Yerevan Perspectives International Music Festival
 

Սևին սապոնն ինչ անի, գողին` համաներումը

Սևին սապոնն ինչ անի, գողին` համաներումը
23.11.2018 | 01:35

Ոտքդ մեքենայից դուրս հանես` էն չի, դուրս չհանես` էն չի։ Մոտավորապես այսպիսի տրամաբանությամբ էր ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունը։ Կրքերն այս օրինագծի շուրջ այնքան բուռն էին ու երկարատև, քննարկումն էլ, թերևս, անվերջ ձգվեր, եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցը կառավարության նիստի օրակարգից չհաներ ու չթողներ ժողովրդի քննարկմանը։ Իսկ ժողովուրդը պետք է քննարկի՝ ճանապարհային ոստիկանը երբ կանգնեցնի ավտոմեքենան, վարորդը պետք է իջնի՞ մեքենայից, թե՞ ոչ։ Ներկայացված փոփոխության համաձայն, եթե վարորդը անգամ մի ոտքը մեքենայից դուրս հանի, ապա այն դիտարկվում է խախտում և կարող է տուգանվել։ Իհարկե, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նիստում պարզաբանեց, որ դա արվել է կոռուպցիոն ռիսկը բացառելու նպատակով, որպեսզի վարորդը չիջնի մեքենայից և չշփվի ոստիկանի հետ։ Բնականաբար, հարց առաջացավ, իսկ ինչ է, վարորդը չի՞ կարող առանց մեքենայից իջնելու պատուհանից կլորիկ գումարը փոխանցել ոստիկանին։ «Նախ` ուզում եմ ընդգծել, որ այս նախագիծը ներկայացվել է 2015-ին։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա, այո, կարող է նաև այդպիսի բան լինել։ Կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու, զսպելու և, ինչու ոչ, նաև բացառելու հնարավորությունը ոստիկանի մոտ առկա տեսախցիկն է, որը ֆիքսում է ամբողջ գործընթացը։ Ոստիկան-վարորդ շփման ընթացքում տեսախցիկի միացված լինելը պարտադիր պայման է։ Եթե այն անջատված է, ապա առաջ են գալիս ռիսկեր, որոնց դեպքում մենք ծառայողական քննություն ենք իրականացնում»,- կառավարության նիստից հետո պատասխանելով մեր հարցին` ասաց ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ։


Այդ դեպքում ավելի ճիշտ չի՞ լինի խստացնել և ապահովել տեսախցիկների անխափան աշխատանքը հատկապես, երբ նախագծի մշակումից հետո անցել է երեք տարի։ Ցավոք, չհասցրինք մեր այս առաջարկը ներկայացնել ոստիկանապետին, քանի որ լրագրողների հարցերը շատ էին, բայց հասցրինք ճշտել` ի՞նչ նկատի ուներ գլխավոր ոստիկանապետը, երբ լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ նկատվող հանցագործությունների թիվը համաներման ենթարկվածներով չի ավելացել։ «Շատ ուրախ կլինեմ, որ քրեակատարողական հիմնարկներում ադմինիստրացիայի կողմից իրականացված բացատրական աշխատանքները իրենց դրական ազդեցությունը թողնեն բոլորի վրա։ Իհարկե դրական փոփոխություն տեսնում ենք. մարդիկ փոխվում են, չեն ցանկանում այլևս հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, սակայն, ցավոք, տարիների փորձը ցույց է տալիս, որ համաներումից հետո կրկնահանցագործողություններ լինում են։ Մենք արդեն երեկ գրանցել ենք անձնական ունեցվածքի մասով հանցագործություն համաներման արժանացածի կողմից։ Տա Աստված, բոլոր համաներում ստացածները ուղղված լինեն, սակայն, ցավոք, այդպես չի կարող լինել։ Եվ կլինեն մարդիկ, ովքեր համաներումից հետո կրկին կհայտնվեն քրեակատարողական հիմնարկում»,- պատասխանելով մեր հարցին` պարզաբանեց Վալերի Օսիպյանը։


Ժամեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao