ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մենք անբիծ ենք, մեզ մի քննադատեք

Մենք անբիծ ենք, մեզ մի քննադատեք
23.11.2018 | 01:21

Իշխանության ներկայացուցիչները մանկահասակ երեխայի նման նեղանում են, երբ լրագրողները քննադատում են նրանց քայլերն ու գործողությունները, բարձրաձայնում նկատելի սայթաքումների ու թերացումների մասին: Նիկոլ Փաշինյանն օրերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, մեղմ ասած, մուննաթ եկավ այն լրագրողների վրա, որոնք կառավարության առաջին դեմքին ոչ դուրեկան հարցեր ուղղեցին: Իհարկե, որևէ մեկի համար էլ հաճելի չէ, երբ քննադատում ես իր կատարած թերի աշխատանքը կամ հիշեցնում ես չկատարված խոստումների մասին, բայց բավարար համարձակություն է պետք սխալն ընդունելու և հարցին արժանավայել պատասխան տալու համար: Լրագրողի աշխատանքը ոչ թե գովաբանելն ու բացասականը գեղեցիկ փաթեթավորմամբ դրական քողի ներքո մատուցելն է, այլ խնդրի, երևույթի մասին բարձաձայնելն ու ըստ անհրաժեշտության քննադատելը:

Իշխանության կատարելագործման լավագույն դեղատոմսը գործած սխալների ու թերացումների մասին առողջ քննադատություն լսելն է, ինչն էլ հաճախ հուշում է դրանք շտկելու մեխանիզմներն ու քայլերի հաջորդականությունը: Եվ լրագրողին ասել, թե մեզ մի քննադատեք, մեր սայթաքումների մասին մի բարձրաձայնեք, որովհետև մենք վայելում ենք հասարակության վստահությունն ու սերը, նույնն է, թե մանկապարտեզի դաստիարակին ասես` երեխային վատ արարքի համար մի հանդիմանիր, նա իր ընտանիքի ջերմությունն է: Եթե մինչև այս նոր կառավարիչներն ասում էին` թողեք աշխատենք, ամիսներ անց, եթե հարկ լինի, կքննադատեք, ապա այժմ ուղղակիորեն թիրախավորում են լրագրողներին ու սոցիալական ցանցերի իրենց ակտիվին ուղղորդում թե՛ լրագրողի, թե՛ լրատվամիջոցի դեմ: Մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի լրագրողներն ու ասել, թե դուք պատվեր եք կատարում, ծախու եք, կատարածու ու բանսարկու եք, ամենահեշտ մեթոդն է, որից օգտվել ու օգտվում են բոլոր ժամանակի իշխանությունները: Սակայն Փաշինյանի կառավարությունը, ի տարբերություն մյուսների, այս հարցում տարբերվող պետք է լիներ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը լրագրողական գործունեություն իրականացնելու տարիներին իր հրապարակումներում մշտապես քննադատել է նախկին իշխանությունների գործողությունները, քայլերն ու այն ամենը, ինչն իր սրտով չի եղել: Եվ այժմ, մի կողմ դնելով լրագրողական փորձն ու մասնագիտական նրբերանգները, խոսել նեղացկոտ չինովնիկի պես, բնավ պատվաբեր չէ վարչապետի պաշտոնակատարին: Միշտ էլ կլինեն այնպիսի մարդիկ կամ պաշտոնյաներ, որ վերադասին քծնելու համար բոցաշունչ ու սրտակեղեք դիֆիրամբներ կձոնեն վերջինիս, բայց մամուլի էջերում նման կենացները սովորաբար չեն քաղցրանում:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2650

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ