«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Բավարիան» ու «Ռեալը»՝ տուրբուլենտության գոտում

«Բավարիան» ու «Ռեալը»՝  տուրբուլենտության գոտում
27.11.2018 | 02:59

Հանգստյան օրերի եվրոպական թոփ առաջնությունների հանդիպումները մխիթարական չեղան Իսպանիայում՝ Մադրիդի «Ռեալի», Գերմանիայում՝ Մյունխենի «Բավարիայի» համար, իսկ եթե իր հերթին այս երկուսին էլ իրար հետ համեմատության մեջ դիտարկենք, մյունխենցիները գոնե պրծան երկու միավոր կորցնելով: Սակայն այնպես չէ, որ լա լիգայի հերթականը բարեհաջող էր «Բարսելոնի» համար: Կատալոնցիներն էլ են միավոր կորցրել, սակայն կորցնել էլ կա, կորցնել էլ: Չմոռանանք, որ «կապտանռնագույնների» մրցակիցը Դիեգո Սիմեոնեի «Աթլետիկոն» էր, իսկ հարաբերությունների պարզման վայրը՝ մադրիդյան մարզադաշտը: Նման բաները բնավ մանրուք չեն մեծ ակումբների մրցակցության դեպքում, թեպետ այս ամենն ու՞մ եմ ասում՝ ընթերցողի՞ս, որն ինձնից նուրբ է տիրապետում ֆուտբոլային պայմանականություններին:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջին եռյակի դասավորությունում փոփոխություններ արած միակ թիմը «Տոտենհեմը» եղավ, որը լոնդոնյան դերբիում ուժեղ գտնվեց մինչ այդ պարտություն չճաշակած, երրորդ հորիզոնականում հանգրվանած «Չելսիից»՝ 3:1: «Տոտենհեմի» ակտիվում 30 միավոր է, ինչն արդեն երկուսով ավելիի է «ազնվականների» ունեցածից:
Տուրը հաղթանակով անցան առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Մանչեստր Սիթին» ու «Լիվերպուլը», ընդ որում, երկուսն էլ աչքի են ընկել արտագնա խաղում, երկուսն էլ մրցակցին պարտության են մատնել խոշոր հաշվով. «քաղաքաբնակները» ծնկի են բերել «Վեստ Հեմին» (4:0), լիվերպուլցիները՝ «ՈՒոթֆորդին»՝ 3:0:
«Մանչեստր Սիթին» ունի 35, «Լիվերպուլը»՝ 33 միավոր:
Այս շարքում հիշատակենք և «Բոռնմուտ»-«Արսենալ» դիմակայության արդյունքը՝ 1:2, Մխիթարյանի մասնակցությունը ողջ խաղին: «Արսենալը» 27 միավորով հինգերորդ տեղում է:
Ինչ վերաբերում է «Մանչեստր Յունայթեդին», «Կրիստալ Պալասի» հետ նրա ունեցած գոլազուրկ ոչ-ոքին համարենք հեղինակավոր այս ակումբի գլխավոր մարզչի ու առհասարակ ակումբի ղեկավարության խնդիրն ու անցնենք առաջ:

ԻՍՊԱՆԻԱ
Գերլարված ընթացք է ունեցել Իսպանիայի առաջնության տասներեքերորդ տուրի Մադրիդի «Աթլետիկո»-«Բարսելոն» դիմակայությունը: Հանդիպման 77-րդ րոպեին Դուգլաս Կոստան տանտերերին վերջապես մղել է առաջ, սակայն 90-րդ րոպեին Մեսիի գոլային փոխանցումն արդյունավետ է իրացրել Դեմբելեն: Արդյունքում՝ համառ ոչ-ոքի, ինչը սակայն կատալոնյան ակումբի համար կարող էր ավարտվել առաջին տեղի կորստով, եթե «Սևիլիան» «Վալյադոլիդի» հետ տնային դիմակայությունն ավարտեր հաղթանակով: Անդալուզցիները շանսը բաց չեն թողել (հաղթել են նվազագույն հաշվով), և եթե չենք սխալվում, ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
«Սևիլիան» ունի 26, «Բարսելոնը»՝ 25, «Աթլետիկոն»՝ 24 միավոր:
Առաջատար եռյակից հերթական անգամ դուրս մղվեց մրցաշրջանում վառ մեկնարկած «Ալավեսը», որն սկսել է հաղթանակները կայունորեն ընդմիջել պարտությամբ: Այդպիսին է եղել և այս հերթականը «Լեգանեսի» հետ՝ 0:1: «Ալավեսը» 23 միավորով չորրորդ հորիզոնականում է:
Բնականաբար, լա լիգայի մասին խոսելը թերատ կլիներ առանց Մադրիդի «Ռեալի» հիշատակման, թեպետ «արքայականն» ակներևաբար շատ բան կտար, որ «Էյբարի» հետ արտագնա հանդիպումը չհիշատակվեր ընդհանրապես՝ 3:0: «Ռեալը» 20 միավորով եզրափակում է աղյուսակի լավագույն վեցյակը:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի հերթականի տեսությունը սկսենք Դորտմունդի «Բորուսիայից», որը, ինչպես վայել է առաջատարին, հաղթական հանդիպում է ունեցել հերթական մրցակցի հետ ու 30 միավորով ավելի քան հաստատուն պահում է առաջատարի իր դիրքն առաջին հորիզոնականում: Իսկ հակառակորդը եղել է դժվար մրցակցի համարում ունեցող «Մայնցը», որին տհաճությունից չեն կարողացել փրկել անգամ սեփական հարկի պատերը՝ 1:2:
Դորտմունդցիների օրինակով վերջին հինգ խաղում չորս հաղթանակով ու մեկ ոչ-ոքիով է շարժվում «Այնտրախտը», իսկ հաջող մրցելույթի վարձատրությունն աղյուսակի երրորդ հորիզոնականն է: Արտագնայում ֆրանկֆուրտցիները 3:1 հաշվով հաղթել են «Աուգսբուրգին»: Այս հաղթանակը «Այնտրախտի» համար ամրակցված կպահեր երկրորդ հորիզոնականը, եթե չլիներ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հաղթանակը «Հանովերի» նկատմամբ: Այս խաղում արձանագրված 4:1 հաշիվը գլադբախցիներին հնարավորություն տվեց ֆրանկֆուրտցիներին շրջանցելու նաև խփած գոլերի թվով:
Ինչևէ: Դորտմունդցիներին հաջորդող մյուս «Բորուսիան» ունի 26, «Այնտրախտը»՝ 23 միավոր:
Տհաճ անակնկալների շարքը շարունակում է Մյունխենի «Բավարիան»՝ երկրի գործող չեմպիոնը: Այս անգամ նրա քիթը տրորողը աղյուսակի վերջին երկու հորիզոնականը «Շտուտգարդտի» հետ կիսող Դյուսելդորֆի «Ֆորտունան» էր, որը 1:3 հաշվով պարտվելու պայմաններում կարողացավ հասնել ոչ-ոքի արդյունքի՝ 3:3: Ակնհայտորեն սկզբունքային ինչ-որ բան այն չէ համաշխարհային ֆուտբոլի այս գերակումբում և անվրեպ կարելի է ասել, որ արդեն ուշանում են վիրահատական միջամտություն պահանջող քայլերը;
21 միավորով «Բավարիան» հինգերորդ տեղում է՝ մեկ միավորով հետ «Լայպցիգից», որն արտագնայում նվազագույն հաշվով զիջել է գերմանական «գայլերին»՝ «Վոլֆսբուրգին»:

ՖՐԱՆՍԻԱ
Ինչ մեկնարկել է երկրի առաջնությունը, «Պարի Սեն Ժերմենն» իր բոլոր մրցակիցների հետ մի հանգի նույն բանն է անում՝ դիվիզիոնը վերածելով սոսկ երկրորդ-երրորդ տեղերի համար մրցակցության: «Մայրաքաղաքայինի» այս անգամվա զոհը աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող «Թուլուզն» էր, որն ակնհայտորեն պիտի հպարտանա ահեղ մրցակցին նվազագույն հաշվով զիջելու համար:
Մինչ այս տասնչորսերորդ տուրն աղյուսակի երկրորդ ու երրորդ հորիզոնականներում գտնվող «Լիլն» ու «Մոնպելիեն» չկարողացան դրական էներգետիկա ապահովել սեփական երկրպագուներին: «Լիլն» ընդհանրապես ձախողվեց «Նիցցայի» հետ խաղում՝ պարտվելով 0:2 հաշվով, իսկ «Ռենի» հետ դիմակայությունում «Մոնպելիեն» չկարողացավ պահպանել հանդիպման հաղթական հաշիվն ու ստիպված բավարարվեց ոչ-ոքի արդյունքով՝ 2:2: Այս ամենից առավելագույն հատույցով օգտվեց «Լիոնը», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Սենտ Էտիենի» նկատմամբ ու 27 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական:
26-ական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականները կիսում են մեր հայրենակցի գլխավորած «Մոնպելիեն» ու «Լիլը»:

ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի առաջին եռյակը շարունակում են կազմել «Յուվենտուսը», «Նապոլին» ու «Ինտերը»: 13-րդ տուրի հանդիպումներում «ծեր սինյորան» ու «Ինտերը» ևս երեքական միավորով հավելել են ունեցած պաշարը («Յուվեն» երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել ՍՊԱԼ-ին, «Ինտերը» «Ֆրոզինոնեի» նկատմամբ նույնն արել է երեք անպատասխան գնդակի տարբերությամբ): Եռյակից միավոր կորցրած միակ թիմը փաստորեն եղել է «Կիևոյի» հետ սեփական հարկի տակ հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած «Նապոլին»:
«Յուվենտուսն» ունի 37, «Նապոլին»՝ 29, «Ինտերը» 28 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ