Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կպահպանի՞ Իրանի ԱԳ նախարարը պորտֆելը

Կպահպանի՞ Իրանի ԱԳ նախարարը պորտֆելը
25.11.2018 | 07:01

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արել է անսովոր ու ռիսկային քայլ: «Խաբար Օնլայն» թերթին նա հայտարարել է. «Վերջիվերջո, փողերի լվացումը իրականություն է մեր երկրում, շատերը շահում են փողերի լվացումից»: Եվ ճշտել է, որ չի ցանկանում «վերագրել փողերի լվացումը որոշակի տեղի»: Զարիֆը ժամանակակից Իրանի քաղաքական կյանքի առանցքային դեմքերից է: Նա երեք տարի ԱԳ նախարար է, մասնակցել է միջուկային զենքի բանացություններին, բարձրամակարդակ դիվանագետի հեղինակություն ունի: Նրա յուրաքանչյուր հայտարարություն արժանանում է մեծ ուշադրության և մանրամասն վերլուծվում է: Հատկապես հիմա, երբ Վաշինգտոնը Թեհրանի դեմ կոշտ պատժամիջոցներ է մտցրել, որի պատճառով Զարիֆը ստիպված է տարբեր հարթակներում համաշխարհային հանրությանը համոզել իր երկրի բարի մտադրությունների մեջ: Բոլորովին վերջերս նա Twitter-ի իր էջում մերկացնում էր ամերիկացի ղեկավարների «կոռուպցիան, անարդարությունն ու ոչգիտակությունը»:

Հիմա հանկարծ հրապարակավ խոստովանում է այն, ինչում Արևմուտքը երկար տարիներ մեղադրում է Իրանին` փողերի լվացման մեջ: Կառավարման Բազելի ինստիտուտը, որ հետևում է փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ջանքերին, Թեհրանին պահում է սև ցուցակում: Իսկ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խումբը (Financial Action Task Force) պահանջել է Իրանից մինչև 2019-ի փետրվար փողերի լվացման ու ահաբեկչությանը դիմակայության ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Այդ պատճառով` կարելի է ենթադրել, որ Զարիֆը սկանդալի է դիմել բարձրաստիճան որոշ պաշտոնյաների այդ պահանջներին դիմադրելու պատճառով, նշելով, որ «նրանք, ովքեր փողերի լվացումից միլիարդավոր դոլարներ են աշխատում, միլիարդավոր դոլարներ են ծախսում` կանխելու առավել մեծ ֆինանսական թափանցիկություն պահանջող օրինագծերի ընդունումը»: Սակայն Թեհրանից սպասում են գործնական քայլեր և գործնական միջոցներ FATF- 2016-ի գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Օրինակ` ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրում, որ ուժի մեջ է մտել 2002-ին և 132 երկիր ստոագրել է: Արդյունքում` ինչպես և սպասվում էր, Իրանի ԱԳ նախարարը ստացավ Իրանի պահպանողականների կտրուկ արձագանքը: Նրանք նախարարին կոչ արեցին հրաժարական տալ և պահանջեցին կոնկրետ ապացույցներ ու կոնկրետ օրինակներ հրապարակել: Դատական համակարգի ղեկավար այաթոլա Սադեկ Ամոլի Լարիջանին հայտարարեց. «Եթե երկրում կա լայն տարածված փողերի լվացում, ինչու՞ դուք չեք հաղորդել այդ մասին դատական համակարգին»: Նա զգուշացրել է, որ իշխանությունները «չպետք է արտաբերեն բառեր, որ խրվում են համակարգի սիրտը դաշույնի նման»: Իրանի ԱԳ նախարարին հրավիրել են արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողով` առավել մանրամասն բացատրություններ ներկայացնելու` ստիպելով վստահեցնել, որ չի մեղադրել որևէ պետական հաստատություն փողերի լվացման մեջ: Այնուամենայնիվ, սկանդալը աճում է և միջամտել է նույնիսկ նախագահ Հասան Ռուհանին: Նա աջակցեց Զարիֆին` ընդունելով, որ երկրում «գոյություն ունի կոռուպցիա, կաշառակերություն, թմրամոլություն, մենք չպետք է զայրանանք որևէ մեկի վրա, որ հայտարարում է այդ խնդիրների մասին»: Ռուհանին այդ մասին խոսում է ոչ առաջին անգամ, նշելով, որ «կոռուպցիան և փողերի լվացումը սպառնալիք է իսլամական հեղափոխության իդեալներին»: 2013-ի օգոստոսին իշխանության գալուց հետո նախագահը նախաձեռնել է կառավարության պաշտոնյաների կոռուպցիոն փաստերի բացահայտման գործեր, որ աշխատել են նրա նախորդի` Մահմուդ Ահմադինեժադի թիմում: Բայց այն ժամանակ այդ քաղաքականությունը բացատրվում էր Ռուհանիի նոր թիմի իշխանության մեջ ինքնահաստատվելու, ֆինանսական հոսքերից Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի անդամներին հեռացնելու ձգտումով, որ բացի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործառնությունից, վարել ու հիմա էլ վարում են տնտեսական գործունեություն` լինելով ամենամեծ սեփականատերերից մեկը: Տարբեր գնահատականենրով` Պահնորդների կորպուսը վերահսկում է ազգային տնտեսության 20-30%-ը` իրեն պատկանող արդյունաբերական ձեռնարկությունների, տրաստային ֆոնդերի ու տարբեր ընկերությունների միջոցով:


Հիմա, երբ ամերիկացիները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ, շատերին թվում էր, որ քաղաքական խմբավորումները, ինչպես նախկինում էր, կհամախմբվեն արտաքին ճնշման տակ: Սակայն այս անգամ ամեն ինչ տարտղնված է, հրապարակային սկանդալներ են ծագում, որ կարող է հանգեցնել որոշակի ներքաղաքական փոփոխությունների իշխանության վերին էշելոններում, թեկուզ Զարիֆը վերջերս էր ասում, որ «ներքին համախմբվածությունն ավելի կարևոր է հաց ու ջրից»: Երկիրը բևեռացվում է: Ռուհանիի խումբը, որին պատկանում է Զարիֆը, կարծես, վճռել է կանխել իր համար անցանկալի իրադարձությունների զարգացման ինչ-որ սցենար` լուրջ սպառնալիք զգալով: Բայց Իրանում փողերի լվացման փաստի մասին հայտարարելը խաղ է արևմտյան դաշտում: Այդ պատճառով, երբ Զարիֆը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը նախաձեռնող խմբի մասին, որ «կզբաղվի Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման համակարգումով», կասկածեց ամերիկացիներին Իրանի վարչակարգի տապալման աշխատանքի մեջ, հարց է ծագում` իսկ ու՞մ է Սպիտակ տունն ուզում իշխանությունից հեռացնել Իրանում: Անգլիացիները The Times-ում գրում էին, որ ԱՄՆ-ը «չի դիմի զինված ուժերի օգտագործման, ինչպես Իրաքի դեպքում էր, այլ կփորձի հրահրել շատ դժգոհ իրանցի ժողովրդի ապստամբությունը իշխող թեոկրատական վարչակարգի դեմ, այսինքն` բոլորին հանել բոլորի դեմ մի իրավիճակում, երբ ժողովուրդը դժգոհ է մոլլաներից, բայց ավելի դժգոհ է տնտեսության վիճակից»: Եվ դա Ռուհանիի ու նրա զինակիցների ձգտումների համապատկերում` բարձրացնել պետական ծախսերի և եկամուտների բաշխման թափանցիկությունը: Պարզ է, որ Իրանի նախագահի բարենորոգչական գաղափարները հանդիպում են իրենց առևտրատնտեսական գործունեության բացահայտումից խուսափող շրջանակների վիթխարի դիմադրությանը: Սպասենք այաթոլա Ալի Համենեիի արձագանքին: Նախկինում նա հաճախ է աջակցել Ռուհանիին: Ի՞նչ կլինի այս անգամ, կհաջողվի՞ Զարիֆին ու մյուս բարենորոգիչներին պաշտոնը պահել: Որ ամեն ինչ մնա առաջվա պես, ամեն ինչ պիտի փոխվի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրանում իրավիճակի ցանկացած փոփոխություն Հայաստանի համար չափազանց կարևոր հարց է: Եթե իսկապես Իրանում հասունացել է հակակրոնապետական հեղափոխություն, որ, այնուամենայնիվ, կասկածելի է, Իրանին իսկապես սպասում են բարդ զարգացումներ: Կրոնապետությունից աշխարհիկ պետության անցումը կարող է լինել ոչ թավշե հեղափոխության տեսքով ու երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ` մասնատման հնարավոր վտանգին զուգահեռ: Բոլոր դեպքերում ինչ-որ փոփոխություններ նախապատրաստվում են, եթե ԱԳ նախարարը բացահայտ խոսում է փողերի լվացման մասին: Նրա հնարավոր հրաժարականը կնշանակի, որ Ռուհանիի բարենորոգումները վերջնականապես փակուղի են մտնում և տնտեսական վիճակն Իրանում ավելի է վատանալու: Միևնույն ժամանակ` պորտֆելը պահպանելը դեռ չի նշանակում, որ Ռուհանին պահպանողականների դեմ հաջողոթյան է հասնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ