Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գրավիտացիա` կուսակցակա՞ն, թե՞ պետության համար

Գրավիտացիա` կուսակցակա՞ն, թե՞ պետության համար
23.11.2018 | 01:03

Երեք օրից սկսվում է քարոզարշավը: Պաշտոնականը: Ոչ պաշտոնական քարոզարշավը վաղուց ծավալվում է` յուրաքանչյուրը յուրովսանն փորձում է ընտրողին ներգրավել իր ձգողականության դաշտ. ընտրական գրավիտացիան գործում է աջից ու ձախից, վերից ու վարից` փակագծից դուրս թողնելով… պետությունը: Շրջափակված ընտրողին, սակայն, նոր ոչինչ դեռ չի ասվում:

Տրամաբանորեն` 11 քաղաքական ուժերը իրենց զինանոցի դիպուկ զենքերը պատյանից կհանեն ընտրարշավի ընթացքում, առավել փորձառուները քաղաքական «Իսկանդերի» զարկը կպահեն ընտրությունից առաջ կրակելու, որ ընտրողը իրենց ընտրելուց բացի այլ ելք չունենա: Դարձյալ` տրամաբանորեն: Տարածված կարծիք է, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններում սահմանադրական 70 տոկոսը ՔՊ-ն ապրիլից ունի իր կուսակցական գրպանում: Մինչդեռ ընտրությունները կարող են և անակնկալներ մատուցել, հատկապես այս ընտրությունները, որտեղ ընտրակաշառքով ձայների աճուրդի բորսան փակված է: Իսկ վարչական ռեսուրսն արդեն իսկ շրխկալով գործում է հօգուտ իշխանության` Նիկոլ Փաշինյանի հրապարակային ամեն ելույթ ավելանում է ՔՊ-ի ակտիվին ինքնաբերաբար: Նա ինքն էլ, չխուսափելով օրենքը խախտելուց, աշխատանքային ժամերին, աշխատանքային այցերում մարզեր` քարոզչությում է անում հօգուտ «Իմ քայլի»` ի սկզբանե խախտելով մրցակցային հավասարությունը 11 քաղաքական ուժերի առաջ: Եվ ոչ միայն նա: Անցած տասնամյակներում ձևավորվել է մարդկանց խումբ, որ իրենց սրբազան պարտքն են համարում աշխատել իշխանության համար: Կարևոր չէ` ով է իշխանությունը` ՀՀԿ-ն, ՔՊ-ն, թե այլմոլորակայինները, երեկ նրանք ցրում էին ՔՊ-ի ցուցարար ակտիվիստներին, այսօր ՔՊ-ի ցուցակում են ու ՔՊ-ի համար են ձայներ հավաքում: Սա տխուր պատմություն է, որ պիտի քրեական ավարտ ունենա, եթե հեղափոխությունը հավատում է ինքն իրեն:


Անցած շաբաթ նախընտրական մարաթոնի մեջ էին հիմնականում երկու կուսակցություն` ՀՀԿ-ն ու ՔՊ-ն: ՀՀԿ-ն իր լայվերով հասնում ու անցնում է ՔՊ-ից: Դա ևս տխուր պատմություն է` ինչպես տասնամյակներ իշխած կուսակցությունը խուսափում է ընտրողի հետ տետատետից ու ընտրել է ՔՊ-ի «զենքը»` փորձելով վազանցել չգիտես որտեղից եկած ու ինչու իր ճանապարհը փակած նորելուկին` ինչպես իր իշխանության տասնամյակներում, այնպես էլ հիմա` ողջ գործընթացում չտեսնելով ժողովրդին ու նրան քաղաքականության մեջ գործոն չհամարելով: Հակառակ ՀՀԿ նախագահի սակրալ հայտարարության` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»` ՀՀԿ-ն սխալների մասին մոռացել է ու ապաշխարանքի կիսատ-պռատ մի երկու բառից հետո համարում է, որ այլևս ունի իշխանություն վերադարձի շանս: Եթե ոչ այս ընտրություններում, հաջորդ արտահերթում: ՀՀԿ-ն համառում է, որ իր փորձը անփոխարինելի ժառանգություն է ու պարտադիր պիտի փոխանցի անփորձ նորելուկներին: Դա իր քաղաքացիական պարտքն է: Եթե փորձն այդքան արժեքավոր է, ինչու՞ դարձավ պատմություն ու անցյալ, որի էջը փողոցներում ցնծությամբ էր փակում նույն այն ժողովուրդը, որ 2017-ին ընտրեց, 2018-ին հրաժարվեց ՀՀԿ-ի ծառայություններից: Այս հարցը ՀՀԿ-ն ինքն իրեն չի տալիս, երևի պատասխան չունի: Խորհրդարանական եռյակը` ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ, իրենք իրենց լավագույն ծառայությունը մատուցած կլինեին, եթե չմասնակցեին արտահերթ ընտրություններին ու փորձեին իրական ռեբրենդինգի գնալ` վերանայելով թե՛ անցած ճանապարհն ու գործած սխալները, թե՛ ներկա ու ապագա անելիքները: Բայց նրանք ոչ միայն իրենք իրենց չեն հարգում, այլև պետականությունն ու ժողովրդին: ՈՒ շարունակում են ճիշտ նույն ռելսերի վրա առաջ գլորել դատարկ վագոնները` իբրև շոգեքարշ ունենալով պոպուլիզմը, սոփեստությունը, դեմագոգիան ու բարեգործությունը: Դա նրանց վահանն է փոխված իրավիճակի առաջ, որտեղ, ինչպես իրենց համար հին ու բարի ժամանակներում, տեսնում են ցանկացածը, հիշում են ձեռնտուն, կուսակցականն ու անձնականը դնում են գործունեության առանցքում ու բարձր աշտարակից թքած ունեն պետականի ու պետության վրա: Սա արդեն ոչ թե տխուր պատմություն է, այլ` մռայլ:

Նրանց գործունեության մեջ չի փոխվել ոչինչ` նույն այբբենական ճշմարտություններն են շարադրում ու միշտ շրջանցում են հարցը, թե իրենց իշխանության տարիներին ինչու՞ են անլուծելի մնացել հարցերը, որոնց չլուծման մեջ են մեղադրում ներկայի նորելուկ անփորձներին: ՀՀԿ-ն, կորցնելով միակ, անփոխարինելի ու հավերժ իշխանության տիտղոսը, հիմա էլ իրեն հայտարարում է միակ, անփոխարինելի ու հավերժ ընդդիմություն և իշխանության գոյությունը պայմանավորում է ընդդիմության գոյությամբ: Հարմար դիրքորոշում է և ինքնամեծար: Իշխանությանը պետք է ոչ թե իրադարձային, այլընտրանքային, պայմանավորված ու աբիժնիկ ընդդիմություն, այլ այն ընդդիմությունը, որ մի քանի տարի անց դառնալու է իշխանություն, որովհետև իր ծրագրերով ու գաղափարներով իշխանությունից ավելին է: Եվ այնքան կայացած է, որ ինքնարտահայտումը չի կառուցում հներին, նորերին ու բոլորին քննադատելու լարի վրա: Սա բոլորովին անծանոթ դաշտ է ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ եռյակի համար: Եվ ոչ միայն նրանց: 11 քաղաքական ուժերն այնքան տարբեր են իրենց պատմության, գործունեության, նպատակների ու այդ նպատակներին հասնելու միջոցների ընտրության դաշտում, որ, թերևս, Հայաստանի Հանրապետությունում այսպիսի խայտաբղետ առաջարկ չի եղել ընտրողին, որ ապակողմնորոշելու է նրան ու փոշիացնելու է ձայները այն քաղաքական ուժերի վրա, որ մնալու են 1-3 տոկոսի շրջագծում: Դա ևս տխուր պատմություն է, որ վկայում է` քաղաքական դաշտը անկախության տարիներին եղել է ամենաականապատն ու վտանգավորը: Հիմա ականները հերթով պայթում են` ականազերծման փոխարեն: Բայց նույնիսկ պայթյունները երաշխիք չեն, որ դաշտը մաքրվելու է ու համարժեք է դառնալու իրականությանը, որի մեջ ուզում է ապրել քաղաքացին` պաշտպանված ունենալով իր իրավունքները, կատարելով իր պարտականությունները: Այս պարագայում ապավինել ժամանակի ախտահանիչ ներգործությանը ֆիկցիա է` ժամանակը համադարման չէ ապազգայնության ու ազգայնականության, քաղաքական ժանգի ու բորբոսի մեջ կորած` միակ ու անփոխարինելի ներկայանալու մարմաջի դեպքում: Ցավալի է, որ քաղաքական ուժերը վատ հարաբերություններ ունեն համաշխարհային քաղաքականության զարգացման միտումների հետ, գլոբալ աշխարհի հետ ու ամեն ինչ տեսնում, գնահատում, տեղավորում են իրենց լոկալ շահի անկյունում: Լոկալ շահը հնարավորինս շատ մանդատ ստանալն է: Հետո ի՞նչ: Ի՞նչ են անելու մանդատը: Շարունակելու՞ են կղզիացած ու մեծ աշխարհից մեկուսացած, մեծ աշխարհին միայն ռուսական պատուհանով նայելու «ավանդույթը»` պատճառաբանելով ազգային անվտանգությամբ ու ևս մեկ տասնյակ հնարովի դրույթներով: Համենայն դեպս, 11-ից 10-ը այդ ճանապարհի վրա է: Միայն «Մենքն» է ջանում պատուհանը դուռ դարձնել դեպի Արևմուտք ու Հայաստանի համար այլընտրանք ստեղծել` ապահովելով իրական քաղաքական ինքնիշխանություն ու իրական տնտեսական զարգացման հնարավորություններ: Հայաստանի հպարտ քաղաքացիներն ու միջին վիճակագրական հայերը իրականում մեկ ընտրության առաջ են. ի՞նչ են ուզում` կոսմետիկ ու ձևայի՞ն փոփոխություններ, թե՞ բովանդակային: Սա բարդ պատմություն է, որ ուղղակի խրվում է տասնամյակներով հայի ուղեղում կաթեցված մտայնության մեջ, թե Հայաստանը փոքր երկիր է ու մենակ չի դիմակայի թշնամական աշխարհին, կոչնչանա ու ոտքի տակ կգնա: Սա, մեղմ ասած, պետական դավաճանություն է, որ բխում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից: Նույնպիսի դավաճանություն է Հայաստանի ուժն ու հզորությունը կապել միայն մշակույթի հետ` Մաշտոցից Նարեկացի ու Չարենցից Մաթևոսյան շրջագծում: Նրանք մեր թիկունքն են, բայց անպատկառություն է թիկունքայիններին առաջնագծում շարել ու սպիտակ դրոշ պարզել իրականության առաջ: Եկեղեցին ու մշակույթը հազարամյակներով պահպանել են պետականությունը` պետականությունը կորցրած երկրում, պետականությունը վերականգնած ժողովուրդը այլևս պարտավոր է իր ձեռքը վերցնել ներկան կազմակերպելու ու ապագան ծրագրելու գործը ոչ թե հարևանների ու դաշնակիցների թրի տակով անցնելով, այլ իր համար ու հանուն իր կենսագոյության: Քաղաքական շատ քիչ ուժեր ունեն այս գիտակցությունը: Հիմնականում գործում է գոյի` այս դեպքում իրենց, ինքնապահպանման իներցիան, իսկ պետությունը իրենցից դուրս գոյություն է, որ պարտավոր է հարմարվել իրենց գործողություններին. սա է Հայաստանի ձախողումների ու անհաջողությունների պատճառը` ազգային ինքնագիտակցության ձևակերպված չլինելը, ազգային շահի բանաձևված չլինելը և ազգայինը մեծ աշխարհին հակադրելը` համադրելու փոխարեն: ՈՒ դա արդեն հիմարության պատմություն է դառնում, եթե շարունակվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին երեքժամյա ասուլիս տվեց` եռագույն փողկապով: Թվում էր` պատասխանեց բոլոր հնարավոր ու անհնար հարցերին, որ կան ներքին ու արտաքին քաղաքականության մեջ` անցյալի, ներկայի ու ապագայի կտրվածքով: Սրտի ուզածն էլ ասաց: Մենք, սակայն, նոր ոչինչ չիմացանք, մինչդեռ երկրի առաջին դեմքը ասուլիս տալիս պարտավոր է նվազագույնը 3 նոր դրույթ ներկայացնել` դա քաղտեխնոլոգիա է, որ գործում է հարյուրամյակներ: Բայց մեղավորը նա չէ, իրական մեղավորը հասարակությունն է, որ լրագրողների միջոցով պետության ղեկավարին ուղղում է հարցեր ու ակնկալում պատասխաններ ընթացիկի ու ընթացքի մասին` շրջանցելով գլխավորը: Մենք իմացանք, որ նա իշխանությունը վերադարձրել է ժողովրդին, ու դա ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների կատարման շրջագծում է: «Խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ առանց բացառության»,- պնդում էր Նիկոլ Փաշինյանը: Նա 6 կետ թվարկեց. «Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ 2018-ի սեպտեմբերին Երևանի ավագանու և հոկտեմբերին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Երրորդ՝ մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է, իհարկե կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- ասաց Փաշինյանը։ Խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և այլ սահմանափակումներ չկան։ «Ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ, հետևաբար՝ պարտավորությունը լիարժեք կատարված է։ Խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք, և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը. պարտավորությունը լիարժեք կատարված է։ Վեցերորդ՝ խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է։ Այս ամենի եզրակացությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին և իսկապես պատկանում է ժողովրդին»: Մնում է ժողովրդին էլ մեղադրել, որ շարունակում է վատ ապրել: Փոխարենը` «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը»։


Իսկ ընդհանրապես` 6-րդ գումարման ԱԺ-ն նախագահին վերադարձրեց Բաղրամյան 26-ն ու ընդունեց 2019-ի պետական բյուջեն, և դա առավելագույնն էր, որ այս խորհրդարանը կարող էր անել: Մնաց ժողովուրդը իր գործն անի` առաջնորդվելով «Առաջինը Հայաստանն է» սկզբունքով:

Դիտվել է՝ 2488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ