«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Նախկինում «հրեշ» էին, այժմ «հրեշտակ» են ներկայանում»

«Նախկինում «հրեշ»  էին, այժմ  «հրեշտակ» են ներկայանում»
20.11.2018 | 03:33

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ օրինաչափ ու արդարացված է համարում, որ, քարոզարշավը պաշտոնապես չմեկնարկած, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերն արդեն իսկ սկսել են բացահայտ կամ թաքնված քարոզչությամբ զբաղվել, քանի որ 12 օրում քարոզարշավ անելը հեշտ գործ չէ:

-Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, դրանք հիմնականում երկու խմբի կարելի է բաժանել,- ասաց մեր զրուցակիցը։- Խորհրդարանում լծակ ունեցող քաղաքական ուժերն այս շրջանում խորհրդարանական ամբիոնն օգտագործում են սեփական PR-ի և քարոզչության համար՝ հաշվի առնելով այդ ամբիոնի՝ հանրության համար առավել լսելի ու հասու լինելու փաստը: Մյուս խմբում ԱԺ-ում չներկայացված, բայց ընտրություններին մասնակցող ուժերն են, որ այլընտրանքային ռեսուրսներ են գործածում՝ երթեր, սոցիալական ցանցերում դրսևորվող ակտիվություն, հանրային միջոցառումներ, քննարկումներ և այլն։ Այս ամենի ֆոնին, սակայն, զգալի մեծ է սոցիալական ցանցերի և լայվերի ընձեռած հնարավորությունը, ինչն այժմ լայնորեն կիրառում են գրեթե բոլոր ուժերը, որովհետև հասարակական նախաձեռնությունը, քննարկումը, երթը, ցույցը, հավաքը, ելույթն անպայման ուղեկցվում են ուղիղ եթերով: Ես նույնիսկ կանխատեսում եմ, որ առաջադրված թեկնածուներն ընտրողների տներ այցելությունների ժամանակ լայվ կմտնեն: Մենք կտեսնենք քաղաքական գործիչների, որոնք թեյ կխմեն քաղաքացիների հետ, կզրուցեն, և այդ ամենը հենց այդ պահին Facebook-ի կամ այլ ռեսուրսի միջոցով կհեռարձակվի: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջադրված 11 ուժ կա և թեկնածուների հոծ բազմություն, ականատես կլինենք նաև, որ ուշադրություն գրավելու համար թեկնածուները կամ կուսակցությունները կկիրառեն սկանդալային ու սենսացիոն տեխնոլոգիաներ: Հուսանք, սակայն, որ բանը կեղտոտ տեխնոլոգիաներին չի հասնի:
-Օրինակ, Երևանի արտահերթ ընտրությունների ժամանակ ի՞նչ կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառվեցին:
-Կեղտոտ չէի ասի, բայց ագրեսիվ տեխնոլոգիաներ կիրառվեցին, մասնավորապես՝ քաղաքապետ Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելու տակտիկական հնարքը, որ «եթե տղա ես, եթե համարձակ ես, եթե դուխով ես, արի ուղիղ եթերում բանավիճենք», ագրեսիվ տոնի մասին էր խոսում: Ագրեսիվ տեխնոլոգիա էր նաև Հայկ Մարությանի մասնակցությամբ տարաբնույթ հումորային հոլովակների ու գովազդների պարբերաբար ցուցադրումը, որոնք միտված էին վարկաբեկելու նրան:
-Քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանելն էլ իշխող ուժի կիրառած «կեղտոտ» տեխնոլոգիան չէ՞ր:
-Ձեր բերած օրինակում մենք հստակ անձերի ու քաղաքական թիմերի հետ գործ ունենք, բայց եթե հստակ մատնացույց չի արվում, թե ով է սևը, ով՝ սպիտակը, դա ուղղակի հռետորական հնարք է: Իսկ եթե սևերի ու սպիտակների անվանական տարանջատում կա, ապա գործ ունենք քաղաքական սև կամ կեղտոտ տեխնոլոգիայի հետ: Բայց կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններում քաղաքական դաշտը ոչ թե սևերի ու սպիտակների, այլ բևեռների է բաժանվելու:
-Պարզ է՝ ֆավորիտը «Իմ քայլը» դաշինքն է, որ հաղթանակ տանելու խնդիր, կարելի է ասել, չունի: Մյուս ուժերն ի՞նչ պետք է անեն, որ խորհրդարանում հայտնվելու շանս ունենան:
-Առաջին հերթին չպետք է ակնհայտորեն բացասաբար արտահայտվեն «Քաղաքացիական պայմանագրի» մասին, որովհետև իշխող ուժին վարկաբեկելը համարժեք կլինի քաղաքական ինքնասպանության՝ նվազեցնելով նաև Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունը: Ընդդեմ ՔՊ-ի խոսող քաղաքական ուժը կամ գործիչը ասոցացվում է այն ուժի հետ, որին մերժել է հասարակությունը: Իսկ եթե կուսակցությունը դա անի դիվիդենդներ շահելու համար, ապա, անհեռատեսություն ցուցաբերելով, ցույց կտա, որ հանրության տրամադրությունները չի արտահայտում: Խելամիտ գործելաոճն այն կլինի, որ ԱԺ-ում հայտնվելու հայտ ներկայացրած ուժերը հայտարարեն՝ խորհրդարանում քաղաքական հակակշռի կարիք կա, ինչպես նաև պետք է ամրապնդել հեղափոխության ձեռքբերումներն ու առողջ ընդդիմություն, բևեռ ձևավորելով օգնել մեծամասնությանը` տեսնելու սխալներն ու ուղղելու դրանք:
-Քաղաքական ուժերը քարոզչական հին ու բարի մեթոդներից չեն հրաժարվում, բայց և փորձում են ինչ-ինչ քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել: Այս երկուսի միքսը ցանկալի արդյունք կարո՞ղ է ապահովել:
-Կուսակցություններն այժմ հարկադիր իրավիճակում են հայտնվել՝ իմանալով, որ, օրինակ, ընտրակաշառքը, կարուսելի հնարքը, թաղային հեղինակությունների ու ոստիկանության լծակը չեն կարողանալու բանեցնել: Հետևաբար ամենատարբեր մեթոդներով հասարակությանը փորձելու են համոզել, որ իրենք լավն են, իրենք հինը չեն, փոխվել են, զարգացել են, նոր են և այլն: Այս պարագայում մնում է մի լծակ կիրառել. դա հանրության հետ ուղիղ կամ միջնորդավորված աշխատանքն է:
-Այսինքն՝ թաղային հեղինակություններն է՞լ են PR-ի մեջ մտնում:
-Հավատացեք՝ այո, որովհետև ընտրողի հիշողությունը բավական թույլ է, ու նա հաճախ չի հիշում, որ թաղային հեղինակությունները, որոնք նախկինում «հրեշներ» էին, այժմ «հրեշտակներ» են ներկայանում: ՈՒ եթե նախկին հրեշին փաթեթավորեն որպես ազգասերի կամ ժողովրդի նվիրյալի, ապա ընտրությունը լինելու է այդ փաթեթավորման ազդեցությամբ, քանի որ մեր հասարակության զգալի մասը ուղղորդվում է փաթեթով, ոչ թե դրա պարունակությամբ:
-Քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացրած համապետական ցուցակները քննադատության արժանացան, թե այնտեղ տեղ են գտել ոչ ցանկալի դեմքեր: Այլընտրանք չե՞ն ունեցել կուսակցությունները:
-Ցուցակների առաջին դեմքերի ընտրությունը պայմանավորված է եղել առավելապես սիրված, ճանաչելի ու անբիծ դեմքեր առաջադրելու սկզբունքով: Ինչ վերաբերում է ցուցակներին ընդհանուր առմամբ, ապա ակնհայտ է շտապողականության ազդեցությունը, ժամկետների մեջ տեղավորվելու ու ցուցակներ ներկայացնելու համար մարդկանց բերել-լցրել են: Ես չեմ բացառում այսպիսի սցենար, որ երեկոյան զբոսնելիս որևէ կուսակցության ղեկավար իր որևէ ծանոթի է հանդիպել և ասել՝ արի քեզ էլ ներառենք մեր ցուցակի մեջ: Սակայն նույնիսկ արշավի գնալիս արշավախումբն այդ սկզբունքով մարդ չի վերցնում, իսկ պառլամենտ մտնելիս դա անթույլատրելի մոտեցում է: Առաջին հայացքից անվտանգ թվացող այս սցենարի քողի ներքո իրականում մեծ վտանգ կա, որը նրանց աքիլեսյան գարշապարն է լինելու: Բավական է «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում հակառակորդները նախկին հանրապետականի կամ հանրապետականին աջակցած անձի նկատեն, այդ իրողությունը դարձնելու են շեփորահարման առարկա:

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ