Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինտերպոլի նախագահ ընտրվեց կորեացին, իսկ ֆավորիտը ռուս էր

Ինտերպոլի նախագահ ընտրվեց կորեացին, իսկ ֆավորիտը ռուս էր
23.11.2018 | 11:26

Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանը ընտրվել է Ինտերպոլի նախագահ` կազմակերպության գլխավոր ասամբլեայում, Դուբայում: Գլխավոր ֆավորիտը ՌԴ ՆԳՆ գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր: Ինտերպոլի նախագահի պաշտոնը թափուր էր Չինաստանի ներկայացուցիչ Մեն Խունվեյի անհետանալուց հետո` հայրենիք այցի ժամանակ: Հետո նա հրաժարական տվեց` իր դեմ Չինաստանում սկսված հետաքննության պատճառով` կոռուպցիայի մեղադրանքով: Մեն Խունվեյի հրաժարականից հետո Ինտերպոլի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր կազմակերպության ավագ փոխնախագահ Կիմ Չոն Յանը: Ինտերպոլի նախագահ Պրոկոպչուկի նշանակման հավանականության լուրը բուռն դժգոհություն հարուցեց արևմտյան մի քանի երկրներում: ԱՄՆ մի խումբ սենատորներ համատեղ հայտարարություն արեցին` նշելով, որ «Ինտերպոլի նոր նախագահ գեներալ-մայոր Պրոկոպչուկի ընտրությունը հավասար է աղվեստին հավաբնի ղեկավար նշանակելուն»: Երեքշաբթի CNN-ը հաղորդեց, որ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն փորձել է արդարադատության նախարարության ու Պետդեպարտամենտի միջոցով Ինտերպոլի անդամ երկրներում լոբբինգ անել ընդդեմ Պրոկոպչուկի ընտրության: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «վճռականորեն աջակցում է» Կիմ Չոն Յանի թեկնածությանը: Պրոկոպչուկին դեմ էին և բրիտանացի նախարարները, նրանց կարծիքով` ռուսի ընտրությունը Ինտերպոլի նախագահ «վիրավորանք կդառնա Սոլսբերիում քիմիական հարձակումից տուժածների համար»: Ամենակոշտը Լիտվայի դիրքորոշումն էր` խորհրդարանը բանաձև ընդունեց, որ երկիրը դուրս կգա Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունից, եթե նախագահ ընտրվի Պրոկոպչուկը: Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը հայտարարեց, որ Ուկրաինան նույնպես կարող է կասեցնել Ինտերպոլին անդամությունը, եթե կազմակերպությունը գլխավորի Պրոկոպչուկը: Ինտերպոլը հայտարարեց, որ թույլ չի տա ձախողել կազմակերպության նախագահի ընտրությունը: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններն անվանեց «ՌԴ թեկնածուի վարկաբեկման արշավ»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ սենատորների դիմումն անվանեց ընտրական գործընթացին միջամտության փորձ:


Ի՞նչ իրավասություններ ունի Ինտերպոլը:
Իրականում Ինտերպոլի նախագահի պաշտոնը սիմվոլիկ է: Ըստ կանոնադրության` նախագահը պարտավոր է
*գլխավոր ասամբլեաների ու գործկոմի նստաշրջաններն ու քննարկումները վարել ու նախագահել
*վերահսկել Ինտերպոլի գործունեության համապատասխանությունը գլխավոր ասամբլեայի ու գործկոմի որոշումներին
*հնարավորության դեպքում անմիջական կապ պահպանել կազակերպության գլխավոր քարտուղարի հետ:
Ինտերպոլի օպերատիվ ղեկավարումն ու անդամ երկրների հետ կոորդինացումը իրականացնում է այլ կառույց` գլխավոր քարտուղարությունը, որ 2014-ից ղեկավարում է Գերմանիայի ներկայացուցիչ Յուրգեն Շտոկը:
BBC


Հ.Գ. Զարմանալի չէ, որ ՌԴ թեկնածուն Ինտերպոլի նախագահ չընտրվեց, զարմանալին ընդհանրապես առաջադրումն էր, որ մեղմ ասած, խելամիտ քայլ չէր` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները հաշվի առնելով: Այո, Ինտերպելի նախագահի պաշտոնը գրեթե ձևական է, բայց` սիմվոլիկ կլիներ ու կնշանակեր` Ռուսաստանը վերադառնում է միջազգային կառույցների ղեկավար կազմ: Շուտ է: Կորեացու ընտրությունը` ապացույց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ