Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչն էլ պարզ չէ, պարզ կդառնա

Ինչն էլ պարզ չէ, պարզ կդառնա
20.11.2018 | 14:24

Այսօր կայանալիք հանդիպումներով կամբողջանան Ազգերի լիգայի խաղարկության խմբային հանդիպումները: Այս օրերին եղել են առանցքային նշանակությամբ մրցակցություններ, ու այնպես չէ, որ, դիցուք, գոլազուրկ ելք ունեցած հանդիպումն իր հետաքրքությամբ ու լարվածությամբ, ասենք, զիջել է բացառիկ գոլառատին, թեև ընդունված է ասել, որ ֆուտբոլը գոլերով է գեղեցիկ: Դա իրոք այդպես է, սակայն, խոստովանենք, որպես ճշմարտություն կես ճշմարտությունների շարքից է:

1-ԻՆ ԽՈՒՄԲ
Հոլանդացիները սեփական հարկի տակ ընդունել էին աշխարհի ներկայիս չեմպիոններին՝ ֆրանսիացիներին, որոնց առաջին դիմակայությունում զիջել էին 1:2 հաշվով: Տանտերերի վերակազմավորվող թիմը սեփական հանդիսատեսին ներկայացավ միանգամայն շքեղ գույներով՝ պարտության մատնելով ահեղ մրցակցին: Ճիշտ է, 2:0 հաշիվն ավելի շատ հետևանք էր նրա, որ միավոր կորցնելու տագնապով ֆրանսիացիներն ամբողջովին մերկացրին պաշտպանությունը ու վարձահատույց եղան հավելյալ ժամանակում բաց թողած երկրորդ գոլով, սակայն պարտության պարագայում այդ հավելյալ գոլն արդեն գործոն չէր: Ֆրանսիացիները չորս խաղից հետո յոթ միավորով խմբային առաջինում են, նրանց ընդհուպ մոտեցավ երեք խաղից արդեն վեց միավոր ունեցող Նիդերլանդների ընտրանին: Երեկ ուշ երեկոյան կայացած Գերմանիա-Հոլանդիա խաղը ցույց էր տալու՝ գերմանացիները կմնան ունեցած մեկ միավորով, թե կենդանության նշաններ ցույց կտան ունեցած մեկ ոչ-ոքիից ու երկու անընդմեջ պարտությունից հետո: Բնականաբար, ոչ պակաս հետաքրքրության հարց է, թե որ տեղով խմբայինը կավարտեն հոլանդացիները:
Սլովակիայի հետ արտագնա խաղում ՈՒկրաինայի ընտրանին ցավոտ պարտություն կրեց (1:4), սակայն երեք խաղից հետո ունեցած ինը միավորով այն արդեն իսկ անհասանելի էր խմբային մյուս մրցակիցների համար, ինչն էլ ակնհայտորեն իր կնիքը թողեց օրվա հանդիպման վրա: Երեկ կայացած Չեխիա-Սլովակիա դիմակայությունը ցույց էր տալու, թե խմբային երկրորդ հորիզոնականը ում է պատկանելու: Նշենք, որ երկուսն էլ ունեին երեք միավոր, լրացուցիչ գործակիցներով չեխերն ավելի առաջ էին:
Ալբանացիների հետ շոտլանդացիների հաղթանակով ավարտված հանդիպումը (4:0) հյուրերի համար 6 միավորով տեղ ապահովեց աղյուսակի երկրորդ հորիզոնականում, սակայն դրանից ավելիին հասնել նրանք այլևս չեն կարող, որովհետև իրենց համար խմբային հանդիպումներն արդեն ավարտված են: Ինչ վերաբերում է նույնքան միավոր ունեցող ու աղյուսակը գլխավորող իսրայելցիներին, նրանց մնում է այսօր ընդամենը հորով-մորով անել շոտլանդացիների հետ արտագնա հանդիպումը:
Այսօր կայանալու են Անդորրա-Լատվիա, Վրաստան-Ղազախստան դիմակայությունները: Առաջին զույգն իրար հետ կվիճարկի, թե ով է եզրափակելու խմբայինը, երկրորդում էլ առանձնապես ինտրիգ չկա, քանզի 13 միավոր ունեցող վրացիները վաղօրոք էին ամրագրել խմբային առաջին հորիզոնականը:

2-ՐԴ ԽՈՒՄԲ
Տնային խաղում թուրքերի հաղթանակը շվեդների նկատմամբ տանտերերի առաջ մրցաշարային աղյուսակում լավ հեռանկարներ էր բացում, սակայն թուրքական ընտրանին այդ դիմակայությունն ավարտեց պարտությամբ ու մնաց երեք միավորով՝ նահանջելով վերջին հորիզոնական, որտեղից այլևս չի կարող բարձրանալ: Շվեդների այս հաղթանակն առանձնակի բովանդակություն հաղորդեց այսօր կայանալիք Շվեդիա-Ռուսաստան մրցակցությանը: Տանտերերը հաղթելու դեպքում կհավասարվեն յոթ միավոր ունեցող ռուսներին՝ այստեղից վերջիններիս համար բխելիք տխուր հետևանքներով:
Կրքերի հսկայական շիկացում էր Շվեյցարիա-Բելգիա մրցակցությունում, որն աչքի ընկավ նաև բացառիկ գոլառատությամբ: Բելգիացիներին հյուրընկալած շվեյցարացիներն իրենք էլ հավանաբար գլխի չընկան, թե ինչպես առաջին ոչ լրիվ երեսուն րոպեում մրցակցին արդեն զիջում էին 0:2 հաշվով: Ամեն ինչ գնում էր նրան, որ հանդիպումը բացառիկ գոլառատ է լինելու: Այդպես էլ եղավ, սակայն, որքան էլ զարմանալի է, անակնկալի հեղինակը դարձան տանտերերը, որոնք հյուրերի խփածին պատասխանեցին մրցակցի դարպասի հինգ գրավումով: Այս հաղթանակից հետո շվեյցարացիները միավորներով հավասարվեցին օրվա մրցակցին (9 միավոր) ու լրացուցիչ գործակիցներով դարձան առաջատար: Զուգահեռաբար նրանք տվեցին Բելգիայում կրած պարտության պարտքը:
Հունգարիա-Ֆինլանդիա, Հունաստան-Էստոնիա հանդիպումներից առաջինն ավարտվել է տանտերերի (2:0), երկրորդը՝ հյուրերի հաղթանակով՝ 1:0: Չնայած պարտությանը՝ ֆինները խմբայինն ավարտել են առաջին տեղով, 12 միավորով: 10 միավորով նրանց են հաջորդում հունգարացիները:
Մոլդովա-Լյուքսեմբուրգ մցակցությունում գրանցվել է 1:1 հաշիվը, Բելառուսի ընտրանին, որը վերջնահաշվում 14 միավորով գլխավորել է խմբայինը, արտագնայում պարտության է մատնել Սան Մարինոյին՝ 2:0: Լյուքսեմբուրգցիներն ունեն 10, մոլդովացիները՝ 9 միավոր:

3-ՐԴ ԽՈՒՄԲ
Կիպրոս-Բուլղարիա և Սլովենիա-Նորվեգիա դիմակայություններով այստեղ նոյեմբերի 16-ին խմբայինի հինգերորդ խաղերն էին: Երկուսն էլ ավարտվել են նույն 1:1 հաշվով ու հավաքականների աղյուսակային դասավորությունում, բնականաբար, փոփոխությունների չեն հանգեցրել: 10-ական միավորով առաջին երկու տեղում են Նորվեգիայի ու Բուլղարիայի ընտրանիները: Կիպրոսցիները հինգ միավոր ունեն, սլովենացիները՝ երկու: Երեկ մրցում էին Բուլղարիա-Սլովենիա, Կիպրոս-Նորվեգիա զույգերը:

4-ՐԴ ԽՈՒՄԲ

Ինչպես և երևանյան դիմակայության ժամանակ, որը նոյեմբերի 16-ին էր, մերոնք ջիբրալթարյան հանդիպումում ևս մրցակցին վերապահեցին հանդիպման առաջին գոլը խփելու իրավունքը: Բարեբախտաբար դրանից հետո մեր ընտրանին ունեցել է հինգ անընդմեջ գոլ խփելու երանություն, որից չորսի հեղինակը Յուրա Մովսիսյանն է (մեկը թիմի նորեկ Արթուր Քարտաշյանն է խփել), այն նույն Յուրան, որը հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի գլխին կանգնած խուլիգանների պատճառով զրկված էր ազգայինում հանդես գալու հնարավորությունից: Նրա չորս անընդմեջ գոլը ավանյան հայտնի ուղղությամբ էր: Ինչևէ: 5:1 հաշվի ժամանակ տանտերերը կարողացել են մեկ գնդակով կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումը կարողացել է գոլի վերածել Ալեքսանդր Կարապետյանը: Այսպիսով՝ տպավորիչ հաղթանակ 6:2 հաշվով, ու մենք խմբայինում 9 միավորով արդեն մաքուր երկրորդ հորիզոնականում հաստատվեցինք։
Նույն օրը հերթական հանդիպումն ունեցավ և Մակեդոնիայի ընտրանին: Որքան էլ նրանց համար խաղն արտագնա էր, այդուհանդերձ, Լիխտենշտայնի հավաքականին հաղթելը (2:0) մակեդոնացիների համար դժվարություն չներկայացրեց, ու նրանք 12 միավորով առաջին հորիզոնականում են: Երեկվա մեր մրցակիցը Լիխտենշտայնի ընտրանին էր, իսկ մակեդոնացիները սեփական հարկի տակ հյուրընկալել էին ջիբրալթարցիներին ու դժվար թե նրանց պարտվեին ու մերոնց համար հույսի դուռ բացեին:
Իտալիա-Պորտուգալիա դիմակայությունը հետաքրքրական էր ոչ միայն մրցաշարային աղյուսակի տեսքով, թեպետ այն այս խաղարկության համար թիվ մեկ գործոնն է: Բացառիկ լարված հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով, պորտուգալացիների համար այդպես էլ անփոփոխ թողնելով առաջին հորիզոնականում ունեցած դիրքը, ինչը, ի միջի այլոց, հավասարապես վերաբերում է նաև իտալացիների ունեցած երկրորդ հորիզոնականին: Շնորհիվ վաստակած միավորի, պորտուգալացիներն ապահովեցին իրենց մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ հատվածին: «Միավոր վաստակելու համար մեզ հարկ եղավ քրտնել: Եթե ես մոտս ունենայի արյան ճնշումը չափող սարք, այն ցույց կտար, որ ես պրոբլեմներ ունեի: Ես սպասում էի, որ լինելու է գերազանց խաղ, քանի որ մենք նման խաղաոճ ունենք: Սակայն մենք հսկայական պրոբլեմներ ունեինք: Ես սպասում էի, որ ողջ խաղը կլինի այնպիսին, որպիսին երկրորդ խաղակեսն էր: Մենք չէինք պլանավորել պաշտպանությանն ապավինել: Իտալիան մեզ ստիպեց դա անել: Այս փորձը մեզ կստիպի աճել ու հետագայում ավելի հասուն լինել: Դա բարդ խաղ էր, ավելի բարդ, քան ես պատկերացնում էի», -Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշի խոսքերն է վկայակոչել Football Italia-ն:
Այսօր երեկոյան կայանալու է այս խմբի վերջին՝ Պորտուգալիա-Լեհաստան մրցակցությունը, որի ելքը ոչնչի վրա այլևս չի կարող ազդել:
Ադրբեջանցիները հաղթական հանդիպում են ունեցել Ֆարերյան կղզու ներկայացուցիչների հետ մրցակցությում (2:0), Կոսովոյի ընտրանին արտագնայում հինգ անպատասխան գնդակ է ուղարկել Մալթայի դարպասը: Կոսովոն ունի 11, Ադրբեջանը՝ 9 միավոր: Բնականաբար, այսօր շատ բան կախված կլինի Կոսովո-Ադրբեջան մրցակցությունից: Օրվա մյուս՝ Մալթա-Ֆարերյան կղզիներ մրցակցությունը զուտ վիճակագրական հետաքրքրություն է ներկայացնում:
Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ ավստրիացիների արտագնա մրցակցությունն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով, սակայն այն զուտ վիճակագրական նշանակության էր, քանզի Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանին վաղօրոք էր լուծել խմբայինում հաղթելու իր հարցերը:
Դանիայի հետ դիմակայությունում խմբային առաջատարությունը վեց միավորով ստանձած ՈՒելսի ընտրանին ոչ միայն չկարողացավ կոտրել հյուրերի դիմադրությունը, այլև պարտվեց 1:2 հաշվով ու նահանջեց ունեցած դիրքերից, որտեղ այժմ Դանիայի հավաքականն է յոթ միավորով: Դժվար է պատկերացնել, թե երեկ կայացած Դանիա-Իռլանդիա խաղում տանտերերը կզիջեին հյուրերին, թեպետ հանդիպումն այդ նրանց համար մարզական հետաքրքրություն արդեն չէր ներկայացնում: Ի միջի այլոց՝ նաև հյուրերի համար:
Սերբիա-Չեռնոգորիա, Ռումինիա-Լիտվա դիմակայություններում հաղթող կողմն են եղել տանտերերը: Առաջինը մրցակցի նկատմամբ առավելության է հասել 2:0 հաշվով, երկրորդն օրվա մրցակցին գերազանցել է երեք անպատասխան գնդակի առավելությամբ: Սերբերը 11 միավորով առաջին տեղում են, ռումինացիներն ունեն երկուսով պակաս, իրենց հերթին նրանցից էլ երկու միավոր պակաս ունեն չեռնոգորցիները: Բնականաբար, աղյուսակի վերջնական տեսքի համար բացառիկ նշանակություն կունենան այսօր կայանալիք Չեռնոգորիա-Ռումինիա, Սերբիա-Լիտվա դիմակայությունները:
Անգլիա-Խորվաթիա հանդիպումը բացառիկ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումների շարքից էր նաև այն առումով, որ խմբային իր վերջին հանդիպումում աշխարհի փոխչեմպիոնները դրամատիկ պայքարում հաղթանակի էին հասել Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Անգլիացիների հետ երկրորդ խիզախումը նրանց չհաջողվեց, կղզիաբնակները հանդիպումը շահեցին 2:1 հաշվով ու բարձրացան առաջին հորիզոնական՝ այնտեղից դուրս մղելով խաղարկությունը երկու հաղթանակով սկսած ու նույնքան պարտությունով ավարտած իսպանացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ