Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկաթը կրակով է փորձվում, արդարը` նեղություններով

Երկաթը կրակով է փորձվում, արդարը` նեղություններով
27.11.2018 | 00:08

«Մտե՛ք նեղ դռնով. ինչքան լայն է դուռը և ընդարձակ` ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում եմ դրանով: Ինչքան անձուկ է դուռը և նեղ` ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7;13-14)։


Մեր Տիրոջ այս խոսքերից մեզ համար պարզ է դառնում մեր կյանքի ընթացքի մասին մեկ հստակ բան. քանի դեռ մենք ապրում ենք մեղքով ախտահարված այս բնությամբ և անեծքի տակ գտնվող այս երկրի վրա, մեր փրկության գործը մեզանից մեծ ջանք ու եռանդ է պահանջում (մտնել նեղ դռնով):
Իհարկե, այս աշխարհը, մանավանդ սպառողական մոլուցքով տարված այս դարաշրջանում, մեզ նաև այլ ճանապարհ է առաջարկում. ապրել միայն սեփական անձի հաճույքի ու գոհացման համար: Բայց Տերը մեզ զգուշացնում է. լայն դուռը դեպի կորուստ և կործանում է տանում, ու որքան էլ շատ լինեն դրանով անցնողները, մ՛ի հետևեք դրանց, զգուշացե՛ք: Աշխարհի որոգայթներն այսօր ավելի նենգ են դարձել, քան երբևէ: Փոխելով մեղքերի և գայթակղությունների անուններն ու փաթեթավորումները, աշխարհն այսօր ավելի հեշտությամբ է կարողանում իր կորստաբեր հորձանուտն առնել անփորձ, նյութապաշտ, իրենց փրկության հանդեպ անհոգ ու անտարբեր մարդկանց, նման այն վիշապին, որն իր զոհին հասցնում է խեղդամահ անել ավելի շուտ, քան այդ զոհը կհասկանա, որ հայտնվել է մահաբեր օղակների մեջ:


Քրիստոնյայի կյանքի ողջ ընթացքը մեր առջև ներկայանում է իբրև փորձությունների ու դրանց հաղթահարման մի հաջորդական շղթա, որտեղ եթե քրիստոնյան զինված ու զրահավորված չէ ամենակարևոր առաքինություններով, ինչպիսիք են սերը, համբերությունը, խոնարհությունը, աղոթասիրությունը և այլն, ապա շատ շուտ ընկրկում է փորձությունների առջև` նախընտրելով հեշտ ու լայն ճանապարհը. չպայքարել: Սա սկիզբն է պարտության:
Քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, փորձություններն ու նեղություններն անպակաս են լինելու մեզանից: Այս մտքով է Հոբի գրքում գրված. «Համակ փորձություն է մարդու կյանքն այս երկրի վրա» (Հոբ 7; 1): Ամեն ոք շարունակ արթուն պետք է լինի փորձությունների դեմ, պետք է հսկի ու աղոթի, որպեսզի զոհ չգնա աշխարհի խաբեություններին: Ոչ ոք այնքան սուրբ չէ ու կատարյալ, որ երբեք փորձություն չունենա: Անհնարին է դրանցից լիովին և մեկընդմիշտ ազատվել: Չնայած դրանք տաղտկալի են ու դժնդակ, երբեմն, սակայն, օգտակար են, որովհետև խոնարհեցնում են, մաքրում ու դաստիարակում: Բոլոր սրբերն էլ անցան զանազան փորձությունների ու նեղությունների բովով և այս ճանապարհով է, որ առաջադիմեցին: Իսկ նրանք, ովքեր չկարողացան դիմանալ այդ փորձություններին, մերժվեցին Աստծուց և շեղվեցին փրկության ճանապարհից: Քանի դեռ մարդն ապրում է այս աշխարհում, բացարձակ կերպով ազատ չէ փորձություններից, որովհետև մեր ներսում են ցանկությունների սերմերը, նրանց մեջ ենք ծնվել, մեծացել: Փորձությունը հաջորդում է փորձությանը, և մշտապես ունենալու ենք նեղություններ, որովհետև կորցրել ենք նախկին բարությունն ու երանությունը: Շատերն աշխատում են փախչել փորձություններից, բայց ավելի վատթարների մեջ են ընկնում: Փախուստը բավական չէ հաղթելու համար: Համբերությամբ ու ճշմարիտ խոնարհությամբ ավելի հզոր ենք դառնում: Ով արտաքին առիթներից է միայն զգուշանում և չարի արմատները չի հանում իր սրտից, շատ չի առաջադիմում և չի էլ կարող, որովհետև փորձությունները վերադառնում են շուտով և ավելի մեծ մոլեգնությամբ: Համբերությամբ, կամաց-կամաց և Տիրոջ օգնությամբ ավելի ապահով հաղթանակ կտանենք, քան խստությամբ և սրտի անձկությամբ:


Բոլոր փորձությունների պատճառը փոփոխամտությունն է, ինչպես նաև Աստծո հանդեպ վստահության պակասը: Երկաթը կրակով է փորձվում, արդարը` նեղություններով: Հաճախ չգիտենք անգամ, թե ինչ կարողություններ ունենք. փորձությունը հայտնում է մեր արժեքը: Բայց պետք է միշտ հսկել, հատկապես փորձությունների սկզբին, որովհետև թշնամուն ավելի հեշտ է հաղթել` արգելելով նրա մուտքը մեր հոգուց ներս և վտարելով նրան, երբ առաջին անգամ ներկայանա: Որքան ավելի ուշանանք և թշնամուն հետ մղելուց ծուլանանք, այնքան ավելի կտկարանանք: ՈՒրեմն, չպետք է վհատվենք փորձության ժամին, այլ ավելի մեծ եռանդով մեր պաղատանքները բարձրացնենք առ Աստված, որպեսզի մեզ օգնի, քանի որ Պողոս առաքյալի խոսքերի համաձայն, «Աստված փորձության հետ մեկտեղ հոգում է նաև ելքի մասին, որպեսզի կարողանանք հաղթել» (Ա Կոր. 10; 13): Հետևաբար, ամեն տեսակի նեղությունների ու փորձությունների ժամանակ խոնարհեցնենք մեր սրտերն Աստծո ամենազոր բազուկների առաջ, որովհետև Նա փրկելու և բարձրացնելու է սրտով խոնարհներին:


Փորձությունների ու նեղությունների մեջ է ի հայտ գալիս մարդու առաջադիմությունը: Այնժամ արժանիքն ավելի մեծ է, իսկ առաքինությունը` ավելի ակներև: Շատ հեշտ է եռանդուն ու կենսախինդ լինելը, երբ բացակայում են վիշտն ու նեղությունները: Բայց նա, ով դիմադրում է դրանց համբերությամբ, առաջադիմելու մեծ հույս է ներշնչում: Ոմանք հաղթում են մեծ փորձություններին ու սայթաքում փոքրերի մեջ, որպեսզի իրենց տկարությունը ճղճիմ առիթներում տեսնելով` խոնարհվեն և մեծ փորձությունների ժամին դրական կարծիք չկազմեն իրենց անձի շուրջ: Սակայն, հոգևոր պայքարի ու փորձառության այս կարևոր դասը սերտելու և կյանքի կոչելու փոխարեն, շատ հաճախ մենք ընկնում ենք սատանայի որոգայթը, երբ մեծ կարծիք ենք կազմում մեր անձի մասին և դրան զուգահեռ սկսում ենք դատել մեր դիմացինին, որը, ըստ մեզ, չունի այն կարողություններն ու շնորհները, որոնց մենք ենք հասել: Այդ պատճառով պետք է մշտապես քննենք մեր անձերն անաչառությամբ և խուսափենք ուրիշի գործերը քննելուց: Մարդ իզուր ժամանակ է վատնում ուրիշներին դատելով, հաճախ է սխալվում, երբեմն էլ մեղանչում: Իրողություններն արժևորում ենք մեր իսկ սրտերի միտումների համաձայն, քանի որ անձնասիրությունը հեշտությամբ է ձախողում արդար դատողությունը մեր մեջ: Եթե մեր նպատակը միմիայն Աստված լիներ, իսկույն չէինք վրդովվի, երբ մարդիկ հակառակվեին մեր կարծիքներին: Բայց կարծես մեր մեջ կամ մեզանից դուրս կա թաքնված մի ուժ, որ քաշում է մեզ և տանում իր հետևից: Շատերը, առանց անդրադառնալու իսկ, իրենց անձն են փնտրում իրենց գործերում: Եվ երբ ամեն բան իրենց կամքի համաձայն է ընթանում, կարծում են, թե հոգևոր խաղաղություն են գտել: Բայց հազիվ են վերսկսվում փորձությունները, իսկույն վրդովվում են ու տրտմում: Կարծիքների տարբերությունները բաժանման պատճառ են դառնում բարեկամների, քաղաքացիների, նույնիսկ վանականների ու բարեպաշտ անձանց համար: Դժվարությամբ ենք հրաժարվում մեր վաղեմի սովորություններից, և ոչ ոք կամովին չի փոխում իր համոզումը: Եթե ավելի քո մտքին ու տրամաբանությանն ապավինես, քան Հիսուսի` մեզ տված հնազանդության օրինակին, շատ ուշ և շատ քիչ կլուսավորվես հոգևոր կյանքում, որովհետև Աստված կամենում է, որ Իրեն ենթարկվենք ամբողջովին և բոցավառ սիրով բարձրանանք ամեն տրամաբանությունից գերիվեր: Մեր անձերի խոնարհության այս բարձրագույն աստիճանին հասնելու երկու կատարյալ միջոց կա. սեր և համբերություն: Ով իր սրտում ունի ճշմարիտ ու կատարյալ սերը, ինքն իրեն չի փնտրում ոչ մի բանի մեջ. նրա միակ երազանքն Աստծո փառքն է ամենուր: Նա չի նախանձում ոչ ոքի, որովհետև չի կամենում վայելել յուրահատուկ հարգանք կամ պատիվ: ՈՒրախությունը չի փնտրում իր անձի մեջ, այլ արհամարհելով նյութական բոլոր բարիքները, միմիայն Աստծո մեջ է գտնում իր երջանկությունը: Ոչ մի բարիք չի վերագրում արարածներին, այլ Աստծուն միայն, որովհետև Նրանից են բխում բոլոր բարիքները: Ով շատ է սիրում, շատ է գործում: Լավագույն գործունեությունն է ծավալում նա, ով ավելի հասարակության օգտին է ծառայում, քան իր անձնական կամքի կատարմանը: Հաճախ սեր է կարծվում այն, ինչը մարմնապաշտությունն է, որովհետև մեր բնական միտումներն ու եսասիրական իղձերը, վարձատրության ակնկալություններն ու անձնական շահերն ազդում են մեր գործերի վրա, ուստի մեր խնդիրն է անընդհատ հոգևոր աշխատանքի, փորձությունների հաղթահարման, ինքնաքննության ճանապարհով հասնել այն աստվածային սիրուն, որը մեր մեջ ուզում է տեսնել Հիսուս, այսինքն` անանձնական սիրուն, որը «համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կոր. 13; 4-7):

Համբերությամբ պետք է կրենք այն, ինչ չենք կարող ուղղել մեզանում կամ ուրիշների մեջ մինչև Աստված այլ կերպ տնօրինի: Մտածենք, որ թերևս այս կերպը մեզ համար լավագույնն է, որպեսզի մեր համբերությունը փորձվի, քանի որ առանց համբերության մեր արժանիքները ոչինչ են: Բայց նաև աղոթենք Տիրոջը, որպեսզի օժտի մեզ կարողություններով` հաղթահարելու այդ արգելքները, կամ էլ հոժար կամքով համբերելու: Աշխատենք սիրով հանդուրժել ուրիշների թերություններն ու տկարությունները, քանի որ մենք նույնպես ունենք թերություններ` պատճառ համբերության ուրիշների համար: Եթե մենք ինքներս մեզ չենք կարողանում ուղղել, ինչպե՞ս ենք պահանջում, որ ուրիշներն ուղղվեն մեր կամքի համաձայն: Ցանկանում ենք, որ ուրիշները թերություններ չունենան, բայց մենք մեր տկարություններն ուղղելու եռանդն անգամ չունենք: Կամենում ենք, որ ուրիշները խստությամբ հանդիմանվեն, իսկ մենք թեթև կշտամբանքներ անգամ լսել չենք ուզում: ՈՒրիշների չափազանց ազատությունը տհաճ է մեզ, բայց պայմանով, որ մեզ չմերժվի ոչինչ: ՈՒզում ենք, որ նրանք նեղվեն օրենքի զորությամբ, իսկ մենք չենք հանդուրժում փոքրիկ սեղմումներ անգամ: Այս բոլորից բացահայտ երևում է, որ միևնույն չափանիշը չենք գործածում մեր և ուրիշների համար:


Եթե բոլոր մարդիկ կատարյալ լինեին, կրելիք ի՞նչ վիշտ պիտի ունենայինք Աստծո սիրո համար:
Արդ, Աստված այնպես է տնօրինել, որ սովորենք միմյանց բեռները կրել, քանի որ մեզանից յուրաքանչյուրն ունի իրենը: Ոչ ոք առանց թերության չէ, ոչ ոք բավական իմաստուն չէ ինքնաբավ լինելու համար: Պետք է համբերենք միմյանց, մխիթարենք, օգնենք, ուսուցանենք ու խրատենք փոխադարձ սիրով: Նեղությունների ու փորձությունների ժամին է, որ ի հայտ են գալիս անձի առաքինությունները, քանզի առիթը մարդուն չի տկարացնում, այլ հայտնում ինչ որ է:

Տեր Պարգև քհն. ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1682

Մեկնաբանություններ