USD485.13
EUR553.48
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հայկական մարտեր ՀԱՊԿ-ում

Հայկական մարտեր ՀԱՊԿ-ում
18.11.2018 | 12:32

Գուցե պատճառը հետխորհրդային եվրասիական տարածքում ընդունված խաղի կանոնների չիմացությունն է, որ Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքը: Բատկան ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ նիստի քննարկման մասին: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում` ինչպե՞ս կմեկնաբանի, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։ Երեկ նրան պատասխանեց Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը` ՙՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել՚: Նա շեշտել է՝ հնարավոր է, դա ընդունելի է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան։

«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ, այսպես կոչված, փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է Գլազը: Սա արդեն դառնում է դիվանագիտական սկանդալ` ԱԳՆ-ի ինչ-որ պաշտոնյա իրեն թույլ է տալիս մեծ քաղաքականություն ու դիվանագիտություն սովորեցնել ՀՀ վարչապետին, թեկուզ` այս պահին պաշտոնակատար: Առավելևս, որ ինքն է ասում` միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Ինչու՞ են այդ նորմերը միայն Հայաստանի համար: Բելառուսը առանձաշնորհյալի կարգավիճակ ունի՞, թե՞ Բատկան է Կեսարի կին ու անձեռնմխելի: Եթե այդպես է, միայն Բելառուսում, Հայաստանը իրավունք ունի բացատրություն պահանջել Լուկաշենկոյից:


Եվ ինչու՞ միայն Բատկան: Պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթաժողովի դռնփակ նիստից հետո ասելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ. «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսները ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»: Իհարկե այդպես է: Տրամաբանորեն: Բայց դա ՀԱՊԿ-ն է, որտեղ ամեն ինչ ունի իր սեփական` նորմալ տրամաբանության հետ կապ չունեցող տրամաբանությունը: Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում նաև այդ հարցն է քննարկել. «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»: Լավատեսություն է, իհարկե, գլխավորն այս հարցում Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տանդեմն է, որտեղ յուրաքանչյուրն իր շահն ունի, իսկ Ղրղզստանն ու Տաջիկստանը կցորդ են ու Հայաստանը չունի լծակ` նրանց իր կողմնակիցը դարձնելու հարցում: Առավելագունը` Հայաստանը կարող է վետո դնել ու ՀԱՊԿ ղեկավարությունը կմնա Վալերի Սեմերիկովին` մինչև լրանա Հայաստանի պաշտոնավարման ժամկետը ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020-ին ռոտացիայով անցնի Բելառուսին: Սակավ մխիթարություն է, որ 2020-ից էլ Հայաստանը կարող է Բելառուսի թեկնածուի նկատմամբ համարժեք քաղաքականություն վարել ու խանգարել նրա նշանակմանը` ինչպես Բատկան է արել երկար ժամանակ: Վստահաբար դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում ևս այս հարցը չի պատասխանվելու։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ մինչ այդ տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի գլխին ու նրան դարձնել քավության նոխազ: Բայց դա հարցի լուծում չէ:
Շատ ավելի կարևոր է դիսկուրսը` իսկ ի՞նչ է տալիս ՀԱՊԿ-ը (ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն) Հայաստանին: Ու հենց այդ դիսկուրսը կարող է հարցի լուծման վրա ներգործել, ոչ թե անպտուղ բանակցությունները ՀԱՊԿ շրջանակներում կամ դիվանագիտական լեզվակռիվը գլազների մակարդակով: Հայաստանին պետք է այլընտրանք` ՀԱՊԿ-ում իր ներկայությանը կշիռ հաղորդելու համար: Դա քաղաքականության մեջ հնագույն հնարք է, որ միշտ ազդեցիկ է: Իվերջո` ակնհայտ է, որ հեղափոխություն արած Հայաստանը հետխորհրդային ինտեգրացիոն կառույցներում այլևս յուրային չէ և ուրեմն` դիտվում է հաստատված կանոնների դեմ վտանգ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ ինտրիգները դրա վկայությունն են: Բելառուսը ու Ղազախստանը նոյեմբերի 2-ին Աստանայի գագաթաժողովում հայտարարեցին ՀԱՊԿ-ում իրենց հավակնությունների մասին՝ հակառակ Հայաստանի կանոնադրական իրավունքի: Աստանայի գագաթաժողովից մի քանի օր անց Ղազախստանի նախագահը հիշեցրեց ԵԱՀԿ-ի օրինակով Ասիայի հավաքական անվտանգության կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին իր գաղափարը: Հայաստանի ինքնուրույն քաղաքականությունը հակասում է Բելառուսի ու Ղազախստանի և այն երկրների շահերին, որոնց խոսափողներն են Լուկաշենկոն ու Նազարբաևը: Նրանք փորձում են կազմակերպության դռները բացել իրենց իրական դաշնակիցների` Ադրբեջանի, Պակիստանի առաջ:


Իրեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն ներկայացնելով՝ ՀԱՊԿ-ը երբեք այդպիսին չի եղել: Բուն գործառույթը միշտ էլ քաղաքական միջավայրը` առաջին հերթին հետխորհրդային տարածքի նոր թյուրքալեզու պետությունների նկատմամբ Ռուսաստանի ռազմաքաղաքական վերահսկողության ապահովումն էր: Իսկ այդ պետությունները դաշնակիցներ չեն, այլ քաղաքական հակառակորդներ և Ռուսաստանը Հայաստանին օգտագործում էր նրանց զսպելու համար: Դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում Ռուսաստանը կփորձի ձախողել նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ ներկայացնելով փոխզիջում Հայաստանի ու Բելառուս-Ղազախստան տանդեմի միջև: Եվ Վալերի Սեմերիկովի ու ՌԴ բախտը կբերի: Հայաստանի բախտը բերելը ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020-ը պահելն է, այլ` հետխորհրդային տարածքում իր դերը վերաիմաստավորելը և միջազգային ասպարեզում այդ դերի գիտակցություն ձևավորելը` Հայաստանն այլևս Ռուսաստանի կցորդը չէ, այլ` իր շահերը պաշտպանող անկախ պետություն ու արժանի է հարգանքի:

Դիտվել է՝ 1335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao