USD485.28
EUR552.35
RUB7.30
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ռեբրենդինգի 10 երանգ ու մեկ գույն

Ռեբրենդինգի 10 երանգ ու մեկ գույն
16.11.2018 | 03:55

Ընտրություններ-2018-ը մտավ գործնական փուլ` ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն ու 2 դաշինք: ՔՊ-ի վրա կարված «Իմ քայլից» բացի դաշինք կազմելու սխրանքին միայն «Մենքն» է խիզախել` չվախենալով 7 տոկոսից: Դա արդեն հարգանքի արժանի որոշում է մի ընտրություններում, որի արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել, որտեղ ամեն մի ձայնը կարող է ընտրությունների արդյունք փոխել: Այս ընտրություններին տրվող տարատեսակ գնահատականները մի կետում միասնական են` ՔՊ-ն կլինի առաջինը: Զարմանալի է, բայց համարյա բոլորը, բացի 5 րոպե առաջ ստեղծված կուսակցություններից հայտարարում են, որ հավակնում են երկրորդը լինել:

Նույնիսկ ՀՀԿ-ն: Ռեինկարնացիայի փոխարեն ՀՀԿ-ն հայտարարում է իր ռեբրենդինգի մասին ու նույնիսկ այդ ռեբրենդինգը պատկերացնում է անվերջ գործընթաց: Տեսականորեն այդպես է, բայց կոնկրետ այս ընտրություններից առաջ անվերջ գործընթացի առաջին փուլը ֆանտաստիկ անհաջող էր` դատելով ՀՀԿ-ի առաջին տասնյակից, նաև` երկրորդ-երրորդ, չորրորդ, ու` այդպես մինչև վերջ: Բուռն քննարկման թեմա դարձավ Դավիթ Շահնազարյանի հայտնությունը ՀՀԿ-ի ընտրացուցակում: Անակնալ էր, բայց ոչ այն անակնկալը, որ ՀՀԿ-ին հաջողություն կբերի` «լեգիոներ» Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ-ի խաղը չի փրկի, երբ թիմը կորցրել է հանդիսատեսին, ընդամենը մի թեթև կսևացնի Դավիթ Շահնազարյանի պայծառ կերպարը: Իր պատմական նիստից հետո ՀՀԿ-ն ապացուցեց, որ գերանշնորհակալ կուսակցություն է իր անդամների առաջ: Ընտրությունից ընտրություն ՀՀԿ-ի Կանանց խորհուրդը ապահովել էր ընտրություններում ՀՀԿ-ի առատ ձայները` ընտրագործընթացի մեջ ներքաշելով դպրոցների տնօրեններին, ուսուցչուհիներին, բժշկուհիներին, գործարար, արվեստագետ կանանց ու ՀՀԿ-ի շարքային անդամ կանանց: Պահպանողական կուսակցության տղամարդիկ նորից «գցեցին» կանանց ու գործնականում ՀՀԿ-ի կանանց խորհրդին ու երիտասարդական թևին համարեցին հաջողության ճանապարհի խոչընդոտ` փոխելով ղեկավարներին, իրականում առանց այդ էլ կազմաքանդվող կուսակցության համար ստեղծելով նոր արտահոսքի բնական պատճառ: Հիմա Կարինե Աճեմյանը «ավերակաց» ո՞նց թագավորի:


ՀՀԿ-ն գերանշնորհակալ կուսակցություն է իր ոչ միայն կանանց ու երիտասարդների, այլև տղամարդկանց առաջ: Օրինակ` ի՞նչ գործ ունեն իրենց կուսակցություններն ունեցող Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ-ի ցուցակում, որտեղ ՀՀԿ-ի հիմնադիր կազմը չկա, ի՞նչ օգուտ են տալիս նրանք ՀՀԿ-ին, որ անփոխարինելի են դարձել: Քաղաքական էլիտայի փոփոխության ՀՀԿ-ն չգնաց: Դավիթ Շահնազարյանին վստահելով 2017-ի ընտրություններում Կարեն Կարապետյանի խաղացած լուսավոր կերպարի դերը, ՀՀԿ-ն առաջին տասնյակում ընդգրկեց նախկին երիտասարդների, որոնց անունները բավական են ոչ մի ձայն չստանալու համար: Այս թիմով ու այդ նախագահով ռեբրենդինգը նույնիսկ մինչև դարավերջ հաջողություն չի բերի` հատկապես սեփական սխալների մեղավորներին ուրիշների մեջ որոնելու հաստատակամությամբ ԲՀԿ-ն ևս փաստացի խաբեց` ու՞ր մնացին գովազդված նոր դեմքերն ու սկզբունքային փոփոխությունները: Գագիկ Ծառուկյանը չցանկացավ նույնիսկ ռիսկի դիմել ու դաշինք կազմել որևէ կուսակցության հետ, ռիսկի չդիմեց երիտասարդներին վստահելու մեջ: Եթե ԲՀԿ-ի բախտը բերի ու մտնի խորհրդարան, ևս մեկ հնգամյակ լսելու ենք նույն ինքնագովասանքն ու պոպուլիստական պաթետիկան, բազում առիթներ ենք ունենալու ականատես լինել` ինչպես են պատգամավորները իրենց խոսքն ԱԺ ամբիոնից ուղղում ու հաշվետվություններ տալիս Գագիկ Ծառուկյանին, որ կլոր տարին ԱԺ չի գալիս կամ գալիս է մարզահագուստով ու խմբակցությունից դուրս չի գալիս: Առանց ՀՀԿ-ի ԲՀԿ-ն կորցրել է բովանդակությունն ու առաքելությունը, հայտնի չէ` թե Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն են պետք քաղաքական մի ուժի ծառայությունները, որ այդպես էլ չունեցավ իր քաղաքական դիրքորոշումը և գործունեությունը կառուցեց Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների ու շեյխերի փողերով 15 կետերից ծրագրերի վրա, որ չեն կատարվում, որովհետև ԲՀԿ-ն մեծամասնություն չի ստանում, շեյխերն էլ փոքրամասնությանը փող չեն տալիս:


ՀՅԴ-ն ապավինում է իր անցյալին ու նույնիսկ հայտարարում է, որ կուսակցությանը կուսակցություն խորհրդարանը չի դարձնում` առանց ԱԺ-ի էլ ինքը եղել է ու լինելու է, բայց դա ի՞նչ կապ ունի ներկա Հայաստանի հետ, ՀՅԴ-ում կամ չգիտեն, կամ խնդիր չեն դնում բացատրել: Ոչ մի նորություն չկա նաև ՀՅԴ-ի ընտրացուցակում, իսկ ընդհանրապես ամենաճիշտը ՀՅԴ-ի նախկին անդամ Աղվան Վարդանյանն էր, որ հարցեր էր տալիս իր կուսակցությանը ու ի պատասխան հեռացվեց կուսակցությունից:
Քաղաքական պասից ուզում է դուրս գալ ՕԵԿ-ը, որ 2017-ի ընտրություններում ձախողեց ռեբրենդինգը` մտնելով նոր ու անհասկանալի կերպարի մեջ, իսկ հիմա որոշել է, որ փորձված թանն անփորձ մածունից լավ է ու զորակոչել է վետերաններին: Աժ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի վերադարձը ԱԺ հավասարազոր է իր համար սենսացիայի, ընտրողից պահանջելու է բացարձակ ամնեզիա:


«Լուսավոր Հայաստանը» նույնպես հավակնում է երկրորդը լինել և կարող է նաև հաջողության հասնել, եթե իսկապես ստացել է ֆինանսական մեծ աջակցություն ու կարևոր խնդիր` դառնալ այն քաղաքական ուժը, որի դերում ձախողվեցին ՀՀԿ-ի ոսկե երիտասարդները ու հիմա թաքնված ռեբրենդինգի մեջ են` համագործակցելով թե ՔՊ-ի հետ (ոմանք նույնիսկ ՔՊ-ի ընտրացուցակով Երևանում թաղապետ դարձան), թե «Լուսավոր Հայաստանի»: Բայց այդ դեպքում անհասկանալի է, թե ո՞րն է լինելու ԼՀԿ-ի դերը 7-րդ գումարման ԱԺ-ում:


Ընտրությունների ամենավիճահարույց քաղաքական ուժը նորաստեղծ «Սասնա ծռերն են», որ 2017-ին կոչվում էին ահաբեկիչներ, 2018-ին ուզում են հեղափոխական լինել, 2019-ից` պատգամավոր: Շեշտակի կարիերա է` բանտից ԱԺ: Թեպետ Հայաստանում բանտն ու խորհրդարանը հաճախ են համատեղվում կուսակցությունների կյանքում (ՀՀՇ, ՀՅԴ, ՔՊ): Արմատականության իրենց անհասկանալի տեսակետներով նրանք հիշեցնում են այլմոլորակայինների, որ հայտնվել են Նոյի երկրում ու ուզում են պատմությունը սկսել այն կետից, երբ տապանը ափ հասավ: Բայց հազարամյակներ են անցել ու մարդկությունը վաղուց լուծել է այն խնդիրները, որ նրանք ուզում են ստեղծել բոլորիս համար իրենց գոյությամբ:
Ընտրությունների նորեկների` «Ազգային առաջընթաց», «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» ու «Քաղաքացու որոշում» կուսակցությունների համար ընտրություններ-2018-ը քաղաքական բեմելի փորձ է լինելու: Ոչ ավելին:


Ընտրություններում իր առանձնահատուկ գույնն ունի «Մենք» դաշինքը, որ իսկապես կարող է դառնալ կառուցողական ընդդիմություն ՔՊ-ի իշխանության համար: Ընդհանուր պատմությունը սկսելով «Ելք» դաշինքով` այսօր 3 կուսակցությունները` ՔՊ-ն, «Հանրապետությունը» ու «Լուսավոր Հայաստանը» հայտնվել են տարբեր դիրքերում: ՔՊ-ն քայլեց (բառացիորեն) դեպի իշխանություն, ԼՀԿ-ն փորձում է միջակայքում տեղավորվել` փոխարինելով ԲՀԿ-ին, «Հանրապետությունը» շարունակեց այն ճանապարհը, որ ուրվագծել էր հիմնադիր համագումարում` բացարձակ արժեք հայտարարելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, լինելով ու մնալով ընդդիմություն: Ոմանք նոր դաշինքը համարում են իրավիճակային (և չեն ուշանում հիշեցնել, որ 2017-ի ընտրություններում Ազատ դեմոկրատների հաջողությունը մնաց 1 տոկոսի շրջագծում), բայց նույնիսկ այդ պարագայում «Մենք» դաշինքը փաստացի ընտրություններում միակ ուժն է, որ Հայաստանը չի ցանկանում պարփակված տեսնել ԵԱՏՄ+ՀԱՊԿ շրջագծում ու քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության հարց է դնում` եվրոպական մոդելի ժողովրդավարության ստեղծումով ու տնտեսական զարգացման ռեալ հիմքերը տեսնելով Արևմուտքի հետ համագործակցության մեջ` այնտեղ են այսօր թե նոր տեխնոլոգիաները, թե ֆինանսները, թե քաղաքական կամքը` Հայաստանին ոչ թե ենթակա, այլ հավասար գործընկեր տեսնելու մեջ:
Ընտրողի համար փաստացի միայն «Մենքն» է ստեղծում ընտրության տարբերակ, որովհետև 11 քաղաքական ուժերից 10-ի քաղաքականությունը նույնն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դեկտեմբերի 10-ին կերևա` ինչ ապագա ընտրեց Հայաստանն իր համար: Եվ դեկտեմբերի 11-ից իրական ռեբրենդինգի խնդրի առաջ է կանգնելու ՔՊ-ն, որ այսօր շարունակում է թավշե էյֆորիան, իսկ 2019-ից ստիպված է լինելու խոստումների կատարման ժամանակի մեջ մտնել ու չի բացառվում, որ այլևս փողոցում ունենալու է ոչ միայն կողմնակիցների, այլև` հակառակորդների, եթե, իհարկե, նրանք որոշեն փողոցը գործոն դարձնել ու կարողանան մարդկանց փողոց դուրս բերել` ի պաշտպանություն իրենց տեսակետների, ոչ թե իշխանության դեմ պայքարի:

Դիտվել է՝ 1447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao