Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ԱԺ-ում ոչ թե իմ ներկայացվածությունն է կարևոր, այլ եզդի համայնքի»

«ԱԺ-ում ոչ թե իմ ներկայացվածությունն է կարևոր, այլ եզդի համայնքի»
23.11.2018 | 01:19

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԸ որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ ընդհանուր զարգացումների համատեքստում է այդ որոշումը կայացրել, ինչը տարբեր պատճառներ ունի:

-Մի քանի պարզ պատճառներով չեմ մասնակցում: Իրավիճակների փոփոխությունից հետո ձևավորվող ինտիտուտներն ու նոր ձևավորվելիք պետական համակարգերն անցումային բնույթի են, և դրանց կայունությունն այս պահին ինձ համար որոշակիորեն կասկածի տակ է: Մյուս կողմից ուզում եմ փոքր-ինչ դադար առնել ու մասնագիտական, սիրելի գործով զբաղվել, բացի այդ՝ ներքին ձայնս եմ նաև լսել,- ասաց նա:
- Խորհրդարանում եզդի համայնքի ներկայացուցիչ ունենալու և թեկնածու առաջադրելու առնչությամբ տարբեր քննարկումներ են ծավալվում: Ի՞նչ տրամադրություն է այժմ:
-Ցավոք, մեր համայնքի տրամադրությունը, ընդհանուր առմամբ, հայ հասարակության տրամադրություններից այնքան էլ չի տարբերվում: Ինչու՞ եմ ասում ցավոք, որովհետև մեր հասարակության ներկայացուցիչներն ունեն տարբեր կարծիքներ, մոտեցումներ, ինչը դուրս է համայնքի միասնականության ու կայունության տրամաբանությունից: Այս երկու տարիների ընթացքում եզդիական համայնքը պատվով եմ ներկայացրել ու շնորհակալ եմ համայնքի այն բոլոր անձանց ու ներկայացուցիչներին, որ սատարել են ինձ, մշտապես կանգնել են իմ կողքին, ու այս անգամ նույնպես պնդում էին, որ կրկին ես պետք է ներկայացնեմ իրենց շահերը խորհրդարանում: Բայց կարևորն այստեղ ոչ թե՝ խորհրդարանում իմ լինելու հարցն է, այլ եզդիական համայնքի ներկայացվածությունն ապագա Աժ-ում: Չպետք է հանկարծ այնպես ստացվի, որ, ներկայացնելով եզիդական համայնքը, միայն քո ազգակիցներին վերաբերող հարցեր բարձրաձայնես։ Իհարկե, ազգասիրությունը լավ բան է, բայց այն սեփական ազգին բոլորից վեր դասելու մոլուցքի չպետք է վերածվի:
-Տարածված կարծիք կա, թե ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետք է միշտ իշխանությունների կողքին լինեն՝ իրենց ձայնն առավել լսելի դարձնելու համար:
-Նման կարծիք ինքս էլ արտահայտել եմ, բայց հարցն այժմ երկու տեսանկյունից կցանկանայի դիտարկել: Որպես իրավաբան ու քաղաքական գործընթացներում ներգրավված մարդ՝ կարծում եմ, որ այդ մոտեցումն այնքան էլ արդարացված չէ, քանի որ երբ բավարար փորձ, գիտելիք ու գաղափարախոսություն ունես, ապա դրանք կարող ես ընդդիմադիր դիրքերից էլ ծառայեցնել ի շահ քո համայնքի: Գործող իշխանությունների հետ կարող ես անհամաձայնություններ ունենալ, բայց հենց դրանք են բնութագրում քեզ ու քո գործունեությունը: Սակայն եթե համայնքը քեզ է լիազորել իր շահերը պառլամենտում ներկայացնելու համար, ապա իշխանությունների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ համայնքը քաղաքական գործընթացներում բովանդակային փոփոխություններ կատարելու հնարավորություն չունի: Հետևաբար, ազգային փոքրամասնություններին մտահոգ բոլոր հարցերը կարող են լուծվել, եթե այդ համայնքը սատար է իշխանությանը:
-Ձեր չառաջադրվելուն համայնքն ինչպե՞ս արձագանքեց: Չէի՞ն պնդում, որ Աժ-ում իրենց պատվիրակը հենց Դուք լինեք:
-Եղել են, այո, հորդորներ, խնդրանքներ, բայց մեր համայնքի ներկայացուցիչներին խնդրել եմ, որ բողոքի ակցիաներ, ստորագրահավաքներ չանեն, որովհետև քաղաքական ուժի հայեցողական լիազորությամբ է որոշվում, թե ում հատկացվի ազգային փոքրամասնությանը հասու մանդատը: Եվ այստեղ բնավ կապ չունի, թե որ գյուղում ում են շատ կամ քիչ սիրում: Մեր համայնքում էլ կա այն երևույթը, երբ ինչ-որ մեկը որևէ բնագավառում ձեռքբերումներ կամ հաջողություններ է ունենում, բայց անհրաժեշտ կարողություններին ու հմտություններին չի տիրապետում, կարծում է, թե ինքը նույնպես կարող է գալ ու պատգամավոր կամ նախարար դառնալ: Այդ մարդկանց ինքնագնահատականն ազնիվ ու արդարացի չէ: Լավ կիներ, որ իրենց պատգամավոր պատկերացնող շատ անձինք իրենք իրենց հարց տային, թե կարո՞ղ են արդյոք դրսևորվել խորհրդարանում, ի՞նչ օրենսդրական գործունեություն են ծավալելու և այլն:
-Փաստորեն, Ձեր չառաջադրումը նաև առիթ կլինի, որ եզդի համայնքը տեսնի, թե ի շահ ազգի ով ինչպես է աշխատում:
-Խորհրդարան չգնալու պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքին հնարավորություն եմ տալիս համեմատություն անելու ու կատարված աշխատանքը համեմատական կարգով գնահատելու: Պառլամենտական գործունեության ընթացքում արել եմ հնարավորը, այն, ինչ իմ առջև դրված է եղել, իսկ եթե թերացել եմ ինչ-որ տեղ, ապա ինձ հաջորդող անձը կարող է շատ ավելի որակյալ ու արդարացի գործունեություն ծավալել:
-Ցուցակներում ներգրավվելու առաջարկություն եղե՞լ է գործող իշխանության կողմից:
-Եղել են առաջարկություններ թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից: Առաջարկությունները եղել են ցուցակի ամենավերին, տեղերում ընդգրկվելու, ինչպես նաև ռեյտինգային եղանակով առաջադրվելու տեսքով, բայց ես, շնորհակալություն հայտնելով, մերժել եմ՝ որոշակի ժամանակ ձեռնպահ մնալու, քաղաքական գործունեություն չծավալելու և իմ գիտելիքներն ու փորձառությունը իրավաբանության ոլորտում կիրառելու մղումներից ելնելով:
-Անցումային կառավարության աշխատանքն ինչպե՞ս կգնահատեք. հասարակության սպասումներն արդարացե՞լ են այս 7 ամիսների ընթացքում:
-Որպես կառավարության գործունեության ծրագրին հավանության տվող մարմնի անդամ՝ նկատեմ, որ գործադիրի ստանձնած պարտավորություների կատարումը կարող եմ դիտարկել հաստատված ծրագրի համատեքստում միայն: Ըստ կառավարության ծրագրի՝ պետք է փոփոխվեր Ընտրական օրենսգիրքը, սակայն փաստն այն է, որ բարեփոխված ԸՕ այդպես էլ չունեցանք՝ անկախ հանգամանքից, թե դրա տապալման հարցում ով որքան մեղքի բաժին ուներ: Նշվում էր նաև, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեին մեկ տարվա ընթացքում: Դա այն ողջամիտ ժամանակահատվածն է, երբ ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերը վերադասավորվելու, վերափոխվելու, ռեբրենդինգ անելու հնարավորություն են ունենում, և հենց այդ պատճառով արտախորհրդարանական մի շարք ուժեր հրաժարվեցին ընտրապայքարի դուրս գալուց: Այս ամենի համատեքստում պնդել ու ասել, որ ժողովրդին տրված խոստումները կատարված են, այնքան էլ արդարացի չէ:
-Պարոն Մախմուդյան, ԱԺ-ում ձևավորված քննիչ հանձնաժողովում, որը զբաղվում է ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսային զրույցի գաղտնալսմամբ, այս էլ քանի անգամ քվորում չի ապահովվում: Փաստորեն, այս խորհրդարանը գործն այդպես էլ ավարտին չի հասցնի:
-Կարծում եմ, ձևավորվելիք խորհրդարանն էլ նման քննիչ հանձնաժողով կստեղծի, որովհետև հարցն այնքան ժամանակ ակտուալ կլինի, քանի դեռ հարցի պատասխանը չենք ստացել: Մի քանի անգամ նիստ հրավիրելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին, քանի որ պատգամավորների զգալի մասը ներգրավված է նախընտրական գործընթացներում, հետևաբար, բացակայության պատճառները հարգելի են և օբյեկտիվ: Եթե այս խորհրդարանը շարունակեր իր գործունեությունը, ապա գործի քննությունը տանելու էինք մինչև վերջ՝ պարզելով թե՛ արդարադատության իրականացման, թե՛ նախաքննության մարմնի գործունեությանը խոչընդոտող հանգամանքները: Պետք է հասկանալ՝ արդյո՞ք բոլորը բոլորին լսելու հնարավորություն ունեն, թե՞ այդ զրույցը ձայնագրելու համար գործադրվել են բարձրորակ ու թանկարժեք սարքավորումներ: Եվ եթե պարզվեր, որ միմյանց խոսակցությունը կարելի է ամեն պահի լսել, սա լուրջ մարտահրավեր է պետության անվտանգությանը: Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանի գլխավոր շտաբի պետը, որ զինվորական բարձրագույն պաշտոնատար անձն է ու մշտապես օպերատիվ հեռախոսային խոսակցություններ է ունենում գերագույն գլխավոր հրամանատարի, տարբեր զորամասերի հրամանատարների հետ, հայտնվի հակառակորդի թիրախում, և մեր թշնամին գաղտնազերծման միջոցով կարողանա կանխել բոլոր այն մտադրությունները, որ դրված են մեր պաշտպանական քաղաքականության հիմքում:
-Ձայնագրության մեջ նաև իշխանության կողմից դատարանների վրա ճնշում կիրառելու դրսևորում էր նշմարվում:
-Առհասարակ որևէ իշխանության ժամանակ դատական իշխանության մարմինների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է, դա կարող է մեծացնել երկրի, պետության, ազգային անվտանգության, մարդու և քաղաքացիների իրավունքների ու ազատության պաշտպանության ռիսկերը: Դատարանների գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքը կարևորագույն սկզբունքներից է, ու դատարանը պետք է կարողանա ազատ ու անկաշկանդ վճիռներ կայացնել:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ