իսկ քաղաքական ուժերը իրենց ծրագրերում պետք է ունենան ՏԻՄ համակարգի վերակառուցման խնդիր:


Նույնքան մեծ է վտանգը, որ 12-օրյա ընտրարշավում գործոն է դառնալու սև PR-ը: Բոլոր երկրների ընտրություններում սև PR-ն իր գործն անում է, երբ մրցակիցների շանսերը նվազեցնելու համար ասպարեզ են նետվում կոմպրոմատներ ու վարկաբեկիչ տեղեկություններ` «Մինչև իսկությունը ստուգվի, գնացքը կգնա» սկզբունքով: Իր հնարավորություններին հավատացող ոչ մի քաղաքական ուժ չի դիմի սև PR-ին` ունենալով ռեալ ծրագիր ու ռեալ ասելիք, որ հենց իր իսկական PR-ն է ապահովելու: Սա լակմուսի թուղթ է բոլոր կուսակցությունների համար, ուրիշների հաշվին լավագույն որակներով երևալու դրսևորումները վկայում են անվստահություն ու թուլություն, չկայացության ու վախի արտահայտություն են: Իհարկե, դա չի նշանակում, որ իրավիճակի վերլուծության մեջ քաղաքական ուժերը պետք է խուսափեն անուններ տալուց ու փաստեր բերելուց: Նրանց համար 21-րդ դարում առաջին անգամ գլխավոր խնդիրն ընտրողի վստահությանն արժանանալն է, նրան հավատ ներշնչելը իր կարողությունների ու գործիմացության նկատմամբ: Քաղաքական նոր մշակույթի ձևավորմանը կարող է խանգարել ռեյտինգային ընտրահամակարգը, բայց, այնուամենայնիվ, ԱԺ արտահերթ ընտրություններով Հայաստանում ձևավորվելու է քաղաքական նոր էլիտա: ՈՒ շատ կարևոր է, թե ինչ արժեհամակարգով է այդ էլիտան կազմավորվելու: Առավել ևս` գործելու:


Ընտրությունները ցիկլ են փակում` ամբողջական ու կարևորագույն շրջափուլը մեր կյանքում: Եվ սկիզբ են դնում նոր ցիկլի, ու այդ իրողությունը չի կարող իր կնիքը չդնել նաև ընտրարշավի վրա: Մենք շարունակում ենք լինել օբյեկտիվ ու սուբյեկտիվ, հուզական ու սթափ դատող, հավատի ու հույսի հետ մեկ ամբողջություն կամ անհավատ ու անհույս, բայց բոլորս միասին ենք երկիր ու պետություն: Այս գիտակցությունը կարևորագույն ձեռքբերում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պիտի բերեն իրենց ընտրողներին: Ընդհանրության զգացողությունը: Էյֆորիաները անցողիկ են ու վատ խորհրդատու, բայց դա չի նշանակում, որ հնարավոր է ընդհանրապես էմոցիաները բացառել: ՈՒ դա ճիշտ է: Մարդը որոշումներ է ընդունում ոչ միայն մտքով, այլև սրտով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նոյեմբերի 14-ից ընտրողները գիտեն` ում են ընտրելու: Ընտրարշավի ժամանակ կկողմնորոշվեն` ինչու են ընտրելու կամ չեն ընտրելու 11 քաղաքական ուժերին: Ընտրվողները քննությունը չհանձնեցին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասով: ՀՀԿ-ի լավագույն 10-յակը կուսակցության հայելին է` մի կուսակցություն, որ երեկ ուզում էր ապաշխարել, այսօր դեմքն ու պատիվը պահելու համար ապավինում է լեգեոների` Դավիթ Շահնազարյան, ոչ կուսակիցների, որ սպառել են իրենց, կամ` վերջին սերնդին, որ ՀՀԿ-ի անկումը արագացնողն էր, փաստացի` ՀՀԿ-ն հայտարարում է` ինձ վրա հույս չդնեք, ես դեռ ինձ չեմ գտել: ՀՀԿ-ի ռեբրենդինգը ձախողվեց, ռեինկառնացիան` ավելի քան: ԲՀԿ-ն խոստացավ նորություն, բայց լավագույն տասնյակում հին կարկառուններն են, որ մարմնավորում են հին համակարգն ամեն ինչով` բացի գաղափարից ու նոր իրավիճակի ընկալումից: ՀՅԴ-ն` նույնը: Ընտրություններին չեն մասնակցի ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: ՕԵԿ-ը կփորձի վերադառնալ հին կազմով ու հին պոպուլիզմով: «Իմ քայլը» դաշինքը` ՔՊ + «Առաքելություն» կուսակցություն, հավակնում է կայուն մեծամասնության: «Մենքը» երկրորդ դաշինքն է` «Հանրապետություն»+«Ազատ դեմոկրատներ» և միակ քաղաքական ուժը, որ Հայաստանի զարգացումը տեսնում է ներքին ու արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մեջ` կարևորելով արևմտյան մոդելի ժողովրդավարությունն ու տնտեսության զարգացումը: Նորեկներ էլ կան` «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը», «Քաղաքացու որոշումը», «Ազգային առաջընթացը»: Նրանց շանսերը քաղաքական դաշտի հնաբնակների համեմատ նվազ են. նախ ժամանակ չեն ունենա ինքնաներկայացվելու, հետո` մրցակցության մեջ դիմանալու: Բոլոր դեպքերում դեկտեմբերի 9-ին Հայաստանը ոչ միայն 7-րդ գումարման Աժ է ընտրում, այլև պատասխանում է գլխավոր հարցին` փոխու՞մ է, թե՞ պահպանում է քաղաքական էլիտային: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի վերընտրության դեպքում քաղաքական էլիտան մնալու է հինը ու չի ապահովելու նոր ընդդիմության գործառույթը: Ավելին` նրանք առաջինն են խորացնելու խրամատները ու խաղարկելու սև-սպիտակի տարբերակը: 6-րդ գումարման Աժ-ում 4 քաղաքական ուժեր են` ՀՀԿ, ԲՀԿ, «Ելք», ՀՅԴ: 7-րդ գումարման ԱԺ-ն կկատարի իր պատմական դերը և կավարտի հեղափոխությունը, եթե ելք տա նոր քաղաքական ուժերին ու ցիկլ փակի: Նոր իշխանությունն ու նոր տարին համարյա համընկնելու են, ու դա խորհրդանշական է` 1999-ի հոկտեմբերին Հայաստանը դուրս նետվեց զարգացման այն ճանապարհից, որ 1999-ի մայիսի խորհրդարարանական ընտրությունների արդյունքներով բացել էր իր համար: 20 տարին ցիկլ է, որի ավարտը կարող է Հայաստան բերել 21-րդ դարը: Միջին վիճակագրական հայի համար, ինչպես ցանկացած պետության քաղաքացու, կուսակցությունների բաժանումը պայմանականություն է, ձև, մոդել, որով արտահայտվում են մարդկանց քաղաքական հայացքներն ու ցանկությունները, որը հնարավորություն է տալիս պետական կառավարման տարբերակ ընտրել: Դա տեսություն է, գործնականում բոլորին հետաքրքրում է` ո՞վ է դառնալու երկրորդ, երրորդ, գուցե չորրորդ քաղաքական ուժը ԱԺ-ում: Հաշվարկների ու կանխատեսումների պակաս չկա, ոչ մի հաշվարկ ու կանխատեսում այլևս ընտրություններից առաջ ընտրությունների արդյունքներ չի տալու ու դա է գլխավորը` նշանակումների ժամանակն ավարտվել է, եկել է ճշմարտության հետ առերեսման պահը բոլոր կուսակցությունների համար, ու այդ պահի անունն ու պատկերը տալու է ընտրողը: Ցանկացած փակվող ցիկլից հետո նոր ցիկլ է սկսվում: Անվանեք ինչպես ուզում եք, ում համար էլ զանգը ղողանջի, մենք նույն մայր ցամաքում ենք:

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao