Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են

Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են
20.11.2018 | 01:08

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի պատվիրակությանը: Այսօր ստորագրվել է Երևանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համագործակցության համաձայնագրի 2018-2021 թթ. ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման, ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում:


Կարևորելով Երևանի և Իլ դը Ֆրանսի կապերի խորացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Իլ դը Ֆրանսը Ֆրանսիայի ամենաարդյունավետ կառավարվող շրջաններից է, և փորձի փոխանակումն օգտակար կլինի կառավարման մակարդակի բարձրացման համար:
Վալերի Պեկրեսը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ բարձր մակարդակի պաշտոնական այցերի դինամիկան պահպանվում է, և պետք է աշխատել շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ: Նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Իլ դը Ֆրանս շրջանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում՝ ընդգծելով, որ իրենք հետաքրքրված են Երևանի հետ փոխշահավետ առարկայական գործընկերություն զարգացնելու հարցում: Վալերի Պեկրեսը Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպման արդյունքների և համագործակցության պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը, ողջունելով փաստաթղթի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև թե կենտրոնացված, թե ապակենտրոնացված համագործակցության հաջող մոդելներ կան, և Հայաստանը հետաքրքրված է կառավարման ոլորտում առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ ու կիրառմամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների շուրջ: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել աղբահանության, աղբի վերամշակման, հանրային տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է բիզնես ոլորտում կառավարման նոր մշակույթի և բարձր ստանդարտների ներդրումը: Հումանիտար և միջմշակութային կապերի սերտացման, Հայաստանում ֆրանսերենի տարածման համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը:


Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Վալերի Պեկրեսին՝ Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի բարեկամական կապերի ամրապնդման մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ