Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՔՊ-ի անկապ անակնկալն ինքն իրեն ու հասարակությանը

ՔՊ-ի անկապ անակնկալն ինքն իրեն ու հասարակությանը
22.11.2018 | 10:04

Պատմությունը սկսվեց տրանսֆերտները հարկելու տագնապի ազդանշանից: Հետո պարզվեց խոսքը տրանսֆերտների մասին չէ, այլ` քաղաքացիների եկամուտների հայտարարագրման: Հետո ինչ ասես` պարզվեց, ինչ հայտարարություն ասես` արվեց: Հասկանալի չէ` ինչու՞ է այդ խոսակցությունը ասպարեզ բերվում քաղաքականապես գերզգայուն պահին: ՔՊ-ի ուժի ցուցադրությու՞նն է, թե՞ պատմական «անփորձությունը»: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը բողոքի առաջին ալիքից հետո Ֆեյսբուքում գրեց, որ բացառվում է առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, քննարկվող գաղափարը ոչ թե հարկումն է, այլ՝ հայտարարագրումը. «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ: Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի» ։ Հա ո՞ր:


«Համատարած հայտարարագրման մասին» օրենքի նախագծով 2020-ից եկամտային հարկի (23%) պոտենցիալ վճարող են դառնում 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Հարկվելու են նաև Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները: Հայտարարագրելուց հետո նշված գումարի 23%-ը պետք է մտնի պետական բյուջե: Այսինքն՝ յուրաքանչյուր 100 դոլար տրանսֆերտից 23%-ը (նույնն է թե 23 դոլարը) որպես եկամտային հարկ մտնելու է բյուջե, հասցեատիրոջը թողնելով 77-ը: «Պետք է սահմանենք տարեկան հայտարարագրի լրացման ու հարկերի վճարման ժամկետ՝ անպայման սահմանելով առնվազն 2 ամիս: Այսինքն, օրինակ, մինչև մարտի 15-ը լինի հայտարարագրի լրացման, իսկ մայիսի 15-ը՝ հարկերի վճարման վերջնաժամկետ: Բոլորը դառնալու են եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնողներ, բայց հնարավոր է՝ այդ հայտարարագրի արդյունքում վճարվելիք հարկեր չառաջանան: Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Տրանսֆերտ ստացողը պետք է իմանա, որ դրսից ստացված գումարը ևս եկամուտ է, որը պետք է հարկվի: Ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել, որ տարիներ շարունակ խոպանից գումարներ են ուղարկվել, որը չի հարկվել: Այո, գումարը, որը ուղարկվում է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով: Միայն 2017-ին Հայաստան է մտել 1 մլրդ 756 միլիոն դոլար տրանսֆերտ: Սա միայն ֆիքսված թվերն են, այսինքն՝ այն գումարները, որոնք փոխանցվել են բանկերով կամ ֆինանսական համակարգերով: Դրան զուգահեռ՝ չափելի չեն առձեռն կամ այլ անձանց միջոցով երկիր ուղարկված հոսքերը: Որպես համեմատություն՝ նույն 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը 11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից ընդամենը մոտ 10 անգամ ավելի: Մարդկանց եկամուտները հարկային մարմինների համար չափելի դարձնելու նպատակով կիրառվելու է ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը: Նույն մեխանիզմով հարկվելու են նաև գյուղացիները»` սա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի բացատրությունն է նախագծի վերաբերյալ, որից մնում է արձանագրել` տրանսֆերտների հարկմամբ բյուջեի մուտքերը ավելացնելը նոր տրենդ է: Այս մեկնաբանությունից հետո փոխվարչապետ Արարատ Միրզոյանը լայն քննարկումների, հանրության համաձայնության մասին է խոսում. «Կոնկրետ խոպանչիներին հարկելու նախաձեռնության օրինակով պետք է նկատեմ, որ մի փոքր աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում: Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչպես պաշտոնյաներն են հիմա հայտարարագրեր ներկայացնում, պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Նախ պետք է հասկանանք, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան: Եվ նույնիսկ եթե դա կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը»:


Այսինքն` պետությունը փորձում է օդից փող քամել ու դա սքողել «հանրային քննարկում» ու «ժողովրդի համաձայնություն» արտահայտություններով: Սա, փաստացի` անաշխատ եկամուտ է պետության համար, որի կառավարությունը ոչ թե պիտի մտածեր տրանսֆերտները հարկելու, այլ երկիրը տրանսֆերտների հաշվին ապրելու իրականությունից դուրս բերելու` տեղում աշխատատեղեր ստեղծելու ու ներգաղթի հիմքեր ստեղծելու մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը դեռ պնդում էր. «Որևէ փոփոխություն չի լինի՝ առանց ժողովրդի համաձայնության», որ դա ընդամենը գաղափար էր, որն անգամ թղթի վրա չէր շարադրվել, և իր կառավարությունը գնալու է քաղաքացիների հարկային բեռը թեթևացնելու, ոչ թե ավելացնելու ճանապարհով. «Մեր ընկալումն այն է, որ չի կարող որևէ փոփոխություն, հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի համաձայնության և քաջալերանքի և մանդատի»: Բայց սա ՔՊ-ի փաստական ղեկավարի քաղաքական գնահատականն է` ընտրություններից առաջ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիովին կկիսի ՊԵԿ-ի այսօրվա նախագահի տեսակետը: Ու դա կհիմնավորի օբյեկտիվ իրականությամբ` «Ժողովուրդ ջան»-ով սկսելով ու «Իշխանությունը դուք եք, բայց դուք ինձ եք տվել ձեր իշխանությունը» բառերով հարցը փակելով:

Դիտվել է՝ 2769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ