Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Լավ գրողին, կարծում եմ, չեն հայտնագործում, ինչպես վարվում են շատ գրականագետներ, այլ բացահայտում են»

«Լավ գրողին, կարծում եմ, չեն հայտնագործում, ինչպես վարվում են շատ գրականագետներ, այլ բացահայտում են»
23.11.2018 | 02:37

Արդի հայ պատմագետ, բանաստեղծ, թարգմանիչ ԹՈՆԴՐԱԿԻ (ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) հետ մեր զրույցի թեման գրականությունն է և հենց իր՝ ստեղծած գրական աշխարհը: Հեղինակ է «Երկրորդ նավարկություն» և «Արարման ութերորդ եղանակը» բանաստեղծական ժողովածուների, գիտական հոդվածների ու գրքերի, ինչպես նաև ֆրանսերենից, ռուսերենից արված մի շարք թարգմանությունների:

-Ինչու՞ Թոնդրակ:
-Եվ իրոք՝ ինչո՞ւ Թոնդրակ։ Վերջերս ինձ այդ հարցը շատ են տալիս ու երբ հարցնում են, սկսում եմ կասկածել, թե արդյո՞ք գիտեմ: Բանն այն է, որ երբ չեն հարցնում, գիտեմ, բայց երբ հարցնում են, երկմտում եմ, տատանվում, անգամ սկսում եմ կասկածել, թե ում մասին է խոսքը, կամ ինչու պետք է ես պատասխանեմ:
Առաջին անգամ Թոնդրակ անունով ստորագրել եմ 1997-ին՝ ծառայության ժամանակ, մի բանաստեղծության տակ, որը գրել էի դիրքերում: Աղոտ հիշում եմ, որ նախ և առաջ նկատի եմ ունեցել Թոնդրակ լեռը, որն իր բարձրությամբ աչքի չի ընկնում (ընդամենը 3542 մետր), բայց աչքի է ընկնում իր հրաբխայնությամբ: ՈՒ հիշում եմ, որ այդ անունն ընտրեցի՝ Արարատ լեռանը նայելով, որը դիրքերից շատ հեռու չէր ու չափազանց հստակ էր երևում: Ընդ որում՝ մայրամուտին, երբ արևն ուղղակի իջնում էր Արարատի գագաթին, և ցեմենտի գործարանի ծուխը պտույտներով աստիճանաբար այնպես էր տարածվում, որ արտակարգ հակապատկեր էր ստեղծվում: Այդ պահին նույնիսկ մտածում էի, թե ինչու նկարել չգիտեմ, և արագ-արագ ինչ-որ ուրվագիծ արեցի զինվորական իմ նոթատետրում ու ինչ-որ գրառում, որ հիշեմ այդ պատկերը: Եվ, փաստորեն, դեռ հիշում եմ…
Թոնդրակի վերաբերյալ մյուս հիշողությունս արդեն ուսանողական տարիներից է, երբ առաջին անգամ բանաստեղծություններս հրատարակեցի հենց իբրև Թոնդրակ: Հիշում եմ, թե ինչպիսի զարմացական դեմք ընդունեցին «Հորիզոն» թերթի խմբագիրը, փոխխմբագիրն ու ևս մեկը, որոնցից ոչ մեկին չէի ճանաչում, երբ իմ բանաստեղծությունների տակ տեսան Թոնդրակ ստորագրությունը: Էլ ավելի այլայլվեցին, երբ իմացան, որ իմ անունը Սմբատ է, և նրանցից մեկն անմիջապես ասաց, որ այդ անունն ընդունելի չէ, քանի որ թոնդրակյանները «թափել են սուրբ մյուռոնը»: Ոչ պակաս այլայլված էի ես և հարցնում էի, թե ի՞նչ կապ ունենք «մյուռոնը թափած թոնդրակցիներն» ու ես… Մի խոսքով, ի վերջո համոզվեցին, և իմ բանաստեղծությունները «Հորիզոնում» հրատարակվեցին Թոնդրակ ստորագրությամբ:
Հետո այդքան էլ չեմ մտածել ընտրությանս իմաստավորման մասին և բավարարվել եմ այնքանով, որ երբ հարցնում էին, թե ինչպես տարբերենք Թոնդրակին Սմբատ Հովհաննիսյանից, կամ ո՞րն է նրանց տարբերությունը, պատասխանում էի, որ Սմբատ Հովհաննիսյանը նույն Թոնդրակն է, բայց Թոնդրակն այլևս Սմբատ Հովհաննիսյանը չէ: Ստացվում է, որ ես սկսել եմ կարևորել արդեն իմ ուրիշությունը, այլանալու իմ հնարավորությունը, որն այս դեպքում իրականացվում է Թոնդրակի միջոցով: Իմ բանաստեղծություններից մեկը կարծես այս մասին լինի.
Զգացմունքներ կան,
որ խուսափում են ամենայն բառից…

Կյանքդ կսուզվի սրբազան ջրավազանում
և համապատասխան բառը չգտած զգացմունքներդ
կսահեն անվան պատյանի միջով….

Հետքը,
որի մասին խորհում ես,
Սահմանը չէ…
ՈՒստի անունը, որի մասին խոսում ենք, սահմանը չէ, այլ ընդամենը այլանալու հնարավորությունը:
-Չե՞ն խանգարում կամ լրացնո՞ւմ են իրար պատմագետը, բանաստեղծը, թարգմանիչը: Դեռ ավելին, նշել եք, որ բացի բանաստեղծություններից, սկսել եք նաև արձակ ստեղծագործել:
-Այս հարցը ևս անընդհատ ինձ վերադարձող հարցերից է: Հարցն իրականում մարդկանց հուզել է դեռ շատ հին ժամանակներից: Ամենաուշագրավ և հակասական դիտարկումը կարելի է գտնել Պլատոնի մոտ. մի տեղ («Պետություն») նա պնդում է, թե միևնույն մարդը չի կարող միաժամանակ լինել և՛ կատակերգու, և՛ ողբերգակ, բայց մեկ ուրիշ տեղում («Խնջույք») հակառակն է պնդում, այն է՝ միևնույն մարդը պետք է կարողանա ստեղծել և՛ կատակերգություն, և՛ ողբերգություն: Ավելի ստույգ՝ հմուտ ողբերգակը նաև հմուտ կատակերգու է: Ես հակված եմ հենց այդ երկրորդ պնդմանը և համոզված, որ լավ գրողը կմնա լավ գրող բոլոր ժանրերում՝ լինի գրական, թե գիտական, բանաստեղծություն, թե արձակ: Բայց և հարկ է ուշադրություն դարձնել նրան, որ վերջին պնդման մեջ Պլատոնը կիրառում է «հմուտ» ածականը, որն այս դեպքում՝ ասելիքի, հաղորդակցության կերպն է: ՈՒստի կարելի է լինել թե՛ պատմագետ, թե՛ բանաստեղծ, թե՛ արձակագիր և չնեղվել այդ տարբերություններից, քանի որ դրանք հաջորդիվ սկսում են միմյանց լրացնել, այլ ոչ խանգարել: Կարևորը դրանցից յուրաքանչյուրի՝ իր ներկայության ամրագրումն է, որտեղ համադրված են գոյությունն ու կայացումը: Իսկ նման համադրության դեպքում, ինչպես Արիստոտելը կասեր, ներկան ուրիշ ներկայի մեջ չի վերանա, և մի ուրիշությունը չի կլանի մեկ այլ ուրիշությանը կամ չի կլանվի մեկ այլ ուրիշությամբ: Ընդ որում՝ ներկայությունը բացության տեսքով, որն այն տարածքն է, որտեղ տրամախաչվում են պատմագետը, բանաստեղծը, թարգմանիչը և արձակագիրը… և միավորվում արդեն իրենց ներքին ներկայություն-բացություններով… ՈՒստի ոչ թե խանգարում, այլ անգամ ընդլայնում են միմյանց: Բայց կար ժամանակ, որ իրոք խանգարում էին: Երբ դրանցից յուրաքանչյուրը դեռ ձերբազատված չէր իր իսկ ներքին խոչընդոտներից, չուներ իր ներքին ազատությունը: Դեռ կայացած չէր պատմագետը, կայացած չէին բանաստեղծը, թարգմանիչը կամ արձակագիրը: Մինչդեռ նրանց կայացած լինելը հնարավոր կդարձներ ու կապահովեր նրանցից յուրաքանչյուրի ներգրավվածությունը:
Իսկ թե ինչու դիմեցի նաև արձակին, շատ չծավալվելու համար ուղղակի նշեմ, որ պոեզիայի մեջ անմշակ, չմակարդվող մի շերտ կա, որը ևս ձգտում է կատարման, և այդպիսի կատարումներից է արձակը, որն աստիճանաբար մարմնանում է իմ երևակայության մեջ:
-Ե՞րբ ընթերցողին կհասնի Ձեր նոր գիրքը: Ինչի՞ մասին է, թեև ասում են՝ գրականությունը մասին չի լինում:
-Դժվարանում եմ ասել, թե երբ, առավել ևս՝ թե ինչի մասին. գիրքը դեռ կայացման մեջ է և բոլորովին էլ կանխատեսելի չէ, թե երբ կհասնի իր լրմանը: Բայց և հստակ է, որ առաջիկա երկու տարիներին չի լինի: Չնայած դրան՝ գրքի համար մի քանի վերնագրեր եմ մտածել, բայց թե դրանցից որը կմնա, պարզ կլինի միայն գրքի ավարտին. չի բացառվում, որ մի նոր վերնագիր հղանամ: Բանն այն է, որ ինձ համար վերնագիրը շատ կարևոր է, այն «նավարկության» մղող շարժիչն է, այսպես կոչված «ջրհեղեղի թռչունը», որը բաց եմ թողնում: Թե վերնագրերից որը «կվերադառնա» և ինչպես կվերադառնա, դա էլ կլինի վերնագիրը:
-Ինչպիսի՞ն պետք է լինի պոեզիան, գրականությունը մեր օրերում, եթե հաշվի առնենք 21-րդ դարի մարտահրավերները, գրական նոր ուղղություններն ու «իզմ»-երը, ընթերցողի պահանջը:
-Դժվար հարց է: Միայն կուզենայի, որ ստեղծագործողները զգույշ վարվեն լեզվի հետ, ի վերջո, լեզուն հենց այն տրվածությունն է, որի մեջ, որի միջոցով և որով կայանում ենք: Եվ շատ կուզենայի, որ այդ լեզվի մեջ գերակայեին սերն ու լույսը, որոնք գնալով պակասում են, ագրեսիվությամբ փոխարինվում: Այդպես, թերևս միայն այդպես հնարավոր կլինի հաղթահարել բազում «իզմ»-երի և ուղղությունների, ինչպես նաև ընթերցողների պահանջների թակարդները:
Կարևորը տուրք չտալն է ինչ-որ «իզմ»-ի և անգամ ընթերցողների պահանջներին, բայց հաշվի առնել դրանք: Այս առումով ինձ համար խորհրդանշական է Կունդերայի և Կոելյոյի դեպքը: Կունդերան ստեղծագործում է այնպիսի մակարդակում, որի մի կողմում խիստ զանգվածայինն է, մյուսում՝ խիստ ինտելեկտուալը: Բայց նա կարողացել է գտնել մի ոսկե միջին, որը բավարարում է թե՛ զանգվածային մշակույթի կրողներին, թե՛ ինտելեկտուալ: Իսկ Կոելյոն, ըստ իս, ավելի է մոտեցել զանգվածայինին, թեկուզ որոշ ինտելեկտուալ մեջբերումների համեմումներով, որի համար էլ ամենապահանջված ստեղծագործողներից է, որի գրքերը միլիոններով են վաճառվում: Մնացածն արդեն ընտրության և մտայնության հարցեր են:
-Ասում են՝ պատմությունը կեղծում է, գրականությունն ազատում է պատմությունը կեղծիքներից: Դուք, որպես պատմագետ ու գրող, ի՞նչ կասեք սրա մասին:
-Պատմության և կեղծիքի փոխհարաբերության հարցը վաղուց անտի քննարկման թեմա է: Ինքս այդպես չեմ մտածում: Պատմությունը չի կեղծում, ոչ էլ գրականությունն ազատագրում է: Թե՛ կեղծողը, թե՛ ազատագրողը մարդն է՝ լինի պատմությամբ, թե գրականությամբ: ՈՒստի պատմական ճշմարտությունը գործընթաց է, որն ուղեկցվում է մոլորություններով: Մոլորություններ, որոնք շատերը շփոթում են կեղծելու հետ, այնինչ դրանք տարբեր բաներ են: Խորքային առումով մոլորություններն ու անգամ կեղծիքները ճշմարտության վկաներն են ու նախախնամական պարգևներ: Կարևորը փաստը ճշմարտության հետ չշփոթելն է, ճշմարտությունը փաստերով չբացատրելը, այլ որոնելը: Բայց և հարկ է նշել, որ պատմության և գրականության տարբերությունն այս առումով թերևս այն է, որ գրականությանն ամենաքիչն է անհանգստացնում ճշմարտության հիմնախնդիրը, քանի որ այն ճշմարտությունն ուղղակի ծնում է իրենից, մինչդեռ պատմական ճշմարտությունը միջնորդավորված է կամ, ավելի ստույգ, ինքնին միջնորդավորվածությունն է:
-«Երբ ոչ միավորվելու, ոչ էլ հեռանալու տարբերակ չունես»: Հաճա՞խ է լինում կյանքում այդպես, որ տարբերակ չի լինում, երբ ո՛չ միավորվելու, ո՛չ էլ հեռանալու տարբերակ չի լինում:
-Տարբերակ և անգամ տարբերակներ միշտ էլ կան, միայն թե համապատասխան հոգեվիճակն է կարևոր: Բանաստեղծական այս պատկերի մեջ թվացյալ է անելանելիությունը, քանի որ այն շարունակություն ունի ինչպես միևնույն բանաստեղծության, այդպես և մյուս բանաստեղծությունների մեջ: Իրականում այդ անելանելիությունը սրտի պահ է, որը պոեզիայի միջոցով այլանում, իսկ ապա դառնում է «սրտի կեսգիշեր» կամ «սրտի կեսօր», որն իր մեջ բոլոր անհնարինությունները դարձնում է հնարավոր:
-«Հիրավի մարդ մեռնում է այնժամ,
երբ մենության մեջ ճամփեքը
և ճամփեքի մեջ մենությունն է մեռնում...»։
Հարց չունեմ, ինձ շատ դուր են եկել այս տողերը...
-Այս բանաստեղծությունը պարզապես նախորդ մեջբերման հետ միջիմաստային երկխոսության մեջ է, միայն թե անհնարինությունն այստեղ Գեղեցիկը միայնակ կրելու անկարողությամբ է փոխարինված, որը ևս անելանելիության նշան չէ: Մանավանդ որ ակնարկված է՝ «կրել միայնակ», որն արդեն մեկնության այլ պատուհաններ է բացում: Բայց սահմանափակվենք այսքանով:
-Կան հեղինակներ, գործեր, որ հանրահայտ են, շատ են շրջանառվում: Իսկ գուցե շատ լավ գործեր են մնում գրքերում, գրադարաններում: Ավելին՝ գուցե հանճարեղ հեղինակներ են ծնվում-մեռնում, որոնց չենք ճանաչում ու չենք ճանաչելու: Ե՞րբ է իրապես երկար ապրում գիրքը: Մտածե՞լ եք դրա մասին:
-Երբեմն-երբեմն մտածում եմ։ Իսկ պատմության մեջ բազմաթիվ նման վկայություններ կան: Դա նաև անխուսափելի է, քանի որ յուրաքանչյուր ժամանակ իր ճաշակն ունի, ինչպես նաև «զտման մեխանիզմները», որի արդյունքում յուրայիններն առանձնահատուկ վերաբերմունքի են արժանանում, իսկ մերժյալները մնում լուսանցքներում, մոռացվում ու անհետանում գրադարանների կամ ընտանեկան արխիվների փոշիների մեջ: Դա կախված է նրանից, թե տվյալ ժամանակը հիշողության և մոռացման ինչպիսի քաղաքականություն է որդեգրել, ինչն է նրա համար արժանի հիշվելու, ինչը՝ մոռացման: Այդ իմաստով գրականագիտությունն անխուսափելիորեն վերածվում է գրաքննության: Նույն այս թեմայի շրջանակներում Ժան-Կլոդ Կարիերն ու ՈՒմբերտո Էկոն, իրենց զրույցում անդրադառնալով «զտման» գործընթացին, բազմաթիվ օրինակներ են բերում: Շատ ուշագրավ է Կարիերի դատողությունը, համաձայն որի, զտումից խուսանավելու լավագույն միջոցը հեղինակների միավորվելն է, մեկուսացված չմնալը: Այդուամենայնիվ, այստեղ մենք ավելի շատ գործ ունենք ընկալման հետ, իսկ ընկալումը միշտ պատմական է և միշտ սուբյեկտիվ: Դասական է Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» և Էռնեստ Ֆեյդոյի «Ֆաննի» վեպերի օրինակը. միաժամանակ հրատարակված այդ վեպերից երկրորդը մեծ հաջողություն է արձանագրում, իսկ առաջինի դեպքում՝ դատավարություններ և այլն: Բայց այսօր Ֆեյդոյի «Ֆաննի» վեպի մասին միայն գիտենք այդքանը: ՈՒստի անհայտությունն ու հայտնիությունը ժամանակի համատեքստում բազմաթիվ երանգավորումներով են դրսևորվում. ոմանք անհայտ են մնում՝ հետոյի մեջ վերահայտնվելով, ոմանք հայտնի են լինում իրենց իսկ ժամանակի մեջ, ոմանք էլ ուղղակի աննկատ անցնում են:
-Ես իմ գրադարանը (գրադարակները) դասավորում եմ այնպես, որ ինձ համար կարևոր գրքերը տեսանելի մասում լինեն: Ինչպիսի՞ն է Ձեր գրադարանը: Առհասարակ, կարելի՞ է մարդու մասին պատկերացում կազմել նրա գրադարանի դասավորությամբ ու պարունակությամբ:
-Մոտավորապես իմ գրադարանն էլ այդպիսի կառուցվածք ունի, ուստի պարբերաբար վերադասավորում եմ, քանի որ որոշ գրքեր այս պահին եթե անհրաժեշտ են, հաջորդ պահին ուրիշ գրքեր են անհրաժեշտ: Բայց և ընթացքում նոր գրքեր եմ գնում, և դրանք էլ իրենց հերթին նոր տեղեր են պահանջում, նոր վերադասավորումներ: Գրադարան ունենալը լավ բան է, բայց և վտանգավոր։ Ինչպես կասեր պրոֆեսոր Ստեփանյանը, հարկավոր է զգուշանալ, քանի որ գրքերը կարող են քեզ մի օր տնից դուրս վռնդել: Էլեկտրոնային գրքերի հայտնվելը հսկայական խնդիր է լուծել, ինչը, հարկավ, չի նշանակում, թե թղթային գրքերի ժամանակն անցել է:
Ինչ վերաբերում է գրադարանի միջոցով մարդու մասին պատկերացում կազմելուն, մեծ հաշվով այդպես է, բայց և գրադարանը կարող է ձևական բնույթ ունենալ, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր գիրք ունենալը մոդա, օրինակ, կանաչ կազմով Սովետական հանրագիտարանները, որոնք մեբելի բաղկացուցիչ մաս էին: Կարելի է հրաշալի գրադարան ունենալ, բայց կապ չունենալ դրա հետ: Կարևոր է, թե որքանով ես գրադարանիդ հետ կապված, ավելի ճիշտ՝ ինչ ես կարդում: ՈՒստի մարդկանց մասին պատկերացում կազմելու լավագույն միջոցը ոչ թե գրադարանով դատելն է, այլ նրանով, թե ինչ գիրք է կարդացել կամ կարդում:
-Ժամանակակից աշխարհում կարևոր գործոն է գովազդը: Բայց ինչպե՞ս գտնել ժամանակակից լավ գրողին, որին իսկապես պետք է կարդալ: Գիրքը (նաև Ձեր գիրքը) այսօր ինչպե՞ս է հասնում ընթերցողին:
-Այո, այսօր գրեթե ամեն ինչ վերածվել է գովազդի կամ ինքնագովազդի. արդեն անհնար է տարբերել իրականությունը գովազդից: Թերևս Ձեր ասած «լավ գրողին» գտնելը ավելի շատ պատահականության արդյունք կարող է լինել, քան թե հատուկ որոնման, քանի որ «լավ գրող» ասվածն արդեն իսկ վիճարկելի է: Լավ գրողին, կարծում եմ, չեն հայտնագործում, ինչպես վարվում են շատ գրականագետներ, այլ բացահայտում են: Ի վերջո, ո՞վ է լավ գրողը. նա՞, որի գրքերն ամենապահանջվածն են ու շուտ սպառվողը, թե՞ նա, որի գրքերը ո՛չ պահանջված են, ո՛չ էլ սպառվում են: Կամ արդյո՞ք ընդհանրական և ճշգրիտ մի սահմանում կարող է լինել, թե որն է «լավ գրողը»: Այդուամենայնիվ, խիստ հրատապ է մնում գրողին ներկայացնելու հիմնախնդիրը, նրա ստեղծագործությունների «ապակոդավորումը», ինչպես պնդում էր Պիեռ Բուրդյոն: Իսկ քանի որ գովազդի և զանգվածային տեղեկատվամիջոցների ազդեցիկ պայմաններում ստեղծագործությունն ապրանքայնացվել է և գրեթե ամբողջությամբ անցել արտադրողների վերահսկողության տակ, ապա խիստ վերապահումով է հարկավոր վերաբերվել նաև արվեստի գործերը (տվյալ դեպքում՝ գրական ստեղծագործությունները) «ապակոդավորելու» գործընթացին, քանի որ դրանք ևս շահույթ հետապնդող գործողություններ են: Իմ բանաստեղծությունների առաջին՝ «Երկրորդ նավարկություն» ժողովածուում այսպիսի բանաստեղծություն ունեմ՝
Գովազդափոշի հավաքող մեղուներ...
Հագուստներ, որ մարմիններ են
պատվիրում...
Տես, թե Երկինքն ինչպես է
գունաթափվում աչքերիդ մեջ...
Բայց և կա ինքնաներկայացման դժվարին ճանապարհը... դառնում ես մի տեսակ «сам себе режиссёр»
Ինչ վերաբերում է ինձ, բավարարվել եմ միայն իմ գրքերը նվիրելով և երբեմն-երբեմն հարցազրույցներ տալով: Հոգ չեմ տարել դրանց հասարակական իմաստավորման ուղղությամբ:
-Մեր երկրի մշակութային կյանքում, գրաշխարհում ի՞նչ փոփոխություններ կուզեիք տեսնել:
-Թարգմանություններ, շատ թարգմանություններ: Ընդ որում՝ ոչ միայն գրական, այլև ու հատկապես գիտական, ոչ միայն դասական, այլև նոր: Դա մեզ հեռու կպահի մեր հարուստ մշակութային անցյալով սնապարծելուց: Թարգմանությունների միջոցով հնարավոր կլինի ոչ միայն հարստացնել մեր մշակույթը, այլև եղածը դարձնել մտածելի: «Մատյան ողբերգությանը» պարզապես անհնար է ինքն իրենով հասկանալ, անհրաժեշտ է ՈՒրիշը և անպայման մեծատառով: Այդպես, հատկապես այդպես հնարավոր կլինի նաև կյանքի կոչել դիմադրության ոգին. չէ՞ որ հարստացնելը բոլորովին էլ պասիվ գործողություն չէ: Իսկ դիմադրության բացակայությունը հոգու ծուլության նշան է:
- «...ու էլ չեն տարբերվի միմյանցից
բանալու զրնգոցն ու ոտնաձայները քո.
երկու դեպքում էլ մեծ է անորոշությունը,
քանի որ չգիտես, թե ինչ անուն է քեզ կանչելու…»:
Այս և այլ տողեր կարդալիս հարց ծնվեց՝ բանաստեղծն իրականում ինքն իր հե՞տ է խոսում, ընթերցողի՞, աշխարհի՞ հետ, թե՞ կա չգրված անուն, հասցեատեր, շարժիչ ուժ:
-Բանաստեղծելը, թերևս, այն դեպքն է, երբ հասցեատերն անորոշ է, բանաստեղծությունն ուղղված է բոլորին և ոչ ոքի՝ նիցշեական ձևակերպմամբ: Իսկ Օսիպ Մանդելշտամն ասում էր, որ բանաստեղծը կապված է «նախախնամական զրուցակցին», և բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա իր դարաշրջանից բարձր կանգնած լինի: Կարևորը բաղձալի զրուցակցի պատրանքն է, որին չես ճանաչում, չես տեսել և որին չես էլ տեսնելու: «Արարման ութերորդ եղանակը» գրքի կազմի վրա մի այսպիսի ձևակերպում ունեմ. «Պոետի սրտի միջօրեականով անցնող անդունդի լողացող հատակն է պոեզիան՝ ձայնից ձերբազատյալ»: Բանաստեղծություններն այդ իմաստով աղոթքի են նման, անդունդի վրայով ինքնօրինակ ուղևորություն են, որն իրագործելու համար անհրաժեշտ է ինչպես մտքի, այդպես և սրտի ազատություն: Ազատություն ինչպես ինքդ քո, ընթերցողի, այդպես և աշխարհի կաշկանդող ներկայությունից:
-«Սև գույնը հենց այդ լուսաբացի սպասումն է, որը հասցնում է մի կետի, որտեղից կարելի է նայել Արևին ու չկուրանալ»: «Ծննդաբերող սև քառակուսին կամ Նավը լեռան վրա» էսսեից են այս տողերը: Նկատեցի, որ վիրտուալ տարածքում մեկնաբանություն կար, որին դուք այնքան էլ համամիտ չէիք: Բայց երբ ասելիքը բազմաշերտ է, խորունկ, դժվարընկալելի, ընթերցողը (էլ չասած՝ գրականագետները) կարող է մեկնաբանել տարբեր կերպ, տեսնել այն, ինչի մասին գրողը չի էլ մտածել գրելիս: Համամի՞տ եք:
-Անշուշտ, ստեղծագործությունն ավարտվելուց հետո միշտ էլ ձեռք է բերում երկրորդ մի կյանք՝ արդեն հեղինակից անկախ, քանի որ այն ստեղծագործություն չէ միայն, այլև տեքստ է, որն ի հայտ է գալիս հընթացս ընթերցանության: Դրա մասին լավագույնս գրել է Ռոլան Բարտը մասնավորապես իր «Հեղինակի մահը» էսսեում, որը տարիներ առաջ ֆրանսերենից թարգմանեցի հայերեն, իր նշանավոր վերջնատողով՝ «Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ»:
Իմ համամիտ չլինելն այդ դեպքում պայմանավորված էր զուտ այն հանգամանքով, որ արված դիտարկումը դուրս էր «տեքստի նպատակադրումից», ինչպես կասեր ՈՒմբերտո Էկոն: Եվ ես իմ անհամաձայնությամբ ընդամենը ցանկանում էի ուշադրություն սևեռել այն հայեցակարգին, որը պարունակում է տեքստը: Բանն այն է, որ մեր օրերում ստեղծագործողից ստեղծագործության անկախության գործոնն այնքան է չափազանցվում երբեմն, որ մեկնաբանությունը փոխարինվում է հիպերմեկնաբանությամբ, որի ներքո ով ասես, ինչ ուզես կարող է նկատի ունենալ՝ ստեղծագործությունը դարձնելով «չափազանց բաց», երբ մեկնաբանությունը կարող է դառնալ ինքնանպատակ՝ կամայական երանգավարումներով կամ էլ շեշտադրումներով, ուստի ստեղծագործության ասելիքին հակադրվող, ստեղծագործության ասելիքն անտեսող: Երբեմն ստեղծագործությանն արված վերագրումը զուգահեռ ստեղծում է մեկ այլ տեքստ, որն անհաղորդ է բուն տեքստին: Ամեն դեպքում, անգամ նման դիտարկումներն են հետաքրքիր և անգամ անհրաժեշտ, քանի որ ինքդ քեզ ու քո ստեղծագործությունը վերանայելու մի նոր հնարավորություն են ենթադրում:
-Սարոյանն ասում է՝ գրել՝ ապրել է նշանակում: Ի՞նչ է Ձեզ համար գրելը...
-Գրելն ինձ համար ինքնարարումի պես մի բան է, ինքնաբացահայտման ուղի: Հայելու մեջ նայելու պես մի բան. միշտ «դժգոհ» ես, չես բավարարվում եղածով, ուստի ստեղծագործում ես: Ստեղծագործում եմ տրվածությունը հաղթահարելու համար: Ստեղծագործում եմ ինքս ինձնից տարբերվելու համար: Գրելն ինձ համար այս առումով նման է Ավետարանի «Երեք ծառաների» կամ «Տասը մնասների առակի» հիմնական ուղերձին, որը Մեծ պապս էր անընդհատ կրկնում. Այն, ինչը քեզ տրված է, պետք է վերադարձնես բազմացրած, իսկ դա հնարավոր է միայն գործով: Մեծ պապս, այս առակը պատմելով, ասում էր. «Ստացողի բարիքը պակաս չպետք է լինի տվողի սերմերից»:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ