«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Պատմական կոթողներով ու ավանդապատումներով հարուստ Արդվին

Պատմական կոթողներով ու  ավանդապատումներով հարուստ Արդվին
20.11.2018 | 14:01

Լոռու մարզի գեղատեսիլ բնության մի անկյունում իր համեստ կյանքով ապրում է Արդվի գյուղը: Հայկական շատ գյուղերի նման Արդվիի անվանակոչությունը հետաքրքիր պատմություն ունի:


Արդվին հայ մատենագրության և բանահյուսության մեջ կապվում է Հովհաննես Գ Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի (717-728 թթ.) անվան հետ: Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Օձնեցին մեր պատմության մեջ եղել է այն եզակի անհատականություններից, որ սրբացվել է հենց իր կյանքի ընթացքում, և որի մասին լեգենդներ ու առասպելներ են հյուսվել: Մահից հետո Հովհաննես Օձնեցին դասվել է սրբերի շարքին որպես Հովհան Իմաստասեր: Նա եղել է միակ հայ կաթողիկոսը, որ հրաժարվել է կաթողիկոսական գահից և ամբողջությամբ զբաղվել է շինարարությամբ: Արդվի գյուղում նա կառուցել է սուրբ Հովհաննես վանքը, որտեղ էլ ամփոփվել է Վեհափառ հայրապետը: Նրա մահից հետո գերեզմանը դառնում է սրբատեղի և ուխտագնացության վայր: Հովհաննես Օձնեցին խոշոր աստվածաբան էր և իրավագետ, հեղինակել է «Կանոնագիրք Հայոց» աշխատությունը: Վանքի մոտ գտնվում է Արդվիի հին ազնվական տոհմերից մեկի՝ Քալանթարյանների տոհմական գերեզմանը: Նրանք երկար դարեր եղել են գյուղի տերերը: Մի քիչ ավելի հեռվում մի ժայռ կա, որի երկայնքով անցնում է մուգ ապարաշերտի երակ, որ կոչվում է Օձի պորտ: Այն, իրոք, օձի նման է: Նրա տակից աղբյուր է բխում, որ բուժիչ հատկություն ունի: Արդվիում, բացի Սուրբ Հովհաննես վանքից, կան նաև Կարմիր վանքը (10-11-րդ դդ.), Սուրբ Հարություն (10-րդ դ.) և Կիրակի մատուռները (10-14-րդ դդ.): Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում՝ տոհմական:


Արդվին հնում կոչվել է Մելիքագյուղ կամ Մելիքաքյանդ: Պատմությունը փաստում է, որ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն Օձուն գյուղից հեռանում է և, գալով Մելիք գյուղ, ասում. «Արտվի». այսինքն, Մելիքն առա, Օձունը տվի:
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ ինչ-որ ժամանակ գյուղը կոչվել է Առթվի: Այս ավանդազրույցը մեզ է հասել 5-րդ դարից, երբ Վարդան Մամիկոնյանն արշավանք սկսեց պարսիկների դեմ: Սպարապետն իր զորքով գնում էր Աղվանք, աոաջնապահ ջոկատը գլխավորում էր նրա որդին: Այս գյուղի մոտ էլ տեղի է ունենում առաջին ճակատամարտը: Երբ Վարդանն իր զորքով տեղ է հասնում, որդին, պատմելով ճակատամարտի մասին, ասում է, որ հազար պարսիկ է սպանել: Հայրը չի հավատում նրան, և որդին, պարսիկների գլուխները նետելով նրա ոտքերի տակ, գոչում է. «Առ, թվի», (վերցրու և հաշվիր): Առթվին հետագայում դառնում է Արդվի:
Արդվի գյուղի ներկա բնակչության մի մասի նախնիները անցյալ բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից:

«ԿՅԱՆՔՆ ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ԷԼԻ ՎԱՏ ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ»
240 բնակիչ ունեցող Արդվի գյուղից շատերն են արտագաղթել, սակայն վերջին շրջանում մի քանի ընտանիք վերադարձել է, այդ թվում՝ Արդվիի նախկին համայնքապետ Սամվել Կիրակոսյանի զավակներն իրենց ընտանիքներով: Գյուղում աշխատատեղեր քիչ կան՝ դպրոց, գյուղապետարան, ջերմոց, բուժկետ: ՍԱՄՎԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ թեև գյուղապետ չէ, սակայն նախաձեռնել է գյուղում ստեղծել զբոսաշրջային կենտրոն, որն իր հերթին կապահովի մի քանի աշխատատեղ: «Դա իմ նախաձեռնությունն է, ես իմ գյուղի համար եմ անում, գլուխ գովելու բան չի, եկեղեցու հետևում՝ սարի վրա դիտակետ եմ սարքել, աշխատատեղ կբացվի, քիչ, բայց կբացվի: Կյանքն առաջվանը չէ, բայց էլի վատ չենք ապրում», -ասում է Սամվելը: Թեև նոյեմբեր ամիսն է, սակայն նրա տնամերձում համաչափ մշակված մարգերը լի են հյութեղ ելակի բերքով:


Գյուղի վերջում դեռևս խորհդային ժամանակներից կառուցված գոմերն են, որոնք մասամբ թեև վթարային են, սակայն անասունների համար, քիչ թե շատ, էլի կացարան են: Սամվել Կիրակոսյանը հաճույքով է հիշում, որ «սովետի ժամանակ» անասունների համար ստեղծած գերազանց պայմանների համար արժանացել է մրցանակային դրոշի, որն առայսօր պահում է: Մինչ անկախացումը գյուղն ունեցել է 2000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այսօր դրանց թիվը 350-ից չի անցնում: Գյուղն ունի 400 հեկտար արոտավայր ու խոտհարք, 350 հեկտար հողատարածք, սակայն ոռոգման ջրով հնարավոր է ոռոգել հողերի միայն 1/3-ը, տարիներ շարունակ անգործության մատնված ջրանցքը նորոգելու դեպքում հնարավոր կլինի ոռոգել ևս 25 հեկտար հողատարածք: Արդվին խմելու ջուր ունի, սակայն հույսն էլի գյուղամիջի հին աղբյուրն է՝ արդվինցիների հպարտությունը: «Բա չգիտե ՞ք, որ մեր աղբյուրը նկարահանել են «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում: Էն, որ Ավագի լողանալու համար մլիցեն գնաց ջուր բերելու, էդ մեր աղբրից բերեց: Մեր գյուղում ա նկարահանվել նաև Փարաջանովի «Նռան գույնը», բա ո՜նց, կարգին գյուղ ունենք»,- պատմում է բնակիչներից մեկը:
Մոտալուտ ձմռան շունչը ավելացնում է արդվինցիների հոգսը: Տասնյակ տարիներ առաջ գազաֆիկացված գյուղի բնակիչները չեն հիշում տները գազով տաքացնելու գեթ մեկ օր, իրենցը անտառն ու ծառահատումներից մնացած թափուկն է: Ցրտաշունչ օրերին գյուղի տղամարդիկ հարկադրված են կանխել գոմերում ձմեռող անասունների հոտն առած գայլերի հարձակումները, որոնց համար գյուղերը նպաստավոր տարածք են: Վտանգը դեռ քիչ է, մյուս կողմից բնակիչները գայլերին սպանելու համար ստիպված են լինում խոշոր դրամական տուգանքներ վճարել: Նախկինում գայլ սպանելու համար սահմանված 30-80 հազար դրամ վարչական տույժն այսօր կազմում է 150-250 հազար դրամ, մինչդեռ գյուղացուն հասցված վնասի փոխհատուցում կամ չի լինում, կամ այնքան է ձգձգվում, որ մարդիկ, հույսները կտրած, ավելացնում են զգոնությունը:

ԱՐԴՎԻԻ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՀՐԱՇՔԸ
718-728 թվականներին Օձնեցին Արդվիի մերձակայքում կառուցել է ճգնարան ու եկեղեցի: Սուրբ Հովհաննես վանքը կառուցված է խոշոր, անկանոն քարերից: Եկեղեցու հարևանությամբ զանգակատունն է: Վանահամալիրը լուռ հսկում է հարևանությամբ հանգչող Քալանթարյան ազնվական տոհմի գերեզմանոցը: 1902 թվականին Մելիք Քալանթարյանը նորոգել է Օձնեցու կառուցած եկեղեցին, պարսպապատել տարածքն ու տանձենիներ տնկել: Երեք եղբայրները` Մելիք, Եգոր և Քալանթար Քալանթարյանները, սերել են իշխանական տոհմից:


Արդվիի բնական հուշարձաններից է Օձի պորտը։ Այն ներառված է Հայաստանի բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում: Այստեղ ամփոփված է նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Հովհան Օձնեցու մարմինը։ Նրա բազմաթիվ հրաշագործություններից մեկը կապված է Օձի պորտի ավանդության հետ։ Մի օր, երբ Օձնեցին սուրբ պատարագ էր մատուցում, երկու զարհուրելի վիշապ լեռան լանջով մոտենում են գյուղին։ Սուրբը խաչով խաչակնքում է վիշապներին, և մինչև պատարագի ավարտը վիշապները մնում են կապված։ Պատարագի ավարտից հետո երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապներին, և նույն պահին վիշապները քարանում են։ Այդ վայրը կոչվում է «Օձի պորտ», որտեղից բխող ջուրն ունի բուժիչ հատկություն։
Մեկ այլ ավանդության համաձայն՝ գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր, որին Սուրբ էին կոչում։ Ձորակի ձախ կողմում ՝ լեռան լանջին հայտնվում է զարհուրելի վիշապը, և նրա արձակած ձայներից շրջակայքը պապանձվում է։ Մի կին կովկիթն ուսին (սափոր, որի մեջ կաթ էին լցնում) իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է։ Սուրբը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել։ Աշակերտը չի վերադառնում և հայտնվում է վիշապի երախում։ Հաջորդ աշակերտին է ուղարկում, նա էլ չի վերադառնում։ Այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժին են դառնում։ Սուրբը դուրս է գալիս դպրոցից` փնտրելու իր աշակերտներին։ Տեսնում է ահռելի վիշապին, որը պատրաստվում էր կուլ տալու հաջորդ զոհին։ Հրաշագործ ծերունին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։


Նկատելի է, որ Օձնեցու հրաշագործության պատմությունն ու ժողովրդական ավանդությունը շատ ընդհանուր եզրեր ունեն, հրաշագործությունից ծնվել է ավանդությունը։ Իսկ ո՞րն է իրականությունը։ Լեռան լանջով, կարծես, «սողում են» երկու վիշապներ, դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկն ավելի երկար ու հաստ, մյուսը՝ կարճ ու բարակ։ «Մեծ վիշապից» բխում է երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հոգնած ճամփորդին սառնորակ ջուր են տալիս, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն։ Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է, կոչում են «օձի պորտ»։ Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հանգամանքով։ Այդ աղբյուրից գիտնականները բազմիցս փորձանմուշներ են վերցրել և ապացուցել ջրի բուժիչ ուժը: Ջրի բաղադրությունում մեծաքանակ ոսկի ու արծաթ էր լուծված:
Տեղաբնակները պատմում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թ. գյուղացիները քանդել են այն ու այդ քարերով կառուցել գոմեր։
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի պատվերով այս ամռանն ավարտվեցին Սուրբ Հովհաննեսի դամբարանի վերանորոգման աշխատանքները: Վանքի տարածքի խնամքը վստահված է 77-ամյա Սիլվա տատին, որը ծնվել ու ապրում է գյուղում:


«Իմ գյուղի նման սիրուն գյուղ չկա, բնությունն ինքն է հրաշքները ստեղծել էս գյուղում: Ես եկեղեցու պահակն եմ, ավլում-մաքրում եմ, մոմ եմ վաճառում, վանքի վերանորոգման աշխատանքների ժամանակ հաց եմ պատրաստում եկեղեցին վերանորոգող բանվորների համար: Սիրտս ցավում է, որ մարդիկ լավ չեն պահում շրջակայքը, կեղտոտում են: Մյուս կողմից անասուններն են մտնում վանք, աղտոտում, քանի որ վերանորոգման պատճառով վանքի դուռը հանվել էր: Վանքի խաչն էլ տեղավորեցին, զանգակատունն էլ պատրաստ ա,- ասում է Սիլվա տատն ու նեղսրտում, որ հեռավորության պատճառով քիչ են վանքի այցելուները, որ կյանքը շատ է փոխվել Արդվիում, որ «էն շեն ու հարուստ գյուղից բան չի մնացել, կոմունիստների վախտ գիտե՞ս ոնց էինք ապրում»:
Երբ հրաժեշտ էի տալիս Արդվի գյուղին, վանքի կողմից գյուղի երեխաները, այծերի հոտն առաջն արած, իջնում էին ձորը. «օձի պորտից» հոսող սառնորակ, բայց արդեն բարակող ջրով լվացվելու, քանի որ մեծերն արգելել են այն խմել, «էլ առաջվանը չի»,- ասում են տարեցները:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ