Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանցիների 2\3-ը Պուտինին է համարում պատասխանատու պրոբլեմների համար

Ռուսաստանցիների 2\3-ը Պուտինին է համարում պատասխանատու պրոբլեմների համար
24.11.2018 | 13:38

Ռուսաստանցիների կեսից ավելին (61%) վստահ է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն է ամբողջությամբ պատասխանատու երկրի պրոբլեմների համար` վկայում են Լևադա կենտրոնի հարցումները: 22%-ը գտնում է, որ Պուտինը պատասխանատու է որոշ չափով, 6%-ը համարում է, որ երկրի պրոբլեմները «օբյեկտիվ հանգամանքների» հետևանք են»: 2017-ին երկրի պրոբլեմների համար նախագահին լիակատար պատասխանատու էր համարում 55%-ը, 2016-ին` 52%:


Կրճատվել է նրանց թիվը, որ ձայն կտային Պուտինին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի: 2018-ի հոկտեմբերին նրան ձայն կտար հարցվածների 56% -ը, 2017-ին նրան պատրաստ էր ձայն տալ 66%-ը:
Լևադա կենտրոնի ղեկավար Լև Գուդկովը նշում է` նախկինում սոցիոլոգներն արձանագրել էին երկրի պրոբլեմների պատասխանատվության փոխանցում իշխանության այլ մակարդակներ` կառավարություն, Պետդումայի պատգամավորներ, նահանգապետեր: «Պուտինը պատասխանատվությունից դուրս էր: Նա պատասխանատու էր նախևառաջ արտաքին քաղաքականության համար, միջազգային ասպարեզում Ռուսաստանի հեղինակության, գերտերության կարգավիճակի վերականգնման: Այդ պատճառով նրան որևէ քննադատություն չէր կպչում»` բացատրել է Լև Գուդկովը: Իրավիճակը սկսել է փոխվել 2015-ից, երբ բնակչության եկամուտները կտրուկ կրճատվեցին և նրանց դժգոհությունը սկսեց տարածվել Պուտինի վրա: Կենսաթոշակային բարեփոխմանը հավանություն տալուց հետո մարդկանց դժգոությունը կտրուկ մեծացավ, առավելևս, երբ օգոստոսին Պուտինն իր վրա վերցրեց բարեփոխման պատասխանատվությունը: «Կենսաթոշակային բարեփոխումը դարձավ ամեն ինչի կատալիզատոր: Բնակչության տեսակետից` կատարվել է սոցիաական արդարության սկզբունքի խախտում` իշխանությունը կենսաթոշակը համարում է աշխատունակության կորստի փոխհատուցում, բնակչությունը համարում է ծերության համար կուտակած իր փողերը, որ պետությունը խլում է»` ասում է Լև Գուդկովը:


Հոկտեմբերի սկզբին Լևադա կենտրոնը հրապարակեց հարցման արդյունքները, որոնց համաձայն Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը վերադարձել է 2013-ի մակարդակին: 2017-ի համեմատ` նախագահի նկատմամբ վստահության վարկանիշը 17%-ով նվազել է ու հասել 58%` «նախաղրիմյան» մակարդակի:
Հունիսին երկու սոցիոլոգիական ծառայություններ` Հասարակական կարծիքի համառուսական պետական կենտրոնը (ВЦИОМ) և «Հասարակական կարծիք» հիմնադրամը (ФОМ) նույնպես արձանագրել են Պուտինի գործունեության խրախուսման մակարդակի կտրուկ իջեցում: «Հասարակական կարծիք» հիմնադրամը հաղորդում է վերջին 5 տարում Պուտինի գործունեության խրախուսման ամենացածր մակարդակի մասին` 69%: Սոցիոլոգների տվյալներով` յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցի նախագահի աշխատանքը գնահատում է վատ:
BBC


Հ.Գ. Սա նրանց համար, որ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ ու ԵԱՏՄ շրջագծում: Փաստորեն նրանք ավելի «ռուս» են` քան ռուսաստանցիները, որ եկամուտների նվազմանը ուղիղ համեմատական սկսել են տեսնել ՌԴ նախագահի սխալներն ու պատասխանատվությունը երկրի պրոբլեմների համար: Սա նաև հետևանքն է իշխանության ուղղահայացի, որ տասնամյակներով կառուցել է Պուտինը` ՌԴ դաշնության 89 սուբյեկտներին փաստացի ռեալ իշխանությունից զրկելով ու ֆինանսները Մոսկվայում կուտակելով ու բաշխելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ