Ջեյմի Դեվիս
 

Ով և ինչպես Թրամփին «ընծայեց» Իրանին

Ով և ինչպես Թրամփին «ընծայեց» Իրանին
23.11.2018 | 01:50

(Նախորդ մասը)

Իհարկե, կարելի է ուրախ լինել, որ, Հայաստանից բացի, էլի կան երկրներ ու կազմակերպություններ, որոնք հլու-հնազանդ են ԱՄՆ-ին: Բայց մի՞թե Ամերիկայի կամակատարը լինելն այդքան ձեռնտու է: Հիշեցնենք. ԱՄՆ-ը, չնայած խոստումներին, գործնականում ոչինչ չի արել 1915-23 թթ. Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործում: Նոյեմբերի 6-ին Բելգիայում ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունը ¥SWIFT¤ հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումից հետո դադարեցնում է որոշ իրանական բանկերի մուտքը դեպի հաղորդագրությունների փոխանակման իր համակարգ: Համառոտ հայտարարության մեջ SWIFT-ը չի հիշատակել ԱՄՆ-ի այն պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել իրանական մի քանի ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ: Ըստ ծառայության, իրանական բանկերի մուտքի արգելումը «ափսոսանքի արժանի» քայլ է, բայց այդ որոշումն ընդունվել է «ավելի լայն համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության ու ամբողջականության շահերից ելնելով»: ԱՄՆ-ի պատժամիջոցները չհիշատակելու SWIFT-ի որոշումը հավանաբար արտացոլում է այն փաստը, որ ծառայությունը մնացել է երկու իրարամերժ նորմատիվ պահանջի արանքում: ԱՄՆ-ի կառավարությունը հայտնել է SWIFT-ին, որ ակնկալում է պատժամիջոցների պահպանում, այլապես ծառայությունն ԱՄՆ-ում կբախվի պատժամիջոցների, եթե դա չանի: Մյուս կողմից, Եվրամիության կանոնադրությամբ դա SWIFT-ին արգելվում է, և նա կարող է ենթարկվել եվրոպական պատժամիջոցների ԱՄՆ-ի օրենսդրությունը պահպանելու համար, որովհետև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը բոլորին պարտավորեցնում է դադարեցնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները կրկնելը:


Ռուսական հին իմաստուն խոսք կա. «Հիմարների համար օրենք չկա գրված»: Եվ ԱՄՆ-ի, ինչպես նաև տարբեր երկրների այն շրջանակների գործողությունները, որոնք պատճենում են Իրանի նկատմամբ Ամերիկայի վարքը, լիովին համապատասխանում են ռուսական այդ արտահայտությանը: ԱՄՆ-ի խամաճիկների ազգային ծագումը նշանակություն չունի. հիմարն Աֆրիկայում էլ է հիմար: Նոյեմբերի 7-ին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին իրանական այլ բանկերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իրանի բանկային համակարգը պատրաստ է շրջանցելու ԱՄՆ-ի պատժամիջոցները և չեզոքացնելու նրանց ճնշումը: Հեմաթին կառավարիչներին կոչ արեց բոլոր ջանքերը գործադրել ֆինանսական գործառնությունները պահպանելու համար, օգտագործելով այն փորձը, որը ձեռք է բերվել պատժամիջոցների նախորդ փուլում: Եվ դա միջոցառումների միայն կեսն է: Մյուս կեսը կապված է այն բանի հետ, որ Թեհրանն իր ներքին վճարային համակարգերն ակտիվորեն համադրում է Չինաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այն երկրների համապատասխան համակարգերի հետ, որոնք համաձայնել են ապադոլարացնելու իրենց փոխհաշվարկներն Իրանի հետ: Ահա միայն 2018-ի նոյեմբերի 5-6-ի տվյալները. Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մեյրը հայտարարել է, որ իր երկիրը փորձում է անտեսել աշխարհի «առևտրային ոստիկանի», այսինքն Վաշինգտոնի, միակողմանի միջոցառումներն աշխարհի, հատկապես Իրանի ժողովրդի դեմ: Թուրքիայի նախագահ Էրդողանը ԱՄՆ-ին քննադատել է Իրանի դեմ նրա պատժամիջոցների համար, հայտարարելով, որ Անկարան չի պահպանելու սահմանափակող միջոցառումներն իր հարևանի դեմ:

Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը սխալ է համարել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարելով, որ Իրանի հետ առևտրի մեխանիզմների մշակումը շարունակվում է: «Մենք չենք հետևելու ԱՄՆ-ի օրինակին»,- ասել է Մաասը մամուլի կոնֆերանսում: Ճապոնիայի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ խոստացել է Իրանի հետ առևտրաշրջանառությունն ընդլայնելու նպատակով ֆինանսական կարգավորման նոր մեխանիզմ մշակել: Ամերիկյան պատժամիջոցները բացահայտորեն անտեսում են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Իրաքը, Հարավային Կորեան և մի շարք այլ պետություններ: Իրանի գլխավոր ավիափոխադրող «Iran Air» ընկերությունը բանակցություններ է սկսել ինքնաթիռների ոչեվրոպական արտադրողների հետ իր օդանավակազմը նորացնելու շրջանակում: Իտալական «Eni» ընկերությունը հայտարարել է, որ դիտարկում է իրանական նավթ գնելու պայմանները... Մի խոսքով, առայժմ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները տապալվում են, Եվրասիայի խոշոր երկրներն անտեսում են ԱՄՆ-ի բղավոցները:


Բայց գլխավոր զավեշտն այն է, որ ԱՄՆ-ն արգելում է առևտուրն Իրանի հետ, սակայն ինքը շարունակում է իր արտադրանքը մատակարարել այդ երկրին: Օրինակ՝ սոյա: Նոյեմբերի 7-ին «Bloomberg» գործակալությունը հայտնել է, որ երկրորդ շաբաթն անընդմեջ սոյայով բեռնված նավերը մեկնում են ԱՄՆ-ից: Այդ օրը ամերիկյան Լոնգվյու նավահանգստից 56951 տոննա սոյայի բեռով նավն ուղևորվել է Իրանի Իմամ Հոմեյնի նավահանգիստ: Դա արդեն 13-րդ բեռն է, որն Իրան է առաքվում հուլիսից այս կողմ, երբ սկսվեց Չինաստանի հետ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը: Ինչպես հայտնի է, սոյայի առևտրի ասպարեզում Չինաստանը համաշխարհային առաջատարն է, բայց ԱՄՆ-ի հետ նրա առևտրական դիմակայությունը հանգեցրեց նրան, որ ամերիկացի առևտրականներն սկսեցին նոր գնորդների փնտրել: «Bloomberg»-ի տվյալներով, այս տարի ԱՄՆ-ն Իրան է առաքել արդեն 873420 տոննա սոյա: Ահա և Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի «ամենակոշտ պատժամիջոցները»: Ավելին, այդ նույն օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն որոշում ընդունեց Իրանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների նկատմամբ բացառություն անել՝ չխոչընդոտելու համար Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստի աշխատանքին, որը կարևոր նշանակություն ունի հարևան Աֆղանստանի տնտեսության համար: Ինչ վերաբերում է իրանական նավթին, ապա բացի Չինաստան, ԿԺԴՀ, Հարավային Կորեա և Հնդկաստան նրա չնվազող տեմպերով մատակարարումներից, արդեն ճապոնական նավթային ընկերություններն էլ են սկսում Իրանից հում նավթ ներմուծել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը համաձայնեց Ճապոնիան պատժամիջոցներից ազատելուն: Ճապոնիայի տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն հայտարարեց, որ նավթի ներմուծման որևէ խնդիր չկա, և Իրանից նավթի ներմուծումը վերականգնելու ծրագիրը մտնում է ճապոնական ընկերությունների օրակարգ: Բայց բոլորից շատ «սպանեցին» ամերիկյան ԶԼՄ-ները: CNBC հեռուստաալիքը հայտնում է, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանն առաջվա պես օրական վաճառում է 1,7-1,9 մլն բարել նավթ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին գրած նամակում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամ Ալի Խոշրոն ԱՄՆ-ի ապօրինի պատժամիջոցներին համընդհանուր պատասխան տալու կոչ է արել. «2018 թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ-ի նախագահը հրապարակեց 13846 կատարողական հրամանագիրը» Իրանի նկատմամբ կրկին որոշ պատժամիջոցներ սահմանելու մասին, և դրանց մեծ մասն ուժի մեջ մտավ 2018 թ. նոյեմբերի 5-ին: Դրանք այն նույն պատժամիջոցներն են, որոնք ԱՄՆ-ը հանել էր 2016 թ. հունվարի 16-ին ըստ Անվտանգության խորհրդի 2231 ¥2015¤ որոշման, և ըստ որի պարտավորվել էր «ձեռնպահ մնալ դրանց կրկնական սահմանումից ու կրկնական կիրառումից»: Հարկ է հիշեցնել, որ ԳՀՀՊ-ն 26-րդ կետում նախատեսում է, որ Իրանը «պատժամիջոցների այդպիսի կրկնական սահմանումը կամ կրկնական կիրառումը դիտարկում է... որպես ԳՀՀՊ-ով իր պարտավորությունների կատարումը լիովին կամ մասնակիորեն դադարեցնելու հիմք»: Սակայն ԱՄՆ-ի ամենավերջին միակողմանի գործողություններն ու պատժամիջոցները լկտիաբար ու կոպտորեն անտեսում են Անվտանգության խորհրդի 2231 ¥2015¤ որոշման 1-ին, 2-րդ և 10-րդ կետերը, կոպտորեն խախտում են Ա հավելվածի 21, 22, 26, 27, 28, 29, 30, 32 և 33-րդ կետերը և գիտակցաբար անտեսում են Բ հավելվածի 2, 4, 5 և 6-րդ կետերը: ԱՄՆ-ի այդ պատժամիջոցները, ինչպես և նախորդ անխոհեմ քայլերը հատկապես ուղղված են այն բանին, որ «ուղղակիորեն և բացասաբար ազդեն Իրանի հետ տնտեսական հարաբերություններին», ահաբեկեն երրորդ անձանց և ճնշում գործադրեն այլ պետությունների վրա, որոնք ուզում են պահպանել իրենց քաղաքական ձգտումները: ԱՄՆ-ը ոչ միայն բացահայտ մարտահրավեր է նետում Անվտանգության խորհրդի 2231 ¥2015¤ որոշմանը, այլև կոպտորեն ստիպում է, որ մյուս պետությունները խախտեն այդ որոշումը, որը բոլոր պետությունները «պարտավոր են ընդունելու և կատարելու ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 25-րդ հոդվածի»: Այդ պատժամիջոցներն ապօրինի են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված և ազգերի միության կողմից ընդունված այնպիսի արմատավորված սկզբունքներին, ինչպիսիք են պետությունների ինքնիշխան հավասարությունը, չմիջամտելը անդամ պետությունների ներքին գործերին և միջազգային առևտրի ու նավագնացության ազատությունը»: Եվ կարող է այնպես լինել, որ ՄԱԿ-ը համաձայնի Վաշինգտոնին համընդհանուր պատասխան տալուն՝ հաշվի առնելով, թե ինչ պետություններ են պատրաստ աջակցելու Իրանին:


Ինչպես տեսնում ենք, 2018-ի ավարտին մոլորակը հայտնվում է այնպիսի սուր իրավիճակում, երբ տեսանելի է դառնում, որ հարաբերությունները պարզելու դաշտ են լինելու ոչ միայն այս կամ այն «վիճելի երկրների» տարածքները կամ ածխաջրածինների հանույթի և համաշխարհային շուկա մատակարարման ոլորտը, այլև ամենախորհրդավոր ու միաժամանակ բոլոր երկրների և ժողովուրդների համար շատ կարևոր ոլորտը՝ ֆինանսները: Այդ տեսակետից դժվար է գերագնահատել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում 2 մլրդ դոլարի «գողության» վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցի սպասվող քննարկումների նշանակությունը: Վաշինգտոնը ոչ միայն Իրանից է ինչ-որ բան գողացել ու յուրացրել: Թեհրանի այդ հայցով Միջազգային դատարանի վերջնական որոշման հակաամերիկյան լինելու մասին ցանկացած չնչին ակնարկն անգամ կարող է դատական, նաև քաղաքական նախադեպի դեր խաղալ, ասենք, նույնիսկ Չինաստանի համար. չէ՞ որ ԱՄՆ «պահելու» տարված «Չան Կայշիի չինական ոսկու» մասին խոսակցությունները երբեք չեն դադարի: Այնպես որ, աշխարհն սպասում է Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունների քաղաքական-դատական նոր շրջադարձերին: Նշանակում է՝ նաև ՌԴ-ԱՄՆ և ՉԺՀ-ԱՄՆ հարաբերությունների: Իսկ Հայաստա՞նը...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan