Անկե՞ղծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նկատմամբ իր վերաբերմունքում

Անկե՞ղծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նկատմամբ իր վերաբերմունքում
27.11.2018 | 02:32

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, նոյեմբերի 14-ին այցելել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
«Ինձ համար շատ կարևոր են այդ քննարկումները և ընդհանրապես իմ շփումը կամ Հայաստանի վարչապետի շփումը Հայ առաքելական եկեղեցու հայրապետի հետ,- կաթողիկոսի հետ հանդիպման ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։- Իհարկե, մեզ համար, մեր ժողովրդի, մեր երկրի համար Հայ առաքելական եկեղեցու արժեքներն ունեն ինքնության համար առանցքային նշանակություն: Այս ընկալումը մեզ միշտ էլ առաջնորդել է և շարունակում է առաջնորդել»:


ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ իր համար միշտ հաճելի է լինել Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, և վստահաբար դեռ շատ անգամ կլինի։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իմ և իմ ընտանիքի կյանքում,- ասել է Նիկոլ Փաշինյանը։- Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»:
Բնականաբար, հարց է առաջանում՝ անկե՞ղծ է, արդյոք, Նիկոլ Փաշինյանը Ամենայն հայոց կաթողիկոսի և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի նկատմամբ իր վերաբերմունքում, թե՞ Մայր աթոռ նրա այցելությունը և վերոնշյալ խոսքերն ընդամենը «փիար ակցիա» են կամ նպատակ ունեն ընտրական իրավունք ունեցող Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդներին Ազգային ժողովի ընտրություններից առաջ համոզել, թե ինքը Մայր աթոռ սուրբ էջմիածնի և, մասնավորապես, կաթողիկոսի դեմ որևէ բան, որևէ բացասական վերաբերմունք չունի, ինչպես կարծում են շատ հավատացյալներ, ընկած չէ կաթողիկոսի հետևից ու չի ձգտում նրա հրաժարականին։
Այս հարցի պատասխանը ստանալու համար պարզապես փորձենք մի փոքր թարմացնել մեր հիշողությունը: Նախ հիշենք, որ ոչ վաղ անցյալում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» խայտառակ նախաձեռնության պարագլուխներից Կարեն Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի լուռ համաձայնությամբ, նշանակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Շատ մարդիկ սա ընկալեցին և սոցցանցերում մեկնաբանեցին որպես կաթողիկոսի ու Մայր աթոռի դեմ հիշյալ նախաձեռնության և անձամբ Կարեն Պետրոսյանի կատարած քայլերի խրախուսանք կամ պարգևատրում (այդպես չէ՞): Ինքը՝ Կարեն Պետրոսյանը, հարցազրույցներից մեկում ասել է, որ նման որևէ կարծիք մեկնաբանելու նպատակահարմարությունը չի տեսնում: Անշուշտ, ես այն միամիտներից չեմ, որ հավատամ, թե «թավշյա հեղափոխության» օրերին Շիրակի մարզում անցկացվող ակցիաները ղեկավարելուց և «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունից հանրությանը հայտնի Կարեն Պետրոսյանը նշված պաշտոնում նշանակվել է առանց վարչապետի հետ այդ նշանակումը նախապես համաձայնեցնելու: Ով ուզում է հավատալ դրան, թող հավատա:


Հիշենք նաև, թե իրեն առցանց տրված հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը 2018 թ. հուլիսին հրապարակայնորեն ինչ է ասել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա Վայոց ձորի մարզ, Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի խումբ անդամների կատարած հարձակման առնչությամբ: Վարչապետն ասել է, որ անկախ այդ պահին իր ունեցած դիրքորոշումից (հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր այդ պահին նրա դիրքորոշումը՝ կաթողիկոսի դե՞մ), վարչապետին ենթակա մարմինը՝ ոստիկանությունը, պետք է իր գործն անի. «Ոստիկանությանը հանձնարարել եմ շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը, որ տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում, և շատ ուշադիր գնահատել, եթե Վեհափառ հայրապետի դեմ բողոքողների գործողություններում որևէ գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա»:


Վաղուց ժամանակն է Նիկոլ Փաշինյանին հարցնելու՝ ի՞նչ ընթացք ստացավ վերոնշյալ դեպքը շատ ուշադիր ուսումնասիրելու և շատ ուշադիր գնահատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տված Ձեր հանձնարարականը, ոստիկանությունն ինչպե՞ս վարվեց ձեր հանձնարարականի հետ, և, ընդհանրապես, կաթողիկոսի վրա հարձակված անձանցից մինչև հիմա, ավելի քան չորս ամիս անց, գոնե մեկի հանդեպ քրեական հետապնդում սկսվե՞լ է, գոնե մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է: Ամենայն հավանականությամբ, ոչ, քանի որ, հակառակ պարագայում, ՀՀ ոստիկանությունն իր կայքում այդ մասին գոնե մեկ նախադասությամբ հայտնած կլիներ, հանրությունն էլ տեղյակ կլիներ:
Հազարավոր մարդիկ ուղիղ եթերում ականատես եղան ոստիկանների ներկայությամբ և նրանց անգործության պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսի վրա կատարված հիշյալ հարձակմանը: Վայոց ձորի մարզում Ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու, նրա վրա կատարված հարձակման առնչությամբ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ծառայողական քննություն էր սկսվել, ի՞նչ եղավ այդ քննությունը, քնեց մնա՞ց: Ծառայողական քննության արդյունքում առայսօր ոստիկաններից ո՞վ կամ, ավելի ճիշտ, ովքե՞ր են կարգապահական պատասխանատվության ենթարկվել: Հանրությանն այս մասին ևս ոչինչ հայտնի չէ, ոստիկանությունն իր կայքում հիշյալ ծառայողական քննության մասին նույնպես լռում է:


«Թավշյա հեղափոխությունն» ազդակ եղավ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաների կազմակերպման: Հիշենք նաև, թե իրեն նույն ժամանակ առցանց ուղղված հարցերին պատասխանելիս էլ ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը.
«Ինչ վերաբերում է ընդհանրապես իրավիճակին և կառավարության միջամտությանը. գիտեք, ես, անկեղծ ասած, համոզված չեմ, և դա իմ համոզմունքն է, որ կառավարությունը եկեղեցու, ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի»:
Այո, կառավարությունը ներեկեղեցական հարցերին չպետք է միջամտի, այս հարցում Փաշինյանի համոզմունքը լինի-չլինի էլ, ՀՀ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին միմյանցից անջատ են: Բայց կարգուկանոնի հաստատումը, կաթողիկոսի և Մայր աթոռի դեմ այլազան ոտնձգությունները չթույլատրելը, գոնե օրենսդրորեն կանխելը, ինչը ՀՀ կառավարությունը համառորեն չարեց, հաստատ չեն նշանակում ներեկեղեցական հարցերին միջամտություն:


Հիշենք նաև, որ նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավորներից երեքի նախաձեռնությամբ քվեարկության դրվեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում էր պետական պահպանություն տրամադրել Ամենայն հայոց կաթողիկոսին, օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 հոդվածով. «Ամենայն հայոց կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրվում է նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչև գահակալության ավարտը: Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին»:
ԱԺ-ում քվեարկության դրվեց նաև «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում էր օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի («Հավաքն արգելվում է, եթե...») 3-րդ կետում լրացում կատարելով, այն շարադրել հետևյալ կերպ. «3) հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության» (ընդգծումը՝ հեղինակինը): Կարճ ասած, առաջարկվում էր 3-րդ կետը լրացնել վերն ընդգծված տողերով, որը թույլ կտար հավաքն արգելել Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության: Սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ այս օրենքի նախագիծը մերժվեց, քանի որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամները կողմ չքվեարկեցին: Անկեղծ ասած, անհասկանալի էր նաև քվեարկությանը շատ հանրապետականների բացակայությունը (ինչ-որ անձինք նրանց համոզել էին չմասնակցե՞լ քվեարկությանը):


«Եթե Վեհափառն էսօր չի կարում ժողովրդի մեջ շրջի, դա իրա պրոբլեմն ա»,- ԱԺ-ում քվեարկությունից առաջ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Վերոնշյալի առնչությամբ Վազգեն Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես երբեք չեմ թաքցրել, որ աթեիստ եմ։ Միշտ եմ եղել այդպիսին, բայց միևնույն ժամանակ ողջ գիտակից կյանքս անչափ բարձր եմ գնահատել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը մեր պետականության, ինչպես նաև ազգային անվտանգության հարցում։ Այսօր ԱԺ-ում մի շարք մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցին առ այն, թե հայ ժողովրդից չէ, որ պետք է պաշտպանենք Ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս արտահայտության հեղինակները կրկին ու կրկին պոպուլիզմի դաշտ են մտնում «ժողովուրդ» բառի էմոցիոնալ ֆոնի շնորհիվ՝ դիտավորյալ մոռանալով, որ հայ ժողովրդի մեջ կան հարյուր հազարավոր աղանդավորներ, տասնյակ հազարավոր հանցագործներ և այսպես շարունակ։ Գիտե՞ք, ինձ զայրացնում է, երբ ողջ ժողովրդի մասին խոսում են կարծես իրենց ընտանիքի մասին։ «Սիրում եմ բոլորիդ»-ի պես ցուցադրական անբովանդակային բան է։ Այո՛, մենք պետք է պաշտպանենք եկեղեցին նաև հայ ժողովրդի մի ստվար զանգվածից։ Սա հակապետական որոշում էր, այդպիսին է այն մնալու պատմության մեջ»։


Հ. Գ. Չգիտես ինչու, նույն Սասուն Միքայելյանը, որն ակնարկում է կաթողիկոսի՝ ժողովրդի մեջ շրջելու պրոբլեմից, ինքը նույնիսկ իր սեփական քաղաքում շրջում է թիկնազորով։ Այդպես է նա վայելում ժողովրդի սերը։ Պաշտպանված»։
Հիշենք նաև, որ Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը նշելով, որ ՀՀԿ-ի կողմից հայտարարություն է եղել, թե իսկական քրիստոնյան պետք է կողմ քվեարկի կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն նպատակաուղղված օրենքի նախագծին, ասաց, որ ինքը չի տեսնում որևէ տրամաբանություն քրիստոնյա մարդուն որևէ օրենքի ընդունման կամ չընդունման հետ կապելու մեջ։ Ակնհայտ է, որ սա բուն հարցին պատասխանելուց խուսափելու մանիպուլյացիոն հնարք է, քանի որ խոսքը ոչ թե որևէ օրենքի ընդունման մասին է (օրինակ՝ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին), այլ հենց Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն նպատակամիտված օրենքի։


«Չեմ կարծում, որ եթե ես չեմ քվեարկում կամ դեմ եմ քվեարկում կաթողիկոսի անվտանգությանը (օրինագծին- Ա. Հ.), ուրեմն ես դեմ են Հայ առաքելական եկեղեցուն, ես քրիստոնյա չեմ կամ ինչ-որ աղանդի եմ հարում,- ասաց Հրաչյա Հակոբյանը։- Դա ի՞նչ մոտեցում է, ես չեմ հասկանում»։
Այո, հիշյալ օրենքի նախագծին կողմ չքվեարկելը կամ դեմ քվեարկելը դեռ չի նշանակում, թե Հրաչյա Հակոբյանը և «Ելք» խմբակցությունից շատ ուրիշներ աղանդավորներ են. համենայն դեպս, նրանցից ոմանց աղանդավոր լինելու վերաբերյալ այս պահին դեռ որևէ փաստ չունենք։ Սակայն, միայն տրամաբանության խաթարում ունենալու, մեր եկեղեցու վերաբերյալ տարրական գիտելիքներից զուրկ լինելու կամ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցուն դեմ լինելու պարագայում կարելի է ասել, թե կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն կողմ չքվեարկելը կամ դեմ քվեարկելը չի նշանակում Հայ առաքելական եկեղեցուն դեմ լինել։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդն է, և եթե որևէ պատգամավոր կողմ չէ կամ դեմ է կաթողիկոսի անվտանգության ապահովմանը, ապա պարզ չէ՞, որ նա ոչ թե, ասենք, Ադրբեջանի հոգևոր կառույցին կամ Կովկասի մահմեդականների վարչությանն է դեմ, այլ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։


Պարոն Հակոբյանի և «Ելք» խմբակցության այլ անդամների համար ավելորդ չենք համարում համապատասխան մեջբերումներ կատարել «Հայկական հանրագիտարանից» և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից.
«Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է, գլուխը՝ կաթողիկոսը՝ եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց)»։
«Վեհափառ հայրապետը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ազգի` Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի, հոգևոր առաջնորդն է: Նա աշխարհով մեկ սփռված շուրջ 9 մլն Հայ առաքելական ուղղափառ քրիստոնյաների հովվապետն ու հայրապետն է», «Կաթողիկոսը ներկայացնում է Հայ եկեղեցու կենտրոնացված իշխանությունը: Նա բարձրագույն դատավորն է և օրենսդրական մարմնի ղեկավարը: Նա Ազգային եկեղեցական Ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և Եպիսկոպոսական ժողովի նախագահն է», «Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է Առաքելական իշխանության հաջորդականությունը Հայաստանում, որտեղ Հիսուս Քրիստոսի կողմից առաքյալներին շնորհված քրիստոնեական եկեղեցու իշխանությունը փոխանցվում է միմյանց հաջորդող եպիսկոպոսներին: Անհնար է Հայ եկեղեցին պատկերացնել առանց եպիսկոպոսապետի կամ Ամենայն հայոց կաթողիկոսի»:
Ըստ Հրաչյա Հակոբյանի, եթե կա որևէ խնդիր, կաթողիկոսը կարող է դիմել իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն պատասխանելով հարցին՝ «Դուք այդպիսի խնդիր չե՞ք տեսնում», ասաց. «Իհարկե, չեմ տեսնում»։


Դե ի՞նչ, ստիպված ենք կասկածել «Ելք» խմբակցության անդամի տեսողությանը, հիշողությանը կամ իրազեկվածությանը և նրան տեղեկացնել կամ հիշեցնել (եթե, իհարկե, անտեղյակ է կամ մոռացել է, ինչին խիստ կասկածում ենք) ընդամենը մի քանի ամիս առաջ Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ կաթողիկոսի վրա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման մի շարք անդամների հարձակման մասին, երբ այդ շարժման մի ստահակ (նրան այլ կերպ չենք կարող անվանել) օգտվելով կաթողիկոսի ֆիզիկապես անպաշտպան լինելու հանգամանքից, նրա օձիքը բռնելով, 180 աստիճանով պտտեցրել է, մեկ ուրիշն էլ հորդորել է, թե «բրթի, գցի ձորը»։


Հիշենք նաև, որ նոր իշխանավորներից ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արմեն Փամբուկչյանը ֆեյսբուքյան իր էջում փակ Լարսի բացման համար աղոթել է՝ նմանակելով «Հայր մերը», մինչդեռ «Հայր մերը» ենթակա չէ նմանակման: Հիշյալ աղոթքի ցանկացած նմանակում եթե ծաղրանքի, անարգանքի արտահայտություն չէ քրիստոնյաների համար սրբազան այդ աղոթքի նկատմամբ, առնվազն վկայությունն է Տերունական աղոթքի հանդեպ ակնածանքի, հարգանքի բացակայության։ Նոր իշխանավորներից ևս մեկը, կարելի է ասել, հերթականը, այսպիսով ինքնաբացահայտվել է: Ինչի՞ համար էր հեղաշրջումը՝ այսպիսիներին պաշտոնների բերելու՞: Մարդիկ դրա՞ համար էին ոտքի ելել: Ի վերջո, այս ամենից հետո որևէ մեկը դեռ հավատու՞մ է Հայ առաքելական եկեղեցու, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հասցեին Նիկոլ Փաշինյանի ջերմ խոսքերի և կաթողիկոսի հետ շփման կարևորության վերաբերյալ նրա ասածի անկեղծությանը: Անձամբ ես՝ ոչ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao