USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

«Մեր կինոստուդիայի հնարավորությունները մեծ չեն եղել երբեք, և դա լավ բանի չի հանգեցրել»

«Մեր կինոստուդիայի հնարավորությունները մեծ չեն  եղել երբեք, և դա լավ բանի չի հանգեցրել»
16.11.2018 | 03:22

Պետական աջակցությամբ նկարահանված ֆիլմերից բազմիցս դժգոհել ենք: Նաև հարց էր առաջանում, թե ինչու պետական աջակցություն վայելող ֆիլմը չի կարող հանդիսատես ունենալ, շահույթ ապահովել: Մշակույթի նախարարությունը կարծես վճռել է փոխել ֆիլմերին տրվող աջակցության ձևաչափը՝ գումար տրամադրելով ոչ թե 10-15 ֆիլմի, որոնք կիսատ-պռատ են նկարահանվում, այլ, ենթադրենք, երեք ֆիլմի: Այս մասին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասել էր ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, երբ հարց ու ակնարկ էր եղել առ այն, որ անկախության շրջանից ի վեր չեն ստեղծվել արժեքավոր ֆիլմեր: Արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոցենտ, «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» մենագրության հեղինակ, կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի նախարարության դիրքորոշման մասին, քիչ, բայց լավ ֆիլմ նկարահանելը ի՞նչ կփոխի մեր կինոյում, և իսկապե՞ս անկախության տարիներին լավ ֆիլմեր չենք ունեցել: Գուցե բա՞ց ենք թողնում ինչ-որ բան:
Կինոգետի դիտարկումները՝ ստորև:

«ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՉԱՋԱԿՑԵԼ, ՈՐ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՖԻԼՄԸ ՆԿԱՐԱՀԱՆԻ, ԼԻ Է ՎՏԱՆԳՆԵՐՈՎ»


Շատ պատասխանատու հարցադրումներ են: Ես կարող եմ զուգահեռներ տանել պատմության հետ և իմ մոտեցումը արտահայտել, բայց կինոարտադրության հարցում ես ինձ, ամեն դեպքում, գիտակ չեմ համարում: Ավելի շատ կարող եմ խոսել որպես պատրաստի արտադրանքը վերլուծող մարդ: Որքան գիտեմ, երբ շատ ֆիլմեր էին ֆինանսավորվում, դրանց մեջ մտնում էր նաև դեբյուտը, իսկ երիտասարդին չաջակցել, որպեսզի իր առաջին ֆիլմը նկարահանի, լի է վտանգներով: Դա նշանակում է, որ մենք կխոչընդոտենք նոր կադրերի ի հայտ գալուն: Նայում ես՝ անապատ է, մեկ էլ ծիլ է տալիս, բա չպիտի՞ փայփայենք, աճեցնենք, որ վաղը, մյուս օրը այդ ծիլը կաղնի դառնա: Այլ հարց, որ այն հանձնաժողովը, որ նայում է առաջարկված նախագծերը և որոշում կայացնում, պետք է խիստ պրոֆեսիոնալ լինի, պատասխանատու: Թեև կա մի այսպիսի դժվարություն. լինում է, որ ֆիլմի սցենարը, մտահղացումը լավն է, գրավիչ, բայց իրականացումից հետո, որպես արդյունք, ֆիլմը հիասթափեցնում է:
Գալով բուն խնդրին, ասեմ, որ Խորհրդային Միությունում հետպատերազմյան շրջանում սակավաֆիլմության տարիներ են եղել, երբ գործում էր «Մեզ միայն գլուխգործոցներ են պետք» կարգախոսը: Դրա համար Ստալինը թույլ է տվել նկարահանել 12 ռեժիսորի, համարելով, որ միայն նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել: Իհարկե, հիմա էլ շքեղություն է ֆիլմ նկարահանելը, մյուս կողմից, կինոյից հրաժարվելը հղի է լուրջ վտանգներով: Ես տարբեր առիթներով օրինակ եմ բերում սցենարիստ, գրող Ժան-Կլոդ Կարիերին, որն ասել է. «Այն ժողովուրդը, որ 21-րդ դարում իրեն չի ճանաչի գեղարվեստական կինոկերպարներում, դատապարտված է անհետացման»: Այսինքն, ազգային ինքնությունը մարդիկ ճանաչում են նաև կինոկերպարներում:
Հիմա ասում են` քչացնենք ֆիլմերը: Խորհրդային տարիներին տարեկան նկարահանվում էր 3-4 հայկական ֆիլմ (խոսքը խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մասին է՝ չհաշված վավերագրական, կարճամետրաժ և հեռուստատեսային ֆիլմերը): 70-ականներին, երբ «Հայֆիլմ» ստուդիայի պայմաններն անհամեմատ լավացել էին՝ այդ ամենաբեղուն ժամանակաշրջանում տարեկան 6-7 լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել: Այսինքն, մեր կինոստուդիայի հնարավորությունները մեծ չեն եղել երբեք, և դա լավ բանի չի հանգեցրել: Հիմա, ենթադրենք, ունեցանք երեք ֆիլմ` ի՞նչ խնդիր ենք լուծում: Իրականում այս խնդրին լուծում գտնելը կապված է բազմաթիվ բաղադրիչների ու հարցերի հետ: Եվ, ի վերջո, այսօր աշխարհում ստեղծվող ֆիլմերի հիմնական մասը համատեղ արտադրության է, այսինքն, եթե դու քո երկրում ստանում ես որոշակի աջակցություն, փնտրում ես ֆինանսավորում նաև միջազգային ֆոնդերում, ու երբեմն ստացվում է 3-4 երկրների համատեղ արտադրություն:

«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԸ, ՈՐՆ ԱՆԱՍԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ, ԺԱՄԱՆԱԿԻՆ ՎԱՐՁՈՒՅԹՈՒՄ ՏԱՊԱԼՎԵԼ Է»


Հիմա գանք պատրաստի արտադրանքին՝ ֆիլմերին, որ ունեցել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում: Ժամանակակից կինոյին առնչվող հարցազրույցներիցս մեկում ասել եմ՝ ամենադրամատիկ բանը, որ տեղի է ունեցել մեր կինոյում, հանդիսատեսից կտրվելու փաստն է: Որովհետև տարիների, տասնամյակների ընթացքում մենք հանդիսատես ենք ունեցել, որը ձևավորվել էր այդ տարիներին նկարահանված ֆիլմերի շնորհիվ: Բայց կան նաև շատ կազուսային փաստեր անցյալի կինոյի պատմությունից, օրինակ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որն անասելի ժողվրդականություն է վայելում, ժամանակին վարձույթում տապալվել է: Այսինքն, հայ հանդիսատեսը, որ բավական կրթված էր, դաստիարակված, սպասում էր հայկական ֆիլմի, և այնուամենայնիվ, լինում էին այդպիսի արտասովոր բաներ: Բայց հետո, երբ այդ ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրվեց, մարդիկ տանը նստած նայեցին, նոր միայն զգացին, թե դա ինչ ֆիլմ է: Այն սիրվեց և ուղղակի մտավ սերունդների գիտակցության մեջ: Սա նշանակում է, որ ֆիլմը միշտ չէ, որ միանգամից արժանի ռեզոնանս է առաջացնում, երբեմն երկար տարիներ անց հետադարձ հայացքով հայտնաբերվում են ֆիլմեր, որ անհարկի «ընդհատակ են անցել»: Այս վերջին տարիներին, օրինակ, «Կուլտուրա» հեռուստաալիքը անդրադարձավ 70-ականների հայկական մոռացված մի ֆիլմի` Դմիտրի Կեսայանցի «Մարդն Օլիմպոսից» կինոնկարին, որին շատ բարձր գնահատական տրվեց նաև մերօրյա համատեքստում: Այսինքն, նույնիսկ խորհրդային տարիներին, բացի առավել շատ ներկայացված մի քանի ֆիլմերից, ունեցել ենք բավական արժեքավոր ֆիլմեր, որ աննկատ են մնացել: Դա շատ ցավալի ֆենոմեն է, եթե այն տարիներին, երբ կինոն այդքան պրոպագանդվում էր, մենք ունեինք նման խնդիր, ապա ի՞նչ կարելի է ասել վերջին 30 տարիների մասին, երբ հայ կինոն ոչ միայն չի պրոպագանդվել, այլ հակառակը, այնպիսի տպավորություն է, որ մեր հեռուստատեսությունն ամեն ինչ արել է, որպեսզի «հայկական ֆիլմ» հասկացությունն ուղղակի վերանա, մարդիկ մտածեն, որ հայկական կինոն հեռուստաէկրանի սերիալներն են:
Այստեղ, անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես Հ1-ով պրոֆեսիոնալիզմի գոնե համ ու հոտով մի քանի սերիալներ աչքովս ընկել են: Նույնիսկ որոշ դեպքերում զգում ես կինեմատոգրաֆիկ մոտեցում, դա շատ գովելի է (անկախ նրանից, որ ես սերիալ չեմ սիրում, պետք է օբյեկտիվ լինեմ): Բայց մնացածը, որ ընդհանրապես կապ չունեն կինոարտադրության հետ, այս տարիներին մարդկանց շրջանում կարծիք ձևավորեցին, որ կինոն հենց դա է: Այսինքն, հանդիսատեսը չճանաչեց նոր հայկական կինոն:

«ՊԱՐԶԱՊԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎԵԼ Է, ՈՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ՈՒ ԿԻՆՈՆ ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԼԻՆԵՆ»


Կան նաև զարմանալի հաճելի փաստեր` Էդգար Բաղդասարյանի վավերագրական ֆիլմերը («Սուրբ ծեսերի երկիրը», «Արարատից Սիոն») կինոթատրոնում դիտելու համար մարդիկ տոմս էին գնում: Այստեղ ես սկսեցի մտածել` գուցե շատ կարևո՞ր է՝ ինչպես ներկայացնել, գովազդել ֆիլմը, որ հանդիսատեսը հետաքրքրվի, իմանա այդ ֆիլմի գոյության ու դիտելու հնարավորության մասին: Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» խաղարկային ֆիլմը նույնպես ունեցավ հանդիսատես, որովհետև դրա կարիքը նա վաղուց զգում էր: Պրոֆեսիոնալ, մարդկային, հուզիչ, հավաստի ֆիլմ էր, ուրիշ բան, որ մենք այդպիսի ֆիլմ պետք է 20 տարի առաջ ունենայինք: Այսինքն, պատերազմը, որում մենք հաղթեցինք, բայց կյանքում կարծես պարտվեցինք, այ այդ պատերազմը պատկերող ֆիլմը պիտի հաղթանակից շատ կարճ ժամանակ հետո ունենայինք: Իսկ հիմա, մոտ 20 տարի հետո, արդեն պիտի ստեղծվեին վերաիմաստավորման ֆիլմեր: Մենք շատ հետ ենք հատկապես այդ թեմայի մշակման հարցում:
Բայց ասել, որ մենք չենք ունեցել անկախության շրջանի կինո, ճիշտ չէ: Պարզապես ամեն ինչ արվել է, որ հանդիսատեսն ու կինոն իրարից անտեղյակ լինեն: Ես 20 տարի է, տարբեր տեղերում, տարբեր առիթներով լսում եմ նույն հարցը՝ իսկ հայկական կինո կա՞: Այսինքն, տեղյակ էլ չեն՝ կա՞, թե՞ չկա:
Եղել են առանձին դեպքեր, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվել են Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի խաղարկային որոշ ֆիլմեր, բայց այնքա՜ն ուշ-ուշ, մինչդեռ հանդիսատեսի հետ կապը պետք է մշտական լինի: Օրինակ, կարելի էր ունենալ հաղորդում այն մասին, թե ինչ է կատարվում նկարահանման հրապարակում. ոչ թե «Հայֆիլմը» վերանար, «Հայֆիլմի» տարածքն ամայանար, այլ հակառակը, լիներ հեռուստահաղորդում, պարբերաբար ներկայացվեր, թե որ ռեժիսորն ինչ ֆիլմի վրա է աշխատում, հատվածներ լինեին աշխատանքային պահերից, հանդիսատեսի տեսադաշտում հայ կինոն լիներ նաև այդ ձևով:
Ի վերջո, երբ գովազդման հարցում ճիշտ են աշխատում, արդյունքը ակնհայտ է, ինչպես, օրինակ, Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնին» ֆիլմի դեպքում էր («Սպանված աղավնու» կինեմատոգրաֆիկական կողմերի մասին չեմ խոսում, բայց որպես հեռուստաֆիլմ, իր բոլոր խոցելի կողմերով հանդերձ, ընդունելի էր ինձ համար): Կարող եմ ասել՝ այդ օրերին եմ հասկացել, որ հայ հանդիսատեսը կարոտ էր հայ կինոյին, կարոտ էր, որ էկրանին տեսնի հայ դերասաններին, մեր` այսօրվա դերասանին: Ինձ ուրախացրեց այն, որ մեր հանդիսատեսը 1901-ին գրված վիպակի էկրանացումը տեսնելու համար հերթ է կանգնում, մեկ օր առաջ տոմս է գնում, որ տեսնի ֆիլմը էկրանին: ՈՒրեմն ճիշտ էին աշխատել, ուրեմն դա հնարավոր է անել ցանկության դեպքում: Նշանակում է, հանդիսատեսին հետաքրքրելու, ներկայացնելու հարցերում թերացումներ են եղել այդ տարիներին, որ մեր ռեժիսորների ֆիլմերը չեն արժանացել ուշադրության:

«ԴԱՀԼԻՃԸ ՓՈՔՐ ԷՐ, ԲԱՅՑ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԱՄԵՆԱԹԱՆԿՆ ԷՐ»
2016-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիրված էր անկախության 25-ամյակին, ու անկախության կինոյին նվիրված ծրագիրը ես եմ իրականացրել Արծվի Բախչինյանի հետ: Կազմակերպեցինք ծրագիր և ընտրեցինք այդ տարիների ֆիլմերը, որոնք ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում: Ես չէի բավարարվում միայն նրանով, որ հանդիսատեսին ներկայացնում էի այս կամ այն ֆիլմը, այլև ցուցադրությունից հետո սպասում և մարդկանց հարցնում էի՝ հետաքրքի՞ր էր դիտել, ի՞նչ տպավորություն ստացան, գիտեի՞ն այդ ֆիլմի մասին, թե՞ պատահաբար էին եկել: Պարզվեց, որ հիմնականում 25 տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը նրանց ծանոթ չէին, բայց կար հետաքրքրություն: Իմացել էին ծրագրի մասին, տոմսը հատուկ գնել էին, որ գային-դիտեին: Դահլիճը փոքր էր, բայց ինձ համար այդ հանդիսատեսն ամենաթանկն էր, քանի որ փառատոնի ֆիլմերի առատության մեջ նախընտրում էր դիտել հայկական ֆիլմ:

«ԱՅԴ ԳՐՔՈՒՄ ՄԻ ՄԵԾ ԳԼՈՒԽ ՆՎԻՐՎԱԾ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԿԻՆՈՅԻՆ»


2011-ին կինեմատոգրաֆիստների միությունը հրատարակել է «Անկախության տարիներ» պատկերազարդ գիրքը, որում, մեր կինոգետների հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփ հոդվածներից բացի, ներկայացվել են նաև խաղարկային և վավերագրական կինոյի ժամանակակից հայ ռեժիսորներն իրենց կենսագրականներով ու ֆիլմերով: «Հայ կինոգիտական միտք» գրքում ներկայացված են հին ու նոր սերնդի կինոգետների հոդվածները: Չգիտեմ, արդյո՞ք տեղյակ են այս ամենի մասին նրանք, ովքեր վստահ հայտարարում են, որ հայ կինո չկա:
«Անկախության տարիներ» գրքում հանդես եմ եկել «Մեր խաղարկային կինոն նոր հազարամյակի առաջին տասնամյակում» հոդվածով: Նույն բովանդակությամբ զեկույցով 2013-ին հանդես եմ եկել Սոֆիայում, Բուլղարիայի ակադեմիայի արվեստի ինստիտուտում անցկացվող միջազգային գիտաժողովում:
Բոլոր այս տարիներին իմ պրոֆեսիոնալ պարտքն եմ համարել տալ հարցազրույցներ, երբեք չեմ մերժել, տարիներ շարունակ կինոյի մասին գրել եմ հոդվածներ, հաճախ անվճար, ու անընդհատ լսել եմ այն մասին, որ կինոգետները լռում են: Նշանակում է՝ ինչպես կինոյից են անտեղյակ, ճիշտ նույն կերպ մեր գրածը տեղ չի հասել:
Ասեմ ավելին, իմ գիրքը՝ «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» մենագրությունը հրատարակվել է ԱՄՆ-ում, գիտական լուրջ հրատարակչության կողմից (Cinema of Armenia: An Overview, Mazda Publishers, Costa Mesa, California, 2016): Թարգմանվել է հիմնականում իմ ընտանիքի միջոցներով: Ամերիկացիներն էլ գիտեն, որ հայ կինոգետը պետք է ուրախ ու երջանիկ լինի, որ իր գիրքը հրատարակում են: Հիմա այն վաճառվում է 65 դոլարով, բայց ես ոչ հոնորար եմ ստացել, ոչ վաճառքից` տոկոսներ: Միայն օրինակներ են ուղարկել, ինչի համար պիտի շնորհակալ լինեմ մինչև կյանքիս վերջը: Եթե ամերիկացի հրատարակիչը նախապես հաշվարկած չլիներ, որ հայ կինոյի մասին գիրքը հետաքրքրություն կառաջացնի, նման որակի շքեղ, գունավոր նկարազարդ գիրք չէր հրատարակի: Ի դեպ, այդ գրքում մի մեծ գլուխ էլ նվիրված է անկախության թեմայով կինոյին (1990- 2009 թթ.):

Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao