USD484.70
EUR549.12
RUB7.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Մեծ Բրիտանիան պահանջում է Թերեզա Մեյի հրաԺարականը

Մեծ Բրիտանիան պահանջում է Թերեզա Մեյի հրաԺարականը
17.11.2018 | 12:29

Ինչպե՞ս ձերբազատվել Մեծ Բրիտանիայի վարչապետից: Մեկ ընթացակարգ չկա: Ամեն ինչ կախված է` ո՞ր կուսակցությունն է իշխանություն, յուրաքանչյուր կուսակցութուն ունի իր կանոնները: Հիմա իշխանություն են պահպանողականները և վարչապետը նրանց ղեկավար Թերեզա Մեյն է: Հենց նրա համար է ակտուալ դարձել պաշտոնը պահպանելը, ուստի կենտրոնանանք Պահպանողական կուսակցության վրա:


1. Կուսակցության ղեկավարի փոփոխությունը
Եթե կուսակցությունն ուզում է ղեկավար փոխել, գործի է դրվում անվստահություն հայտնելը` ընթացակարգ, որի շրջանակներում խորհրդարանի պահպանողական պատգամավորները քվեարկում են վստահու՞մ են իրենց ղեկավարին հարցով: Պահպանողական կուսակցությունն անվստահություն է հայտնում, եթե Համայնքների պալատում իր պատգամավորների 15%-ը նամակ գրեն այդ պահանջով: Խորհրդարանի ներկա դասավորությունից ելնելով` նվազագույնը 48 տորիներ պետք է նամակ գրեն 1922 թվականի կոմիտեին` հետնաթոռների խմբին, այսինքն` շարքային պատգամավորներին, որ գործող կառավարությունում պաշտոններ չունեն: Նամակում նրանցից յուրաքանչյուրը պետք է գրի, որ ՙայլևս հավատ չունի կուսակցության ղեկավարի նկատմամբ՚: Երբ հավաքվի 48 հայտարարություն, քվեարկության կդրվի ղեկավարին վստահության հարցը, որին կարող են մասնակցել Համայնքների պալատի բոլոր պահպանողականները: Եթե վարչապետը հավաքի ձայների պարզ մեծամասնություն իր օգտին, կշարունակի աշխատել, նվազագույնը մեկ տարով նոր նախաձեռնություն չի կարող լինել: Եթե վարչապետին անվստահություն են հայտնում, նա պետք է հրաժարական տա, որից հետո կուսակցությունը կորոշի` ո՞վ է փոխարինում վարչապետին: Եթե պահպանողականները հանում են իրենց ղեկավարին, սկսվում է կուսակցության նոր ղեկավարի մրցույթ, որին հեռացող վարչապետը չի կարող մասնակցել: Իբրև կանոն` պահպանողական պատգամավորները երկու հիմնական թեկնածու են ընտրում և առաջարկում նրանց օգտին քվեարկել կուսակցության բոլոր անդամներին: Այդ գործընթացը կարող է շաբաթներ տևել, հիմա պահպանողականները ժամանակ չունեն` մինչև ԵՄ-ից դուրս գալը մնում է ընդամենը 4 ամիս, իսկ գործարքը համաձայնեցված չէ ոչ երկրի ներսում, ոչ ԵՄ-ում: Պարզ չէ` ինչպես են պատգամավորները մեկ թեկնածու ընտրելու` հաշվի առնելով բրեկզիտի հարցով կուսակցության ներսում բաժանումը: Ղեկավարի ընտրությունը կարող է կուսակցությունը բաժանել երկու, համարյա հավասար մասի:


2. Հասնել խորհրդարանի արտահերթ ընտրության
Խորհրդարանը կարող է վարչապետին փոխել ևս մեկ ճանապարհով` արտահերթ ընտրությունների, որի համար պարտադիր չէ իշխող կուսակցության անդամների համաձայնությունը: Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելու 2 ճանապարհ կա: Եթե Համայնքների պալատի ցանկացած կուսակցության 2\3 աջակցություն հայտնի արտահերթ ընտրությունների պահանջին: Պետք է 434 պատգամավորի աջակցություն:
Կառավարությանը անվստահություն հայտնելու միջոցով: Հենց անվստահություն հայտնվի, սկսվում է 14 օրացուցային օրերի հաշվարկը, որի ընթացքում պետք է պատգամավորների մեծամասնության աջակցությունն ունեցող նոր կառավարություն ձևավորվի: Եթե նման կառավարություն ձևավորել չհաջողվի, խորհրդարանը կցրվի ու նոր ընտրություններ կհայտարարվեն: Սակայն եթե նույնիսկ պահպանողական կառավարությունը անվստահության քվե ստանա, Թերեզա Մեյը պարտավոր չէ հեռանալ վարչապետի պաշտոնից, նա կարող է իր կուսակցությանը ընտրությունների տանել: Նա ստիպված է հրաժարական տալ, եթե ուրիշ մեկը կարողանա ստանալ պատգամավորների մեծամասնության աջակցությունը ու ձևավորի նոր կառավարություն նրա փոխարեն:
BBC


Հ.Գ. Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն երկարատև և լարված բանակցություններից հետո համաձայնեցրել են բրեկզիտի պայմանագրի նախագիծը: Վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստում նախարարների հետ քննարկել է պայմանագիրը և ստացել է նրանց մեծ մասի հավանությունը: Բրեկզիտի հարցով հատուկ նախարար Դոմինիկ Ռաաբն ի նշան բողոքի հրաժարական է ներկայացրել, նա անընդունելի է համարում ԵՄ-ից դուրս գալու պայմանները: Հրաժարականներ են ներկայացրել աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էսթեր Մաքվեյը և կառավարության ևս 4 պաշտոնյաներ: Մեյը համարում է, որ ավելին այս պայմաններում կառավարությունն անել չի կարող: Նա խորհրդարանում շնորհակալություն է հայտնել նախարարներին, այդ թվում հրաժարականներ տվածներին և զեկուցել է իրավիճակի մասին: Մեյի կառավարությունից արդեն 18 նախարար է հրաժարական ներկայացրել:


Բրեկզիտի հարցով ԵՄ հատուկ բանագնաց Միշել Պարնիեն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ներկայացրել է բրիտանացիների հետ բանակցությունների արդյունքները: «Եթե արտառոց ոչինչ չպատահի՝ մենք նոյեմբերի 25-ին կանցկացնենք Եվրոպական խորհրդի ժողով և հավանություն կտանք օրինագծին»,- ասել է Դոնալդ Տուսկը: «Եվ վերջապես թույլ տվեք ասեմ մեր բրիտանացի ընկերներին՝ որքան էլ տխուր եմ ձեր հեռանալու համար, կանեմ ամեն ինչ, որ հեռանալը հնարավորինս քիչ ցավ պատճառի թե մեզ, թե ձեզ»,- հավելել է նա:
Իսկ արտառոցը հենց Թերեզա Մեյի հրաժարականն է: Մինչև նոյեմբերի 25-ը հազիվ թե վարչապետը հրաժարական տա, բայց բրեկզիտի անիվը հետ շրջել դեռ հնարավոր է, համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ անդամ 27 երկրները, իսկ նրանք կարող են և չվավերացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao