ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Գյումրեցին կոտրվող չէ` ի հեճուկս իր ունեցած բազմաթիվ և տարաբնույթ խնդիրների»

«Գյումրեցին կոտրվող չէ` ի հեճուկս իր ունեցած բազմաթիվ և տարաբնույթ խնդիրների»
23.11.2018 | 02:18

«Իրատեսի» հյուրը Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, գեղանկարիչ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ է: Նրա ղեկավարած մշակութային կրթօջախն այս տարի բոլորեց գոյության 40-ամյակը: Մեր զրույցն անդրադարձ է այդ տարեդարձին և ներառում է այլ թեմաներ:


-Տիկին Սուսաննա, երբ հետադարձ հայացք եք գցում Ձեր ղեկավարած կենտրոնի անցած ուղուն, ի՞նչ հիշարժան հանգրվաններ եք առանձնացնում:
-Հետաքրքիր է, երբեմն ճակատագրին չենք հավատում, բայց իմ կյանքում ճակատագրական եղավ Հենրիկ Իգիթյանի հետ հանդիպումը 1977-ի աշնանը, երբ տիկնոջ` Ժաննա Ամիրխանյանի հետ այցելել էինք Մերկուրովի անվան նկարչական դպրոց, որտեղ ինստիտուտն ավարտելուց հետո մանկավարժական ինստիտուտի հետ համատեղ դասավանդում էի: Երբ Հ. Իգիթյանը տեսավ իմ սաների աշխատանքները (դրանք չէին ցուցադրվել, համարվում էին շեղված դասավանդման ծրագրից), անչափ ոգևորվեց և առաջարկեց Լենինականում բացել մանկական պատկերասրահ` երեխաների ստեղծագործությունները ցուցադրելու համար: Ներկա էր նաև կուսքաղկոմի քարտուղար, մեծ արվեստասեր Ռոբերտ Արզումանյանը: Նա հավանություն տվեց և առաջարկեց ինձ, որ զբաղվեմ համապատասխան տարածք գտնելով և մնացած կազմակերպական գործերով: Այդ պահից ճակատագիրն ինձ կապեց գեղագիտական կենտրոնի հետ առայսօր. արդեն 40 տարի:
-Մի առիթով ասել եք. «Իմ կենտրոնից դուրս եկած երեխաները պարտադիր չէ, որ արվեստագետներ դառնան, բայց նրանք կունենան ճաշակ, սեր ու նվիրում իրական արվեստի նկատմամբ»: Երեք տարեկանից Գյումրու գեղագիտական կենտրոն հաճախող երեխաները կյանքի ի՞նչ ճանապարհ են ընտրում առավել հաճախ:
-1978 թ. սեպտեմբերի 3-ին Լենինականի ժողկրթբաժնի մանկական պատկերասրահը բացեց իր դռները, ինչը մեծ խանդավառությամբ ընդունեց քաղաքի բնակչությունը, հատկապես փոքրիկները, որոնց աշխատանքները ցուցադրվում էին պատկերասրահում: Ընդամենը մեկ ամիս հետո ես հավաքեցի նկարչական խումբ` սկսած 3 տարեկանից, որը շատերի կողմից թերահավատորեն ընդունվեց, բայց ընդամենը 1 ամիս հետո բացեցինք մեր առաջին ցուցահանդեսը, որը ոչ միայն զարմացրեց, այլև հիացրեց բոլորին: Կենտրոնում դասավանդումն իրականացվում էր բոլորովին նոր մտածողությամբ, նոր մեթոդներով` երեխային տալով ազատություն իր մտահղացումները, հույզերը, ինչու չէ, նաև մտատանջությունները անկաշկանդորեն թղթին հաղորդելու առումով, մտածելու, ստեղծագործելու, տեխնիկայի կատարողականության հարցերում: Մեր նպատակը ոչ թե նեղ մասնագետ պատրաստելն է, այլ յուրաքանչյուրի մեջ սեր ու ճանաչում արթնացնելը դեպի գեղեցիկը, բարությունը, օգնելը, որպեսզի երեխան ճանաչի իրեն շրջապատող աշխարհը: Ձևավորել ճաշակավոր, լավը տեսնող ու արժևորող մարդ, ահա՛ մեր առաքելությունը: Մեր հազարավոր սաներից շատերն են ընտրել արվեստի ուղին, իսկ եթե ուրիշ մասնագետ են դարձել, մնացել են կիրթ, գեղեցկության հանդեպ զգայուն ու գնահատող:
-Հետևելով կենտրոնի գործունեությանը` նկատում ենք, որ այստեղ մշակութային դաստիարակությունը տարվում է ազգային ավանդական և արդիական մոտեցումների համադրումով: Ո՞րն են առավել նախընտրում այսօրվա երեխաներն ու նրանց ծնողները:
-1983 թ. մեր կենտրոնը մտավ հանրապետական կենտրոնի կազմի մեջ` դառնալով Լենինականի մասնաճյուղ: 1991 թ. անվանափոխվեց Գեղագիտության ազգային կենտրոնի: Քանի որ ազգայինը շեշտված էր, ուրեմն մեր գործունեությունը նույնպես պիտի ունենար այդ շեշտադրությունը: Կազմակերպեցինք գորգի, գեղարվեստական ստեղծագործության, ժողովրդական երգի ու պարի, ազգագրական երգի, կարպետի և խամաճիկների պատրաստման խմբեր, որտեղ, ծանոթանալով հնին, ստեղծում են նորը. նոր մտածողություն` նոր նյութերով: Շատերի համար հետագայում դա դառնում է մասնագիտություն, շատերը իրենց ուսումը շարունակում են արվեստի քոլեջներում և բուհերում: Իհարկե, ժամանակներն իրենց խոսքն ասում են, շատերը ձգտում են դեպի նորագույն տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ժամանակակից լատինաամերիկյան պարեր, բայց ազգայինը սիրող ու գնահատող և՛ ծնողներ, և՛ երեխաներ շատ կան, որոնք մեծ սիրով հաճախում են ավանդականն ուսուցանող մեր խմբերի պարապմունքներին:

-Այս տարի տխուր մի տարելից է բոլորում` ավերիչ երկրաշարժի 30-ամյակը: Ինչպիսի՞ն է ցավի ու դրա հետագծի հարաբերակցությունը գյումրեցու կյանքում:
-Այո այս տարի լրանում է ավերիչ երկրաշարժի 30-ամյակը: Չնայած երեք տասնամյակ է անցել, բայց ոչինչ չի հնացել. սարսափը, ցավը, ավերվածությունները, խեղված ճակատագրերը: Այդ օրը ես գնում էի աշխատանքի և չհասցրի մտնել կենտրոն: Չեմ ուզում նկարագրել այն ամենը, ինչ կատարվեց իմ աչքերի առջև: Ես ուժեղ ցնցումից ընկա, բայց աչքս կենտրոնից չէի հեռացնում. այն կանգուն մնաց: Հետո դարձավ երկրաշարժի կենտրոնական շտաբ, որտեղ հավաքվեցին մարդիկ` ամբողջ աշխարհի փրկարարներ` շների հետ, պայթեցնողներ, շինարարներ, բժիշկներ: Հիմնահատակ փլվել էր տունս, բայց Աստծո կամոք փրկվել էր ընտանիքս` 2 անչափահաս երեխաներս և ամուսինս: Այդ օրվանից ես ծառայեցի շտաբի աշխատանքներին` կատարելով ցանկացած գործ (մաքրել, եփել, կերակրել շտաբում աշխատող և ապրող 80 տարբեր ազգությունների փրկարարների): Դժվար է նկարագրել շտաբում տիրող աշխատանքային «բզզոցը»` խառնված զոհեր ունեցող քաղաքացիների լացուկոծին, անհետ կորածների անվերջանալի երկար ցուցակների մոտ խոնարհված մարդկանց վշտոտ դեմքերին (ցուցակները փակցված էին կենտրոնի ապակիներին): Չեմ կարող մոռանալ խնդրող-աղերսող այն մարդկանց, որոնց ուզածն իրենց հարազատների դիակները փլատակներից հանելն էր: Դրա համար պահանջվում էր տեխնիկա, որը, բնականաբար, չէր բավարարում: Գեղագիտական կենտրոնը դարձավ Լենինական քաղաքի այն միակ կետը, ուր բոլոր հարցերով դիմում էր բնակչությունը: Շտաբի աշխատանքը ղեկավարում էին Ռուսաստանից ժամանած բարձրաստիճանավորներ, որոնք նույնիսկ գիշերները չէին քնում: Ես օգնում էի շտաբի աշխատանքներին` միաժամանակ պահպանելով կենտրոնի գույքը, ունեցվածքը: Եվ միայն փետրվար ամսին կենտրոնը վերսկսեց իր աշխատանքը քաղաքում մնացած երեխաների հետ: Մեր խնդիրը բարդացավ, որովհետև անչափ դժվար էր աշխատել սարսափը սրտում ու աչքերում կուտակած երեխաների հետ, հատկապես նրանց, որոնք ծնողազուրկ էին դարձել: Այդ էր պատճառը, որ ես կազմակերպեցի ծնողազուրկ երեխաների մանկապարտեզ, ուր սկսեցին հաճախել 2-6 տարեկան` սկզբում 25, այնուհետև շուրջ 250 երեխա: Այդ երեխաները հետագա 10 տարիների ընթացքում կանոնավոր կերպով հաճախեցին մանկապարտեզ, որտեղ, գիտելիք ստանալուց բացի, նրանք շրջապատված էին մանկավարժների հոգատարությամբ, ծնողական նվիրվածությամբ: Շատերը օգնության ձեռք մեկնեցին: Առատաձեռն և սրտացավ շատ գյումրեցիներ, անտեսելով սեփական դժվարությունները, աջակցում էին մանկապարտեզի աշխատանքներին: Երբ վերհիշում եմ այդ ամենը, զարմանում եմ. հոգսերի մեջ թաղված, անգամ գլխին ծածկ չունեցող մարդիկ ինչպիսի՜ բարություն ու կարեկցանք էին դրսևորում դիմացինի հանդեպ:

-Գյումրին մշտապես դիտարկվում է որպես սոցիալական սուր խնդիրներ ունեցող գոտի: Այդպիսի իրավիճակը ի՞նչ հոգեբանական ֆոն է ստեղծում քաղաքում:
-Այստեղ է, որ պիտի շեշտեմ գյումրեցու տոկուն ոգու, կամքի առանձնահատկությունները, կյանքի դժվարություններին դիմակայելու որակը: Արդեն փաստ է, որ գյումրեցին կոտրվող չէ` ի հեճուկս բազմաթիվ և տարաբնույթ խնդիրների: Ավերիչ երկրաշարժից հետո, անտեսելով բոլոր դժվարությունները, շատերը նոր զավակներ ծնեցին, կացարաններ հիմնեցին, արեցին անհնարինը` իրենց ընտանիքները պահպանելու, վերակազմավորելու, օջախը կրկին վառ պահելու համար: Շատերը գնացին քաղաքից` ուրիշ ելք չգտնելով. չլքեցին, ուղղակի գնացին, գնացին արցունքն աչքերին ու կարոտը սրտերում: Իսկ այն, ինչ արեց գյումրեցի կինը, անչափելի հերոսություն պիտի համարել:
-Այո, Գյումրին հայտնի է իր ըմբոստ, չկոտրվող էությամբ: Չե՞ք կարծում, որ այս որակների պատճառով երբեմն նաև բարդանում է կյանքը:
-Շատերն ըմբոստացան կյանքի դժվարությունների դեմ, բայց այդ ըմբոստությունը ոչ միայն բողոք էր ստեղծված իրավիճակի դեմ, այլև ապրելու, չխեղճանալու, չկոտրվելու միջոց էր, պայքար` հանուն կորցրածի վերականգման, նաև` հանուն արդարության, որն ինչ-որ տեղ կորցրել էր հավասարակշռությունը:
-Ո՞րն է գյումրեցու տոկունության բանաձևը:
-Գյումրեցու տոկունությունը առաջին հերթին պատվախնդրությունն է, կամքի բացառիկ ուժը և երբեք չխեղճանալու, հպարտ մնալու հատկությունը:

-Դուք ստեղծագործող մարդ եք, գեղանկարիչ, Ձեր աշխատանքները յուրօրինակ են ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլև օգտագործված նյութերով, տեխնիկայով: Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը, ինչպե՞ս եք կատարում նյութի ընտրությունը:
-Լինելով արվեստագետ` ես չէի կարող անտարբեր անցնել այս ամենի կողքով: Արվեստագետը կյանքի լավն ու վատը անցկացնում է իր սրտի մաղով: Ես ստեղծեցի Գյումրի-Ալեքսանդրապոլի մասին պատմող մի մեծ շարք, որը ներկայացնում է այս հրաշալի քաղաքի անցուդարձը, նիստուկացը, ավանդույթները և այդ ամենը հարգող, սիրող ու ամեն գնով պահպանող մարդկանց: Դա մի երկար շարք է` բաղկացած գրաֆիկական աշխատանքներից, նաև օգտագործել եմ մի նոր տեխնիկա, որի հեղինակը ես եմ: Կան նաև մեծածավալ գործեր, որոնք պատմում են արժանապատիվ Ալեքսանդրապոլ-Գյումրու, նրա այսօրվա ու վաղվա մասին: Այդ աշխատանքների հիմնական նյութը թղթի թափոնն է: Յուրաքանչյուր մարդ զգացմունքներն արտահայտելու իր ձևն ունի, իմը ստեղծագործություններս են: Վերջին 5-6 տարիների ստեղծագործություններիս միակ թեման Գյումրին է, պատրաստվում եմ մեծ ցուցադրություն կազմակերպելու` «Իմ հոգու տուն Գյումրի» վերնագրով:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ