Ջեյմի Դեվիս
 

«Հանձնաժողովի հիմնական առաքելությունը բոլոր կողմերի շահերի հավասարակշռումն է»

«Հանձնաժողովի հիմնական առաքելությունը բոլոր կողմերի շահերի հավասարակշռումն է»
27.11.2018 | 02:01

Վերջին 4-5 օրերին ժողովրդի սիրտը ահ է պատել՝ խոսում են ջրի սակագնի բարձրացման մասին։ Ըստ լուրերի՝ 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը դառնալու է 250 դրամ: Որքանո՞վ են այս խոսակցությունները իրատեսական։ Այս և գազի ու էլեկտրաէներգիայի սակագների շուրջ զրուցեցինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ։


-Նախ պետք է նշեմ, որ խմելու ջրի սակագինը 250 դրամ չի լինելու: Տեղեկացնեմ Ձեզ, որ համաձայն գործող իրավակարգավորումների, մասնավորապես «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, նրա կողմից հիմնադրված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության (ի դեմս ջրային տնտեսության պետական կոմիտեի) միջև 2016 թ. նոյեմբերի 21-ին կնքված 15-ամյա վարձակալության պայմանագրի (մեկնարկել է 2017 թ. հունվարի 1-ին) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա, որի պայմանների հավելվածում էլ ամրագրվել են մրցույթի արդյունքում ձևավորված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 15 տարվա բազիսային սակագները և դրանց ճշգրտման մեխանիզմները: Նշված պայմանագրով խմելու ջրի սակագները 2017 թ. սահմանվել են 180 դրամ (ներառյալ ԱԱՀ), աճելու են մինչև 2023 թ. հասնելով 212,4 դրամ (ներառյալ ԱԱՀ) և 2024 թվականից սկսելու են նվազել, հասնելով 2031 թ. 129,6 դրամ (ներառյալ ԱԱՀ): Այսինքն, վերը նշված մրցույթի արդյունքում արդեն իսկ ձևավորված են ապագա 15 տարիների սակագները, և հանձնաժողովը յուրաքանչյուր տարի միայն ճշգրտում է դրանք, պայմանավորված երեք գործոնով: Այդ գործոններն են՝ սղաճ, էլեկտրական էներգիայի սակագին և վարձակալության յուրաքանչյուր տարվա համար կանխատեսված խմելու ջրի վաճառքի ծավալներ: Նշվածով պայմանավորված, խմելու ջրի սակագները հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի միայն ճշգրտվում են, այս գործընթացը հանձնաժողովն իրականացնում է գրեթե ավտոմատ կերպով, քանզի վերը նշված գործոնների հաշվարկման հստակ բանաձևերը, ինչպես արդեն նշեցի, սահմանված են վարձակալության պայմանագրով: Կցանկանայի նշել նաև, որ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի, խմելու ջրի սակագինը ճշգրտելու ընթացքում, վարձակալության պայմանագրով կանխատեսված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից փաստացի վաճառված խմելու ջրի ծավալների տարբերությունը ուսումնասիրելու նպատակով իրականացնում է մոնիթորինգ ՀՀ ողջ տարածքում: Այս տարի ևս, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համաձայնությամբ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել ենք նշված մոնիթորինգը, այցելել ենք շուրջ 2700 տնտեսավարող սուբյեկտների, հայտնաբերել ենք շուրջ 1,6 մլն խմ չհաշվառվող խմելու ջուր: Մոնիթորինգի արդյունքները թույլ տվեցին սակագնի միայն մեկ գործոնի՝ ջրամատակարարման ծավալի ազդեցությունը մեղմացնել շուրջ 1,5 դրամով: Այսպիսով, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2019 թվականի համար, սակագնի ճշգրտող գործոնները ներառյալ, հանձնաժողովին առաջարկված խմելու ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար առաջարկված 205,125 դրամը ճշգրտվել է և նոյեմբերի 28-ի հանձնաժողովի նիստում քննարկվելու է սպառողների համար 202,272 դրամ սակագին սահմանելու հարցը: Կարծում եմ, ավելին չարժի հիմա մանրամասնել և կառաջարկեմ մեր սպառողներին սակագնի ճշգրտման հաշվարկներին ծանոթանալ հանձնաժողովի կայքից:
-Էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները սպառողների ցավոտ հարցերից են, ինչը պարբերաբար օրենսդիրը դնում վերցնում է, բայց գործնականում մնում է միայն դատարկ խոսքը։ Այս անգամ ևս ԱԺ-ում նշված հարցով ստեղծված հատուկ հանձնաժողովը քննարկումներ իրականացրեց և առաջարկներ արեց, ըստ որոնց էլեկտրաէներգիայի և գազի սակագները կարող են նվազել և պետք է, որ վաղուց նվազած լինեին։ Սա նշանակում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող էր մինչ այս սակագները նվազեցնել և չի՞ արել։
-Բնական գազի սակագնի հետ կապված երկար քննարկումներ են տեղի ունեցել՝ ներկայացվել են բոլոր հիմնավորումները, փաստաթղթերը և ամենակարևորը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի կառավարությունների միջև հաստատված համաձայնագիրը, որի հիման վրա ձևավորվում է գազի սակագինը։ Այդ համաձայնագիրը միջպետական համաձայնագիր է, օրենքի ուժ ունի, դրա շրջանակներում բնական գազի սակագնի ձևավորման որոշ սկզբունքներ և պայմաններ հաշվի են առնվել վերջին երեք տարիների համար և սահմանի վրա, և սպառողի համար սակագների հաշվարկման ընթացքում։ Համաձայնագրում հստակեցված է, որ 2018-ին սակագինը պետք է պահպանվի 2017-ի մակարդակի վրա։ Հետևաբար հանձնաժողովը որևէ գործառույթ չուներ այլ սակագին սահմանելու, փոխելու, վերանայելու և կիրառելու մեզ մոտ ընդունված մեթոդաբանությունը։ 2017-ին ևս հանձնաժողովն առաջնորդվել է այդ համաձայնագրում նշված կետերով։ Մասնավորապես, սակագնի մեջ հաշվարկված մարժան (ՀՀ սահմանին վաճառվող բնական գազի գնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի գնի տարբերություն, առանց ԱԱՀ) կազմում է մոտ 65 ԱՄՆ դոլար։ Այդ մարժայի նկատմամբ «Գազպրոմ Արմենիան» իր կամոք կիրառել է 15 ԱՄՆ դոլարի չափով զեղչ, հաշվի առնելով հետևյալ կանխատեսումները։ Առաջինը վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում նախատեսվում էր, որ կնվազի բնական գազի տրանզիտի գինը։ Երկրորդ՝ այդ գնի նվազեցման արդյունքում պետք է մեծանային սպառման ծավալները, ինչը լրացուցիչ հասույթ կապահովեր։ Եվ երրորդ՝ եթե այդ կանխատեսումները չարդարանային, այդ ռիսկերը իր վրա պետք էր վերցներ ռուսական «Գազպրոմը»։ Այս երեք գործոններով պայմանավորված «Գազպրոմ Արմենիան» իր կամքով կիրառել էր 15 ԱՄՆ դոլարի զեղչ։ Այսինքն, եթե նույնիսկ սակագնում դրված կորուստները լինեին զրոյական, զեղչի չափը ավելի մեծ կլիներ, քան կորուստների արժեքը (կորուստների չափը հավասար է մոտ 10 ԱՄՆ դոլարի)։ Ըստ էության, այդ դեպքում էլ որևէ փոփոխություն սպառողի համար սահմանված սակագնում տեղի չէր ունենալու։
Այժմ Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններն սկսված են, և մինչև մենք չունենանք նոր համաձայնագիր, թե՛ սահմանի վրա, թե՛ սակագնի մասով գազի գնի փոփոխության մասին խոսելը մեր հանձնաժողովի կողմից անլուրջ կլինի։
-Մեկ ճշտում. եղած համաձայնագրում կա՞ այնպիսի դրույթ, որով կարելի է բնական գազի սակագինը տարեցտարի վերանայել։
-Երկու մասի բաժանենք հարցը. Էներգետիկայի մասին ՀՀ օրենքով թե՛ հանձնաժողովը, թե՛ լիցենզավորված ընկերությունը կարող են ցանկացած ժամանակ նախաձեռնել սակագնի վերանայման գործընթաց։ Սակայն նույն օրենքով ասվում է, որ եթե սահմանվել է սակագին, այն չի կարող փոփոխության ենթարկվել 6 ամսվա ընթացքում։ Հիմա բնական գազի սակագնի տարբերակում, սակագնի վերանայման գործընթաց սկսելը երկու կողմերը համարել են անիմաստ, քանի որ սակագինը ֆիքսված է երկու երկրների միջպետական համաձայնագրով։
-Այն, ինչ առաջարկում է ԱԺ-ի էլեկտրաէներգիայի և գազի սակագների ուսումնասիրության հատուկ հանձնաժողովը, իրատեսակա՞ն է։
-Այդ հանձնաժողովի նախագահն առաջարկում է վերանայել և վերացնել նշված համաձայնագրում առկա սահմանված դրույթը։ Այդ առաջարկները քննարկման անհրաժեշտություն ունեն, հատկապես կորուստների մասով։ Բոլոր դեպքերում, ներկայացված առաջարկները քննարկելի են 2019-ի համար, բայց դրանք հնարավոր է լուծել միայն ՀՀ և ՌԴ միջև կնքված միջպետական համաձայնագրի փոփոխության դեպքում։
-Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համար, դա էլ հո Հայաստանն է արտադրում։
-Անկեղծ ասած, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ-ի հատուկ հանձնաժողովին պրոֆեսիոնալ և արդյունավետ քննարկումների համար։ Ժամանակը բավականին քիչ էր, բայց այդ ընթացքում հասցրինք քննարկել հարցերի լայն շրջանակ: Որպեսզի հասկանանք իրավիճակը, անհրաժեշտ է մի փոքր հետ գնալ և խնդիրը դիտարկել 2015-ից։ Ինքներդ էլ լավ հիշում եք, որ կառավարությունը պատվիրեց «Դելոյթ Ընդ Տուշ» միջազգային ճանաչում ունեցող, աշխարհի լավագույն ռեյտինգային քառյակում տեղ զբաղեցնող աուդիտորիական ընկերությանը ուսումնասիրություններ կատարել ԲՑ-երում։ Այդ աուդիտի հիմնական նպատակն էր ճշտել, արդյո՞ք 2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որին հավանություն էր տվել հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը, եղել է իրատեսական և օրենքի շրջանակներում։ «Դելոյթ Ընդ Տուշի» եզրակացության համաձայն, հանձնաժողովի գործողությունները գնահատվել են ճիշտ և նշվել է, որ այն միտված էր էներգետիկ համակարգի պահպանմանը, հանձնաժողովը չի խախտել օրենքի որևէ դրույթ և նշվել էր, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ՀՀ էներգետիկ համակարգի կառուցվածքով։ Հիշում եք՝ այդ ժամանակ ատոմակայանը պլանավորվածից ավելի 88 օր չգործեց։ Բացի դրանից, աուդիտորական ընկերությունը էներգետիկայի նախարարությանը և մեր հանձնաժողովին առաջարկել էր ապագային միտված միջոցառումներ իրականացնել։ Մեր մասով ասված էր, որ հանձնաժողովը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք էներգետիկ ոլորտում կայուն վիճակ կստեղծեն, նպաստելով ներդրումների ներգրավմանը, շեշտելով, որ անհրաժեշտ է ստեղծել ներդրումային գրավիչ դաշտ, ինչն էլ կնպաստի կայունությանը նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար։ Դրանից ելնելով՝ առաջարկվել էր ֆիքսել որոշակի ծախսերը որոշակի ժամանակահատվածի համար, և դրանից հետո ավտոմատ կերպով նվազեցնել սակագնի այն բաղադրիչները, որոնք ազդեցություն ունեն վերջնական՝ սպառողի վրա։ Խոսքը կորուստների, ծախսերի չափերի նվազեցման մասին է։
Հանձնաժողովը փոփոխություններ է կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մարժայի հաշվարկման մեթոդիկայում, ֆիքսել այդ բաղադրիչները, և արդյունքում 2027 թվականին կորուստները կկազմեն 7,4 %։ Ավելի ընդհանուր քննարկումներին ակտիվ մասնակցել են և իրենց դրական դիրքորոշումն են հայտնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ինչպես նաև սպառողների շահերը պաշտպանող հասարարակական կազմակերպությունները: Կազմակերպվել են հանրային լսումներ, փորձել ենք հաշվի առնել յուրաքանչյուր շահագրգիռ անձի կարծիքը: Նշեմ նաև, որ այդ գործընթացի արդյունքում հանձնաժողովի կողմից հաստատվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016-2027 թթ. ներդրումային ծրագիրը, որի ծավալները կազմում են շուրջ 350 մլրդ դրամ: Հիշեցնեմ, որ 2015-ին կորուստները կազմում էին շուրջ 12 %, իսկ այսօր՝ 9 %։ Այսինքն, խրախուսման այդ մեխանիզմն սկսել է աշխատել։ Հիմա ԱԺ-ի հատուկ հանձնաժողովն առաջարկում է հետևյալը. «Եթե այսօր կորուստները նվազել են և հասել 9 %-ի, ապա պետք է բանակցել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության հետ՝ այդ 9 % կորուստը ներառելու գործող սակագնում»։
-Այդ առաջարկը, ըստ Ձեզ, ընդունելի կլինի՞ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության համար։
-Ես ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում նշել եմ, որ, համաձայն գործող օրենքի, ընկերության մարժայի հաշվարկման մեթոդոլոգիան փոփոխելու դեպքում, պետք է ընկերությունն իր համաձայնությունը տա հանձնաժողովին: Կսպասենք ԱԺ քննիչ հանձնաժողովի գրավոր առաջարկներին, կդիմենք «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կարծիք ստանալու համար: Ամեն դեպքում, ինչ առաջարկ էլ որ հնչի, կարծում եմ, պետք է շատ մանրամասն քննարկել և կիրառել այնպես, որ օգտակար լինի բոլորի համար. նկատի ունեմ թե՛ սպառողներին, թե՛ լիցենզավորված անձանց, թե՛ պետությունը: Պարտադիր պետք է հաշվի առնվեն նաև այն ներդրումների ծավալները, որոնք իրականացվում են էլեկտրաէներգետիկայի բնագավառում, քանզի դրանք ուղղված են մեր սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը ի նպաստ մեր պետության և ժողովրդի: Իսկ հանձնաժողովի հիմնական առաքելությունը վերը նշված բոլոր կողմերի շահերի հավասարակշռումն է:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan