Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լուկաշենկոն և Նազարբաևը լավ թիրախներ են հայաստանյան ներքաղաքական զարգացումներում միավորներ հավաքելու համար

Լուկաշենկոն և Նազարբաևը լավ  թիրախներ են հայաստանյան ներքաղաքական զարգացումներում միավորներ հավաքելու համար
23.11.2018 | 01:43

Քաղաքական գործընթացներում լավ թրծված և փորձված շրջանակների ու հանրության համար զարմանալի չէ, որ նախընտրական շրջանում ցանկացած թեմա քաղաքական ուժերը փորձում են օգտագործել նախընտրական տրամաբանության համատեքստում։
ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեման ու այս կառույցում առաջացած ճգնաժամը դարձել են հայաստանյան քաղաքական քննարկումների գլխավոր առանցքը, և դա, թերևս, տրամաբանական է. կարևորագույն այս խնդիրը բավականին լուրջ վտանգներ և օգուտներ է պարունակում։ Պարզ է նաև, որ այս ընթացքում, երբ ընտրություններին հաշված օրեր են մնացել, այս թեման սկսում է օգտագործվել նախընտրական քարոզչական մարտավարության մեջ։ Այդ երանգներն իհարկե առաջին հերթին նշմարվում են գործող իշխանության, վարչապետի պաշտոնակատարի գլխավորած ուժի քարոզարշավում։ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսում արած հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն ընդամենը երկրորդական և երրորդական հարց է, կարևորը ոչ թե դա է, այլ Հայաստանի դիրքավորումը ՀԱՊԿ-ում և ընդհանրապես միջազգային ասպարեզում, առաջին հայացքից կարող են թվալ ձևական խոսքեր կամ ինքնարդարացում, սակայն իրականում իսկապես դա հենց այդպես է։ Որքան էլ անսպասելի թվա, սակայն սա է լինելու Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի մեխերից մեկը, մանավանդ արտաքին քաղաքական համատեքստում։


Այժմ բոլորը թերևս ընդունում են, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ կապված գործընթացը նոր իշխանությունների անփորձության հետևանք էր։ Ընդ որում, այս մտայնությունը նկատելի է նաև իշխանությունների խոսքի ենթատեքստում, ինչն ակներև է իշխանամետ մամուլում, սոցցանցային քննարկումներում։ Վերջիններս շատ զգույշ փորձում են ասել, որ այս հարցում կարելի էր նաև սպասել, հետո միայն զբաղվել Խաչատուրովի խնդրով։ Մանավանդ Խաչատուրովի ձերբակալման կամ ազատ արձակման հանգամանքը Մարտի 1-ի գործը ոչ առաջ է տանում, ոչ հետ գցում. այն ստագնացիայի վիճակում է գտնվում։ Սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը կանգնած է այդ պաշտոնը կորցնելու խնդրի և, ինչն ավելի կարևոր է, իմիջային մեծ հարվածների առջև։ Նույնիսկ թիրախ է գտնվել. ռուսամետ որոշ լրատվամիջոցներ դա վերագրեցին Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանին, որը հայտնի է Արևմուտքի հետ իր կապերով և սորոսյան կառույցների հետ սերտ հարաբերություններով։


Տեղին է նաև հիշատակել, որ այժմ որպես հակամարտության կողմ ընդունված է համարել Փաշինյանին, Լուկաշենկոյին և Նազարբաևին, սակայն ժամանակին նույն ռուսական մամուլը շեշտում էր, որ, այսպես կոչված, անփորձությունը կամ չգիտակցված սխալը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը կարծես փորձում էր ՀԱՊԿ-ում կրկնօրինակել Լուկաշենկոյի գործելաոճը. ՀԱՊԿ-ում խնդիրներ բարձրացնելով՝ առավելագույն դիվիդենդներ քաղել սեփական կերպարի և երկրի համար։ Մի խոսքով, այն, ինչ անում է Լուկաշենկոն. ՌԴ հետ հարաբերություններում խնդիրներ է ստեղծում, հարվածը կարողանում է պահել, հետո դրա փոխարեն ստանում է որոշակի տնտեսական, ֆինանսական առավելություններ, արտոնություններ։ Այսինքն՝ ռուսական մամուլում ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած մարտավարությունը պայմանավորված է Լուկաշենկոյի սակարկությունների ընդունակությունները կրկնօրինակելով՝ լինել ՀԱՊԿ-ում, բայց ունենալ սեփական խաղն ու որոշ խնդիրների շուրջ առևտուր անելու հաշվին ստանալ առավելագույնը Ռուսաստանից։
Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, գոնե Հայաստանի պարագայում Ռուսաստանի հետ այդ մեթոդոլոգիայով խոսելը բավականին պրոբլեմատիկ է. ոչ քաշային կատեգորիան է նույնը, ոչ փորձը, ոչ էլ ունակություններն են գոնե առայժմ նման հնարավորություն տալիս։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանը միշտ փորձում էր ցույց տալ Բելառուսի նախագահի հետ իր մտերմիկ հարաբերությունները՝ իր համար հենարաններ փնտրելով ՀԱՊԿ շրջանակներում։
Ստեղծված ճգնաժամը, երևի թե, ինչպես երբեք կարող է օգտակար լինել հենց Փաշինյանի համար, մանավանդ նախընտրական շրջանում։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի թեման դժվար թե հանգուցալուծում գտնի դեկտեմբերի 6-ին։ Ինչպես շատ վերլուծաբաններ, փորձագետներ կանխատեսում են, խնդիրը ձգվելու է, քանի որ ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը կարող է լուծվել միայն փոխհամաձայնության պայմաններում, և հասկանալի է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը որևէ տեսանելի պատճառ չունի, որպեսզի ապահովի այդ կոնսենսուսը, օրինակ, Բելառուսի թեկնածուի համար։ Նույնը երևում է Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունների տոնայնությունից. նրանք էլ դժվար թե կոնսենսուս ապահովեն Հայաստանի ներկայացուցչին նշանակելու հարցի կապակցությամբ։ Հասկանալի է, որ կոնսենսուսի մասին խոսակցությունները տեսական տիրույթում են։ Եվ ինչպես հայաստանյան որոշ վերլուծաբաններ են նկատում, նույնիսկ տեսականորեն չի նշմարվում, թե Փաշինյանն ինչի դիմաց պետք է ապահովի կոնսենսուս այլ երկրի թեկնածուի համար։ Դա չի երևում դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ, երբ ցանկացած նահանջ այդ հարցի շուրջ կդիտարկվի որպես Նիկոլ Փաշինյանի անձնական մեծ պարտությունը արտաքին քաղաքական ոլորտում։ Եվ շատ առասպելներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում ամրության, հաջողության մասին, միանգամից կփլվեն։ Պարզ է, որ նախընտրական արշավի շրջանում գրեթե բացառվում է, որ Հայաստանը կոնսենսուս կապահովի մեկ այլ երկրի թեկնածուի համար։


Մյուս կողմից, Բելառուսի հետ հեռակա կոնֆլիկտը շատ լավ թեմա է նախընտրական շրջանում։ Բանն այն է, որ Բելառուսն այն երկիրը չէ, որը կարող է կաշկանդել Հայաստանի ղեկավարին իր արտահայտությունների, հռետորաբանության և քայլերի մեջ։ Բելառուսի հետ մեր ֆինանսատնտեսական, քաղաքական հարաբերություններն այնքան ցածր մակարդակի վրա են, աննշան ու անկարևոր Հայաստանի համար, որ Բելառուսի վրա կարելի է միավորներ շահել։ Կարելի է ցույց տալ Հայաստանի նոր աշխարհաքաղաքական կուրսի փոփոխությունը, իր ինքնավարությունը պաշտպանելու Հայաստանի վճռականությունը, ինչը երբեք նկատելի չի եղել նախորդ իշխանությունների հռետորաբանության մեջ։ Նախընտրական շրջանում սա կարող է ցույց տալ, որ Հայաստանը նոր քաղաքականություն է վարում՝ ստիպելով աշխարհին ադապտացվել իրեն, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն էր աշխարհին հորդորում հարմարվել հեղափոխական նոր Հայաստանին։ Թե՛ Լուկաշենկոն, թե՛ Նազարբաևը միավորներ հավաքելու շատ լավ թիրախներ են հայաստանյան ներքին քաղաքական զարգացումների ընթացքում։


Սակայն՝ ոչ միայն ներքին քաղաքական։ Այս իրավիճակից առավելագույնս օգտվում է նաև Ռուսաստանը։ Գաղտնիք չէ, որ թեև և՛ ՀԱՊԿ-ը, և՛ ԵԱՏՄ-ն ՌԴ-ի նախագծեր են, և այս երկրի համար դրանք ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կամ ռազմաքաղաքական նշանակություն ունեն, ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ խնդիրներ է ունենում թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի ղեկավարության հետ, որոնք պարբերաբար սեփական խաղն են սկսում Արևմուտքի հետ, ինչը ֆինանսատնտեսական տեսակետից շատ դեպքերում թանկ է նստում Ռուսաստանի վրա։ Այս պարագայում գուցե նաև ՌԴ շահերից է բխում այն, որ ՀԱՊԿ-ում հայտնվել է մի երկրի ղեկավար, որը կարող է Ռուսաստանի փոխարեն իրենց տեղը դնել ցուցարարներին, տվյալ դեպքում Լուկաշենկոյին և Նազարբաևին։ Չի բացառվում, որ արտաքին քաղաքական այս հարթակում Փաշինյանը խաղում է Ռուսաստանի և անձամբ Պուտինի դաշտում՝ անելով այն, ինչ Պուտինը կցանկանար անել, սակայն, ելնելով իրավիճակից, ցանկություն չունի անելու։ Այստեղ գուցե կա շահերի համընկնում, ինչի արդյունքում եթե նայում ենք պրագմատիկ արդյունքով, մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Բելառուս-Ղազախստան տանդեմի կոնֆլիկտից շահում է ռուսական կողմը։ Փաստորեն, ՌԴ ներկայացուցիչն է այս պահին ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում ղեկավարում ՀԱՊԿ-ը, և քանի որ որևէ հավանականություն չկա, որ դեկտեմբերյան համաժողովին կողմերը կգան ինչ-որ կոնսենսուսի, ամենայն հավանականությամբ, դեռ մի քանի ամիս էլ Ռուսաստանը կշարունակի ղեկավարել։


Այս թեման իսկապես օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարթակներում։ Դեռևս երկար ժամանակ այս թեման շահարկվելու է Հայաստանում, և հակառակորդները փորձելու են վարչապետին մեղադրել, որ վերջինս ոչինչ չի հասկանում քաղաքականությունից, այդ իսկ պատճառով ճգնաժամ է առաջացրել ՀԱՊԿ-ում, իսկ կողմնակիցները անընդհատ շեշտելու են, որ նոր իրավիճակում նոր իշխանությունները նոր պահանջներ են սկսել դնել, ինչը դեռևս շատերի սրտով չէ, բայց սա նոր Հայաստանի այցեքարտն է։


Մի խոսքով՝ ոչ մի նոր բան, ընդամենը ընտրություններ, ընդամենը նախընտրական տրամաբանություն յուրաքանչյուր քայլում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ