Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզ
18.11.2018 | 12:58

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը: Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և ազգային բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:


Քաղաքի «Տոլմաչովո» օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանը, թեմի հոգևոր դասի և Նովոսիբիրսկի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ ավանդական աղ ու հացի արարողություն, որից հետո Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
Նոյեմբերի 17-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նահանգապետարան, ուր հանդիպում տեղի ունեցավ Նովոսիբիրսկի նահանգապետ պրն. Անդրեյ Տրավնիկովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան տիար Վարդան Տողանյանը:


Նովոսիբիրսկի նահանգապետը ջերմությամբ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նովոսիբիրսկի մարզ` նշելով, որ այն պատմական իրադարձություն է մարզային կյանքում, որը մեծ խանդավառություն է առաջացրել մարզի հայկական բնակչության և քրիստոնեական այլ հարանվանությունների հետևորդների մոտ:Պրն. Տրավնիկովը Հայոց Հովվապետին ընդհանուր տեղեկություններ փոխանցեց մարզի վերաբերյալ` անդրադառնալով մարզի հոգևոր կյանքին, տարբեր ազգային և կրոնական համայնքների խաղաղ ու համերաշխ hամակեցության ապահովմանն ուղղված ծրագրերի մասին: Խոսելով հայ համայնքի ներկայության և մարզի զարգացման գործում դերակատարության մասին` նահանգապետը ուրախությամբ ընդգծեց, որ մարզի միակ հայկական եկեղեցու կառուցումը պիտի նպաստի հայության ազգային, հոգևոր կյանքի առավել աշխուժացմանը: Անդրեյ Տրավնիկովը գոհունակությամբ նշեց համայնքի և պետական կառույցների գործակցության և տարբեր սոցիալական ու մշակութային ծրագրերում ակտիվ ներգրավվածության մասին:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով Նովոսիբիրսկի մարզում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ևս ուրախություն հայտնեց այցելության կապակցությամբ` արձանագրելով, որ եկել է իր օրհնությունը բաշխելու և խնդակից դառնալու հայ համայնքի ուրախությանը` ազգային-եկեղեցական կյանքում կարևոր իրագործման` հայկական եկեղեցու օծման առիթով: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և նրա ազգային-հոգևոր կյանքի հանդեպ մշտական ուշադրության համար: Անդրադառնալով Ռուսիո երկրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեքհարյուրամյա ներկայությանը` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ երկրում կայք հաստատած հայորդիները նվիրական պարտք են նկատել եկեղեցի և կրթական հաստատություններ հիմնել` պահպանելով իրենց ազգային ինքությունը: Ըստ Հայրապետի` հայ ժողովրդի զավակներն աստվածասիրությունը նաև նույնականացրել են հայրենասիրության հետ` իրենց կարևոր նպաստը բերելով իրենց հյուրընկալած Ռուսաստանի բարօր և պայծառ կյանքի կերտմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները և գործակցությունը ի խնդիր երկու ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման:


Հանդիպմանը խոսքով հանդես եկան նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը` անդրադարձ կատարելով երկու հավատակից ժողովուրդների ընդհանրություններին և հայ-ռուսական բազմադարյան բարեկամությանը:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ